суббота, 31 мая 2014 г.

            Համբարձման նախատոնակը Ս. Վարվառա ուխտավայրում

  
                Մայիսի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցական համայնքներն ու երիտասարդաց միությունները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, բազմաթիվ խմբերով ուխտի գնացին Արայի լեռան ստորոտում գտնվող Ս. Վարվառայի մատուռ, որը ժողովրդին հայտնի է նաև Ծաղկավանք անունով: Ուխտավորներին առաջնորդում էին ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Նոր նորքի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վարդան ավագ քահան Մկրտչյանը, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը, Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Թովմա քահանա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ-ի հոգևոր սպասավոր Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը: 
                 Ուխտավորների երկար ճանապարհը, միասնական աղոթքն առ Աստված, հոգևոր և ազգային երգն ու պարը ամրապնդեցին երիտասարդների կապը, միմյանց օգնելու և օժանդակելու պատրաստակամությունը:



















четверг, 29 мая 2014 г.

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

          Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

          Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:
          Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
            Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են: 
          Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

          Մինչ օրս, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը:


araratian-tem.am

вторник, 27 мая 2014 г.

ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏՈՒՄ ՀՐԱՊՈՒՐՎԵԼՈՒ ԵՎ ԽԱԲՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ



         Սիրամարգը իր գեղեցկությունն  ամենքին ցուցադրելով ՝ գովեստ էր ստանում . և նա մտածեց  թագավոր դառնալ: Իմաստուններից ոմանք խրատեցին ՝ չխաբվել, ասելով, թե ազգով  պետք  է թագավոր լինել: Բայց սիրամարգը չէր ուզում լսել նրանց  և ցանկանում էր անպատճառ  հասնել իր նպատակին:  Թռչունների թագավորը լսելով այդ մասին,  եկավ ու կոտորեց նրա ձագերին և ազգատոհմը: Շատերն էլ թևերն ու փետուրները դուրս քաշելով ՝ մերկացրին նրան: Այսպիսով սիրամարգը ոչ միայն թագավոր չդարձավ , այլև զրկվեց իր գեղեցկությունից: 

       Այսպիսով ահա, նրանք, ովքեր հրապուրվելով ցանկանում են հասնել անկարելիի, ոչ միայն ձեռք չեն բերում այն, այլև կորցնում են իրենց ունեցածը:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

пятница, 23 мая 2014 г.



Սիրելի՛ շրջանավարտներ,

    Այսօր դուք համակված եք անկեղծ և վարակիչ զգացումներով ու հուզականությամբ: Տոնական այս օրը ձեր կրթարանի հարկի ներքո հնչելու են դպրոցական զանգի վերջին ղողանջները:

     Կրթական այս հաստատությունը ձեզ սպառազինել է գիտելիքներով, որոնք պիտի կենսավորեք ի շահ հայրենիքի, ինչն իրագործելի կդառնա միայն ազգի նկատմամբ պարտքի բարձրագույն գիտակցումով: Այդ գիտակցումը մարդուն տրվում է միայն ի վերուստ և դառնում կամովի հանձնառություն:

     Ձեր առջև լայնորեն իր դռներն է բացել կյանքը, և դուք ինքնադրսևորման և արարման մեկնարկ եք վերցրել: Այլևս դուք առավել ազատ եք, և անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել տրված ազատության մեջ: Վառ իդեալներից և գունագեղ տեսիլքներից պիտի ծնվեն ձեր նպատակները, ու սիրով ներշնչված ամեն մի գործ պիտի ծառայեցվի ազգին ու հայրենիքին:

     «Իմաստուն երիտասարդը նման է խորարմատ ծառի, որին փորձությունների հողմերը թեպետև շարժում են, բայց կործանել չեն կարող» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի): Մենք զգում ենք ոգևորության ու ներշնչանքների այն ալիքը, որով դուք ելնում եք կյանքին ընդառաջ: Մենք վստահում ենք ձեզ: Եվ որպեսզի բորբոք մնա այդ ոգևորությունը, և մեր վստահությունը հիմնավորվի, սկսելիք գործին պիտի ձեռնամուխ լինել հավատով ու հույսով, քանզի ձեր գիտելիքները կիրառելու համար աստվածային ներշնչանքով տրված ամուր հոգի և հարաճուն միտք պիտի ունենալ, «Որպեսզի մարդը մեծ կոչվի, պիտի ունենա աստվածային ներշնչում»,- ասում է Ցիցերոնը: Իրոք, արժանավոր կոչվելու, ներշնչանքները կենսավորելու համար ի վերուստ զորություն և օրհնություն կստանաք, եթե ունենաք աստվածահաճո վարքուբարք և սեր ուսման ու աշխատանքի նկատմամբ. «Թող ձեր ամեն ինչը սիրով լինի»,- պատվիրում է մեզ Ավետարանը (Ա Կորնթ. 16:14): Միայն այսպես առաջնորդվելով՝ կարելի է կյանքի կոչել դպրոցում ձեռք բերած գիտելիքները: Դուք կարող եք դրանք լրացնելով՝ նոր լիցք հաղորդել երկրի կյանքին: Ասածի վկայությունը ձեր ավարտական վկայականները չեն, այլ այն առաքելությունն է, որին զինվորագրվել եք: Դուք գնում եք կյանքին նոր խոսք ասելու, նոր կորով հաղորդելու: Դուք այն բարեբեր ծառն եք, որի պտղավորմանը սպասում ենք բոլորս: Հարատև պտղաբեր եղեք, քանզի հաղթանակը հարատևության մեջ է: Մի՛ երկնչեք: Հավատարիմ մնացեք երիտասարդական ձեր երազներին և, անշուշտ, պիտի հարատևեք:

Սիրով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Առաջնորդական փոխանորդ Արարատյան Հայրապետական Թեմի

среда, 21 мая 2014 г.

ԽՐԱՏ ԶՂՋԱԼՈՒ ՄԱՍԻՆ


          Մի կին պոռնկության հրով վառվելով և հարազատ որդու հանդեպ տռփանք ունենալով, նրանից արու զավակ ծնեց: Ապա այդպիսի զազրագործություններից զարհուրելով` ամեն ժամ երկնչում էր, թե միգուցե դիվահարվի կամ հանկարծակի չարամահ լինի:
          Դրանից հետո Աստծո ողորմությամբ սկսեց խորհել, ապաշխարել և առաջնորդի խրատով իր որդու հետ գնաց Հռոմ և մեծ վստահությամբ հայրապետի առաջ կանգնեց: Սաստիկ արտասուքներով ու հառաչանքով ամենքին մի առ մի իր մեղքերը խոստովանեց, այն աստիճան, որ ամենքին էլ զարմանքը պատեց, որդուն էլ, որպես իր գործած անօրենության վկա, իր մոտ ունենալով:
           Իսկ հայրապետը, կնոջ այդպիսի զղջումն ու ճշմարիտ ապաշխարությունը տեսնելով, գթաց, որպես ճարտար բժիշկ` ախտավորին կամենալով կատարելապես ու շուտափույթ առողջացնել, նաև զղջման փորձ անել, նրան հրամայեց, որ այն զգեստով իրեն ցույց տա, որով գնացել էր որդու մոտ մեղանչելիս:
       Իսկ նա, հավիտենական ամոթը ժամանակավորից առավել համարելով, անմիջապես զգեստները հանեց և հայրապետի առաջ միայն շապկով եկավ: Ինչպես որ պատրաստ էր փոխարենը հատուցել, նույնպես և բավարարվեց նրա հնազանդվելով:
    Հայրապետը, այսպես մտածելով, քանի որ այդքան ամոթի այսպիսի հնազանդության համար` այդքան ապաշխարություն, որևէ մեղքի պատիժ չի կարող ընդդիմանալ բոլորի առաջ, կնոջն ասաց.

            – Քո մեղքերը թող ներված լինեն, գնա՛ խաղաղությամբ:

           Եվ ավելի այլ բան նրա համար որպես ապաշխարություն չկարգադրեց:
    Երբ եպիսկոպոսներից մեկն այս լսեց, փարիսեցու նման հայրապետի դեմ քրթմնջալով, նրա դատաստանը հանդիմանեց՝ ասելով.

          – Այդքան մեղքերի փոխարեն այսչափ քիչ ապաշխարությունը կատարյալ չէ:
            Դրա դիմաց հայրապետը պատասխան տվեց.

       – Եթե ես անիրավ կերպով արեցի դա, և Աստծո առաջ նրա ապաշխարությունը բավական չէ, սատանան թո՛ղ զորանա` իմ մեջ մտնելու և ամենքի առաջ ինձ չարչարելու, իսկ եթե դու ես հանիրավի ինձ հանդիմանում, քեզ հետ թո՛ղ կատարվի:

           Երբ հայրապետն այս ասաց, դևն իսկույն սկսեց եպիսկոպոսին տանջել, որով հայտնապես Աստված ցույց տվեց, թե կնոջ ապաշխարությունը կատարյալ էր: Ապա դրանից հետո, ամենքի աղոթքով ազատվելով դևից` եպիսկոպոսը սովորեց Աստծո մարդասիրությունն իր չարչարանքների գնով իզուր չնվազեցնել:

понедельник, 19 мая 2014 г.

       Մայրաքաղաքի հասարակական վայրերում իրականացվեց «Ս. Խաչի քարոզ» միջոցառումը 


       Սուրբ խաչի երևման տոնի առիթով Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցասեր երիտասարդները օծված խաչեր և խաչի պահպանության աղոթքներ նվիրեցին հանրային տրանսպորտի ուղևորներին ու վարորդներին:
        Վարորդները սիրով փոխում էին  աչքի ուլունքները Սուրբ խաչերի հետ: