15.08.13 - Ս. Աստվածածնի պահոց օր
«Սթափուեցէ՛ք արդարութեամբ եւ մեղք մի՛ գործէք. որովհետեւ ոմանք չունեն Աստուծոյ ճանաչումը: Յամօթ ձեզ եմ ասում այս:
ՅԱՐՈՒԹԵԱՆ ԿԵՐՊԸ
Բայց մէկը կասի` ինչպէ՞ս են յարութիւն առնում մեռելները. կամ` ի՞նչ մարմնով պիտի գան: Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանայ, եթէ չմեռնի: Եւ ինչ որ սերմանում ես, սերմանուածը այն նոյն մարմինը չէ, որ ծնուելու է, այլ` մի մերկ հատիկ, լինի ցորենի թէ այլ սերմերի: Եւ Աստուած նրան մարմին է տալիս, ինչպէս որ կամենում է. եւ սերմերից իւրաքանչիւրին` իր մարմինը: Ամէն մարմին նոյն մարմինը չէ. այլ մարմին կայ մարդկանց եւ այլ մարմին` անասունների, այլ մարմին` թռչունների եւ այլ մարմին` ձկների: Կան նաեւ երկնաւոր մարմիններ եւ երկրաւոր մարմիններ. բայց այլ փառք կայ երկնաւորներին եւ այլ փառք` երկրաւորներին, այլ փառք` արեգակին եւ այլ փառք` լուսնին եւ այլ փառք` աստղերին. եւ մի աստղ փառքով առաւել է, քան մի ուրիշ աստղ: Նոյնպէս եւ` մեռելների յարութիւնը. սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան. սերմանւում է անարգութեամբ եւ յարութիւն է առնում փառքով. սերմանւում է տկարութեամբ եւ յարութիւն է առնում զօրութեամբ. սերմանւում է շնչաւոր մարմին եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. եթէ կայ շնչաւոր մարմին, կայ եւ` հոգեւոր: Այսպէս գրուած էլ է. «Առաջին մարդը` Ադամը, եղաւ կենդանի շնչով. երկրորդ Ադամը` կենդանարար հոգով: Բայց ոչ նախ հոգեւորը, այլ շնչաւորը եւ ապա` հոգեւորը: Առաջին մարդը` երկրից, հողեղէն, իսկ երկրորդ մարդը` Տէրը` երկնքից: Ինչպէս հողեղէնն է, նոյնպէս եւ հողեղէններս ենք, եւ ինչպէս երկնաւորը, նոյնպէս եւ` երկնաւորները: Եւ ինչպէս կրեցինք հողեղէնի պատկերը, նոյնպէս եւ պիտի կրենք երկնաւորի պատկերը»»:
/Ա. Կորն. 15.34-49/
«Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան։ Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է։
ՅԻՍՈՒՍ ԵՒ ԲԷԵՂԶԵԲՈՒՂԸ
Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին։ Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ։ Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանուած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։ Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի. բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»։ Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ»։
/Մարկ. 3.20-30/
Комментариев нет:
Отправить комментарий