суббота, 14 сентября 2013 г.

Խաչվերաց` Խաչի բարձրացման տոն




      Հայ Առաքելական սուրբ եկեղեցին  Սբ. Խաչին նվիրված ունի չորս տոներ(Սբ. Խաչի երևման տոն, Գյուտ Խաչի, Վարագա Սբ. Խաչի և Խաչվերաց): Սեպտեմբերի 15-ին Հայ եկեղեցին նշում է Խաչվերացը, որը նաև  հինգ տաղավար տոներից մեկն է: Այն վերաբերում է Հիսուս Քրիստոսի Խաչափայտի ազատագրման հիշատակին: 

     Գրաբարում «խաչվերաց» նշանակում է «խաչի վերացում», այսինքն`«խաչի բարձրացում»: Տոնի հաջորդ օրը`սեպտեմբերի 16-ին, ննջեցյալների հիշատակի օրն է:

      Ակունքներով այս տոնը պատմական է: 614թ-ին պարսից Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) թագավորը հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա և գրավեց այն: Պարսից զորքը ավերակների վերածեց քաղաքը, ժողովրդի մի մասին սրի քաշեց, մի մասին էլ գերի տարավ:
  
     Գերվում են նաև  Երուսաղեմի Զաքարիա պատրիարքն ու խաչապահը: Զինվորներն ավերեցին Տերունական սրբավայրերը, թալանեցին Սբ. Հարություն տաճարը և իրենց հետ տարան այն Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը: Քաղաքը թողնելով ողբի ու սգի մեջ`ասպատակողները հեռացան:

     Սակայն Տիրոջ Խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի է արժանանում: Պարսկաստանի բնակչությունը երկյուղածությամբ է վերաբերվում Սբ. Խաչին: Շատերը, դիմելով տեղի քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն են ընդունում:

     Հունաց Հերակլ կայսրը, որը աստվածապաշտ էր ու քրիստոսասեր, չհանդուրժեց Խաչափայտի գերեվարումը: Սբ. Խաչը վերադարձնելու համար նա սրբազան պատերազմ սկսեց Խոսրով արքայի դեմ: Հերակլի զորքում կռվում էր նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Հունաց կայսրը ցանկանում էր պատժել պարսից արքային և ծնկաչոք աղոթում էր Աստծուն, որ իրեն հաղթություն պարգևի սրբազան այդ պատերազմում: 
    
     Մի օր էլ Աստված տեսիլքով  հայտնեց կայսրին.«Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»: Այդպես էլ եղավ. Հերակլը հաղթեց և ազատագրեց Տերունական Խաչը: Հաղթական զորքը, ժողովրդի մեծ բազմության հետ միասին, ցնծությամբ և փառաբանությամբ Պարսկաստանից, Հայաստանի միջով անցնելով, Խաչը բերեց Երուսաղեմ և կրկին զետեղեց Սբ. Հարություն տաճարում:

      Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով նախ փոխադրվում է հայոց Կարին քաղաքը: Կարինում պարսիկները փորձ են անում հետ վերցնել այն, սակայն հայերը, Խաչափայտը թողնելով, հետ են մղում պարսիկների հարձակումը և վերադառնալով տեսնում, որ այնտեղից, ուր Խաչն էր դրված, վճիտ աղբյուր է բխում: Այդ վայրը հետագայում դառնում է ուխտատեղի, իսկ Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռնագագաթը այս դեպքերից հետո կոչվում է Խաչափայտ: 

     Գերեդարձության ճանապարհին Տիրոջ Խաչափայտը գրեթե ամենուրեք բարձրացվում էր և փառաբանվում: Ժողովուրդը կարծես վերապրում էր Քրիստոսի Հարության ուրախությունը: Խաչափայտի գերեդարձը կատարվեց 628թ-ին:

      Տոնի կիրակի երեկոյան կատարվում է Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն և անդաստանի կարգ: Արարողությունը սկսվում է ռեհանով ու ծաղիկներով զարդարված Խաչը հանդիսավոր թափորով եկեղեցու բակ դուրս բերելով և պտտեցնելով եկեղեցու շուրջը: 

     Այն արձագանքն է ազատագրված Խաչափայտի վերադարձը Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով դեպի Երուսաղեմ: 
Զարդարված Խաչով թափորապետը խաչակնքում և օրհնում է աշխարհի արևելյան, արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերը`բարեկարգություն ու խաղաղություն հայցելով Աստծուց, և վարդաջուր ցողում հավատացյալների վրա, որից հետո Խաչը ներս է տարվում եկեղեցի և դրվում Սբ. Սեղանի վրա: 

    Արարողությունից հետո սկսվում է երեկոյան ժամերգությունը:

Комментариев нет:

Отправить комментарий