понедельник, 7 апреля 2014 г.

Ապրիլի 7 - Սուրբ Աստվածածնի Ավետման տոն


               Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը կատարվում է ապրիլի 7-ին: Մարգարեներն արժանացան Աստծու բարեհաճությանը, քանի որ Սուրբ Հոգով լցված՝ քարոզեցին Աստծու գալուստը: Երջանկացան առաքյալները, քանի որ մարմնացած Բանն Աստծուն երկրի վրա տեսան և շոշափեցին Կենաց Խոսքը: Իսկ Տիրուհին՝ Մարիամը, առավել գերազանց և հրաշափառ երանությունների արժանացավ, քանի որ Բանն Աստված, Ով վեր է, քան միտքը, հրեշտակների ու մարդկանց խոսքերը, նրանից ծնվեց: Նա, Ով նախքան ժամանակները Հորից է ծնվել, և Ում ծնունդը միայն Հայրը գիտի, Ով արշալույսից առաջ արգանդից ծնված Որդին է Հոր էությունից և փառքով աթոռակից է Նրան, Ով անստվեր Լույսն է և անմատույց Լույսի Հոր Ճառագայթը, նաև Ծնողի էության Կերպարանքն է, Նկարագիրը և աներևույթ Աստծու փառքի Ծագումը, Անսկիզբ Բանն՝ անսկզբնական Հորից, Աստված՝ Աստծուց, Տեր՝ Տիրոջից, Ում փառքը ցանկալի էր անմահների դասերին և բաղձալի՝ աստվածասեր մարգարեներին, Ում արդարները, թագավորներն ու նահապետները ցանկանում էին գոնե աղոտ կերպով տեսնել, բայց չկարողացան:
                 Ամենաօրհնյալ Սրբուհին անբովանդակելի Աստվածության Հուրն առանց այրվելու իր որովայնում կրեց, քանի որ Հորից անբաժանելի Որդին, ինչպես անձրև, երկնքից իջավ Կույսի մաքրափայլ որովայնը: Ինչպես Ադամից ոչինչ չպակասեց, երբ Աստված նրանից վերցնելով կողոսկրը ստեղծեց Եվային, որպես կատարյալ մարդ՝ բնությամբ ու գոյությամբ, այդպես էլ Բանն Աստված վերցնելով սուրբ Կույսի արյունից՝ միավորեց Իր Աստվածությանը, և Կույսից ոչինչ չպակասեց: Սուրբ Աստվածամոր մեջ մարդկային բնությունը միացավ Աստվածային բնության հետ, առանց երկրավոր հոր միջամտության, քանզի Նրան, Ում Հայրը նախքան հավիտյանները Որդի ծնեց, և Ում հետ Հայրը խոսեց, թե՝ «Քեզանով է սկսվում զորացումն Իմ օրերի» (Սաղմ. ՃԹ 3), Նույնին, ժամանակի մեջ, անճառաբար ծնեց Կույս Մարիամը: Սուրբ Կույսը սկիզբն է Անսկզբնականի, ժամանակը` Անժամանակի և մարդկանց հանդեպ իր ունեցած գութով մոտենում է Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
                

 Կույսն ավելի վեր է, քան մարգարեներըառաքյալներընախահայրերըմարտիրոսներն ու վարդապետները և վեր, քան Իշխանություններն ու Պետությունները, Սերովբեներն ու Քերովբեները, և ավելի վեր է բարձրացել, քան երկնային բոլոր զորքերը: Զիջում է նա միայն Արարչին՝ Անեղ Բնությանը՝ գերազանց և աներևույթ Աստվածությանը:
                 Արդ՝ Սրբուհու միջոցով Խաչը ծագեց աշխարհի մեջ՝ որպես զորության գավազան և կնիք ամենքի համար՝ պահպանելու մեր ելն ու մուտը: Աստվածածնի միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց, սատանան պարտվեց, և նրա զորությունները սանդարամետում փակվեցին: Նրա միջոցով բացվեց Կենաց ծառի ճանապարհը՝ վերցվեց բոցեղեն սուրը, և հաստատվեց Մկրտության ավազանը:
                 Նա եղավ եդեմական Շնչավոր դրախտ, որտեղից բխեց մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Կենաց Աղբյուրը՝ չորս գետերի բաժանված, ինչն ավետարանիչների քարոզությունն է աշխարհի չորս կողմերում՝ լցված հավատով ու Սուրբ Հոգով:
                 Սրբուհին եղավ Նոյյան տապան, և եթե այն տապանը միայն մի ընտանիք ազատեց ջրհեղեղից, ապա Կույսի միջոցով ողջ աշխարհը փրկվեց:
                 Նա եղավ Անկեզ մորենի, քանզի աստվածության Հուրը բնակվեց նրա Սուրբ որովայնում և չայրեց: Եվ ոչ թե մեկ Մովսես առաքվեց Եգիպտոս՝ փարավոնին պատժելու և Իսրայելն ազատելու, այլ տասներկու առաքյալներ՝ ուսուցանելու ամբողջ աշխարհին, ովքեր կործանեցին անմարմին փարավոնին՝ իր զորքերով հանդերձ, և հեթանոսներին փրկելով՝ անմահ կյանքի կոչեցին:
                 Նա եղավ Ուխտի տապանակ, որն իր մեջ կրեց անպարագրելի Բանն Աստծուն, Ով ոչ միայն Իսրայելի որդիներին Սինայի անապատից դեպի Ավետյաց երկիրն առաջնորդեց, այլև ամբողջ մարդկային ցեղը՝ դեպի երկնային Երուսաղեմ:
Նա եղավ Ոսկյա սափոր, և իր մեջ կրեց Հոր անժամանակ Խոսքը՝ Կենաց Մանանան, որով ոչ միայն ապերախտ Իսրայելին կերակրեց, այլև ամբողջ աշխարհին:
                  Նա եղավ Ծաղկած գավազան Հեսսեի արմատից. ըստ Հակոբ նահապետի մարգարեության՝ «Շառավղից որդի ելավ» (տե՜ս Ծննդ. ԽԹ 9), և մեզ ինչպես կյանքի ողկույզ ընծայվեց, և լի բարությամբ ու իմաստությամբ՝ տարածվեց ամբողջ աշխարհում:
                 Նա եղավ Ոսկեձույլ աշտանակ, որն իր վրա, ինչպես վառվող ճրագ, կրեց մարդացած Բանն Աստծուն (հմմտ. Հայտ. Ա 13): Աշտանակի ճրագի յոթ լեզուները Սուրբ Հոգու յոթնարփյան շնորհներն են, իսկ երկու ձիթենիները՝ մեկն աջից և մյուսը ձախից, Հին ու Նոր Կտակարանները (հմմտ. Զաքար. Դ 2-3):
                Նրանով վերցվեց Ադամի անեծքը, և փարատվեց Եվայի տաժանելի երկունքը: Եվ կոչեցին ամենասուրբ Աստվածամորն այգի վայելուչ, վեմ ջրածին, աղբյուր կնքած, բույս բարի, տեղ շափյուղայի, քաղաք Աստծու, բլուր կնդրուկի, հովիտ շուշանի, անապատ անկոխ, գիր անընթեռնելի, երկիր բանավոր, առավոտ խաղաղության:


աղբյուր՝ ter-hambardzum.net

Комментариев нет:

Отправить комментарий