ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է, ՆՎԻՐՈՒՄ ՈՒ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Այս օրերին,երբ հոգևոր վերազարթոնք ապրող ժողովուրդը մեծ շուքով նշում է քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը, կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին իր ավանդն է բերում նաև արարատյան Հայրապետական թեմի քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը: ՔԴՔԿ-և, հետևելով Քրիստոսի սրբավանդ այն պատգամին, որ «Թու՛յլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիսներինն է», իր առջև ծառացած կարևոր խնդիրներից է համարում աստվածաշնչյան պատգամներին ու պատվիրաններին համաձայն հայ մանկանը կրթելն ու դաստիարակելը: Գրասենյակի հիմնադրման պատմությանն ու գործունեությանը ծանոթանալու նպատակով զրուցեցինք Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր և ՔԴՔԿ գրասենյակի տնօրեն Տ.Հայկազուն քհն. Մկրտչյանի հետ:
- Տե՛ր հայր, ե՞րբ է հիմնվել գրասենյակը և ինչո՞վ է զբաղված:
- Քրիստոնեական դաստիարակության գրասենյակը հիմնվել է 1990թ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Արարատյան Հայրապետական թեմում Առաջնորդական փոխանորդության շրջանում և արդեն շուրջ 11 տարի զբաղվում է դպրոցներում, կիրակնօրյա վարժարաններում, հայորդաց տներում կրոնակրթական գործունեությամբ:Այսօրվա տվյալներով Երևանի 30 և Արարատի մարզի 18 դպրոցներում, 3 հայորդաց տներում և 5 կիրակնօրյա վարժարանում ավելի քան 14 000 երեխա կրոնակրթական դաստիարակություն է ստանում:
- Որտե՞ղ են նախապատրաստվում կրոնի դասերը վարող ուսուցիչները:
- Կրոնի ուսուցիչները նախապատրաստվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության ու քարոզչության կենտրոնի եռամյա դասընթացներում: Այսօր Արարատյան Հայրապետական թեմում կա կրոնի 360 ուսուցիչ, որոնցից 73-ը հրամանագրված է տարբեր կրթօջախներում: Ուսուցիչները երկու տարին մեկ անգամ հանձնում են որակավորման քննություններ, մասնակցում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող սեմինար պարապմունքներին: Գրասենյակը պարբերաբար կատարում է դասալսումներ: Կազմակերպված բաց դասերը մանրամասն քննարկվում ու վերլուծվում են: Կրոնի դասագրքերը երեխաներին տրամադրում է թեմը, իսկ ուսուցիչներն առաջնորդվում են 1997 թ լույս տեսած 1-10-րդ դասարանների ծրագիր-ուղեցույցով՝ հաստատված Գարեգին Առաջին երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից:
- Գաղտնիք չէ, որ այսօր որոշ աղանդներ փորձում են թափանցել դպրոց ու իրենց շարքերը համալրել դպրոցահասակ երեխաներով: Ինչպե՞ս է վարվում գրասենյակն այդ դեպքում:
- Նման դեպքերում անմիջապես տեղյակ է պահվում քաղաքապետարանի կրթության վարչությանը, և քանի որ օրենքով միայն Հայ Առաքելական Եկեղեցուն է վերապահված դպրոցում քարոզչություն իրականացնելը, ապա այլ դավանանքների ներկայացուցիչների առկայությունը դպրոցում կասեցվում է:
- Տասնամյակներ շարունակ դպրոցում աթեիզմ էր քարոզվում, այսօր հանրապետությունն ինչպե՞ս է արձագանքում կրոնի դասերին:
- Բնական է, որ 70 տարիներ ի վեր մեր հասարակությունը հեռացել էր Աստծուց, և այդ հեռացումը հանգեցրել էր որոշակի խորթացման: Այսօր այդ խոպանացած հոգիներում հերկի կարիք կա: Ամենակարևորը մեր հասարակության համար հոգևոր վերարթնացումն ու զարթոնքն է: Այսօրվա մանուկը վաղվա քաղաքացին է, ծնողն ու մայրը, մեր հայրենիքի ապագան կախված է այդ մանկան կրթությունից, դաստիարակությունից, բարոյական նկարագրից: Հետևաբար, մանկան հոգում պիտի սերմանենք մեր հայրերի հավատքը, հայկազյան ցեղին պատկանելու ազնիվ զգացմունքը:
- Արարատյան թեմի ԱԴԱԿ-ն իրականացնում է նաև կատեխիզմի ծրագիրը: Ո՞րն է ծրագրի էությունը:
- Ծրագիրն իրականացնում է քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի գրասենյակի հետ համատեղ: Եկեղեցիներին կից հավաքվում են 9-14 տարեկան երեխաներ և մեկ ամսվա ընթացքում հաղորդակցվում են քրիստոնեական հավատքի հիմնական սկզբունքներին ու պատգամներին: Այնուհետև քննություն հանձնելով՝ լավագույն սաները հավաստագրեր են ստանում, որոնք հանձնվում են սուրբ պատարագից հետո:
- ՔԴՔԿ համագործակցու՞մ է զանգվածային լրատվամիջոցների հետ:
- Այո՛, ՔԴՔԿ գրասենյակի անդամները մասնակցում են Արարատյան Հայրապետական թեմի կողմից պատրաստված ազգային ռադիոյի հինգ կրոնական հաղորդումների, ունկնդիրներին պատմում եկեղեցու խորհուրդների, տոների մասին: Հրապարակումներով հանդես են գալիս տարբեր լրագրերում ու ամսագրերում:
- Ձեր մաղթանքն ընթերցողներին:
- Կյանքն ապրել քրիստոնեության սկզբունքներին ու պատգամներին համաձայն, այն ավանդույթներով, որ մեզ են փոխանցել մեր նախնիները, քանզի քրիստոնեությունը ոչ միայն գիտելիք է, այլև կյանքն ապրելու կերպ, սեր, նվիրում ու զոհաբերություն:
Комментариев нет:
Отправить комментарий