суббота, 11 октября 2014 г.

Սբ. թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն


Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին թարգմանիչ վարդապետների տոնը տարվա մեջ երկու անգամ է տոնում: Առաջինը կոչվում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալուստից հետո երեսուներեքերորդ օրը, որը միշտ հինգշաբթի է պատահում և տատանվում է հունիսի 11-ից մինչև հուլիսի 16-ը: Այդ օրը համարվում է սուրբ Սահակի և սուրբ Մեսրոպի հանդիպման օրը Ռահ գետի ափին: Այս տոնը ուղեկցվում է ուխտագնացությամբ դեպի Օշական, դեպի սուրբ Մեսրոպի գերեզմանը: Իսկ երկրորդ տոնը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանչաց վարդապետների` Սահակի ու Մեսրոպի, և նրանց սուրբ աշակերտների` Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսեսի Կլայեցու», և տատանվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ը:
Մեր լուսավորիչները և Ընդհանրական եկեղեցու լուսատու պայծառ ջահերը` սուրբ Սահակ Պարթև Հայրապետը և սքանչելագործ Մեսրոպ վարդապետը, սահմանեցին Հայաստանյայց եկեղեցու համար բազմաթիվ կանոններ և օրենքներ, ստեղծեցին հայերեն լեզվի գրերը, հունարենից և ասորերենից թարգմանեցին Սուրբ Գրքի Հին և Նոր Կտակարանները, ապա հիմնեցին դպրոցներ և կրթեցին մեր ողջ Հայոց աշխարհը:
Այնուհետև սուրբ Սահակ Հայրապետի հրամանով սուրբ Մեսրոպ վարդապետը մեկնեց Վրաց աշխարհ և նրանց համար ևս ստեղծեց իրենց լեզվին համապատասխան գրեր, իսկ դրանից հետո գնաց Աղվանք և ըստ իրան Աստծուց տրված շնորհների` նրանց համար նույնպես ստեղծեց իրենց լեզվի համապատասխան գրեր:
Իսկ երբ սուրբ Մեսրոպ վարդապետն այնտեղից վերադարձավ Հայաստան, սուրբ Սահակին գտավ իր աշակերտների հետ գրքեր թարգմանելիս: Եվ սրանք էին նրանց աչքի ընկնող և գլխավոր աշակերտները` սուրբ Հովսեփը և սուրբ Ղևոնդ Երեցը, ովքեր Պարսկաց աշխարհում մարտիրոսացան: Ապա սուրբ Եղիշե վարդապետը, Մովսես Խորենացին և վերջինիս եղբայրը` Մամբրե Վերծանողը, Եզնիկ Կողբացին և Ստեփանոս Ասողիկը, Խոսրովը և Ղազար պատմագիրը, որոնց հետ նաև շատ ուրիշներ: Սրանք հունարենից և ասորերենից շատ գրքեր թարգմանեցին:
Հորինեցին նաև շարականներ և կարգեցին բոլոր ձայների համար եղանակներ, որոնք միմյանցից զատորոշելով` տասը ձայներով դասակարգեց մեր հոգելից տեր սուրբ Սահակ հայրապետը` սահմանելով տաս եղանակ ըստ տասն արարածների թվի, որոնք են` երկինքն ու երկնայինները, երկիրը և երկրայինները, ծովը և ծովայինները, օդը և օդագնացները, ապա հրեշտակներն ու մարդիկ: Նաև ըստ Աստծո տասնաբանյա օրենքի թվի, որը գրվեց Մովսեսի քարե տախտակի վրա, ինչպես նաև ըստ Եգիպտոսի տասը հարվածների թվի:
Մեր սուրբ Հայր Սահակը որդին էր Ներսես Մեծի, Աթանագինեսի որդու, Հուսիկի որդու, Վարդանի որդու, մեր լուսավորիչ Սուրբ Գրիգորի որդու: Նա իր առաքինի վարքով, ամեն ինչով նմանվեց հայրերին, առավել եղավ ճշմարիտ գիտությամբ: Բայց ամուսնացել էր զավակ ունենալու նպատակով, առաքելաշնորհ աթոռի ժառանգության համար, սակայն ունեցավ դուստր, ում էլ ամուսնության տվեց Համազասպ Մամիկոնյանին, ումից և ծնվեց սուրբ քաջ Վարդանը, նաև սքանչելի և երանելի Հմայակ Համազասպյանը:
Եվ քանի որ սուրբ Սահակը չուներ արու զավակ, մնում էր տրտմության մեջ և աղոթքներով խնդրում էր Աստծուն` տալու իրեն արու զավակ, ինչպես իր նախնիներին: Որի համար նրան երևաց Տիրոջ Հրեշտակը, մխիթարեց և ցույց տվեց այն, ինչ հետագայում լինելու էր, այսինքն` քահանայության վերացումը սուրբ Գրիգորի արժանավոր ցեղից, թագավորության վախճանն Արշակունյաց տոհմից, ապա այս աշխարհի վերջին օրերին, Նեռի ժամանակներում կրկին երկուսի նորոգումը:
Այս ամենը տեսավ սուրբ հայրապետն իր սարկավագության տարիներին: Այնուհետև առանձնանալով կնոջից` անցավ քահանայության կարգը, և երբ կաթողիկոս նստեց, նորոգեց հայոց ազգի բոլոր կարգերն ու կրոնական օրենքները` ամենքին խրատելով, ուսուցանելով և փրկության ճանապարհը սովորեցնելով: Նրա հրամանով և Սուրբ Հոգու գործակցությամբ սուրբ Մեսրոպ վարդապետը ստեղծեց հայոց լեզվի գրերը: Ապա սուրբ Սահակը, բացելով դպրոցներ ողջ Հայոց աշխարհում, հավաքեց ուշիմ, քաղցրաձայն ու երկարաշունչ, ինչպես նաև ուսման մեջ գերազանց մանուկներին, և կրթեց նրանց: Այնուհետև կարգադրեց Մեծն Մեսրոպին նույնն անել նաև Վիրքում և Աղվանքում:
Եվ Մեսրոպն ու իր աշակերտները, գնալով Հունաց աշխարհ, Ասորիք, սովորեցին արտաքին գրքերի ողջ հմտությունը և թարգմանեցին Աստվածաշնչի բոլոր գրքերը` Հին և Նոր Կտակարանները` հայերեն գրերով և լեզվով: Եվ այդպիսով Հայաստանյայց Եկեղեցին լուսավորվեց կարգերով և գիտությամբ, ինչպես երբեմնի հին Իսրայելը Մովսեսի և Ահարոնի ժամանակներում:
Սբ. Սահակը կարգի բերեց նաև քաղաքների, գյուղերի, վանքերի, քահանաների և ժամկոչների կանոններն ու օրենքները: Սահմանեց նաև ամուսնական օրենքներ և ուղիղ ճանապարհով գնալու բոլոր կարգերը:
Ապա իրեն շրջապատելով վաթսուն խարազանազգեստ ու ոտաբոբիկ կուսակրոն ճգնավորներով` նրանց հետ մշտապես կատարում էր իր սպասավորությունը և ավելին, քան անապատականները:
Սահակ աբեղան գնաց Կ. Պոլիս` Վաղես թագավորի մոտ, որ Արիոսի աղանդին էր հարել, և ասաց նրան. «Բացի´ր  ուղղափառների եկեղեցիները»: Սակայն թագավորը չլսեց նրան: Եվ երբ Վաղեսը ցանկացավ պատերազմել Գոթերի հետ, դարձյալ Սահակը նրա մոտ գնաց և ասաց. «Ո´վ արքա, բացի´ր ուղղափառների եկեղեցիները», և թագավորը դարձյալ չլսեց նրան: Եվ գնալով դեպի քաղաքի դարպասները` կանգնեց թագավորի առաջև և ասաց.«Ո´վ արքա, բացի´ր ուղղափառների եկեղեցիները, իսկ եթե չբացես, ապա քո այդ պատերազմից, որ գնում ես, չես վերադառնա»: Դրանից թագավորը բարկանալով անարգեց նրան և խիստ ծեծի արժանացրեց, ապա գցել տվեց փշերի մեջ: Եվ նրան երևացին Աստծու հրեշտակներ` սպիտակ զգեստներով, և հանեցին Աստծո քահանային դժնդակ փշերից, ապա բուժեցին նրա վերքերը և աներևույթ եղան:
Այնուհետև նա գնաց, հասավ թագավորին այն տեղում, որ կոչվում է Տրիդոն, և բռնելով թագավորի ձիուց` դեմ հանդիման ասաց նրան. «Ո´վ թագավոր, լսի´ր ինձ և բացի´ր ուղղափառների եկեղեցիները և քո այդ պատերազմից կվերադառնաս մեծ հաղթանակով, և թող նզովյալ լինի Արիոսն ու բոլոր նրանք, ովքեր նրա աղանդին են պատկանում»:
Իսկ արքայի թագադիր պաշտոնյան խստացրեց թագավորի սիրտը, և թագավորը հրամայեց մեծամեծ իշխաններից երկուսին` Սատորնինոսին և Բիքտիրոսին, բանտում պահել Սահակ աբեղային, մինչև ինքը վերադառնա պատերազմից:
Եվ նրանք տարան նրան, գցեցին մի տղմուտ խորխորատի մեջ: Եվ երանելին ասաց. «Եթե դու պատերազմից վերադառնաս, ուրեմն Աստված ինձ հետ չի խոսել: Այլև ես աչքս Քրիստոսին եմ պահում, որպեսզի դու պատերազմից փախուստի մատնվես»:
Եվ այդպես էլ եղավ. արդարի ասածի համաձայն` թագավորը, փախուստի մատնվելով գոթերից, մտավ հարդով լի մի մարագի մեջ և այնտեղ կրակով այրվեց, նրա հետ նաև` իր թագադիր պաշտոնյան ու թագավորի սիրելիներից շատերը: Իսկ հեծելազորը դիմեց փախուստի Թեսաղոնիկեից մակեդոնացիների նահանգը և ընդունելություն գտավ Հռոմի թագավոր Գրատիանոսից:
Այնուհետև հաղթանդամ Մեծն Թադեոսը, նա, ով հաջողակ էր պատերազմների մեջ և հավատով ուղղափառ, թագավորեց Կ. Պոլսում: Նա վերաբացեց ուղղափառների եկեղեցիները, իսկ բոլոր նրանց, ովքեր Արիոսի աղանդին էին հարում, հեռացրեց քաղաքից:
Իսկ Սատորնինոսը և Բիքտիրոսը, որ Սահակին ի պահ էին վերցրել, դարձան  ուղղափառ հավատքին, ընկան սուրբ Սահակի ոտքերը` իբրև մագարեի, և խնդրում էին նրան մնալու իրենց հետ. և կառուցեցին առանձին խուց և մեծ ճգնությամբ իրենց կյանքի մնացած մասն այնտեղ անցկացրին:
Քրիստոսի ճշմարիտ ծառա, մեր սուրբ հայր և ուղղափառ վարդապետ Մեսրոպը սուրբ վարդապետ և սքանչելի այր Ներսես Մեծ հայրապետի աշակերտն էր: Եվ աշակերտում էր Ներսես մեծի որդի Սահակին սուրբ Գրքի թարգմանության մեջ: Սակայն նրանք ժողովրդի համար չէին կարողանում հունարենից և աորերենից հայերենի թարգմանության գործը բարեհաճ ձևով իրականացնել: Դրա համար էլ մտածեցին ստեղծել հայերեն գրեր, որպեսզի անմխիթար վիճակում չմնան Աստվածաշունչ գրքերն այլևայլ լեզուներով ընթերցելիս:
Եվ այսպիսի մտածումներով ու հոգու նման վարանման մեջ գտավ նրանց Վռամշապուհ թագավորը, որ և ասաց, թե Դանիել անունով մի ասորի քահանա խոստացել է հայոց լեզվի նշանագրերը ստեղծել: Ապա մարդ ուղարկեցին և դրանք բերել տվեցին և երկու տարի մանուկներին այդ գրերը սովորեցնելով` չկարողացան վերածել վանկերի:
Այնուհետև սուրբ Մեսրոպն իր հետ վերցրեց աշակերտներին և գնաց Ասորիքի Միջագետքը` իմաստասերների մոտ: Բայց նրանք ոչնչով չկարողացան սուրբ Մեսրոպին օգնել, և բոլորն էլ խոստովանեցին իրենց տգիտությունն այս հարցում: Ապա այնտեղից գնաց Սամոսատ քաղաքը` մի ճգնակյաց իմաստասերի մոտ և այնտեղ մնաց մի քանի օր, սակայն նրա միջոցով ևս չկարողացավ կատարել իր սրտի փափագը: Եվ որովհետև Մեսրոպի ցանկությունն առավել գտնվեց, քան մարդուս իմացականությունը, նա իր մեջ ամփոփվեց և ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսեց Մեսրոպի աղոթքները և ցույց տվեց նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի:
Մեսրոպը տեսնում էր, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որ դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այդպիսին էր, ինչպիսին ձեռն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում: Եվ Մեսրոպը, աղոթքից վեր կենալով և սքանչելի տեսիլքից ինքն իրեն գալով, Աստծուն փառք է տալիս ու լցվում ուրախությամբ և Հռոփանոս գեղագրի հետ միասին ձևավորում է մեր լեզվի նշանագրերը:
Նրանք նախ հունաց գիրը ի մի բերեցին հայերեն այբուբենի մեջ, այնուհետև պակասը  լրացրին աստվածատուր շնորհներով: Ապա իր երկու աշակերտների հետ ձեռնարկեցին թարգմանություններ, որոնք սուրբ Մեսրոպը վերցնելով եկավ սուրբ Սահակի մոտ:
Այնուհետև նրանք հավաքեցին ուշիմ ու խելացի, փափուկ ձայն ու երկար շունչ ունեցող մանուկների և հաստատեցին դպրոցներ ողջ Հայոց աշխարհում:
Ապա Մեսրոպը գնաց Վիրք և Աստծուց իրեն տրված շնորհներով նրանց համար ևս ստեղծեց գրեր` ըստ նրանց լեզվի: Եվ նրանց վերակացու և ուսուցիչ թողեց իր աշակերտներից մեկին, իսկ ինքը մեկնեց Աղվանք և նրանց համար ևս գիր ստեղծեց` ըստ իրենց լեզվի, և բացեց դպրոցներ, հետո վերադարձավ սուրբ Սահակի մոտ: Նրանք միմյանց տեսնելով շատ ուրախացան և փառք տվեցին Աստծուն այն առատ պարգևների համար, որոնք իրենց տրվեցին:
Այնուհետև Քրիստոսի ճշմարիտ ծառա և ուղղափառ վարդապետ մեր սուրբ Հայր Մեսրոպը, երկնային շնորհները ստանալուց և հայոց, վրաց ու աղվանից նշանագրերը ստեղծելուց հետո, սուրբ Սահակ Պարթև մեծ հայրապետի հրամանով գնաց Կոստանդնուպոլիս, բարեպաշտ կայսր Թեոդորոս Կրտսերի և Ատտիկոս հայրապետի մոտ, ովքեր շատ մեծարեցին նրան, և առաձին վարդապետների` Գրիգոր Աստվածաբանի և Հովհաննես Ոսկեբերանի հետ կարգեցին ու գրեցին Սահակի և Մեսրոպի անունները:
Բայց սիրալիր ձևով փոքր-ինչ հանդիմանեցին Մեսրոպին, թե ` «Եթե դու նախանձախնդիր էիր գտնելու գրերը, ինչո՞ւ իջար այլաձև խոսող Ասորիք ու չարչարվեցիր և չեկար դեպի իմաստության աղբյուրը` Հովհաննես Ոսկեբերան Աստվածազգեաց հայրապետը, որպեսզի ավելի շուտ հասնեիր քո փափագին և նրանից էլ հեշտությամբ կգտնեիր քո սրտի մխիթարությունը: Բայց ողորմած Տերը` Բարերար և մարդասերն Աստված, որ կատարում է իր նկատմամբ երկյուղածների կամքը, համաձայն քո արժանավորության` լսեց քո խնդրանքը և վերի շնորհներով իրականացրեց քո փափագածը. Փառք և գոհություն Նրան հավիտյան, և բարի կատարում քո գործերին»:
Եվ Մեսրոպը Հայրապետից խնդրեց Աստվածաշունչ մատյանի մի անխաթար օրինակ` թարգմանության համար: Նաև կայսրից խնդրեց, որպեսզի ինքը և սուրբ Սահակ Պարթև մեծ հայրապետն իրենց աշակերտներով ազատ շրջագայեն Հայոց աշխարհի այն մասում, որը հույների տիրապետության տակ է, և ուսուցանելով կրթեն նրանց աստվածապարգև շնորհներով:
Եվ Ատտիկոս հայրապետը ոչ միայն նրան տվեց Սուրբ Գրքի մի լավագույն օրինակ, այլև Մեսրոպին շնորհեց էկլեսիաստիկոսի կոչում, այն է` աստվածային խոսքեր ժողովող րաբունապետ և Աստծու օրենքներ քարոզող վարդապետ, և սուրբ Սահակին էլ արժանացրին հայրապետական պատիվների:
Եվ թագավորական հրաման տվեց այն կողմի զորավարին, հավաքել հունահպատակ հայ մանուկների, դպրոցներ բանալ և տալ Մեսրոպին, որպեսզի սովորեցնի հայոց գրերը և լեզուն, և բոլոր ծախսերն ու միջոցները արքունիքն էր հոգում:
Եվ նրանց արքունիքից ռոճիկ նշանակվեց ինչպես նաև հրամայվեց կառուցել բերդաքաղաք Կարին գավառում` համաձայն Մեսրոպի խնդրանքի: Եվ բանվորների վերակացուն և կառուցողների հրահանգողն էր Մովսես Խորենացին, Մեսրոպ վարդապետի քրոջ որդին: Եվ կառուցեցին Կարին քաղաքը, որ է Թեոդոպոլիս, իսկ արժմ կոչվում է Արզրում, այսինքն` արևելք, պարսից վտանգից հայերի և հույների ամուր պաշտպանության համար:
Այնուհետև շրջում էին բոլոր վայրերում և լուսավորում հունաց բոլոր գավառների հայազգի մարդկանց նորագյուտ գրերի ուսուցմամբ, նաև ասորերենից մինչ այդ թարգմանված գրքերը վերստին խմբագրեցին:
Եվ այդպիսի մեծ կոչումով և մեծարանքներով Մեսրոպը դուրս ելավ Կոստանդնուպոլսից և եկավ Հայաստան, սուրբ Սահակ Հայրապետի մոտ` մեծ ուրախություն պատճառելով նրան: Երբ այս երկու այրերը միմյանց տեսան երկնային խնդությամբ լցվեցին, և որոշեցին իրենց աշակերտներից ամենաավագներին ուղարկել Աթենք ` կրթվելու ամեն մի գիտության մեջ` թարգմանության կարիքներից ելնելով:
Ապա երիտասարդներին ուղարկեցին Աթենք դեպի գիտելիքների մայրաքաղաքը: Եվ այդ երիտասարդներից էին Մովսես Խորենացին, որ Մեսրոպի քրոջ որդին է ասվում, ապա Դավիթ Ներգինացին, որ եղավ անհաղթ փիլիսոփա, Եզնիկ Կողբացին, Մամբրե Վերծանողը, Ղազար Փարպեցին և Ստեփանոս Ասողիկ պատմագիրը, ովքեր գնալով սովորեցին ողջ արտաքին գիտությունները, ապա ետ վերադարձան` հարստացած ու ճոխացած գիտությամբ և քերթողական իմաստությամբ, և վերստին ճշտեցին նախկինում թարգմանված գրքերը, գիտությամբ լուսավորեցին մեր Հայոց ազգը` Մեսրոպ վարդապետի հետ միասին Աստծուց տված շնորհներով` երգերով, մեղեդիներով և Աստվածային գրքերի թարգմանությամբ: Նաև մեր հավատքի կարգերն ու սահմանումները մեծապես պայծառացրին, որի համար փառք Քրիստոսին հավիտյանս. ամեն:
Եվ սուրբ Հայր և վարդապետ Մեսրոպը հեզաբարո էր և լայնախոհ, տեսքով` հրեշտակի նմանվող, և մտքով` երկնող, խոսքով` պայծառ, խորհրդով` մաքուր, գործով` ժուժկալ, և հավատքով` ուղղափառ, հույսով` համբերող, սիրով` անկեղծ, անձանձիր սովորեցնող, որ և երկրորդ լուսավորիչ կոչվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո: Սուրբ Մեսրոպի մեջ ամենևին տեղ չգտան ամբարտավանությունն ու մարդահաճությունը, որովհետև այնպես է թվում, թե Աստված նրա համար ասաց այս խոսքերը մարգարեի միջոցով. «Բա´ց բերանդ, և ես պիտի լցնեմ այն» (Սաղմ. Ձ 11), որի համար էլ նա այնքան զորավոր էր Աստվածային գիտությունների մեջ, որ մինչև իսկ նրա բերանին մշտապես հանգչում էր Աստծու խոսքը: Եվ մեր սուրբ վարդապետ Մեսրոպի բերանն Արդարության Արեգակի արևելքն ու արևմուտքն էր, որովհետև Արդարության Արեգակը` Քրիստոս, քարոզելով ելնում էր նրա բերանից և աղոթքներով նորից մտնում նրա բերանը:
Իսկ աշխարհիկ գործերում այոն այո էր, իսկ ոչը` ոչ: Եվ դատարկաբան զրույցների մեջ ամբողջովին լուռ էր և անմասն: Եվ այդպիսի կյանքով ապրելով աշխարհում` փոխվեց դեպի կարգն առաջին կատարյալ սրբերի` Եկեղեցին անդրանիկների:
Եվ երբ հայոց իշխաններն իրենց Արտաշես թագավորի զազրելի գործերից խիստ ձանձրացան, նրան մատնեցին Պարսից Վռամ արքայի` Հազկերտի հոր ձեռքը: Նրանք ստիպում էին նաև սուրբ Սահակ հայրապետին` միաբանել իրենց հետ մատնության մեջ: Իսկ նա ոչ հանձն առավ և ոչ էլ համաձայնեց: Այլ ասում էր, թե` «Ես Քրիստոսի վիրավոր ոչխարն առողջ գայլի հետ չեմ փոխանակի, որովհետև թեկուզ և պոռնիկ է, բայց անհավատ չէ, մեղավոր է, բայց հուսահատված չէ: Մեղք է գործում կանանց և ոչ թե արուների մեջ: Իգամոլ է և ոչ թե արվամոլ»: Եվ այնժամ հայոց ազնվականներն ու իշխանները սուրբ Սահակի կամքին համաձայն չվարվեցին, այլ հեռացնել տվեցին Արտաշեսին իր թագավորությունից:
Չարախոս ավագանու հետ էր նաև վանքի մի երեց` Սուրմակ անունով, Բզնունիքի գավառից, Արծկե կոչվող գյուղից: Նրանք սուրբ Սահակին ասացին. «Եթե մեզ հետ չես միաբանում և ուզում ես, որ նա թագավորի մեզ վրա, իսկ մենք, որ չենք ուզում, որ նա մեզ թագավորի, չենք ուզում նաև քո քահանայությունը մեր հայոց ազգի վրա»: Այս ամենը եղավ` նրանց իսպառ զրկելու հայրերի ժառանգությունից:
Եվ Պարսից թագավորի առջև իրենց թագավորից հայոց ավագների չարախոսության ժամանակ Շապուհը հայոց նախարարներին ասաց. «Ձեր եպիսկոպոսապետը, ում ազնիվ բարքերին և նրա լավ ազգատոհմին տեղյակ եմ, ձեզ հետ պիտի լիներ, որպեսզի նրանով իմանայինք ձեր խոսքերի ճշմարտությունը և կեղծիքը: Ուստի թող կանչվի նաև նա, որպեսզի ճիշտն իմանանք: Իսկ Սուրեն Պահլավը` սուրբ Սահակի աղգականը, որ Պարսից արքայի մոտ հարգված մարդ էր, գրեց սուրբ հայրապետին` գալու թագավորի կանչով, և նշեց իր մերձավորության մասին ևս, որ նա ուներ սրբի հետ` արյունակից ազգական լինելու պատճառով:
Եվ գրել էր հետևյալ կերպ. «Ես քո լավն եմ ցանկանում, դու պիտի գաս արքայի պալատ` աներկյուղ ու առանց երկմտանքի, և հայոց ավագանու հետ տաս Արտաշեսի անհաշտության վկայությունը»: Եվ սուրբ Սահակն անմիջապես գնաց հրավիրակների հետ և մտավ Շապուհի մոտ և այնտեղ ոչ պակաս մեծարանքի արժանացավ, որովհետև Շապուհ արքան ընդառաջ եկավ սուրբ Սահակին և նրան տանելով` պատվով նստեցրեց իրեն մոտիկ: Եվ հարցնելիս ոչ մի բան չլսեց նրանից իրենց թագավորի վերաբերյալ, քանի որ ասաց սուրբը, թե` «Ես դրանից ոչ մի չար բան չգիտեմ, ով որ գիտի, թող նա վկայի»:
Եվ խիստ հավանեց արքայից արքան սուրբի խոսքերը և գովաբանեց նրան, մանավանդ հեզության, համեստ խոսքերի և հաճելի ուսուցանող վարդապետության համար: Եվ զարմացավ արքան նրա խոսքի խելացիության վրա: Եվ մեծարանքով ճանապարհեց նրան, սակայն զրկեց Արտաշես թագավորին իրավունքներից` հայոց ավագների ու ազատատոհմ մարդկանց խնդրանքի համաձայն: Եվ նրանց տվեց իր իշխանությանը ենթակա մի այլ թագավոր` ազգությամբ հայ և հավատով քրիստոնյա, Վռամշապուհ անունով` որպես հայոց թագավորության աթոռակալ:
Եվ պատվիրեց արքան սուրբ Սահակին` մնալ կաթողիկոսության աթոռին և վարել իր հայրապետական իշխանությունը: Սակայն նա չկամեցավ, այլ երանելին, սուգ անելով մեր ազգի թշվառ վիճակի համար, նրանց թողեց առաջնորդությունը: Եվ նրանք իրենց կաթողիկոս դրին Սուրմակ աբեղա Արծկեցուն, ում մեկ տարի անց արտաքսեցին, որովհետև չէր առաջնորդվում ըստ նախարարների կամքի, այլ գոռոզանալով ինքնակամ էր վարում իշխանությունը:
Եվ նրանից հետո կարգեցին Բարդիչոյին` ազգությամբ ասորի մեկին: Ով էլ, գալով կանանցով ու որդիներով, առանձին կարգերով էր ապրում սուրբ Գրիգորի աթոռին: Որից տարուբերվելով` արտաքսեցին նրան և դրեցին մեկ ուրիշ ասորու` Շամուել անունով : Սա ևս եկավ տանտիկնոջով և անկարգ վարքով մնում էր իր անիրավության մեջ, որովհետև եպիսկոպոսների հին կալվածքները խլում էր իրենց օրինական տերերից և կաշառքով տալիս ուրիշներին:
Սուրբ Սահակը ապրեց երկար ժամանակ մաքուր կյանքով և բարի վարքով, հիսունմեկ տարի հայրապետության մեջ: Եվ հասնելով բարի ծերության և մի քանի օր թեթևակի հիվանդանալով Վաղարշակերտ գավառի Բլուր անունով գյուղում` փոխվեց աշխարհից ի Քրիստոս, նավասարդի 30-ին (սեպտեմբերի 9), այն իսկ օրը, որ ծնվել էր: Եվ նրա աշակերտներն ու սպասավորները վերցրեցին սուրբ մարմինը և տարան Տարոն գավառը, թաղեցին մեծ շուքով իր հայրենի գյուղում, որ կոչվում է Աշտիշատ: Եվ որոշեցին նավասարդի երեսունին ամեն տարի տոնել Աստծու մեծ քահանայապետի օրը:
Եվ նրանից հետո ճշմարիտ վարդապետ Մեծն Մեսրոպը հաջորդը եղավ հայրապետության աթոռին, և վեց ամիս անց նա ևս վախճանվեց` մեհեկանի 13-ին (փետրվարի 20 ): Եվ քանի դեռ տկարացած մարմնով գտնվում էր աշակերտների մեջ, խնդրանքով վեր բարձրացրեց իր մշտատարած ձեռքերն առ Աստված և ամենքին հանձնեց Աստծուն: Եվ մինչդեռ սրբի ձեռքերը վերև էին պարզված, երևաց սքանչելի և զարմանալի մի տեսիլք, որով լուսեղեն խաչը երկնքից ցոլալով հայտվեց նրա վրա, և հոգին ավանդելուց հետո էլ դեռ պայծառացած հայտնապես երևում էր բոլորին, և նրանց քիմքին բուրեց հաճելի հոտ, որը տարածվեց ամենուրեք, որով և հիացած` փառք էին տալիս Աստծուն:
Եվ քանի որ սուրբի վախճանը տեղի ունեցավ Վաղարշապատում, ուստի իշխանները միմյանց հետ վիճում էին: Որովհետև մեկը կամենում էր սուրբ մարմինը տանել Տարոնի գավառ, իր հայրենի Հացիկ գյուղը, որտեղ ծնվել էր և մեծացել, իսկ ուրիշները`իր իսկ ստեղծած վանքը Գողթան գավառում, այն տեղը, որը նրա անունով մինչև այժմ էլ Մասրե վանք է կոչվում:
Իսկ մյուսներն ասում էին` նրան պետք է թաղել նույն քաղաքում, հոյակերտ և Աստվածապատկեր Սուրբ Գրիգորաշեն կաթողիկեի Էջմիածնի հովանու ներքո: Բայց մեծն իշխան Վահան Ամատունին վերցրեց և տարավ իր Օշական գյուղը: Եվ լույսի կամարաձև խաչը երևում էր Մեսրոպի խաչի ձև ստացած մարմնի վրա երկարուձիգ ողջ ճանապարհին, մինչև որ նրան դրեցին իր հանգստարանը, որից հետո քիչ-քիչ պահվեց լուսապայծառ խաչի տեսիլքը: Այնուհետև սուրբ հանգստարանի վրա կառուցվեց հոյակերտ ու փառահեղ եկեղեցի` բարձր, պայծառակերտ և գմբեթավոր:
Եվ սրբի վախճանից հետո լռությամբ նստեցին նրա աշակերտները` Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթ փիլիսոփան, Մամբրե Վերծանողը, Եղիշե պատմագիրը, Ղազար Փարպեցին, Եզնիկը, այլև ուրիշներ, ովքեր եկան Աթենքից` լցված և հարստացած գիտությամբ, սակայն այս կյանքում այլևս չտեսան սուրբ հայրերին, որի համար լալագին ողբացին նրանց գերեզմանի վրա և լուռ համբերությամբ ապրեցին իրենց երկրային կյանքը` անմասն մնալով մեր հայոց համառ ու խստապարանոց ազգի բիրտ բարքերից, որից և մեզ ազատի Աստված, մինչև իրենց այս կյանքի վերջին օրերը, ապա փոխվեցին հրեշտակների մոտ` մեր Քրիստոս Աստծու փառքում:
 
Ըստ գրքի «Ճառ Աստծու ճշմարիտ սուրբ վկաների մասին շարադրությամբ մեր նախնիների գրքից, որ կոչվում է Հայսմավուրք: Տոն մեր սուրբ թարգմանիչների» Ս. Էջմիածին 2000թ.

աշխատասիրությամբ Շողիկ Հարությունյանի
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Վարք և հիշատակ մեր սուրբ վարդապետների` Եղիշեի և Գրիգոր Նարեկացու (ըստ Հայսմավուրքի)
Մեր սուրբ հայր և վարդապետ Եղիշեն ճգնավոր էր, սուրբ Սահակ և Մեսրոպ թարգմանիչների աշակերտներից, և շատ հմուտ էր Աստվածային գրի` Հին և Նոր կտակարանների իմացության մեջ: Նա նաև գիտակ էր  աշխարհիկ իմաստունների գործերի`  աթենական փիլիսոփայական արվեստի:
Եղիշեն դպրապետն էր Սբ. Սահակ Պարթևի թոռան` Սբ. Վարդան հայոց զորավարի, որ վկան էր Քրիստոսի: Նա գրեց մեծ պատերազմի և սուրբ Վարդանի նահատակության մասին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր Սբ. Վարդանի հետ էին` հայոց բանակից: Նրանց վախճանից հետո Եղիշեն առանձնացավ և մեծ սխրագործությամբ ճգնավորի կյանքով ապրեց լեռներում և քարայրներում:
Նա գրեց «Մեկնություն արարածների» գիրքը` լուսավոր և պարզ խոսքերով, ճառեր Քրիստոսի ողորմության, չարչարանքների, թաղման և հարության մասին: Գրեց նաև կանոնների գիրք համեղ և քաղցր խոսքերով: Եվ ապա մենակություն փնտրելով և մարդկանցից անտեսանելի լինել ցանկանալով` խոտաճարակ դարձավ` սնվելով և բավականանալով վայրի բանջարներով: Ժամանակ անց հովիվները  նրան գտան մի քարայրում` խստակրոն կյանքից ու ճգնություններից նվազած մարմնով: Երանելիի մասին համբավը տարածեցին և այդ քարայրի տեղը հայտնի դարձրին: Իսկ Սբ. Եղիշեն, խույս տալով այնտեղից, եկավ բնակվեց Ռշտունյաց գավառում, որտեղ էլ վախճանվեց և փոխվեց ի Քրիստոս:
Բազում օրեր անց ոմանք եկան և, գտնելով սրբի մարմինը անապական, զարմացան: Հետո ճանաչեցին նրան, որ սուրբ Եղիշեն է, որին առաջ գտել էին հովիվները Մոկաց գավառում, կառուցեցին նրա անունով եկեղեցիներ և տեղափոխեցին սրբին այնտեղ ի հանգիստ, որտեղ լինում են բազում ցավերի բժշկություններ: Իսկ հետո Մոկաց գավառի իշխանն եկավ, վերցրեց սրբի գլուխն ու աջը, տարավ և դրեց սրբի առաջին խցում ու կառուցեց դրանց վրա վայելուչ եկեղեցի, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի մեր Աստծո:
Այսօր հիշատակ է սուրբ Գրիգոր Նարեկացու: Սբ. հայրը մեր և  երանաշնորհ վարդապետ Գրիգորը Անձևացյաց գավառից էր, որ է Քարպահն, տեառն Խոսրով Անձևացու եպիսկոպոսի որդին:
Այն ժամանակ Հայոց աշխարհը գտնվում էր հույն մեծ կայսրերի` Վասիլի և նրա եղբոր Կոստանդինի իշխանության տակ: Իսկ Սենիքարիմ Արծրունի բարեպաշտ արքան տիրում էր Վասպուրական աշխարհին: Արծրունին` Սասունն է: Վասպուրականը` Վան և Սևան մինչև Նվան, և այնկողմ` մինչև Արտազ գավառը` այս ամբողջ տարածքը կոչվում է Վասպուրական, որին տիրում էր Սենիքարիմը: Ոստանն ու Ռշտունիքը նույնպես նրան էին պատկանում` մինչև Սալմաստ և Ջուլամերկ, և մյուս կողմից` մինչև Թուխաջուր, որոնք Սենիքարիմը տվեց Վասիլ հույն թագավորին` 1 000 բերդ, 4 000 գյուղ, 8 քաղաք և 900 վանք:  Սրանց փոխարեն նա ստացավ Սեբաստիան իր թեմերով: Սենիքարիմը ելավ հայրենի երկրից 14 000 ձիավոր կառքերով, որդիներով և գնաց Սեբաստիա` տանելով իր հետ Վարագա Սբ. նշանը:
Մինչդեռ Սենիքարիմը թագավորում էր իր հայրենի Վանում և Ոստանում, Սբ. Գրիգոր վարդապետը Նարեկավանքում էր: Սբ. Գրիգորը և նրա եղբայր Հովհաննեսը հոգեպես սնվել և ուսանել էին Անանիա երջանիկ վարդապետից, որ իրենց մոր հորեղբայրն էր: Վարդապետ Անանիան վերցրեց իր մոտ` Նարեկավանք, իր հարազատ եղբոր դստեր որդուն Գրիգորին, ով սովորեց նրանից Աստվածային գրի վարդապետությունը անհագ բաղձանքով, որով եղավ Սբ. Հոգու ընդունարան և գիտության շնորհով գերազանցեց բազումներին, նույնիսկ բոլորին, թեև հանդգնություն է այսպես ասելը:
Ընդունելով կրոնավորության սուրբ կարգը`իր կրոնավոր եղբայրների խնդրանքով Սբ. Գրիգորը գրեց  աղոթական ճառեր` թվով 97:  Բացի դրանից ունենք նրա կողմից գրված ներբողներ առ Սբ. Աստվածածինն և Սբ. առաքյալներ, և առ Սբ. Հակոբ Մծբնա հայրապետն, «Պատմություն սուրբ խաչի ապարանից», որ բերվեց Հունաստանից Հայաստան, ներբողներ այս Սբ. խաչին ըստ այբուբենի տառերի, նաև մեկնություն Սողոմոնի «Երգ Երգոց»-ի` համառոտ և համեղ խոսքերով, գանձեր Տերունական և Սբ. մարտիրոսների տոների քարոզների` մեղեդիներով և տաղերով, անուշ եղանակությամբ և երաժշտությամբ:
Սուրբը ջանք և եռանդ չէր խնայում եկեղեցիների սասանված միաբանությունը հաստատելու և վերստին նորոգելու համար, որովհետև խախտվեց և անկարգ դարձավ սուրբ եկեղեցու վիճակը` ծույլ և մարմնասեր առաջնորդների պատճառով: Դրա համար ծաղրում և հետապնդում էին նրան բիրտ և անկիրթ մարդիկ` հռչակելով նրան թերահավատ: Հավաքվելով մի տեղ` եպիսկոպոսներով, իշխանավորներով, ազատներով ու տանուտերերով որոշում են կանչել Գրիգորին` հրապարակավ դատելու և հանդիմանելու նրան, պատժելով աքսորելու որպես հերձվածողի: Եվ եկան պատվիրակները, որպեսզի տանեն նրան դատի: Իսկ սուրբը, իմանալով նրանց խորհուրդները, կամեցավ հանդիմանել նրանց անմտությունը և ասաց. «Նախ, հաց ուտենք և հետո գնանք»:  Տապակել տվեց երկու աղավնի, բերելով, դրեց նրանց առջև սեղանին, որպեսզի ուտեն, և օրը` ուրբաթ էր: Հրավիրակները, տեսնելով դա, էլ առավել գայթակղվեցին և ասում են.
- Վարդապե´տ, մի՞թե այսօր ուրբաթ չէ:
Իսկ նա իբրև անտեղյակ դրանից ասաց.
- Ներե´ք ինձ, եղբայրներ, չէի  իմացել, որ պահք է այսօր: Եվ ասում է տապակված աղավնիներին. «Գնացե´ք ձեր տեղը և երամը, որովհետև պահք է այսօր»: Սրբի այս խոսքերը ասելուց, իսկույն կենդանացան աղավնիները և, թևեր առնելով, թռան բոլորի առջև: Տեսնելով զարմանալի այս հրաշքը` ապշած մնացին եկողները, ընկան սուրբի ոտքերը և երկրպագեցին, թողություն էին խնդրում իրենց համար և Աստծուն փառք տալիս: Գնացին և պատմեցին հրաշքի մասին, որ եղավ,  և մնացածները լռեցին` հրաժարվելով իրենց չար խորհուրդներից, և անվանեցին Գրիգորին երկրորդ Լուսավորիչ և երկրորդ սքանչելագործ:
Սուրբ Գրիգոր Նարեկացին իր սքանչելագործությամբ, ճշմարտամտությամբ, խստակրոն վարքով և աստվածաբան վարդապետությամբ փայլեց աշխարհում որպես արեգակ: Բայց դեռևս չկատարելով այս կյանքի ընթացքը, վախճանվեց երիտասարդ տարիքում` հայոց 450 թվականի երկրորդ ամսին: Իններորդ տարելիցն անցել էր սրբի վախճանից, և տասներոդը սկսվելուց 2-րդ ամսում Սբ. Գրիգորի` Աստծո զարմանագործ և սքանչելի մարդու մարմինը տեղափոխվեց: Նրա մաքուր և սրբասնյալ մարմինը դրված է Նարեկավանքին մոտ եկեղեցում, որը կառուցված է Սբ. կույս Սանդուխտի անունով, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի և սուրբ Գրիգորի:
Այս բազում հրաշքներից մեկը սա է: Վերջին ժամանակներում մի քուրդ էր տիրում Նարեկ գյուղին: Նա իր չինական հավը տվեց թուխս դնելու համար: Դա ձագեր հանեց և շրջում էր նրանց հետ: Անձրևի վախից հավը իր ձագերով մտավ մի երկանաքարի տակ, որ հենված էր պատին: Չարի ազդմամբ երկանաքարը ընկավ և ջարդեց դրան ձագերով: Իսկ այն կինը, որ հավին թուխս էր դրել, ահաբեկ լինելով քրդի վախից, հուսաց առ Աստված և Սբ. Գրիգորի աղոթքներին: Մեռած և ջարդված հավին ձագերով դրեց մաղի մեջ, վերցրեց հավատով և տարավ ու դրեց Սբ. Գրիգորի գերեզմանի մոտ, և ինքը դարձավ իր տառապանալից գործին: Իր մտքում աղաչում էր Աստծուն և Սբ. Գրիգորին: Մեկ ժամ անց տեսավ, որ հավը գալիս է գրգռալով, կենդանացած ձագերով: Կինը` հիացած, փառք տվեց Աստծուն և ձագերից մեկին նվիրեց Սբ. Գրիգոր վարդապետին:
Մեր սրբազան վարդապետների աղոթքներով, դավանյալդ նրանցից, Քրիստոս Աստված, ողորմի´ր այս գիրը կարդացողներին:

աղբյուրը`holytrinity.am

среда, 1 октября 2014 г.

Սուրբ Գրիգոր Աստվածաբան


Սուրբ Գրիգոր Նազիանզացին կամ ինչպես հայտնի է Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, մեկն է Ընդհանրական եկեղեցու այն  մեծագույն սրբերից, ով իր մաքրակենցաղ վարքով և ուղիղ դավանությամբ շատ-շատերին լուսավորեց ի վերուստ իրեն շնորհված Սուրբ Հոգու վարդապետությամբ: Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նյուսացու հետ նա կազմում է «Երեք մեծ կապադովկիացիների» եռյակը: Այս երանելի սուրբը ծնունդով Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզա գյուղից է,  Գրիգոր եպիսկոպոսի որդին:

Սրբի պատմությունն այսպես է. նրա մայրը չուներ արու զավակ, զօր ու գիշեր աղոթում էր Աստծուն և խնդրում իրեն որդի պարգևել և Աստված, ականջալուր լինելով բարեպաշտ կնոջ թախանձանքին, շնորհ արեց նրան  և զավակ նվիրեց: Ծնվեց մանուկը՝ բարեպաշտության ժառանգորդ լինելու իր բարի ծնողներին: Այսպես նա հասակ առավ և շատ ուսումնասեր  եղավ: Գնաց Կեսարիա սովորելու, այնտեղից Պաղեստին, ապա Ալեքսանդրիա, իսկ այնտեղից էլ դեպի իմաստության քաղաք` Աթենք: Այստեղ սովորեց Աստվածաշունչը, համբերող եղավ ճգնության մեջ, նրա ցանկությունն էր` ստանալ առաքինություններ և զգուշանալ չարիքից, արհամարհել ամեն տեսակ անօգուտ բան և ձգտել միայն լավին, նա մերժում էր սնափառությունն ու գոռոզամտությունը` այն համարելով իմաստության խորհուրդներն ապականող: Այստեղ նա շուրջ հինգ տարի փիլիսոփայություն և հռետորական արվեստ սովորեց քրիստոնեության կարևորագույն սրբերից մեկի` Բարսեղ Կեսարացու հետ: Նրանք միասին ուսումնասիրեցին Սուրբ Գիրքը և մերժեցին այն բոլոր գրվածքները, որոնք ենթադրում էին հեթանոսական ավանդություններ և ճշգրտությամբ չէին համապատասխանում «Գրքերի Գրքին», մերժում էին` ցույց տալով դրանց անմտությունը…

Երբ Գրիգորը դարձավ երեսուն տարեկան, եկավ Նազիանզ, մկրտվեց Սուրբ Հոգու լուսավորությամբ և ուխտեց միայնակ լինել և առավոտից երեկո Աստվածաշունչ գիրքն ընթերցել, խորությամբ պեղել և գտնել իմաստության գանձերը: 360 թվականին սուրբը մեկնեց Պոնտոս,  նվիրվեց ճգնողական կյանքի, սակայն շուտով ստիպված եղավ վերադառնալ` օգնելու իր ծեր հորը արիոսականության դեմ պայքարելու գործում:  Այս դժվար պահին նա Աստծո օգնությամբ  չզայրացավ չարից դրդվածների դեմ, այլ նմանվելով Քրիստոսին, հեզ ու խոնարհ սրտով հանդարտությամբ հաղթահարեց ամեն տեսակ փորձություն, Տիրոջն անդադար ասելով. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանն ինձ կմիխաթարեն» (Սաղմոս 22.5):

361թ-ին նա հոր կողմից քահանա ձեռնադրվեց, իսկ 372թ-ին Սուրբ Բարսեղ Կեսարացու ձեռամբ ձեռնադրվեց եպիսկոպոս և նշանակվեց ծառայության Սասիմա քաղաքում: 381թ-ին կայացած Կ.Պոլսի Տիեզերական ժողովի առաջին իսկ նիստում Գրիգորն ընտրվեց Կ. Պոլսի պատրիարք և Թեոդոս Մեծ թագավորի հրամանով վարեց այն տասներկու տարի: Իսկ արդեն Մելետիոս Անտիոքացու մահից հետո, Գրիգոր Աստվածաբանը հաջորդեց նրան Կ. Պոլսի Տիեզերական երկրորդ ժողովի նախագահական աթոռին: Բայց  այս ժամանակ խռովություն եղավ հարյուր հիսուն եպիսկոպոսների միջև, ովքեր ոչ թե ատում էին Գրիգորին կամ անարժան համարում, այլ մեղադրում էին, թե ինչու Գրիգորը չսպասեց նրանց գալստյանը: Եվ այդ եղավ պատճառն իր երկիր վերադառնալու: Նա հավաքեց ամբողջ բազմությանը, խրատեց պահելու ճշմարիտ ավանդությունը, որ ստացան իրենից: Նրա խոսքերը քաղցր ու խոնարհ էին, ինչպես մեղր, որպեսզի բոլորին ձգեր դեպի իրեն, երբ խոսում էր առաքինության մասին, առավել բարձր էին նրա խոսքերը, երբ  Սուրբ Երրորդության վերաբերյալ աստվածաբանություն էր բացատրում…Լսելով սրբի հրաժեշտի խոսքը` ժողովուրդն արտասվում էր, ողբում իրենց որբանալը քաջ հովվից և չէին ցանկանում հրաժեշտ տալ սիրելի հոգևորականին:
Գրիգորը վերադարձավ Նազիանզ և հենց այստեղ էլ անցկացրեց իր կյանքի վերջին տարիները` նվիրվելով ստեղծագործական աշխատանքի: Նա թողել է հարուստ գրական ժառանգություն, որի մեծ մասը հայերեն է թարգմանվել V-VIII դարերի ընթացքում: Գրել է քառասունհինգ ճառ, երկու հարյուր երեսունյոթ նամակ, բազմաթիվ պոեմներ և բանաստեղծություններ: Հայերեն թարգմանության մի մասը ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին:

Գրիգոր Աստվածաբանը մահացել է 389 թվականին և հորից ժառանգած ողջ հարստությունը կտակել Նազիանզի եկեղեցուն` իբրև խնամակալություն աղքատների:
Այսպես բարձր և երկնքին արժանի իմաստությամբ ապրեց այս երանելի սուրբը,  այս անցավոր աշխարհից փոխադրվեց դեպ հավիտենականը և փառքով պսակվեց բոլոր սրբերի հետ: Ավարտեց իր կյանքն ի փառս Քրիստոսի` հավատարիմ մնալով Տիրոջ սրբազան պատվիրաններին:
Ուրեմն լավ է Սուրբ Գրիգոր Աստվածաբանի անաղարտ և Աստվածահաճո վարքն օրինակ ունենալով՝ մենք էլ ձգտենք նմանվել  մեր Տիրոջը և արժանի լինենք բերկրանքով փառավորելու Հորը, Որդուն և Համագոյակից Սուրբ Հոգուն, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:

աղբյուր՝ holytrinity.am