четверг, 31 июля 2014 г.

Եսայի մարգարեի հիշատակության օր


                 Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել եւ գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Եսայի մարգարեն վեհությամբ եւ հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի եւ զանազան հարցերի մասին:
       Ճկուն միտք ունենալու շնորհիվ, նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել, Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է: 
             Սուրբ Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրեւ Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա. «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): 
                Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:


աղբյուր՝ araratian-tem.am

четверг, 24 июля 2014 г.

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԽԱԼՆԵՐ


          Մի անգամ Դալայ Լամային հարցրեցին, թե ինչն է նրան ամենից շատ զարմացնում:

          - Մարդը, - պատասխանեց նա:

           - Սկզբում նա զոհաբերում է իր առողջությունը, որպեսզի փող աշխատի: Հետո փող է ծախսում, որպեսզի վերականգնի իր առողջությունը: Այդ ընթացքում նա այնքան է անհանգստացած լինում իր ապագայով, որ երբեք չի վայելում ներկան: 
           Արդյունքում նա ապրում է ո՛չ ներկայով, ո՛չ ապագայով: Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանա, իսկ մահանալուց ափսոսում է, որ չապրեց: 

среда, 23 июля 2014 г.

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՐԳԵՎ
(բարոյախրատական պատում)

             Իմաստուն ծերունին գնում էր ձյունածածկ դաշտով, երբ լաց լինող մի տարեց կնոջ տեսավ:
            -Ինչու՞ եք դուք լաց լինում, - հարցրեց նա:
           -Որովհետև ես մտածում եմ իմ կյանքի մասին, իմ երիտասարդության, գեղեցկության, որը ես տեսնում էի հայելու մեջ, և այն տղամարդու մասին, որին ես սիրում էի: Աստված դաժան է, որ մեզ հիշելու ունակություն է տվել: Նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունն ու լաց կլինեմ:
                Իմաստունը կանգնել էր ձյունոտ դաշտում, սևեռուն նայում էր մի կետի և մտածում էր:
              Կինն անսպասելիորեն դադարեց լաց լինել.
              -Դուք ի՞նչ եք տեսնում այնտեղ, - հարցրեց նա:
       -Վարդերի դաշտ, - պատասխանեց իմաստունը: - Աստված մեծահոգի էր իմ հանդեպ, երբ հիշելու ունակություն տվեց ինձ: Նա գիտեր, որ ես ձմռանը միշտ կկարողանամ հիշել գարունը և ժպտալ:

вторник, 22 июля 2014 г.

ՄԻՇՏ ՁԳՏԵՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ


(առակ)


            Մի օր Միքելանջելոյի աշակերտները նրան տեսնում են իր վերջին աշխատանքի կողքին` արտասվելիս: 

            -Ուսուցիչ, ինչու՞ եք լացում,- հարցնում են նրանք: 

            -Ես չեմ կարողանում գտնել որևէ թերություն իմ աշխատանքում, – պատասխանում է նա: 
            -Բայց չէ՞ որ դա շատ լավ է, – զարմանում են աշակերտները:

            -Դուք ոչինչ չեք հասկանում: Եթե ես աշխատանքումս թերություն չեմ գտնում, դա նշանակում է, որ իմ տաղանդն անկում է ապրում, – ասում է Միքելանջելոն:

            Կարճ ժամանակ անց նա թողնում է քանդակագործությունը և սկսում երգիծական երգեր գրել:

воскресенье, 20 июля 2014 г.


Հուլիսի 20 - Բարեկենդան Վարդավառի պահոց


          Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել:
         Հուլիսի 20-ի երեկոյից սկսվում է Վարդավառի պահքը: Այն ավարտվում է հուլիսի 25-ի երեկոյան ժամերգությունից հետո:

пятница, 18 июля 2014 г.

Խորհուրդ երիտասարդ աղջկան

(առակ)
          

                Երիտասարդ աղջիկը եկավ իմաստունի մոտ խորհրդի:

                - Երկու հոգի իմ ձեռքն են խնդրում: Բայց ես չգիտեմ` ինչ անեմ, ախր սիրտս մի բան է հուշում, իսկ միտքս` լրիվ այլ բան:

       - Սրտիդ ձայնո՛վ առաջնորդվիր: Այդժամ նույնիսկ նրանից բաժանվելու դեպքում դու կարող ես ասել «Ես նրան սիրում էի» վսեմ խոսքերը, այլ ոչ թե հիասթափությամբ լի. «Ես հիմար էի...»:

среда, 16 июля 2014 г.


Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ 
(1153-1198)

            Ս. Ներսես Լամբրոնացին (աշխարհիկ անունը՝ Սմբատ), որին կոչել են երկրորդ Պողոս Տարսոնացի առաքյալ, ծնվել է Կիլիկիայի Լամբրոն դղյակում: Նրա ծնողները, որոնք անվանի ազնվականներ էին, ուխտելէին իրենց զավակին նվիրել Աստծուն:
            Սմբատն իր սկզբնական հոգևոր կրթությունը ստացավ ծննդավայրից ոչ հեռու գտնվող Սկևռայի վանքում՝ աչքի ընկնելով սուրբ վարքով և ուշիմությամբ: Նա 16 տարեկան էր, երբ ս. Ներսես Շնորհալին, տեսնելով երիտասարդի ընդունակություններն ու շնորհները, նրան քահանա ձեռնադրեց՝ իր անունով կոչելով Ներսես: Կարճ ժամանակում Ներսեսն այնքան հռչակվեց, որ համաքաղաքացիները թախանձեցին նրան դառնալ իրենց եպիսկոպոսը և Սկևռայի վանքի առաջնորդը: Բայց նա հեռանալով՝ հաստատվեց Տարսոնի լեռներում գտնվող միանձանց վանքում:
              1175 թ. Լամբրոնացին ձեռնադրվեց Տարսոնի արքեպիսկոպոս: Որպես հոգևոր հովիվ՝ նա խիստ ողորմած ու հոգատար էր իր հոտի հանդեպ. իրեն տրված հրաշագործության շնորհով շատերին փրկեց ախտերից և ազատեց դևերից՝ մշտապես քարոզելով Քրիստոսի ճշմարիտ հավատը, ինչպես նաև հորից ժառանգած նյութական միջոցներով օժանդակեց դպրոցներին ու գրչատներին, գնեց նոր ձեռագրեր, կառուցեց նորեկեղեցիներ:
            Նրա սրբության և իմաստության համբավը տարածված էր ոչ միայն Հայաստանում, այլև հույների, լատինների և ասորիների մեջ:
    Իր ոչ երկարատև կյանքի ընթացքում ս. Ներսեսը գրել է պատարագի, սաղմոսների, Սողոմոնի Առակների, Ժողովողի, 12 մարգարեների և ս. Հովհաննես ավետարանչի «Ննջման պատմության» մեկնությունները, բազմաթիվ ճառեր Տերունական տոների մասին, ս. Ներսես Շնորհալու չափածո վարքը, նամակներ և խրատներ, ինչպես նաև հեղինակել է ավելի քան երկու տասնյակ շարականներ:
           Կյանքի վերջին շրջանում նա Լևոն II թագավորի արքունական ատենադպիրն էր, խորհրդատուն և թարգմանիչը:
     Լամբրոնացին վախճանվեց տարաժամ և անսպասելի՝ պատարագ մատուցելուց հետո, 45 տարեկանում: Նրա աճյունը փառքով ամփոփեցին Սկևռայի վանքում:

понедельник, 14 июля 2014 г.

Հուլիսի14 - Սբ. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օր

 
          Ծնունդով քաղկեդոնացի Կալիստրատոսը քրիստոսահալած Դիոկղետիանոս կայսեր բանակի զորականներից էր: Քրիստոնյա լինելու համար Կալիստրատոսին ձերբակալում են և պարկի մեջ դնելով՝ նետում ծովը: Աստվածային հրաշքով քրիստոնյա զորականը փրկվում է մահից: Տեսնելով Կալիստրատոսի հրաշագործ փրկությունը, Քրիստոսի հավատքին են գալիս նաև զորականի 49 ընկերները և Կալիստրատոսի հետ միասին նահատակվում: 

                      Ղունկիանոս քահանան հայտնի է իբրև վարդապետ, քրիստոնեության քարոզիչ: Երկարամյա բանտարկությունից հետո նահատակվել է 312 թվականին: Ղունկիանոս քահանային է վերագրվում Նոր կտակարանի հունարեն սրբագրված թարգմանությունը, որ գործածվում է առ այսօր: Ղունկիանոս քահանային բարձր է գնահատել Ս. Հովհան Ոսկեբերանը:

աղբյուր՝ qahana.am

воскресенье, 13 июля 2014 г.

Հուլիսի 13 -Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոն



                      Տիրամոր հիշատակության տոների շարքում ուշ շրջանում ավելացել են նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներ: Դրանցից մեկն է ս. Կույսի տուփի գյուտի տոնը:
                Ըստ ավանդության, երկու հույն իշխանազուն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ Գալիլիա անունով գյուղում մի հրեա կնոջ տանը հրաշքներ են կատարվում: Հետաքրքրվելով, մտնում են տուն և տեսնում մի տուփ, որը պատկանել է Աստվածամորը: Հասնելով Երուսաղեմ՝ պատրաստել են տալիս ճիշտ նույն տուփի մի ուրիշ օրինակ և վերադարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, աննկատ փոխում են տուփերը և իսկականը տանում Կ. Պոլիս: 
                    Բյուզանդական Լևոն կայսրի օրոք (457–474) մեծ թափորով ու պատվով այն զետեղում են Կ. Պոլսի Ս. Աստվածածին եկեղեցում: Հույները հուլիսի 2-ին հատուկ տոն են հաստատում ի հիշատակ տուփի գյուտի: Հայ եկեղեցին այս տոնը նշում է XVIII դարից, երբ այն ընդգրկվել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի 1774-ինհրատարակած և բարեփոխած Տոնացույցի մեջ: Տոնակատարվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 12-ից հուլիսի 18-ը:
աղբյուր´ ter-hambardzum.net

суббота, 12 июля 2014 г.


Հուլիսի 12 - Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ
կույսի հիշատակության օր



          Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով Հայաստանում քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով: 
              Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհու և թագավորի քույր Խոսրովիդուխտ կույսի անունները: 
          Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում Հայոց աշխարհում: 
           Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Ս. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում:           Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը:

աղբյուր՝ qahana.am

четверг, 10 июля 2014 г.

Հուլիսի 10 - Տոն Սբ. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

          Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ` երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:


          Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն «Առակներ» գրքի առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստությիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: 
             Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:  Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:
          
        Թարգմանչաց տոնը տարվա ընթացքում առաջին անգամ նշվում է Հոգեգալստյան տոնից հետո չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական եկեղեցին Ս.Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Ս. Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

աղբյուր՝ qahana.am

вторник, 8 июля 2014 г.

Հուլիսի 8 - Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օր

              Ս. Դանիել մարգարեն Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից է: Նրա 14 գլուխներից բաղկացած գիրքը վերագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 7-6-րդ դարերին: Ս. Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, ով դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուքոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում շնորհիվ իր խելքի ու օժտվածության կարևոր պաշտոն ստացել: 
      Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն  ամբաստանությունից փրկելու և հետո էլ Նաբուքոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար՝ Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ 10): 
         Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածներ պաշտելու մեջ և պահանջում  թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ՝ սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի կատարել արքայի դեմ: 
           Նաբուքոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ: 



              Անանիա, Ազարիա և Միսայել (Բաբելոնում նրանք վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում և Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուքոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցի մեջ: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուքոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց,  օրհնում և երկրպագում Աստծուն: 

        Դանիել մարգարեի և իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստյան տոնից հետո չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: 
           Դանիել մարգարեի և երեք մանկանց հույսի և հավատի դրսևորումն ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որով Տերը երբեք չի լքում իր հոտին և մշտապես ունկնդիր է մեր հայցվածներին` իր զորավոր Աջով օգնական և պահապան լինելու ամենքին, «որ ի Տէր յուսացան»:

աղբյուր՝ qahana.am

воскресенье, 6 июля 2014 г.

          ՄԻՇՏ ԱՐԹՈՒՆ


          Անծեղը անտառում սովորաբար միշտ աղաղակում է, մանավանդ կենդանիներ տեսնելիս:
          Երբ ձագը  կամեցավ  դրա  պատճառն  իմանալ, մայր անծեղը պատասխանեց .   

          -Որպեսզի թշնամիներս ինձ միշտ արթուն տեսնեն և  չմտածեն վրաս հարձակվել՝ որսալու նպատակով: 

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ - «ԱՂՎԵՍԱԳԻՐՔ»