суббота, 11 октября 2014 г.

Սբ. թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն


Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին թարգմանիչ վարդապետների տոնը տարվա մեջ երկու անգամ է տոնում: Առաջինը կոչվում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալուստից հետո երեսուներեքերորդ օրը, որը միշտ հինգշաբթի է պատահում և տատանվում է հունիսի 11-ից մինչև հուլիսի 16-ը: Այդ օրը համարվում է սուրբ Սահակի և սուրբ Մեսրոպի հանդիպման օրը Ռահ գետի ափին: Այս տոնը ուղեկցվում է ուխտագնացությամբ դեպի Օշական, դեպի սուրբ Մեսրոպի գերեզմանը: Իսկ երկրորդ տոնը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանչաց վարդապետների` Սահակի ու Մեսրոպի, և նրանց սուրբ աշակերտների` Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսեսի Կլայեցու», և տատանվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ը:
Մեր լուսավորիչները և Ընդհանրական եկեղեցու լուսատու պայծառ ջահերը` սուրբ Սահակ Պարթև Հայրապետը և սքանչելագործ Մեսրոպ վարդապետը, սահմանեցին Հայաստանյայց եկեղեցու համար բազմաթիվ կանոններ և օրենքներ, ստեղծեցին հայերեն լեզվի գրերը, հունարենից և ասորերենից թարգմանեցին Սուրբ Գրքի Հին և Նոր Կտակարանները, ապա հիմնեցին դպրոցներ և կրթեցին մեր ողջ Հայոց աշխարհը:
Այնուհետև սուրբ Սահակ Հայրապետի հրամանով սուրբ Մեսրոպ վարդապետը մեկնեց Վրաց աշխարհ և նրանց համար ևս ստեղծեց իրենց լեզվին համապատասխան գրեր, իսկ դրանից հետո գնաց Աղվանք և ըստ իրան Աստծուց տրված շնորհների` նրանց համար նույնպես ստեղծեց իրենց լեզվի համապատասխան գրեր:
Իսկ երբ սուրբ Մեսրոպ վարդապետն այնտեղից վերադարձավ Հայաստան, սուրբ Սահակին գտավ իր աշակերտների հետ գրքեր թարգմանելիս: Եվ սրանք էին նրանց աչքի ընկնող և գլխավոր աշակերտները` սուրբ Հովսեփը և սուրբ Ղևոնդ Երեցը, ովքեր Պարսկաց աշխարհում մարտիրոսացան: Ապա սուրբ Եղիշե վարդապետը, Մովսես Խորենացին և վերջինիս եղբայրը` Մամբրե Վերծանողը, Եզնիկ Կողբացին և Ստեփանոս Ասողիկը, Խոսրովը և Ղազար պատմագիրը, որոնց հետ նաև շատ ուրիշներ: Սրանք հունարենից և ասորերենից շատ գրքեր թարգմանեցին:
Հորինեցին նաև շարականներ և կարգեցին բոլոր ձայների համար եղանակներ, որոնք միմյանցից զատորոշելով` տասը ձայներով դասակարգեց մեր հոգելից տեր սուրբ Սահակ հայրապետը` սահմանելով տաս եղանակ ըստ տասն արարածների թվի, որոնք են` երկինքն ու երկնայինները, երկիրը և երկրայինները, ծովը և ծովայինները, օդը և օդագնացները, ապա հրեշտակներն ու մարդիկ: Նաև ըստ Աստծո տասնաբանյա օրենքի թվի, որը գրվեց Մովսեսի քարե տախտակի վրա, ինչպես նաև ըստ Եգիպտոսի տասը հարվածների թվի:
Մեր սուրբ Հայր Սահակը որդին էր Ներսես Մեծի, Աթանագինեսի որդու, Հուսիկի որդու, Վարդանի որդու, մեր լուսավորիչ Սուրբ Գրիգորի որդու: Նա իր առաքինի վարքով, ամեն ինչով նմանվեց հայրերին, առավել եղավ ճշմարիտ գիտությամբ: Բայց ամուսնացել էր զավակ ունենալու նպատակով, առաքելաշնորհ աթոռի ժառանգության համար, սակայն ունեցավ դուստր, ում էլ ամուսնության տվեց Համազասպ Մամիկոնյանին, ումից և ծնվեց սուրբ քաջ Վարդանը, նաև սքանչելի և երանելի Հմայակ Համազասպյանը:
Եվ քանի որ սուրբ Սահակը չուներ արու զավակ, մնում էր տրտմության մեջ և աղոթքներով խնդրում էր Աստծուն` տալու իրեն արու զավակ, ինչպես իր նախնիներին: Որի համար նրան երևաց Տիրոջ Հրեշտակը, մխիթարեց և ցույց տվեց այն, ինչ հետագայում լինելու էր, այսինքն` քահանայության վերացումը սուրբ Գրիգորի արժանավոր ցեղից, թագավորության վախճանն Արշակունյաց տոհմից, ապա այս աշխարհի վերջին օրերին, Նեռի ժամանակներում կրկին երկուսի նորոգումը:
Այս ամենը տեսավ սուրբ հայրապետն իր սարկավագության տարիներին: Այնուհետև առանձնանալով կնոջից` անցավ քահանայության կարգը, և երբ կաթողիկոս նստեց, նորոգեց հայոց ազգի բոլոր կարգերն ու կրոնական օրենքները` ամենքին խրատելով, ուսուցանելով և փրկության ճանապարհը սովորեցնելով: Նրա հրամանով և Սուրբ Հոգու գործակցությամբ սուրբ Մեսրոպ վարդապետը ստեղծեց հայոց լեզվի գրերը: Ապա սուրբ Սահակը, բացելով դպրոցներ ողջ Հայոց աշխարհում, հավաքեց ուշիմ, քաղցրաձայն ու երկարաշունչ, ինչպես նաև ուսման մեջ գերազանց մանուկներին, և կրթեց նրանց: Այնուհետև կարգադրեց Մեծն Մեսրոպին նույնն անել նաև Վիրքում և Աղվանքում:
Եվ Մեսրոպն ու իր աշակերտները, գնալով Հունաց աշխարհ, Ասորիք, սովորեցին արտաքին գրքերի ողջ հմտությունը և թարգմանեցին Աստվածաշնչի բոլոր գրքերը` Հին և Նոր Կտակարանները` հայերեն գրերով և լեզվով: Եվ այդպիսով Հայաստանյայց Եկեղեցին լուսավորվեց կարգերով և գիտությամբ, ինչպես երբեմնի հին Իսրայելը Մովսեսի և Ահարոնի ժամանակներում:
Սբ. Սահակը կարգի բերեց նաև քաղաքների, գյուղերի, վանքերի, քահանաների և ժամկոչների կանոններն ու օրենքները: Սահմանեց նաև ամուսնական օրենքներ և ուղիղ ճանապարհով գնալու բոլոր կարգերը:
Ապա իրեն շրջապատելով վաթսուն խարազանազգեստ ու ոտաբոբիկ կուսակրոն ճգնավորներով` նրանց հետ մշտապես կատարում էր իր սպասավորությունը և ավելին, քան անապատականները:
Սահակ աբեղան գնաց Կ. Պոլիս` Վաղես թագավորի մոտ, որ Արիոսի աղանդին էր հարել, և ասաց նրան. «Բացի´ր  ուղղափառների եկեղեցիները»: Սակայն թագավորը չլսեց նրան: Եվ երբ Վաղեսը ցանկացավ պատերազմել Գոթերի հետ, դարձյալ Սահակը նրա մոտ գնաց և ասաց. «Ո´վ արքա, բացի´ր ուղղափառների եկեղեցիները», և թագավորը դարձյալ չլսեց նրան: Եվ գնալով դեպի քաղաքի դարպասները` կանգնեց թագավորի առաջև և ասաց.«Ո´վ արքա, բացի´ր ուղղափառների եկեղեցիները, իսկ եթե չբացես, ապա քո այդ պատերազմից, որ գնում ես, չես վերադառնա»: Դրանից թագավորը բարկանալով անարգեց նրան և խիստ ծեծի արժանացրեց, ապա գցել տվեց փշերի մեջ: Եվ նրան երևացին Աստծու հրեշտակներ` սպիտակ զգեստներով, և հանեցին Աստծո քահանային դժնդակ փշերից, ապա բուժեցին նրա վերքերը և աներևույթ եղան:
Այնուհետև նա գնաց, հասավ թագավորին այն տեղում, որ կոչվում է Տրիդոն, և բռնելով թագավորի ձիուց` դեմ հանդիման ասաց նրան. «Ո´վ թագավոր, լսի´ր ինձ և բացի´ր ուղղափառների եկեղեցիները և քո այդ պատերազմից կվերադառնաս մեծ հաղթանակով, և թող նզովյալ լինի Արիոսն ու բոլոր նրանք, ովքեր նրա աղանդին են պատկանում»:
Իսկ արքայի թագադիր պաշտոնյան խստացրեց թագավորի սիրտը, և թագավորը հրամայեց մեծամեծ իշխաններից երկուսին` Սատորնինոսին և Բիքտիրոսին, բանտում պահել Սահակ աբեղային, մինչև ինքը վերադառնա պատերազմից:
Եվ նրանք տարան նրան, գցեցին մի տղմուտ խորխորատի մեջ: Եվ երանելին ասաց. «Եթե դու պատերազմից վերադառնաս, ուրեմն Աստված ինձ հետ չի խոսել: Այլև ես աչքս Քրիստոսին եմ պահում, որպեսզի դու պատերազմից փախուստի մատնվես»:
Եվ այդպես էլ եղավ. արդարի ասածի համաձայն` թագավորը, փախուստի մատնվելով գոթերից, մտավ հարդով լի մի մարագի մեջ և այնտեղ կրակով այրվեց, նրա հետ նաև` իր թագադիր պաշտոնյան ու թագավորի սիրելիներից շատերը: Իսկ հեծելազորը դիմեց փախուստի Թեսաղոնիկեից մակեդոնացիների նահանգը և ընդունելություն գտավ Հռոմի թագավոր Գրատիանոսից:
Այնուհետև հաղթանդամ Մեծն Թադեոսը, նա, ով հաջողակ էր պատերազմների մեջ և հավատով ուղղափառ, թագավորեց Կ. Պոլսում: Նա վերաբացեց ուղղափառների եկեղեցիները, իսկ բոլոր նրանց, ովքեր Արիոսի աղանդին էին հարում, հեռացրեց քաղաքից:
Իսկ Սատորնինոսը և Բիքտիրոսը, որ Սահակին ի պահ էին վերցրել, դարձան  ուղղափառ հավատքին, ընկան սուրբ Սահակի ոտքերը` իբրև մագարեի, և խնդրում էին նրան մնալու իրենց հետ. և կառուցեցին առանձին խուց և մեծ ճգնությամբ իրենց կյանքի մնացած մասն այնտեղ անցկացրին:
Քրիստոսի ճշմարիտ ծառա, մեր սուրբ հայր և ուղղափառ վարդապետ Մեսրոպը սուրբ վարդապետ և սքանչելի այր Ներսես Մեծ հայրապետի աշակերտն էր: Եվ աշակերտում էր Ներսես մեծի որդի Սահակին սուրբ Գրքի թարգմանության մեջ: Սակայն նրանք ժողովրդի համար չէին կարողանում հունարենից և աորերենից հայերենի թարգմանության գործը բարեհաճ ձևով իրականացնել: Դրա համար էլ մտածեցին ստեղծել հայերեն գրեր, որպեսզի անմխիթար վիճակում չմնան Աստվածաշունչ գրքերն այլևայլ լեզուներով ընթերցելիս:
Եվ այսպիսի մտածումներով ու հոգու նման վարանման մեջ գտավ նրանց Վռամշապուհ թագավորը, որ և ասաց, թե Դանիել անունով մի ասորի քահանա խոստացել է հայոց լեզվի նշանագրերը ստեղծել: Ապա մարդ ուղարկեցին և դրանք բերել տվեցին և երկու տարի մանուկներին այդ գրերը սովորեցնելով` չկարողացան վերածել վանկերի:
Այնուհետև սուրբ Մեսրոպն իր հետ վերցրեց աշակերտներին և գնաց Ասորիքի Միջագետքը` իմաստասերների մոտ: Բայց նրանք ոչնչով չկարողացան սուրբ Մեսրոպին օգնել, և բոլորն էլ խոստովանեցին իրենց տգիտությունն այս հարցում: Ապա այնտեղից գնաց Սամոսատ քաղաքը` մի ճգնակյաց իմաստասերի մոտ և այնտեղ մնաց մի քանի օր, սակայն նրա միջոցով ևս չկարողացավ կատարել իր սրտի փափագը: Եվ որովհետև Մեսրոպի ցանկությունն առավել գտնվեց, քան մարդուս իմացականությունը, նա իր մեջ ամփոփվեց և ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսեց Մեսրոպի աղոթքները և ցույց տվեց նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի:
Մեսրոպը տեսնում էր, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որ դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այդպիսին էր, ինչպիսին ձեռն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում: Եվ Մեսրոպը, աղոթքից վեր կենալով և սքանչելի տեսիլքից ինքն իրեն գալով, Աստծուն փառք է տալիս ու լցվում ուրախությամբ և Հռոփանոս գեղագրի հետ միասին ձևավորում է մեր լեզվի նշանագրերը:
Նրանք նախ հունաց գիրը ի մի բերեցին հայերեն այբուբենի մեջ, այնուհետև պակասը  լրացրին աստվածատուր շնորհներով: Ապա իր երկու աշակերտների հետ ձեռնարկեցին թարգմանություններ, որոնք սուրբ Մեսրոպը վերցնելով եկավ սուրբ Սահակի մոտ:
Այնուհետև նրանք հավաքեցին ուշիմ ու խելացի, փափուկ ձայն ու երկար շունչ ունեցող մանուկների և հաստատեցին դպրոցներ ողջ Հայոց աշխարհում:
Ապա Մեսրոպը գնաց Վիրք և Աստծուց իրեն տրված շնորհներով նրանց համար ևս ստեղծեց գրեր` ըստ նրանց լեզվի: Եվ նրանց վերակացու և ուսուցիչ թողեց իր աշակերտներից մեկին, իսկ ինքը մեկնեց Աղվանք և նրանց համար ևս գիր ստեղծեց` ըստ իրենց լեզվի, և բացեց դպրոցներ, հետո վերադարձավ սուրբ Սահակի մոտ: Նրանք միմյանց տեսնելով շատ ուրախացան և փառք տվեցին Աստծուն այն առատ պարգևների համար, որոնք իրենց տրվեցին:
Այնուհետև Քրիստոսի ճշմարիտ ծառա և ուղղափառ վարդապետ մեր սուրբ Հայր Մեսրոպը, երկնային շնորհները ստանալուց և հայոց, վրաց ու աղվանից նշանագրերը ստեղծելուց հետո, սուրբ Սահակ Պարթև մեծ հայրապետի հրամանով գնաց Կոստանդնուպոլիս, բարեպաշտ կայսր Թեոդորոս Կրտսերի և Ատտիկոս հայրապետի մոտ, ովքեր շատ մեծարեցին նրան, և առաձին վարդապետների` Գրիգոր Աստվածաբանի և Հովհաննես Ոսկեբերանի հետ կարգեցին ու գրեցին Սահակի և Մեսրոպի անունները:
Բայց սիրալիր ձևով փոքր-ինչ հանդիմանեցին Մեսրոպին, թե ` «Եթե դու նախանձախնդիր էիր գտնելու գրերը, ինչո՞ւ իջար այլաձև խոսող Ասորիք ու չարչարվեցիր և չեկար դեպի իմաստության աղբյուրը` Հովհաննես Ոսկեբերան Աստվածազգեաց հայրապետը, որպեսզի ավելի շուտ հասնեիր քո փափագին և նրանից էլ հեշտությամբ կգտնեիր քո սրտի մխիթարությունը: Բայց ողորմած Տերը` Բարերար և մարդասերն Աստված, որ կատարում է իր նկատմամբ երկյուղածների կամքը, համաձայն քո արժանավորության` լսեց քո խնդրանքը և վերի շնորհներով իրականացրեց քո փափագածը. Փառք և գոհություն Նրան հավիտյան, և բարի կատարում քո գործերին»:
Եվ Մեսրոպը Հայրապետից խնդրեց Աստվածաշունչ մատյանի մի անխաթար օրինակ` թարգմանության համար: Նաև կայսրից խնդրեց, որպեսզի ինքը և սուրբ Սահակ Պարթև մեծ հայրապետն իրենց աշակերտներով ազատ շրջագայեն Հայոց աշխարհի այն մասում, որը հույների տիրապետության տակ է, և ուսուցանելով կրթեն նրանց աստվածապարգև շնորհներով:
Եվ Ատտիկոս հայրապետը ոչ միայն նրան տվեց Սուրբ Գրքի մի լավագույն օրինակ, այլև Մեսրոպին շնորհեց էկլեսիաստիկոսի կոչում, այն է` աստվածային խոսքեր ժողովող րաբունապետ և Աստծու օրենքներ քարոզող վարդապետ, և սուրբ Սահակին էլ արժանացրին հայրապետական պատիվների:
Եվ թագավորական հրաման տվեց այն կողմի զորավարին, հավաքել հունահպատակ հայ մանուկների, դպրոցներ բանալ և տալ Մեսրոպին, որպեսզի սովորեցնի հայոց գրերը և լեզուն, և բոլոր ծախսերն ու միջոցները արքունիքն էր հոգում:
Եվ նրանց արքունիքից ռոճիկ նշանակվեց ինչպես նաև հրամայվեց կառուցել բերդաքաղաք Կարին գավառում` համաձայն Մեսրոպի խնդրանքի: Եվ բանվորների վերակացուն և կառուցողների հրահանգողն էր Մովսես Խորենացին, Մեսրոպ վարդապետի քրոջ որդին: Եվ կառուցեցին Կարին քաղաքը, որ է Թեոդոպոլիս, իսկ արժմ կոչվում է Արզրում, այսինքն` արևելք, պարսից վտանգից հայերի և հույների ամուր պաշտպանության համար:
Այնուհետև շրջում էին բոլոր վայրերում և լուսավորում հունաց բոլոր գավառների հայազգի մարդկանց նորագյուտ գրերի ուսուցմամբ, նաև ասորերենից մինչ այդ թարգմանված գրքերը վերստին խմբագրեցին:
Եվ այդպիսի մեծ կոչումով և մեծարանքներով Մեսրոպը դուրս ելավ Կոստանդնուպոլսից և եկավ Հայաստան, սուրբ Սահակ Հայրապետի մոտ` մեծ ուրախություն պատճառելով նրան: Երբ այս երկու այրերը միմյանց տեսան երկնային խնդությամբ լցվեցին, և որոշեցին իրենց աշակերտներից ամենաավագներին ուղարկել Աթենք ` կրթվելու ամեն մի գիտության մեջ` թարգմանության կարիքներից ելնելով:
Ապա երիտասարդներին ուղարկեցին Աթենք դեպի գիտելիքների մայրաքաղաքը: Եվ այդ երիտասարդներից էին Մովսես Խորենացին, որ Մեսրոպի քրոջ որդին է ասվում, ապա Դավիթ Ներգինացին, որ եղավ անհաղթ փիլիսոփա, Եզնիկ Կողբացին, Մամբրե Վերծանողը, Ղազար Փարպեցին և Ստեփանոս Ասողիկ պատմագիրը, ովքեր գնալով սովորեցին ողջ արտաքին գիտությունները, ապա ետ վերադարձան` հարստացած ու ճոխացած գիտությամբ և քերթողական իմաստությամբ, և վերստին ճշտեցին նախկինում թարգմանված գրքերը, գիտությամբ լուսավորեցին մեր Հայոց ազգը` Մեսրոպ վարդապետի հետ միասին Աստծուց տված շնորհներով` երգերով, մեղեդիներով և Աստվածային գրքերի թարգմանությամբ: Նաև մեր հավատքի կարգերն ու սահմանումները մեծապես պայծառացրին, որի համար փառք Քրիստոսին հավիտյանս. ամեն:
Եվ սուրբ Հայր և վարդապետ Մեսրոպը հեզաբարո էր և լայնախոհ, տեսքով` հրեշտակի նմանվող, և մտքով` երկնող, խոսքով` պայծառ, խորհրդով` մաքուր, գործով` ժուժկալ, և հավատքով` ուղղափառ, հույսով` համբերող, սիրով` անկեղծ, անձանձիր սովորեցնող, որ և երկրորդ լուսավորիչ կոչվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո: Սուրբ Մեսրոպի մեջ ամենևին տեղ չգտան ամբարտավանությունն ու մարդահաճությունը, որովհետև այնպես է թվում, թե Աստված նրա համար ասաց այս խոսքերը մարգարեի միջոցով. «Բա´ց բերանդ, և ես պիտի լցնեմ այն» (Սաղմ. Ձ 11), որի համար էլ նա այնքան զորավոր էր Աստվածային գիտությունների մեջ, որ մինչև իսկ նրա բերանին մշտապես հանգչում էր Աստծու խոսքը: Եվ մեր սուրբ վարդապետ Մեսրոպի բերանն Արդարության Արեգակի արևելքն ու արևմուտքն էր, որովհետև Արդարության Արեգակը` Քրիստոս, քարոզելով ելնում էր նրա բերանից և աղոթքներով նորից մտնում նրա բերանը:
Իսկ աշխարհիկ գործերում այոն այո էր, իսկ ոչը` ոչ: Եվ դատարկաբան զրույցների մեջ ամբողջովին լուռ էր և անմասն: Եվ այդպիսի կյանքով ապրելով աշխարհում` փոխվեց դեպի կարգն առաջին կատարյալ սրբերի` Եկեղեցին անդրանիկների:
Եվ երբ հայոց իշխաններն իրենց Արտաշես թագավորի զազրելի գործերից խիստ ձանձրացան, նրան մատնեցին Պարսից Վռամ արքայի` Հազկերտի հոր ձեռքը: Նրանք ստիպում էին նաև սուրբ Սահակ հայրապետին` միաբանել իրենց հետ մատնության մեջ: Իսկ նա ոչ հանձն առավ և ոչ էլ համաձայնեց: Այլ ասում էր, թե` «Ես Քրիստոսի վիրավոր ոչխարն առողջ գայլի հետ չեմ փոխանակի, որովհետև թեկուզ և պոռնիկ է, բայց անհավատ չէ, մեղավոր է, բայց հուսահատված չէ: Մեղք է գործում կանանց և ոչ թե արուների մեջ: Իգամոլ է և ոչ թե արվամոլ»: Եվ այնժամ հայոց ազնվականներն ու իշխանները սուրբ Սահակի կամքին համաձայն չվարվեցին, այլ հեռացնել տվեցին Արտաշեսին իր թագավորությունից:
Չարախոս ավագանու հետ էր նաև վանքի մի երեց` Սուրմակ անունով, Բզնունիքի գավառից, Արծկե կոչվող գյուղից: Նրանք սուրբ Սահակին ասացին. «Եթե մեզ հետ չես միաբանում և ուզում ես, որ նա թագավորի մեզ վրա, իսկ մենք, որ չենք ուզում, որ նա մեզ թագավորի, չենք ուզում նաև քո քահանայությունը մեր հայոց ազգի վրա»: Այս ամենը եղավ` նրանց իսպառ զրկելու հայրերի ժառանգությունից:
Եվ Պարսից թագավորի առջև իրենց թագավորից հայոց ավագների չարախոսության ժամանակ Շապուհը հայոց նախարարներին ասաց. «Ձեր եպիսկոպոսապետը, ում ազնիվ բարքերին և նրա լավ ազգատոհմին տեղյակ եմ, ձեզ հետ պիտի լիներ, որպեսզի նրանով իմանայինք ձեր խոսքերի ճշմարտությունը և կեղծիքը: Ուստի թող կանչվի նաև նա, որպեսզի ճիշտն իմանանք: Իսկ Սուրեն Պահլավը` սուրբ Սահակի աղգականը, որ Պարսից արքայի մոտ հարգված մարդ էր, գրեց սուրբ հայրապետին` գալու թագավորի կանչով, և նշեց իր մերձավորության մասին ևս, որ նա ուներ սրբի հետ` արյունակից ազգական լինելու պատճառով:
Եվ գրել էր հետևյալ կերպ. «Ես քո լավն եմ ցանկանում, դու պիտի գաս արքայի պալատ` աներկյուղ ու առանց երկմտանքի, և հայոց ավագանու հետ տաս Արտաշեսի անհաշտության վկայությունը»: Եվ սուրբ Սահակն անմիջապես գնաց հրավիրակների հետ և մտավ Շապուհի մոտ և այնտեղ ոչ պակաս մեծարանքի արժանացավ, որովհետև Շապուհ արքան ընդառաջ եկավ սուրբ Սահակին և նրան տանելով` պատվով նստեցրեց իրեն մոտիկ: Եվ հարցնելիս ոչ մի բան չլսեց նրանից իրենց թագավորի վերաբերյալ, քանի որ ասաց սուրբը, թե` «Ես դրանից ոչ մի չար բան չգիտեմ, ով որ գիտի, թող նա վկայի»:
Եվ խիստ հավանեց արքայից արքան սուրբի խոսքերը և գովաբանեց նրան, մանավանդ հեզության, համեստ խոսքերի և հաճելի ուսուցանող վարդապետության համար: Եվ զարմացավ արքան նրա խոսքի խելացիության վրա: Եվ մեծարանքով ճանապարհեց նրան, սակայն զրկեց Արտաշես թագավորին իրավունքներից` հայոց ավագների ու ազատատոհմ մարդկանց խնդրանքի համաձայն: Եվ նրանց տվեց իր իշխանությանը ենթակա մի այլ թագավոր` ազգությամբ հայ և հավատով քրիստոնյա, Վռամշապուհ անունով` որպես հայոց թագավորության աթոռակալ:
Եվ պատվիրեց արքան սուրբ Սահակին` մնալ կաթողիկոսության աթոռին և վարել իր հայրապետական իշխանությունը: Սակայն նա չկամեցավ, այլ երանելին, սուգ անելով մեր ազգի թշվառ վիճակի համար, նրանց թողեց առաջնորդությունը: Եվ նրանք իրենց կաթողիկոս դրին Սուրմակ աբեղա Արծկեցուն, ում մեկ տարի անց արտաքսեցին, որովհետև չէր առաջնորդվում ըստ նախարարների կամքի, այլ գոռոզանալով ինքնակամ էր վարում իշխանությունը:
Եվ նրանից հետո կարգեցին Բարդիչոյին` ազգությամբ ասորի մեկին: Ով էլ, գալով կանանցով ու որդիներով, առանձին կարգերով էր ապրում սուրբ Գրիգորի աթոռին: Որից տարուբերվելով` արտաքսեցին նրան և դրեցին մեկ ուրիշ ասորու` Շամուել անունով : Սա ևս եկավ տանտիկնոջով և անկարգ վարքով մնում էր իր անիրավության մեջ, որովհետև եպիսկոպոսների հին կալվածքները խլում էր իրենց օրինական տերերից և կաշառքով տալիս ուրիշներին:
Սուրբ Սահակը ապրեց երկար ժամանակ մաքուր կյանքով և բարի վարքով, հիսունմեկ տարի հայրապետության մեջ: Եվ հասնելով բարի ծերության և մի քանի օր թեթևակի հիվանդանալով Վաղարշակերտ գավառի Բլուր անունով գյուղում` փոխվեց աշխարհից ի Քրիստոս, նավասարդի 30-ին (սեպտեմբերի 9), այն իսկ օրը, որ ծնվել էր: Եվ նրա աշակերտներն ու սպասավորները վերցրեցին սուրբ մարմինը և տարան Տարոն գավառը, թաղեցին մեծ շուքով իր հայրենի գյուղում, որ կոչվում է Աշտիշատ: Եվ որոշեցին նավասարդի երեսունին ամեն տարի տոնել Աստծու մեծ քահանայապետի օրը:
Եվ նրանից հետո ճշմարիտ վարդապետ Մեծն Մեսրոպը հաջորդը եղավ հայրապետության աթոռին, և վեց ամիս անց նա ևս վախճանվեց` մեհեկանի 13-ին (փետրվարի 20 ): Եվ քանի դեռ տկարացած մարմնով գտնվում էր աշակերտների մեջ, խնդրանքով վեր բարձրացրեց իր մշտատարած ձեռքերն առ Աստված և ամենքին հանձնեց Աստծուն: Եվ մինչդեռ սրբի ձեռքերը վերև էին պարզված, երևաց սքանչելի և զարմանալի մի տեսիլք, որով լուսեղեն խաչը երկնքից ցոլալով հայտվեց նրա վրա, և հոգին ավանդելուց հետո էլ դեռ պայծառացած հայտնապես երևում էր բոլորին, և նրանց քիմքին բուրեց հաճելի հոտ, որը տարածվեց ամենուրեք, որով և հիացած` փառք էին տալիս Աստծուն:
Եվ քանի որ սուրբի վախճանը տեղի ունեցավ Վաղարշապատում, ուստի իշխանները միմյանց հետ վիճում էին: Որովհետև մեկը կամենում էր սուրբ մարմինը տանել Տարոնի գավառ, իր հայրենի Հացիկ գյուղը, որտեղ ծնվել էր և մեծացել, իսկ ուրիշները`իր իսկ ստեղծած վանքը Գողթան գավառում, այն տեղը, որը նրա անունով մինչև այժմ էլ Մասրե վանք է կոչվում:
Իսկ մյուսներն ասում էին` նրան պետք է թաղել նույն քաղաքում, հոյակերտ և Աստվածապատկեր Սուրբ Գրիգորաշեն կաթողիկեի Էջմիածնի հովանու ներքո: Բայց մեծն իշխան Վահան Ամատունին վերցրեց և տարավ իր Օշական գյուղը: Եվ լույսի կամարաձև խաչը երևում էր Մեսրոպի խաչի ձև ստացած մարմնի վրա երկարուձիգ ողջ ճանապարհին, մինչև որ նրան դրեցին իր հանգստարանը, որից հետո քիչ-քիչ պահվեց լուսապայծառ խաչի տեսիլքը: Այնուհետև սուրբ հանգստարանի վրա կառուցվեց հոյակերտ ու փառահեղ եկեղեցի` բարձր, պայծառակերտ և գմբեթավոր:
Եվ սրբի վախճանից հետո լռությամբ նստեցին նրա աշակերտները` Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթ փիլիսոփան, Մամբրե Վերծանողը, Եղիշե պատմագիրը, Ղազար Փարպեցին, Եզնիկը, այլև ուրիշներ, ովքեր եկան Աթենքից` լցված և հարստացած գիտությամբ, սակայն այս կյանքում այլևս չտեսան սուրբ հայրերին, որի համար լալագին ողբացին նրանց գերեզմանի վրա և լուռ համբերությամբ ապրեցին իրենց երկրային կյանքը` անմասն մնալով մեր հայոց համառ ու խստապարանոց ազգի բիրտ բարքերից, որից և մեզ ազատի Աստված, մինչև իրենց այս կյանքի վերջին օրերը, ապա փոխվեցին հրեշտակների մոտ` մեր Քրիստոս Աստծու փառքում:
 
Ըստ գրքի «Ճառ Աստծու ճշմարիտ սուրբ վկաների մասին շարադրությամբ մեր նախնիների գրքից, որ կոչվում է Հայսմավուրք: Տոն մեր սուրբ թարգմանիչների» Ս. Էջմիածին 2000թ.

աշխատասիրությամբ Շողիկ Հարությունյանի
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Վարք և հիշատակ մեր սուրբ վարդապետների` Եղիշեի և Գրիգոր Նարեկացու (ըստ Հայսմավուրքի)
Մեր սուրբ հայր և վարդապետ Եղիշեն ճգնավոր էր, սուրբ Սահակ և Մեսրոպ թարգմանիչների աշակերտներից, և շատ հմուտ էր Աստվածային գրի` Հին և Նոր կտակարանների իմացության մեջ: Նա նաև գիտակ էր  աշխարհիկ իմաստունների գործերի`  աթենական փիլիսոփայական արվեստի:
Եղիշեն դպրապետն էր Սբ. Սահակ Պարթևի թոռան` Սբ. Վարդան հայոց զորավարի, որ վկան էր Քրիստոսի: Նա գրեց մեծ պատերազմի և սուրբ Վարդանի նահատակության մասին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր Սբ. Վարդանի հետ էին` հայոց բանակից: Նրանց վախճանից հետո Եղիշեն առանձնացավ և մեծ սխրագործությամբ ճգնավորի կյանքով ապրեց լեռներում և քարայրներում:
Նա գրեց «Մեկնություն արարածների» գիրքը` լուսավոր և պարզ խոսքերով, ճառեր Քրիստոսի ողորմության, չարչարանքների, թաղման և հարության մասին: Գրեց նաև կանոնների գիրք համեղ և քաղցր խոսքերով: Եվ ապա մենակություն փնտրելով և մարդկանցից անտեսանելի լինել ցանկանալով` խոտաճարակ դարձավ` սնվելով և բավականանալով վայրի բանջարներով: Ժամանակ անց հովիվները  նրան գտան մի քարայրում` խստակրոն կյանքից ու ճգնություններից նվազած մարմնով: Երանելիի մասին համբավը տարածեցին և այդ քարայրի տեղը հայտնի դարձրին: Իսկ Սբ. Եղիշեն, խույս տալով այնտեղից, եկավ բնակվեց Ռշտունյաց գավառում, որտեղ էլ վախճանվեց և փոխվեց ի Քրիստոս:
Բազում օրեր անց ոմանք եկան և, գտնելով սրբի մարմինը անապական, զարմացան: Հետո ճանաչեցին նրան, որ սուրբ Եղիշեն է, որին առաջ գտել էին հովիվները Մոկաց գավառում, կառուցեցին նրա անունով եկեղեցիներ և տեղափոխեցին սրբին այնտեղ ի հանգիստ, որտեղ լինում են բազում ցավերի բժշկություններ: Իսկ հետո Մոկաց գավառի իշխանն եկավ, վերցրեց սրբի գլուխն ու աջը, տարավ և դրեց սրբի առաջին խցում ու կառուցեց դրանց վրա վայելուչ եկեղեցի, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի մեր Աստծո:
Այսօր հիշատակ է սուրբ Գրիգոր Նարեկացու: Սբ. հայրը մեր և  երանաշնորհ վարդապետ Գրիգորը Անձևացյաց գավառից էր, որ է Քարպահն, տեառն Խոսրով Անձևացու եպիսկոպոսի որդին:
Այն ժամանակ Հայոց աշխարհը գտնվում էր հույն մեծ կայսրերի` Վասիլի և նրա եղբոր Կոստանդինի իշխանության տակ: Իսկ Սենիքարիմ Արծրունի բարեպաշտ արքան տիրում էր Վասպուրական աշխարհին: Արծրունին` Սասունն է: Վասպուրականը` Վան և Սևան մինչև Նվան, և այնկողմ` մինչև Արտազ գավառը` այս ամբողջ տարածքը կոչվում է Վասպուրական, որին տիրում էր Սենիքարիմը: Ոստանն ու Ռշտունիքը նույնպես նրան էին պատկանում` մինչև Սալմաստ և Ջուլամերկ, և մյուս կողմից` մինչև Թուխաջուր, որոնք Սենիքարիմը տվեց Վասիլ հույն թագավորին` 1 000 բերդ, 4 000 գյուղ, 8 քաղաք և 900 վանք:  Սրանց փոխարեն նա ստացավ Սեբաստիան իր թեմերով: Սենիքարիմը ելավ հայրենի երկրից 14 000 ձիավոր կառքերով, որդիներով և գնաց Սեբաստիա` տանելով իր հետ Վարագա Սբ. նշանը:
Մինչդեռ Սենիքարիմը թագավորում էր իր հայրենի Վանում և Ոստանում, Սբ. Գրիգոր վարդապետը Նարեկավանքում էր: Սբ. Գրիգորը և նրա եղբայր Հովհաննեսը հոգեպես սնվել և ուսանել էին Անանիա երջանիկ վարդապետից, որ իրենց մոր հորեղբայրն էր: Վարդապետ Անանիան վերցրեց իր մոտ` Նարեկավանք, իր հարազատ եղբոր դստեր որդուն Գրիգորին, ով սովորեց նրանից Աստվածային գրի վարդապետությունը անհագ բաղձանքով, որով եղավ Սբ. Հոգու ընդունարան և գիտության շնորհով գերազանցեց բազումներին, նույնիսկ բոլորին, թեև հանդգնություն է այսպես ասելը:
Ընդունելով կրոնավորության սուրբ կարգը`իր կրոնավոր եղբայրների խնդրանքով Սբ. Գրիգորը գրեց  աղոթական ճառեր` թվով 97:  Բացի դրանից ունենք նրա կողմից գրված ներբողներ առ Սբ. Աստվածածինն և Սբ. առաքյալներ, և առ Սբ. Հակոբ Մծբնա հայրապետն, «Պատմություն սուրբ խաչի ապարանից», որ բերվեց Հունաստանից Հայաստան, ներբողներ այս Սբ. խաչին ըստ այբուբենի տառերի, նաև մեկնություն Սողոմոնի «Երգ Երգոց»-ի` համառոտ և համեղ խոսքերով, գանձեր Տերունական և Սբ. մարտիրոսների տոների քարոզների` մեղեդիներով և տաղերով, անուշ եղանակությամբ և երաժշտությամբ:
Սուրբը ջանք և եռանդ չէր խնայում եկեղեցիների սասանված միաբանությունը հաստատելու և վերստին նորոգելու համար, որովհետև խախտվեց և անկարգ դարձավ սուրբ եկեղեցու վիճակը` ծույլ և մարմնասեր առաջնորդների պատճառով: Դրա համար ծաղրում և հետապնդում էին նրան բիրտ և անկիրթ մարդիկ` հռչակելով նրան թերահավատ: Հավաքվելով մի տեղ` եպիսկոպոսներով, իշխանավորներով, ազատներով ու տանուտերերով որոշում են կանչել Գրիգորին` հրապարակավ դատելու և հանդիմանելու նրան, պատժելով աքսորելու որպես հերձվածողի: Եվ եկան պատվիրակները, որպեսզի տանեն նրան դատի: Իսկ սուրբը, իմանալով նրանց խորհուրդները, կամեցավ հանդիմանել նրանց անմտությունը և ասաց. «Նախ, հաց ուտենք և հետո գնանք»:  Տապակել տվեց երկու աղավնի, բերելով, դրեց նրանց առջև սեղանին, որպեսզի ուտեն, և օրը` ուրբաթ էր: Հրավիրակները, տեսնելով դա, էլ առավել գայթակղվեցին և ասում են.
- Վարդապե´տ, մի՞թե այսօր ուրբաթ չէ:
Իսկ նա իբրև անտեղյակ դրանից ասաց.
- Ներե´ք ինձ, եղբայրներ, չէի  իմացել, որ պահք է այսօր: Եվ ասում է տապակված աղավնիներին. «Գնացե´ք ձեր տեղը և երամը, որովհետև պահք է այսօր»: Սրբի այս խոսքերը ասելուց, իսկույն կենդանացան աղավնիները և, թևեր առնելով, թռան բոլորի առջև: Տեսնելով զարմանալի այս հրաշքը` ապշած մնացին եկողները, ընկան սուրբի ոտքերը և երկրպագեցին, թողություն էին խնդրում իրենց համար և Աստծուն փառք տալիս: Գնացին և պատմեցին հրաշքի մասին, որ եղավ,  և մնացածները լռեցին` հրաժարվելով իրենց չար խորհուրդներից, և անվանեցին Գրիգորին երկրորդ Լուսավորիչ և երկրորդ սքանչելագործ:
Սուրբ Գրիգոր Նարեկացին իր սքանչելագործությամբ, ճշմարտամտությամբ, խստակրոն վարքով և աստվածաբան վարդապետությամբ փայլեց աշխարհում որպես արեգակ: Բայց դեռևս չկատարելով այս կյանքի ընթացքը, վախճանվեց երիտասարդ տարիքում` հայոց 450 թվականի երկրորդ ամսին: Իններորդ տարելիցն անցել էր սրբի վախճանից, և տասներոդը սկսվելուց 2-րդ ամսում Սբ. Գրիգորի` Աստծո զարմանագործ և սքանչելի մարդու մարմինը տեղափոխվեց: Նրա մաքուր և սրբասնյալ մարմինը դրված է Նարեկավանքին մոտ եկեղեցում, որը կառուցված է Սբ. կույս Սանդուխտի անունով, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի և սուրբ Գրիգորի:
Այս բազում հրաշքներից մեկը սա է: Վերջին ժամանակներում մի քուրդ էր տիրում Նարեկ գյուղին: Նա իր չինական հավը տվեց թուխս դնելու համար: Դա ձագեր հանեց և շրջում էր նրանց հետ: Անձրևի վախից հավը իր ձագերով մտավ մի երկանաքարի տակ, որ հենված էր պատին: Չարի ազդմամբ երկանաքարը ընկավ և ջարդեց դրան ձագերով: Իսկ այն կինը, որ հավին թուխս էր դրել, ահաբեկ լինելով քրդի վախից, հուսաց առ Աստված և Սբ. Գրիգորի աղոթքներին: Մեռած և ջարդված հավին ձագերով դրեց մաղի մեջ, վերցրեց հավատով և տարավ ու դրեց Սբ. Գրիգորի գերեզմանի մոտ, և ինքը դարձավ իր տառապանալից գործին: Իր մտքում աղաչում էր Աստծուն և Սբ. Գրիգորին: Մեկ ժամ անց տեսավ, որ հավը գալիս է գրգռալով, կենդանացած ձագերով: Կինը` հիացած, փառք տվեց Աստծուն և ձագերից մեկին նվիրեց Սբ. Գրիգոր վարդապետին:
Մեր սրբազան վարդապետների աղոթքներով, դավանյալդ նրանցից, Քրիստոս Աստված, ողորմի´ր այս գիրը կարդացողներին:

աղբյուրը`holytrinity.am

Комментариев нет:

Отправить комментарий