Ս. Սարգսի տոնախմբությունների նկարագրություն և ժամանակացույց
Ս. Սարգիս զորավարի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր: Այս տարի երիտասարդների արագահաս բարեխոս սրբի տոնը նշվելու է փետրվարի 15-ին:
Արարատյան Հայրապետական թեմը 7 տարի շարունակ երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առթիվ կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնակատարություններն այս տարի կմեկնարկեն փետրվարի 10-ից:
Տոնախմբությունների ժամանակացույցը և դրանց մանրամասները փետրվարի 7-ին ԱՀԹ առաջնորդարանում տրված ասուլիսի ժամանակ ներկայացրին ԱՀԹ երիտասարդական կառույցների հոգևոր առաջնորդ արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, «Ռեինկարնացիա» խմբի ղեկավար, մեներգիչ, մենակատար Ռոլանդ Գասպարյանը, խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանը և ԱՀԹ Ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը:
Միջոցառումները կմեկնարկեն ռազմական կրթօջախներից և զորամասերից: Ամբողջ շաբաթվա ընթացքում կկազմակեպվեն ներկայացումներ, մրցույթներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, համերգներ:
Տեառնընդառաջի և Ս. Սարգսի տոների առթիվ փետրվարի 14-ի երեկոյան Կարապի լճի մոտ տեղի կունենա համերգ հայ երգիչների մասնակցությամբ:
Գեղագիտության ազգային կենտրոնի պատանիները ավանդույթ դարձած սովորության համաձայն Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցադրություն կկազմակերպեն փետրվարի 15-ին ժամը 13:00:
Իսկ Նկարիչների միության տանը 13:40-ին կբացվի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը: Այս աշխատանքները ներկայացվելու են նաև մասնագիտական ժյուրիի դատին` սիրո թեմայով մի քանի անվանակարգերում լավագույն աշխատանքները որոշելու համար` Սեր առ Աստված, Սեր առ Հայրենիք, Սեր առ բնություն, Սեր մերձավորի հանդեպ, Փոխադարձ սեր…
Արարատյան Հայրապետական թեմի կողմից այս օրերին մեծ քանակությամբ հուշանվերներ են պատրաստվում և բաժանվում տոնակատարությունների մասնակիցներին:
Արամ ՄՊ3-ը, Արամեն, Հրանտ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, երգիչ Հայկոն, Արման Նշանյանը, Գոհար Գասպարյանը, Արտավազդ Ամիրյանը և ձեր կողմից սիրված շատ այլ մարդիկ շաբաթվա ընթացքում Հանրային ռադիոյի, «Ավտոռադիոյի», «Երևան» ռադիոյի և «Իմ» ռադիոյի եթերում շնորհավորելու են տոնի առթիվ: Շնորհավորանքներին հնարավոր կլինի հետևել նաև ֆեյսբուքյան` qahana.am էջում:
Տոնի բուն օրը` փետրվարի 15-ին` ժամը 10:30-ին, Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Տ. Նավասարդ սրբազանի տնօրինությամբ այդ օրը Ս. Սարգիս եկեղեցիները բաց կլինեն մինչև 22:00:
Տոնի շրջանակներում այս տարի 2 մեծ անակնկալ կմատուցվի հավատացյալներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից երկրորդ անգամ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Մատենադարանից էլ երկրպագության կբերվի 1693թ. Ս. Սարգսում Ավետիս երեցի կողմից արտագրված Ս. Ավետարանը:
Ս. Պատարագի ընթացքում հավատավորները կկարողանան հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը: Իսկ Ս. Պատարագի ավարտին կկարողանան համբուրել Ս. Ավետարանը:
Արարատյան Հայրապետական թեմում գործում են Ս. Սարգսի անունը կրող երեք եկեղեցիներ: Տոնի առթիվ տոնախմբություններ են կազմակերպվելու նաև Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիներում:
Փետրվարի 15-ին`ժամը 14:30-ին, բազմաթիվ երիտասարդներ ոչ միայն Երևանից, այլ նաև ամբողջ Արարատյան Հայրապետական թեմից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց խաչապտույտ կիրականացնեն դեպի Սիրահարների այգի:
Թեմի կողմից երիտասարդների համար պատրաստված մյուս անակնկալը «Ռեինկարնացիա» խումբի բացառիկ մենահամերգն է լինելու Սիրահարների պուրակում` փետրվարի 15-ին`ժամը 15:30:
Մանրամասները` qahana.am կայքում:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու տոնախմբություններին:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան
Տեառնընդառաջ, Առաջավորաց պահք և Ս. Սարգիս զորավարի տոնը
Հայ Եկեղեցու տոնացույցի համաձայն Ս. Սարգսի տոնը հաջորդում է Առաջավորաց (առաջին) պահքին, որը 301 թվականին հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Այն շաբաթապահք է: Հայ եկեղեցու ընդհանրական առաջին այս պահքը հաստատվել է Տրդատ III-ի և հայ ժողովրդի դարձի ժամանակ: Հնգօրյա պահեցողությունից ու ծոմապահությունից հետո միայն Ս. Գրիգորը մկրտեց հայոց արքային ու հավաքված ամբողջ բազմությանը` նրանց քրիստոնեական ընտանիքին անդամագրելով:
Առաջավորաց պահքը Ս. Սարգսի տոնի հետ կապ չունի, քանի որ Հայ եկեղեցու ավանդույթի համաձայն շաբաթապահքեր կամ մեծ պահքեր սահմանված են միայն տերունի, տաղավար տոներից առաջ: Ս. Սարգսի տոնը պարզապես համընկնում է այս պահքին: Եվ չնայած դրան` պահեցողները Ս. Սարգսի տոնի առթիվ մատուցված Ս. Պատարագի ընթացքում կարող են լուծել իրենց պահքը և հաղորդություն ստանալ:
Աղաբլիթ ուտելու և ալյուրով կամ աղանձով սկուտեղները տանիքին դնելու սովորույթները տոնի ժողովրդական կատարումներում են պահվել: Դրանք աստվածաբանական եզրեր չունեն, սակայն որպես գեղեցիկ ավանդույթ Հայ Եկեղեցու կողմից չեն մերժվել:
Այս տարի Ս. Սարգսի տոնի նախատոնակը համընկնում է նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսին նվիրված տոներից մեկի` Տեառնընդառաջի հետ: Այն քառասնօրյա Հիսուսին տաճարին ընծայելու հիշատակության տոնն է: Ըստ Ավետարանի Սիմեոն անունով մի բարեպաշտ մարդ Աստծուց խոստում է ստանում, որ մահ չի տեսնի, քանի դեռ իր ձեռքերի մեջ չի առնի մարդկության Փրկչին: Երբ Հիսուս ծնողների ուղեկցությամբ մոտենում է տաճարին, արևելյան դուռը, որ տասնյակ տարիներով փակված էր դղրդյունով բացվում է: Լսելով այդ ահավոր դղրդյունը` մարդիկ ճրագներով ու ջահերով դուրս են գալիս դեպի Մեսիային ընդառաջ:
Երեքհարյուրամյա Սիմեոնը, որ ծերությունից կուրացել էր, սկսում է տեսնել: Նա հասկանում է, որ տաճար է եկել Ինքը` Փրկիչը, և ընդառաջ է գնում Նրան: Ս. Աստվածածնի ձեռքերից վերցնելով մանուկ Հիսուսին` նա գոհություն ու փառաբանություն է հայտնում Տիրոջը, որ հնարավորություն ընձեռեց տեսնել Փրկչին: Այստեղից էլ առաջացել է տոնի անվանումը` Տեառնընդառաջ` Տիրոջն ընդառաջ:
Տեառնընդառաջն անշարժ տոն է և նշվում է փետրվարի 14-ին: Եվ քանի որ ըստ եկեղեցական տոնացույցի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, Տեառնընդառաջի տոնախմբություններն էլ, ինչպես մյուս տոների պարագայում, սկսվում են նախորդ օրը: Այդ օրը, եկեղեցու ճրագներից վառված մոմեր տանելով, մարդիկ իրենց բակերում խարույկ են կազմակերպում: Ժողովրդական այս սովորությունը ևս քրիստոներության աստվածաբանության հետ կապված չէ, սակայն Հայ Եկեղեցին դարեր ի վեր պահպանել է որպես ժողովրդական գեղեցիկ ավանդույթ:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան
Комментариев нет:
Отправить комментарий