30.01.2014թ. - Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր
Ադրիանոսը և իր կինը՝ Անատոլան
Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը, իր կնոջ՝ Անատոլայի, աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում: Նոր հավատքի համար նա բանտարկվում է և խստագույն չարչարանքների ենթարկվելով նահատակվում է 310 թ.:
Անատոլան, որ քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների ժամանակ գոտեպնդում էր բանտարկյալներին՝ չտկարանալու հավատի մեջ և արիաբար ընդունելու մարտիրոսական պսակը, տղամարդու հագուստներով ներկա էր իր ամուսնու նահատակությանը: Նա այնքան անձնվիրաբար էր ծառայում բանտարկյալ քրիստոնյաներին, որ ստանում է «քույր մարտիրոսաց» անունը: Ամուսնու մահից հետո քաշվում է Բյուզանդիոն, ապրում առաքինի վարքով և իր մահկանացուն կնքում խաղաղ մահով:
Սուրբ Թեոդորոս
Թեոդորոսը զորավար էր հռոմեական բանակում Լիկիանոս կայսեր օրոք: Վերջինս թեև Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների ազատագրման հրովարտակը, բայց հետագայում մտափոխվում է եւ սկսում հալածել քրիստոնյաներին: Իրազեկ դառնալով, որ Թեոդորոսը ոչ միայն քրիստոնյա է, այլև ուրիշներին է քրիստոնեացնում, Լիկիանոսը հրահանգում է նրան հրաժարվել նոր հավատից եւ դառնալ հին կրոնին: Սակայն Թեոդորոսը գերադասում է ենթարկվել չարչարանքների, քան ուրանալ Քրիստոսին: Կայսեր հրամանով նրան ձաղկում են, ապա գլխիվայր կապում խաչափայտին ու գլխատում 319 թվականին:
Սուրբ Ելևթյուրոս
Ելևթյուրոսը ապրել և գործել է Դեկոս կայեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելևթյուրոսը դատարանին է դիմում առավել խիստ հանդիմանություններով, որի համար հալածվում է և հրաշքով փրկվում: Հրաշքին ականատես լինելով՝ բազում հեթանոսներ քրիստոնյա են դառնում, ի թիվս որոնց՝ Կալինիկոս քուրմը, որն իրեն բացահայտ քրիստոնյա է հռչակում և գլխատվում:
Ելևթյուրոսը, դիմագրավելով բազմաթիվ տանջանքների, վախճանվել է բնական մահով:
Комментариев нет:
Отправить комментарий