Փետրվարի 10 Բշ. Ա օր Առաջաւորաց պահոց - (Առաջավորաց պահոց չորս օրերի ընթացքում Ճաշու գիրք չի կարդացվում)
Առաջավորաց պահքը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել:
Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք:
Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության:
Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն.
Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի,
Բ. իբրև Հայոց առաջին պահքը:
Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Միջնադարում հույներն ու վրացիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Ս. Սարգսի անվան հետ կապելու համար, որին էլ վերագրում են կախարդություններ: Հայ մատենագիրների վկայության համաձայն, Առաջավորաց Պահքը հնում գոյություն է ունեցել նաեւ հույների ու լատինների մոտ:
Առաջավորաց Պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը ոչ իբրև Ս. Հովնան մարգարեի տոն, այլ իբրև մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ:
qahana.am
Комментариев нет:
Отправить комментарий