суббота, 11 октября 2014 г.

Սբ. թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն


Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին թարգմանիչ վարդապետների տոնը տարվա մեջ երկու անգամ է տոնում: Առաջինը կոչվում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալուստից հետո երեսուներեքերորդ օրը, որը միշտ հինգշաբթի է պատահում և տատանվում է հունիսի 11-ից մինչև հուլիսի 16-ը: Այդ օրը համարվում է սուրբ Սահակի և սուրբ Մեսրոպի հանդիպման օրը Ռահ գետի ափին: Այս տոնը ուղեկցվում է ուխտագնացությամբ դեպի Օշական, դեպի սուրբ Մեսրոպի գերեզմանը: Իսկ երկրորդ տոնը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանչաց վարդապետների` Սահակի ու Մեսրոպի, և նրանց սուրբ աշակերտների` Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսեսի Կլայեցու», և տատանվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ը:
Մեր լուսավորիչները և Ընդհանրական եկեղեցու լուսատու պայծառ ջահերը` սուրբ Սահակ Պարթև Հայրապետը և սքանչելագործ Մեսրոպ վարդապետը, սահմանեցին Հայաստանյայց եկեղեցու համար բազմաթիվ կանոններ և օրենքներ, ստեղծեցին հայերեն լեզվի գրերը, հունարենից և ասորերենից թարգմանեցին Սուրբ Գրքի Հին և Նոր Կտակարանները, ապա հիմնեցին դպրոցներ և կրթեցին մեր ողջ Հայոց աշխարհը:
Այնուհետև սուրբ Սահակ Հայրապետի հրամանով սուրբ Մեսրոպ վարդապետը մեկնեց Վրաց աշխարհ և նրանց համար ևս ստեղծեց իրենց լեզվին համապատասխան գրեր, իսկ դրանից հետո գնաց Աղվանք և ըստ իրան Աստծուց տրված շնորհների` նրանց համար նույնպես ստեղծեց իրենց լեզվի համապատասխան գրեր:
Իսկ երբ սուրբ Մեսրոպ վարդապետն այնտեղից վերադարձավ Հայաստան, սուրբ Սահակին գտավ իր աշակերտների հետ գրքեր թարգմանելիս: Եվ սրանք էին նրանց աչքի ընկնող և գլխավոր աշակերտները` սուրբ Հովսեփը և սուրբ Ղևոնդ Երեցը, ովքեր Պարսկաց աշխարհում մարտիրոսացան: Ապա սուրբ Եղիշե վարդապետը, Մովսես Խորենացին և վերջինիս եղբայրը` Մամբրե Վերծանողը, Եզնիկ Կողբացին և Ստեփանոս Ասողիկը, Խոսրովը և Ղազար պատմագիրը, որոնց հետ նաև շատ ուրիշներ: Սրանք հունարենից և ասորերենից շատ գրքեր թարգմանեցին:
Հորինեցին նաև շարականներ և կարգեցին բոլոր ձայների համար եղանակներ, որոնք միմյանցից զատորոշելով` տասը ձայներով դասակարգեց մեր հոգելից տեր սուրբ Սահակ հայրապետը` սահմանելով տաս եղանակ ըստ տասն արարածների թվի, որոնք են` երկինքն ու երկնայինները, երկիրը և երկրայինները, ծովը և ծովայինները, օդը և օդագնացները, ապա հրեշտակներն ու մարդիկ: Նաև ըստ Աստծո տասնաբանյա օրենքի թվի, որը գրվեց Մովսեսի քարե տախտակի վրա, ինչպես նաև ըստ Եգիպտոսի տասը հարվածների թվի:
Մեր սուրբ Հայր Սահակը որդին էր Ներսես Մեծի, Աթանագինեսի որդու, Հուսիկի որդու, Վարդանի որդու, մեր լուսավորիչ Սուրբ Գրիգորի որդու: Նա իր առաքինի վարքով, ամեն ինչով նմանվեց հայրերին, առավել եղավ ճշմարիտ գիտությամբ: Բայց ամուսնացել էր զավակ ունենալու նպատակով, առաքելաշնորհ աթոռի ժառանգության համար, սակայն ունեցավ դուստր, ում էլ ամուսնության տվեց Համազասպ Մամիկոնյանին, ումից և ծնվեց սուրբ քաջ Վարդանը, նաև սքանչելի և երանելի Հմայակ Համազասպյանը:
Եվ քանի որ սուրբ Սահակը չուներ արու զավակ, մնում էր տրտմության մեջ և աղոթքներով խնդրում էր Աստծուն` տալու իրեն արու զավակ, ինչպես իր նախնիներին: Որի համար նրան երևաց Տիրոջ Հրեշտակը, մխիթարեց և ցույց տվեց այն, ինչ հետագայում լինելու էր, այսինքն` քահանայության վերացումը սուրբ Գրիգորի արժանավոր ցեղից, թագավորության վախճանն Արշակունյաց տոհմից, ապա այս աշխարհի վերջին օրերին, Նեռի ժամանակներում կրկին երկուսի նորոգումը:
Այս ամենը տեսավ սուրբ հայրապետն իր սարկավագության տարիներին: Այնուհետև առանձնանալով կնոջից` անցավ քահանայության կարգը, և երբ կաթողիկոս նստեց, նորոգեց հայոց ազգի բոլոր կարգերն ու կրոնական օրենքները` ամենքին խրատելով, ուսուցանելով և փրկության ճանապարհը սովորեցնելով: Նրա հրամանով և Սուրբ Հոգու գործակցությամբ սուրբ Մեսրոպ վարդապետը ստեղծեց հայոց լեզվի գրերը: Ապա սուրբ Սահակը, բացելով դպրոցներ ողջ Հայոց աշխարհում, հավաքեց ուշիմ, քաղցրաձայն ու երկարաշունչ, ինչպես նաև ուսման մեջ գերազանց մանուկներին, և կրթեց նրանց: Այնուհետև կարգադրեց Մեծն Մեսրոպին նույնն անել նաև Վիրքում և Աղվանքում:
Եվ Մեսրոպն ու իր աշակերտները, գնալով Հունաց աշխարհ, Ասորիք, սովորեցին արտաքին գրքերի ողջ հմտությունը և թարգմանեցին Աստվածաշնչի բոլոր գրքերը` Հին և Նոր Կտակարանները` հայերեն գրերով և լեզվով: Եվ այդպիսով Հայաստանյայց Եկեղեցին լուսավորվեց կարգերով և գիտությամբ, ինչպես երբեմնի հին Իսրայելը Մովսեսի և Ահարոնի ժամանակներում:
Սբ. Սահակը կարգի բերեց նաև քաղաքների, գյուղերի, վանքերի, քահանաների և ժամկոչների կանոններն ու օրենքները: Սահմանեց նաև ամուսնական օրենքներ և ուղիղ ճանապարհով գնալու բոլոր կարգերը:
Ապա իրեն շրջապատելով վաթսուն խարազանազգեստ ու ոտաբոբիկ կուսակրոն ճգնավորներով` նրանց հետ մշտապես կատարում էր իր սպասավորությունը և ավելին, քան անապատականները:
Սահակ աբեղան գնաց Կ. Պոլիս` Վաղես թագավորի մոտ, որ Արիոսի աղանդին էր հարել, և ասաց նրան. «Բացի´ր  ուղղափառների եկեղեցիները»: Սակայն թագավորը չլսեց նրան: Եվ երբ Վաղեսը ցանկացավ պատերազմել Գոթերի հետ, դարձյալ Սահակը նրա մոտ գնաց և ասաց. «Ո´վ արքա, բացի´ր ուղղափառների եկեղեցիները», և թագավորը դարձյալ չլսեց նրան: Եվ գնալով դեպի քաղաքի դարպասները` կանգնեց թագավորի առաջև և ասաց.«Ո´վ արքա, բացի´ր ուղղափառների եկեղեցիները, իսկ եթե չբացես, ապա քո այդ պատերազմից, որ գնում ես, չես վերադառնա»: Դրանից թագավորը բարկանալով անարգեց նրան և խիստ ծեծի արժանացրեց, ապա գցել տվեց փշերի մեջ: Եվ նրան երևացին Աստծու հրեշտակներ` սպիտակ զգեստներով, և հանեցին Աստծո քահանային դժնդակ փշերից, ապա բուժեցին նրա վերքերը և աներևույթ եղան:
Այնուհետև նա գնաց, հասավ թագավորին այն տեղում, որ կոչվում է Տրիդոն, և բռնելով թագավորի ձիուց` դեմ հանդիման ասաց նրան. «Ո´վ թագավոր, լսի´ր ինձ և բացի´ր ուղղափառների եկեղեցիները և քո այդ պատերազմից կվերադառնաս մեծ հաղթանակով, և թող նզովյալ լինի Արիոսն ու բոլոր նրանք, ովքեր նրա աղանդին են պատկանում»:
Իսկ արքայի թագադիր պաշտոնյան խստացրեց թագավորի սիրտը, և թագավորը հրամայեց մեծամեծ իշխաններից երկուսին` Սատորնինոսին և Բիքտիրոսին, բանտում պահել Սահակ աբեղային, մինչև ինքը վերադառնա պատերազմից:
Եվ նրանք տարան նրան, գցեցին մի տղմուտ խորխորատի մեջ: Եվ երանելին ասաց. «Եթե դու պատերազմից վերադառնաս, ուրեմն Աստված ինձ հետ չի խոսել: Այլև ես աչքս Քրիստոսին եմ պահում, որպեսզի դու պատերազմից փախուստի մատնվես»:
Եվ այդպես էլ եղավ. արդարի ասածի համաձայն` թագավորը, փախուստի մատնվելով գոթերից, մտավ հարդով լի մի մարագի մեջ և այնտեղ կրակով այրվեց, նրա հետ նաև` իր թագադիր պաշտոնյան ու թագավորի սիրելիներից շատերը: Իսկ հեծելազորը դիմեց փախուստի Թեսաղոնիկեից մակեդոնացիների նահանգը և ընդունելություն գտավ Հռոմի թագավոր Գրատիանոսից:
Այնուհետև հաղթանդամ Մեծն Թադեոսը, նա, ով հաջողակ էր պատերազմների մեջ և հավատով ուղղափառ, թագավորեց Կ. Պոլսում: Նա վերաբացեց ուղղափառների եկեղեցիները, իսկ բոլոր նրանց, ովքեր Արիոսի աղանդին էին հարում, հեռացրեց քաղաքից:
Իսկ Սատորնինոսը և Բիքտիրոսը, որ Սահակին ի պահ էին վերցրել, դարձան  ուղղափառ հավատքին, ընկան սուրբ Սահակի ոտքերը` իբրև մագարեի, և խնդրում էին նրան մնալու իրենց հետ. և կառուցեցին առանձին խուց և մեծ ճգնությամբ իրենց կյանքի մնացած մասն այնտեղ անցկացրին:
Քրիստոսի ճշմարիտ ծառա, մեր սուրբ հայր և ուղղափառ վարդապետ Մեսրոպը սուրբ վարդապետ և սքանչելի այր Ներսես Մեծ հայրապետի աշակերտն էր: Եվ աշակերտում էր Ներսես մեծի որդի Սահակին սուրբ Գրքի թարգմանության մեջ: Սակայն նրանք ժողովրդի համար չէին կարողանում հունարենից և աորերենից հայերենի թարգմանության գործը բարեհաճ ձևով իրականացնել: Դրա համար էլ մտածեցին ստեղծել հայերեն գրեր, որպեսզի անմխիթար վիճակում չմնան Աստվածաշունչ գրքերն այլևայլ լեզուներով ընթերցելիս:
Եվ այսպիսի մտածումներով ու հոգու նման վարանման մեջ գտավ նրանց Վռամշապուհ թագավորը, որ և ասաց, թե Դանիել անունով մի ասորի քահանա խոստացել է հայոց լեզվի նշանագրերը ստեղծել: Ապա մարդ ուղարկեցին և դրանք բերել տվեցին և երկու տարի մանուկներին այդ գրերը սովորեցնելով` չկարողացան վերածել վանկերի:
Այնուհետև սուրբ Մեսրոպն իր հետ վերցրեց աշակերտներին և գնաց Ասորիքի Միջագետքը` իմաստասերների մոտ: Բայց նրանք ոչնչով չկարողացան սուրբ Մեսրոպին օգնել, և բոլորն էլ խոստովանեցին իրենց տգիտությունն այս հարցում: Ապա այնտեղից գնաց Սամոսատ քաղաքը` մի ճգնակյաց իմաստասերի մոտ և այնտեղ մնաց մի քանի օր, սակայն նրա միջոցով ևս չկարողացավ կատարել իր սրտի փափագը: Եվ որովհետև Մեսրոպի ցանկությունն առավել գտնվեց, քան մարդուս իմացականությունը, նա իր մեջ ամփոփվեց և ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսեց Մեսրոպի աղոթքները և ցույց տվեց նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի:
Մեսրոպը տեսնում էր, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որ դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այդպիսին էր, ինչպիսին ձեռն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում: Եվ Մեսրոպը, աղոթքից վեր կենալով և սքանչելի տեսիլքից ինքն իրեն գալով, Աստծուն փառք է տալիս ու լցվում ուրախությամբ և Հռոփանոս գեղագրի հետ միասին ձևավորում է մեր լեզվի նշանագրերը:
Նրանք նախ հունաց գիրը ի մի բերեցին հայերեն այբուբենի մեջ, այնուհետև պակասը  լրացրին աստվածատուր շնորհներով: Ապա իր երկու աշակերտների հետ ձեռնարկեցին թարգմանություններ, որոնք սուրբ Մեսրոպը վերցնելով եկավ սուրբ Սահակի մոտ:
Այնուհետև նրանք հավաքեցին ուշիմ ու խելացի, փափուկ ձայն ու երկար շունչ ունեցող մանուկների և հաստատեցին դպրոցներ ողջ Հայոց աշխարհում:
Ապա Մեսրոպը գնաց Վիրք և Աստծուց իրեն տրված շնորհներով նրանց համար ևս ստեղծեց գրեր` ըստ նրանց լեզվի: Եվ նրանց վերակացու և ուսուցիչ թողեց իր աշակերտներից մեկին, իսկ ինքը մեկնեց Աղվանք և նրանց համար ևս գիր ստեղծեց` ըստ իրենց լեզվի, և բացեց դպրոցներ, հետո վերադարձավ սուրբ Սահակի մոտ: Նրանք միմյանց տեսնելով շատ ուրախացան և փառք տվեցին Աստծուն այն առատ պարգևների համար, որոնք իրենց տրվեցին:
Այնուհետև Քրիստոսի ճշմարիտ ծառա և ուղղափառ վարդապետ մեր սուրբ Հայր Մեսրոպը, երկնային շնորհները ստանալուց և հայոց, վրաց ու աղվանից նշանագրերը ստեղծելուց հետո, սուրբ Սահակ Պարթև մեծ հայրապետի հրամանով գնաց Կոստանդնուպոլիս, բարեպաշտ կայսր Թեոդորոս Կրտսերի և Ատտիկոս հայրապետի մոտ, ովքեր շատ մեծարեցին նրան, և առաձին վարդապետների` Գրիգոր Աստվածաբանի և Հովհաննես Ոսկեբերանի հետ կարգեցին ու գրեցին Սահակի և Մեսրոպի անունները:
Բայց սիրալիր ձևով փոքր-ինչ հանդիմանեցին Մեսրոպին, թե ` «Եթե դու նախանձախնդիր էիր գտնելու գրերը, ինչո՞ւ իջար այլաձև խոսող Ասորիք ու չարչարվեցիր և չեկար դեպի իմաստության աղբյուրը` Հովհաննես Ոսկեբերան Աստվածազգեաց հայրապետը, որպեսզի ավելի շուտ հասնեիր քո փափագին և նրանից էլ հեշտությամբ կգտնեիր քո սրտի մխիթարությունը: Բայց ողորմած Տերը` Բարերար և մարդասերն Աստված, որ կատարում է իր նկատմամբ երկյուղածների կամքը, համաձայն քո արժանավորության` լսեց քո խնդրանքը և վերի շնորհներով իրականացրեց քո փափագածը. Փառք և գոհություն Նրան հավիտյան, և բարի կատարում քո գործերին»:
Եվ Մեսրոպը Հայրապետից խնդրեց Աստվածաշունչ մատյանի մի անխաթար օրինակ` թարգմանության համար: Նաև կայսրից խնդրեց, որպեսզի ինքը և սուրբ Սահակ Պարթև մեծ հայրապետն իրենց աշակերտներով ազատ շրջագայեն Հայոց աշխարհի այն մասում, որը հույների տիրապետության տակ է, և ուսուցանելով կրթեն նրանց աստվածապարգև շնորհներով:
Եվ Ատտիկոս հայրապետը ոչ միայն նրան տվեց Սուրբ Գրքի մի լավագույն օրինակ, այլև Մեսրոպին շնորհեց էկլեսիաստիկոսի կոչում, այն է` աստվածային խոսքեր ժողովող րաբունապետ և Աստծու օրենքներ քարոզող վարդապետ, և սուրբ Սահակին էլ արժանացրին հայրապետական պատիվների:
Եվ թագավորական հրաման տվեց այն կողմի զորավարին, հավաքել հունահպատակ հայ մանուկների, դպրոցներ բանալ և տալ Մեսրոպին, որպեսզի սովորեցնի հայոց գրերը և լեզուն, և բոլոր ծախսերն ու միջոցները արքունիքն էր հոգում:
Եվ նրանց արքունիքից ռոճիկ նշանակվեց ինչպես նաև հրամայվեց կառուցել բերդաքաղաք Կարին գավառում` համաձայն Մեսրոպի խնդրանքի: Եվ բանվորների վերակացուն և կառուցողների հրահանգողն էր Մովսես Խորենացին, Մեսրոպ վարդապետի քրոջ որդին: Եվ կառուցեցին Կարին քաղաքը, որ է Թեոդոպոլիս, իսկ արժմ կոչվում է Արզրում, այսինքն` արևելք, պարսից վտանգից հայերի և հույների ամուր պաշտպանության համար:
Այնուհետև շրջում էին բոլոր վայրերում և լուսավորում հունաց բոլոր գավառների հայազգի մարդկանց նորագյուտ գրերի ուսուցմամբ, նաև ասորերենից մինչ այդ թարգմանված գրքերը վերստին խմբագրեցին:
Եվ այդպիսի մեծ կոչումով և մեծարանքներով Մեսրոպը դուրս ելավ Կոստանդնուպոլսից և եկավ Հայաստան, սուրբ Սահակ Հայրապետի մոտ` մեծ ուրախություն պատճառելով նրան: Երբ այս երկու այրերը միմյանց տեսան երկնային խնդությամբ լցվեցին, և որոշեցին իրենց աշակերտներից ամենաավագներին ուղարկել Աթենք ` կրթվելու ամեն մի գիտության մեջ` թարգմանության կարիքներից ելնելով:
Ապա երիտասարդներին ուղարկեցին Աթենք դեպի գիտելիքների մայրաքաղաքը: Եվ այդ երիտասարդներից էին Մովսես Խորենացին, որ Մեսրոպի քրոջ որդին է ասվում, ապա Դավիթ Ներգինացին, որ եղավ անհաղթ փիլիսոփա, Եզնիկ Կողբացին, Մամբրե Վերծանողը, Ղազար Փարպեցին և Ստեփանոս Ասողիկ պատմագիրը, ովքեր գնալով սովորեցին ողջ արտաքին գիտությունները, ապա ետ վերադարձան` հարստացած ու ճոխացած գիտությամբ և քերթողական իմաստությամբ, և վերստին ճշտեցին նախկինում թարգմանված գրքերը, գիտությամբ լուսավորեցին մեր Հայոց ազգը` Մեսրոպ վարդապետի հետ միասին Աստծուց տված շնորհներով` երգերով, մեղեդիներով և Աստվածային գրքերի թարգմանությամբ: Նաև մեր հավատքի կարգերն ու սահմանումները մեծապես պայծառացրին, որի համար փառք Քրիստոսին հավիտյանս. ամեն:
Եվ սուրբ Հայր և վարդապետ Մեսրոպը հեզաբարո էր և լայնախոհ, տեսքով` հրեշտակի նմանվող, և մտքով` երկնող, խոսքով` պայծառ, խորհրդով` մաքուր, գործով` ժուժկալ, և հավատքով` ուղղափառ, հույսով` համբերող, սիրով` անկեղծ, անձանձիր սովորեցնող, որ և երկրորդ լուսավորիչ կոչվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո: Սուրբ Մեսրոպի մեջ ամենևին տեղ չգտան ամբարտավանությունն ու մարդահաճությունը, որովհետև այնպես է թվում, թե Աստված նրա համար ասաց այս խոսքերը մարգարեի միջոցով. «Բա´ց բերանդ, և ես պիտի լցնեմ այն» (Սաղմ. Ձ 11), որի համար էլ նա այնքան զորավոր էր Աստվածային գիտությունների մեջ, որ մինչև իսկ նրա բերանին մշտապես հանգչում էր Աստծու խոսքը: Եվ մեր սուրբ վարդապետ Մեսրոպի բերանն Արդարության Արեգակի արևելքն ու արևմուտքն էր, որովհետև Արդարության Արեգակը` Քրիստոս, քարոզելով ելնում էր նրա բերանից և աղոթքներով նորից մտնում նրա բերանը:
Իսկ աշխարհիկ գործերում այոն այո էր, իսկ ոչը` ոչ: Եվ դատարկաբան զրույցների մեջ ամբողջովին լուռ էր և անմասն: Եվ այդպիսի կյանքով ապրելով աշխարհում` փոխվեց դեպի կարգն առաջին կատարյալ սրբերի` Եկեղեցին անդրանիկների:
Եվ երբ հայոց իշխաններն իրենց Արտաշես թագավորի զազրելի գործերից խիստ ձանձրացան, նրան մատնեցին Պարսից Վռամ արքայի` Հազկերտի հոր ձեռքը: Նրանք ստիպում էին նաև սուրբ Սահակ հայրապետին` միաբանել իրենց հետ մատնության մեջ: Իսկ նա ոչ հանձն առավ և ոչ էլ համաձայնեց: Այլ ասում էր, թե` «Ես Քրիստոսի վիրավոր ոչխարն առողջ գայլի հետ չեմ փոխանակի, որովհետև թեկուզ և պոռնիկ է, բայց անհավատ չէ, մեղավոր է, բայց հուսահատված չէ: Մեղք է գործում կանանց և ոչ թե արուների մեջ: Իգամոլ է և ոչ թե արվամոլ»: Եվ այնժամ հայոց ազնվականներն ու իշխանները սուրբ Սահակի կամքին համաձայն չվարվեցին, այլ հեռացնել տվեցին Արտաշեսին իր թագավորությունից:
Չարախոս ավագանու հետ էր նաև վանքի մի երեց` Սուրմակ անունով, Բզնունիքի գավառից, Արծկե կոչվող գյուղից: Նրանք սուրբ Սահակին ասացին. «Եթե մեզ հետ չես միաբանում և ուզում ես, որ նա թագավորի մեզ վրա, իսկ մենք, որ չենք ուզում, որ նա մեզ թագավորի, չենք ուզում նաև քո քահանայությունը մեր հայոց ազգի վրա»: Այս ամենը եղավ` նրանց իսպառ զրկելու հայրերի ժառանգությունից:
Եվ Պարսից թագավորի առջև իրենց թագավորից հայոց ավագների չարախոսության ժամանակ Շապուհը հայոց նախարարներին ասաց. «Ձեր եպիսկոպոսապետը, ում ազնիվ բարքերին և նրա լավ ազգատոհմին տեղյակ եմ, ձեզ հետ պիտի լիներ, որպեսզի նրանով իմանայինք ձեր խոսքերի ճշմարտությունը և կեղծիքը: Ուստի թող կանչվի նաև նա, որպեսզի ճիշտն իմանանք: Իսկ Սուրեն Պահլավը` սուրբ Սահակի աղգականը, որ Պարսից արքայի մոտ հարգված մարդ էր, գրեց սուրբ հայրապետին` գալու թագավորի կանչով, և նշեց իր մերձավորության մասին ևս, որ նա ուներ սրբի հետ` արյունակից ազգական լինելու պատճառով:
Եվ գրել էր հետևյալ կերպ. «Ես քո լավն եմ ցանկանում, դու պիտի գաս արքայի պալատ` աներկյուղ ու առանց երկմտանքի, և հայոց ավագանու հետ տաս Արտաշեսի անհաշտության վկայությունը»: Եվ սուրբ Սահակն անմիջապես գնաց հրավիրակների հետ և մտավ Շապուհի մոտ և այնտեղ ոչ պակաս մեծարանքի արժանացավ, որովհետև Շապուհ արքան ընդառաջ եկավ սուրբ Սահակին և նրան տանելով` պատվով նստեցրեց իրեն մոտիկ: Եվ հարցնելիս ոչ մի բան չլսեց նրանից իրենց թագավորի վերաբերյալ, քանի որ ասաց սուրբը, թե` «Ես դրանից ոչ մի չար բան չգիտեմ, ով որ գիտի, թող նա վկայի»:
Եվ խիստ հավանեց արքայից արքան սուրբի խոսքերը և գովաբանեց նրան, մանավանդ հեզության, համեստ խոսքերի և հաճելի ուսուցանող վարդապետության համար: Եվ զարմացավ արքան նրա խոսքի խելացիության վրա: Եվ մեծարանքով ճանապարհեց նրան, սակայն զրկեց Արտաշես թագավորին իրավունքներից` հայոց ավագների ու ազատատոհմ մարդկանց խնդրանքի համաձայն: Եվ նրանց տվեց իր իշխանությանը ենթակա մի այլ թագավոր` ազգությամբ հայ և հավատով քրիստոնյա, Վռամշապուհ անունով` որպես հայոց թագավորության աթոռակալ:
Եվ պատվիրեց արքան սուրբ Սահակին` մնալ կաթողիկոսության աթոռին և վարել իր հայրապետական իշխանությունը: Սակայն նա չկամեցավ, այլ երանելին, սուգ անելով մեր ազգի թշվառ վիճակի համար, նրանց թողեց առաջնորդությունը: Եվ նրանք իրենց կաթողիկոս դրին Սուրմակ աբեղա Արծկեցուն, ում մեկ տարի անց արտաքսեցին, որովհետև չէր առաջնորդվում ըստ նախարարների կամքի, այլ գոռոզանալով ինքնակամ էր վարում իշխանությունը:
Եվ նրանից հետո կարգեցին Բարդիչոյին` ազգությամբ ասորի մեկին: Ով էլ, գալով կանանցով ու որդիներով, առանձին կարգերով էր ապրում սուրբ Գրիգորի աթոռին: Որից տարուբերվելով` արտաքսեցին նրան և դրեցին մեկ ուրիշ ասորու` Շամուել անունով : Սա ևս եկավ տանտիկնոջով և անկարգ վարքով մնում էր իր անիրավության մեջ, որովհետև եպիսկոպոսների հին կալվածքները խլում էր իրենց օրինական տերերից և կաշառքով տալիս ուրիշներին:
Սուրբ Սահակը ապրեց երկար ժամանակ մաքուր կյանքով և բարի վարքով, հիսունմեկ տարի հայրապետության մեջ: Եվ հասնելով բարի ծերության և մի քանի օր թեթևակի հիվանդանալով Վաղարշակերտ գավառի Բլուր անունով գյուղում` փոխվեց աշխարհից ի Քրիստոս, նավասարդի 30-ին (սեպտեմբերի 9), այն իսկ օրը, որ ծնվել էր: Եվ նրա աշակերտներն ու սպասավորները վերցրեցին սուրբ մարմինը և տարան Տարոն գավառը, թաղեցին մեծ շուքով իր հայրենի գյուղում, որ կոչվում է Աշտիշատ: Եվ որոշեցին նավասարդի երեսունին ամեն տարի տոնել Աստծու մեծ քահանայապետի օրը:
Եվ նրանից հետո ճշմարիտ վարդապետ Մեծն Մեսրոպը հաջորդը եղավ հայրապետության աթոռին, և վեց ամիս անց նա ևս վախճանվեց` մեհեկանի 13-ին (փետրվարի 20 ): Եվ քանի դեռ տկարացած մարմնով գտնվում էր աշակերտների մեջ, խնդրանքով վեր բարձրացրեց իր մշտատարած ձեռքերն առ Աստված և ամենքին հանձնեց Աստծուն: Եվ մինչդեռ սրբի ձեռքերը վերև էին պարզված, երևաց սքանչելի և զարմանալի մի տեսիլք, որով լուսեղեն խաչը երկնքից ցոլալով հայտվեց նրա վրա, և հոգին ավանդելուց հետո էլ դեռ պայծառացած հայտնապես երևում էր բոլորին, և նրանց քիմքին բուրեց հաճելի հոտ, որը տարածվեց ամենուրեք, որով և հիացած` փառք էին տալիս Աստծուն:
Եվ քանի որ սուրբի վախճանը տեղի ունեցավ Վաղարշապատում, ուստի իշխանները միմյանց հետ վիճում էին: Որովհետև մեկը կամենում էր սուրբ մարմինը տանել Տարոնի գավառ, իր հայրենի Հացիկ գյուղը, որտեղ ծնվել էր և մեծացել, իսկ ուրիշները`իր իսկ ստեղծած վանքը Գողթան գավառում, այն տեղը, որը նրա անունով մինչև այժմ էլ Մասրե վանք է կոչվում:
Իսկ մյուսներն ասում էին` նրան պետք է թաղել նույն քաղաքում, հոյակերտ և Աստվածապատկեր Սուրբ Գրիգորաշեն կաթողիկեի Էջմիածնի հովանու ներքո: Բայց մեծն իշխան Վահան Ամատունին վերցրեց և տարավ իր Օշական գյուղը: Եվ լույսի կամարաձև խաչը երևում էր Մեսրոպի խաչի ձև ստացած մարմնի վրա երկարուձիգ ողջ ճանապարհին, մինչև որ նրան դրեցին իր հանգստարանը, որից հետո քիչ-քիչ պահվեց լուսապայծառ խաչի տեսիլքը: Այնուհետև սուրբ հանգստարանի վրա կառուցվեց հոյակերտ ու փառահեղ եկեղեցի` բարձր, պայծառակերտ և գմբեթավոր:
Եվ սրբի վախճանից հետո լռությամբ նստեցին նրա աշակերտները` Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթ փիլիսոփան, Մամբրե Վերծանողը, Եղիշե պատմագիրը, Ղազար Փարպեցին, Եզնիկը, այլև ուրիշներ, ովքեր եկան Աթենքից` լցված և հարստացած գիտությամբ, սակայն այս կյանքում այլևս չտեսան սուրբ հայրերին, որի համար լալագին ողբացին նրանց գերեզմանի վրա և լուռ համբերությամբ ապրեցին իրենց երկրային կյանքը` անմասն մնալով մեր հայոց համառ ու խստապարանոց ազգի բիրտ բարքերից, որից և մեզ ազատի Աստված, մինչև իրենց այս կյանքի վերջին օրերը, ապա փոխվեցին հրեշտակների մոտ` մեր Քրիստոս Աստծու փառքում:
 
Ըստ գրքի «Ճառ Աստծու ճշմարիտ սուրբ վկաների մասին շարադրությամբ մեր նախնիների գրքից, որ կոչվում է Հայսմավուրք: Տոն մեր սուրբ թարգմանիչների» Ս. Էջմիածին 2000թ.

աշխատասիրությամբ Շողիկ Հարությունյանի
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Վարք և հիշատակ մեր սուրբ վարդապետների` Եղիշեի և Գրիգոր Նարեկացու (ըստ Հայսմավուրքի)
Մեր սուրբ հայր և վարդապետ Եղիշեն ճգնավոր էր, սուրբ Սահակ և Մեսրոպ թարգմանիչների աշակերտներից, և շատ հմուտ էր Աստվածային գրի` Հին և Նոր կտակարանների իմացության մեջ: Նա նաև գիտակ էր  աշխարհիկ իմաստունների գործերի`  աթենական փիլիսոփայական արվեստի:
Եղիշեն դպրապետն էր Սբ. Սահակ Պարթևի թոռան` Սբ. Վարդան հայոց զորավարի, որ վկան էր Քրիստոսի: Նա գրեց մեծ պատերազմի և սուրբ Վարդանի նահատակության մասին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր Սբ. Վարդանի հետ էին` հայոց բանակից: Նրանց վախճանից հետո Եղիշեն առանձնացավ և մեծ սխրագործությամբ ճգնավորի կյանքով ապրեց լեռներում և քարայրներում:
Նա գրեց «Մեկնություն արարածների» գիրքը` լուսավոր և պարզ խոսքերով, ճառեր Քրիստոսի ողորմության, չարչարանքների, թաղման և հարության մասին: Գրեց նաև կանոնների գիրք համեղ և քաղցր խոսքերով: Եվ ապա մենակություն փնտրելով և մարդկանցից անտեսանելի լինել ցանկանալով` խոտաճարակ դարձավ` սնվելով և բավականանալով վայրի բանջարներով: Ժամանակ անց հովիվները  նրան գտան մի քարայրում` խստակրոն կյանքից ու ճգնություններից նվազած մարմնով: Երանելիի մասին համբավը տարածեցին և այդ քարայրի տեղը հայտնի դարձրին: Իսկ Սբ. Եղիշեն, խույս տալով այնտեղից, եկավ բնակվեց Ռշտունյաց գավառում, որտեղ էլ վախճանվեց և փոխվեց ի Քրիստոս:
Բազում օրեր անց ոմանք եկան և, գտնելով սրբի մարմինը անապական, զարմացան: Հետո ճանաչեցին նրան, որ սուրբ Եղիշեն է, որին առաջ գտել էին հովիվները Մոկաց գավառում, կառուցեցին նրա անունով եկեղեցիներ և տեղափոխեցին սրբին այնտեղ ի հանգիստ, որտեղ լինում են բազում ցավերի բժշկություններ: Իսկ հետո Մոկաց գավառի իշխանն եկավ, վերցրեց սրբի գլուխն ու աջը, տարավ և դրեց սրբի առաջին խցում ու կառուցեց դրանց վրա վայելուչ եկեղեցի, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի մեր Աստծո:
Այսօր հիշատակ է սուրբ Գրիգոր Նարեկացու: Սբ. հայրը մեր և  երանաշնորհ վարդապետ Գրիգորը Անձևացյաց գավառից էր, որ է Քարպահն, տեառն Խոսրով Անձևացու եպիսկոպոսի որդին:
Այն ժամանակ Հայոց աշխարհը գտնվում էր հույն մեծ կայսրերի` Վասիլի և նրա եղբոր Կոստանդինի իշխանության տակ: Իսկ Սենիքարիմ Արծրունի բարեպաշտ արքան տիրում էր Վասպուրական աշխարհին: Արծրունին` Սասունն է: Վասպուրականը` Վան և Սևան մինչև Նվան, և այնկողմ` մինչև Արտազ գավառը` այս ամբողջ տարածքը կոչվում է Վասպուրական, որին տիրում էր Սենիքարիմը: Ոստանն ու Ռշտունիքը նույնպես նրան էին պատկանում` մինչև Սալմաստ և Ջուլամերկ, և մյուս կողմից` մինչև Թուխաջուր, որոնք Սենիքարիմը տվեց Վասիլ հույն թագավորին` 1 000 բերդ, 4 000 գյուղ, 8 քաղաք և 900 վանք:  Սրանց փոխարեն նա ստացավ Սեբաստիան իր թեմերով: Սենիքարիմը ելավ հայրենի երկրից 14 000 ձիավոր կառքերով, որդիներով և գնաց Սեբաստիա` տանելով իր հետ Վարագա Սբ. նշանը:
Մինչդեռ Սենիքարիմը թագավորում էր իր հայրենի Վանում և Ոստանում, Սբ. Գրիգոր վարդապետը Նարեկավանքում էր: Սբ. Գրիգորը և նրա եղբայր Հովհաննեսը հոգեպես սնվել և ուսանել էին Անանիա երջանիկ վարդապետից, որ իրենց մոր հորեղբայրն էր: Վարդապետ Անանիան վերցրեց իր մոտ` Նարեկավանք, իր հարազատ եղբոր դստեր որդուն Գրիգորին, ով սովորեց նրանից Աստվածային գրի վարդապետությունը անհագ բաղձանքով, որով եղավ Սբ. Հոգու ընդունարան և գիտության շնորհով գերազանցեց բազումներին, նույնիսկ բոլորին, թեև հանդգնություն է այսպես ասելը:
Ընդունելով կրոնավորության սուրբ կարգը`իր կրոնավոր եղբայրների խնդրանքով Սբ. Գրիգորը գրեց  աղոթական ճառեր` թվով 97:  Բացի դրանից ունենք նրա կողմից գրված ներբողներ առ Սբ. Աստվածածինն և Սբ. առաքյալներ, և առ Սբ. Հակոբ Մծբնա հայրապետն, «Պատմություն սուրբ խաչի ապարանից», որ բերվեց Հունաստանից Հայաստան, ներբողներ այս Սբ. խաչին ըստ այբուբենի տառերի, նաև մեկնություն Սողոմոնի «Երգ Երգոց»-ի` համառոտ և համեղ խոսքերով, գանձեր Տերունական և Սբ. մարտիրոսների տոների քարոզների` մեղեդիներով և տաղերով, անուշ եղանակությամբ և երաժշտությամբ:
Սուրբը ջանք և եռանդ չէր խնայում եկեղեցիների սասանված միաբանությունը հաստատելու և վերստին նորոգելու համար, որովհետև խախտվեց և անկարգ դարձավ սուրբ եկեղեցու վիճակը` ծույլ և մարմնասեր առաջնորդների պատճառով: Դրա համար ծաղրում և հետապնդում էին նրան բիրտ և անկիրթ մարդիկ` հռչակելով նրան թերահավատ: Հավաքվելով մի տեղ` եպիսկոպոսներով, իշխանավորներով, ազատներով ու տանուտերերով որոշում են կանչել Գրիգորին` հրապարակավ դատելու և հանդիմանելու նրան, պատժելով աքսորելու որպես հերձվածողի: Եվ եկան պատվիրակները, որպեսզի տանեն նրան դատի: Իսկ սուրբը, իմանալով նրանց խորհուրդները, կամեցավ հանդիմանել նրանց անմտությունը և ասաց. «Նախ, հաց ուտենք և հետո գնանք»:  Տապակել տվեց երկու աղավնի, բերելով, դրեց նրանց առջև սեղանին, որպեսզի ուտեն, և օրը` ուրբաթ էր: Հրավիրակները, տեսնելով դա, էլ առավել գայթակղվեցին և ասում են.
- Վարդապե´տ, մի՞թե այսօր ուրբաթ չէ:
Իսկ նա իբրև անտեղյակ դրանից ասաց.
- Ներե´ք ինձ, եղբայրներ, չէի  իմացել, որ պահք է այսօր: Եվ ասում է տապակված աղավնիներին. «Գնացե´ք ձեր տեղը և երամը, որովհետև պահք է այսօր»: Սրբի այս խոսքերը ասելուց, իսկույն կենդանացան աղավնիները և, թևեր առնելով, թռան բոլորի առջև: Տեսնելով զարմանալի այս հրաշքը` ապշած մնացին եկողները, ընկան սուրբի ոտքերը և երկրպագեցին, թողություն էին խնդրում իրենց համար և Աստծուն փառք տալիս: Գնացին և պատմեցին հրաշքի մասին, որ եղավ,  և մնացածները լռեցին` հրաժարվելով իրենց չար խորհուրդներից, և անվանեցին Գրիգորին երկրորդ Լուսավորիչ և երկրորդ սքանչելագործ:
Սուրբ Գրիգոր Նարեկացին իր սքանչելագործությամբ, ճշմարտամտությամբ, խստակրոն վարքով և աստվածաբան վարդապետությամբ փայլեց աշխարհում որպես արեգակ: Բայց դեռևս չկատարելով այս կյանքի ընթացքը, վախճանվեց երիտասարդ տարիքում` հայոց 450 թվականի երկրորդ ամսին: Իններորդ տարելիցն անցել էր սրբի վախճանից, և տասներոդը սկսվելուց 2-րդ ամսում Սբ. Գրիգորի` Աստծո զարմանագործ և սքանչելի մարդու մարմինը տեղափոխվեց: Նրա մաքուր և սրբասնյալ մարմինը դրված է Նարեկավանքին մոտ եկեղեցում, որը կառուցված է Սբ. կույս Սանդուխտի անունով, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի և սուրբ Գրիգորի:
Այս բազում հրաշքներից մեկը սա է: Վերջին ժամանակներում մի քուրդ էր տիրում Նարեկ գյուղին: Նա իր չինական հավը տվեց թուխս դնելու համար: Դա ձագեր հանեց և շրջում էր նրանց հետ: Անձրևի վախից հավը իր ձագերով մտավ մի երկանաքարի տակ, որ հենված էր պատին: Չարի ազդմամբ երկանաքարը ընկավ և ջարդեց դրան ձագերով: Իսկ այն կինը, որ հավին թուխս էր դրել, ահաբեկ լինելով քրդի վախից, հուսաց առ Աստված և Սբ. Գրիգորի աղոթքներին: Մեռած և ջարդված հավին ձագերով դրեց մաղի մեջ, վերցրեց հավատով և տարավ ու դրեց Սբ. Գրիգորի գերեզմանի մոտ, և ինքը դարձավ իր տառապանալից գործին: Իր մտքում աղաչում էր Աստծուն և Սբ. Գրիգորին: Մեկ ժամ անց տեսավ, որ հավը գալիս է գրգռալով, կենդանացած ձագերով: Կինը` հիացած, փառք տվեց Աստծուն և ձագերից մեկին նվիրեց Սբ. Գրիգոր վարդապետին:
Մեր սրբազան վարդապետների աղոթքներով, դավանյալդ նրանցից, Քրիստոս Աստված, ողորմի´ր այս գիրը կարդացողներին:

աղբյուրը`holytrinity.am

среда, 1 октября 2014 г.

Սուրբ Գրիգոր Աստվածաբան


Սուրբ Գրիգոր Նազիանզացին կամ ինչպես հայտնի է Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, մեկն է Ընդհանրական եկեղեցու այն  մեծագույն սրբերից, ով իր մաքրակենցաղ վարքով և ուղիղ դավանությամբ շատ-շատերին լուսավորեց ի վերուստ իրեն շնորհված Սուրբ Հոգու վարդապետությամբ: Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նյուսացու հետ նա կազմում է «Երեք մեծ կապադովկիացիների» եռյակը: Այս երանելի սուրբը ծնունդով Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզա գյուղից է,  Գրիգոր եպիսկոպոսի որդին:

Սրբի պատմությունն այսպես է. նրա մայրը չուներ արու զավակ, զօր ու գիշեր աղոթում էր Աստծուն և խնդրում իրեն որդի պարգևել և Աստված, ականջալուր լինելով բարեպաշտ կնոջ թախանձանքին, շնորհ արեց նրան  և զավակ նվիրեց: Ծնվեց մանուկը՝ բարեպաշտության ժառանգորդ լինելու իր բարի ծնողներին: Այսպես նա հասակ առավ և շատ ուսումնասեր  եղավ: Գնաց Կեսարիա սովորելու, այնտեղից Պաղեստին, ապա Ալեքսանդրիա, իսկ այնտեղից էլ դեպի իմաստության քաղաք` Աթենք: Այստեղ սովորեց Աստվածաշունչը, համբերող եղավ ճգնության մեջ, նրա ցանկությունն էր` ստանալ առաքինություններ և զգուշանալ չարիքից, արհամարհել ամեն տեսակ անօգուտ բան և ձգտել միայն լավին, նա մերժում էր սնափառությունն ու գոռոզամտությունը` այն համարելով իմաստության խորհուրդներն ապականող: Այստեղ նա շուրջ հինգ տարի փիլիսոփայություն և հռետորական արվեստ սովորեց քրիստոնեության կարևորագույն սրբերից մեկի` Բարսեղ Կեսարացու հետ: Նրանք միասին ուսումնասիրեցին Սուրբ Գիրքը և մերժեցին այն բոլոր գրվածքները, որոնք ենթադրում էին հեթանոսական ավանդություններ և ճշգրտությամբ չէին համապատասխանում «Գրքերի Գրքին», մերժում էին` ցույց տալով դրանց անմտությունը…

Երբ Գրիգորը դարձավ երեսուն տարեկան, եկավ Նազիանզ, մկրտվեց Սուրբ Հոգու լուսավորությամբ և ուխտեց միայնակ լինել և առավոտից երեկո Աստվածաշունչ գիրքն ընթերցել, խորությամբ պեղել և գտնել իմաստության գանձերը: 360 թվականին սուրբը մեկնեց Պոնտոս,  նվիրվեց ճգնողական կյանքի, սակայն շուտով ստիպված եղավ վերադառնալ` օգնելու իր ծեր հորը արիոսականության դեմ պայքարելու գործում:  Այս դժվար պահին նա Աստծո օգնությամբ  չզայրացավ չարից դրդվածների դեմ, այլ նմանվելով Քրիստոսին, հեզ ու խոնարհ սրտով հանդարտությամբ հաղթահարեց ամեն տեսակ փորձություն, Տիրոջն անդադար ասելով. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանն ինձ կմիխաթարեն» (Սաղմոս 22.5):

361թ-ին նա հոր կողմից քահանա ձեռնադրվեց, իսկ 372թ-ին Սուրբ Բարսեղ Կեսարացու ձեռամբ ձեռնադրվեց եպիսկոպոս և նշանակվեց ծառայության Սասիմա քաղաքում: 381թ-ին կայացած Կ.Պոլսի Տիեզերական ժողովի առաջին իսկ նիստում Գրիգորն ընտրվեց Կ. Պոլսի պատրիարք և Թեոդոս Մեծ թագավորի հրամանով վարեց այն տասներկու տարի: Իսկ արդեն Մելետիոս Անտիոքացու մահից հետո, Գրիգոր Աստվածաբանը հաջորդեց նրան Կ. Պոլսի Տիեզերական երկրորդ ժողովի նախագահական աթոռին: Բայց  այս ժամանակ խռովություն եղավ հարյուր հիսուն եպիսկոպոսների միջև, ովքեր ոչ թե ատում էին Գրիգորին կամ անարժան համարում, այլ մեղադրում էին, թե ինչու Գրիգորը չսպասեց նրանց գալստյանը: Եվ այդ եղավ պատճառն իր երկիր վերադառնալու: Նա հավաքեց ամբողջ բազմությանը, խրատեց պահելու ճշմարիտ ավանդությունը, որ ստացան իրենից: Նրա խոսքերը քաղցր ու խոնարհ էին, ինչպես մեղր, որպեսզի բոլորին ձգեր դեպի իրեն, երբ խոսում էր առաքինության մասին, առավել բարձր էին նրա խոսքերը, երբ  Սուրբ Երրորդության վերաբերյալ աստվածաբանություն էր բացատրում…Լսելով սրբի հրաժեշտի խոսքը` ժողովուրդն արտասվում էր, ողբում իրենց որբանալը քաջ հովվից և չէին ցանկանում հրաժեշտ տալ սիրելի հոգևորականին:
Գրիգորը վերադարձավ Նազիանզ և հենց այստեղ էլ անցկացրեց իր կյանքի վերջին տարիները` նվիրվելով ստեղծագործական աշխատանքի: Նա թողել է հարուստ գրական ժառանգություն, որի մեծ մասը հայերեն է թարգմանվել V-VIII դարերի ընթացքում: Գրել է քառասունհինգ ճառ, երկու հարյուր երեսունյոթ նամակ, բազմաթիվ պոեմներ և բանաստեղծություններ: Հայերեն թարգմանության մի մասը ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին:

Գրիգոր Աստվածաբանը մահացել է 389 թվականին և հորից ժառանգած ողջ հարստությունը կտակել Նազիանզի եկեղեցուն` իբրև խնամակալություն աղքատների:
Այսպես բարձր և երկնքին արժանի իմաստությամբ ապրեց այս երանելի սուրբը,  այս անցավոր աշխարհից փոխադրվեց դեպ հավիտենականը և փառքով պսակվեց բոլոր սրբերի հետ: Ավարտեց իր կյանքն ի փառս Քրիստոսի` հավատարիմ մնալով Տիրոջ սրբազան պատվիրաններին:
Ուրեմն լավ է Սուրբ Գրիգոր Աստվածաբանի անաղարտ և Աստվածահաճո վարքն օրինակ ունենալով՝ մենք էլ ձգտենք նմանվել  մեր Տիրոջը և արժանի լինենք բերկրանքով փառավորելու Հորը, Որդուն և Համագոյակից Սուրբ Հոգուն, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:

աղբյուր՝ holytrinity.am

четверг, 14 августа 2014 г.

Բողոքական և ՈՒղղափառ հավատքների միջև ընդհանուր տարբերություններ


Բազմաթիվ տարբերություններ կան բողոքականության և ուղղափառության միջև։ Դրանցից մի քանիսը վերաբերում է դավանաբանությանը, ուրիշներ՝ ծեսերին, եկեղեցական կարգավորությանը
կամ պաշտամունքին։ Մենք այս գլխում համառոտաբար կներկայացնենք այդ տարբերություններից գլխավորները, ապա առավել մանրամասնորեն կքննարկենք և կմերժենք դրանք Սուրբ Գրքի լույսի տակ։
Գլխավոր տարբերությունները հետևյալն են՝

ա) Բողոքականները հավատում են, թե Տեր Քրիստոսն ունի երկու բնություն և երկու կամք։
Իսկ Ղպտի Եկեղեցին (ինչպես նաև Հայ, Ասորի, Եթովպական, Հնդիկ Մալանկարա և Էրիթրեայի Եկեղեցիները ) հավատում է, որ Տեր Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները միավորված են մեկ բնության, այսինքն՝ Մարդացյալ Խոսքի բնության մեջ։ Մենք հավատում ենք, որ Տեր Քրիստոսն ունի կատարյալ աստվածություն և կատարյալ մարդկություն, և որ Նրա աստվածությունը երբեք՝ ոչ մի վայրկյան կամ ակնթարթ, Նրա մարդկությունից չի բաժանվել։ Հետևաբար մենք չենք խոսում երկու բնությունների մասին դրանց միությունից հետո։ «Երկու բնություն» արտահայտության պատճառով մենք մերժեցինք Քաղկեդոնի ժողովը 451թ. ։

բ) Սուրբ Հոգու բխում 

Բողոքականները, ինչպես կաթոլիկները, հավատում են, թե Սուրբ Հոգին բխում է թե՛ Հորից, թե՛ Որդուց։ Սա հակասում է մեր Եկեղեցու հավատքին, որովհետև մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հորից, ինչպես գրված է Հովհ. ԺԵ 26-ում։

գ) Բողոքականները չեն ընդունում Եկեղեցու յոթ խորհուրդները։

Ինչ որ նրանք ունեն, խորհուրդներ չեն։ Օրինակ՝ ամուսնությունն, ըստ բողոքականների, ոչ թե Եկեղեցու խորհուրդ է, այլ երկու կողմերի միջև ստեղծված հարաբերություն կամ կնքված համաձայնություն։ Նրանք ունեն նաև մկրտություն, բայց որը չունի Եկեղեցու խորհրդի ներգործականությունը։ Նրանք այն կոչում են պարզապես «կարգ» (այսինքն՝ կրոնական արարողություն)։

դ) Բողոքականները չեն հավատում Սրբազան Ավանդությանը։
Նրանք հավատում են միայն Սուրբ Գրքին և չեն ընդունում Եկեղեցու օրենքները կամ եկեղեցական սուրբ ժողովներն ու նրանց որոշումները։ Նրանք չեն ընդունում Եկեղեցու հայրերի վարդապետությունները և հետևաբար՝ Ավանդության միջոցով ընդունված եկեղեցական կանոնները։

ե) Բողոքականները չեն ընդունում քահանայությունը։
Նրանք ասում են՝ մենք ամենքս քահանա ենք, չկա տարբերություն մեր միջև։ Այն անձը, որ «սպասավոր» է կոչվում բողոքական հարանվանություններում, քահանա չէ, այլ միայն ծառայող, հովիվ կամ ուսուցիչ։ Նա քահանա չէ, ով ունի եկեղեցական խորհուրդներ կատարելու իշխանություն։ Քանի որ բողոքականները քահանայությունը չեն ընդունում, ուստի չեն ընդունում նաև քահանայապետությունը։ Նրանք ասում են, որ Եկեղեցին մի մարմին է, որի գլուխը մեկն է՝ Հիսուս Քրիստոսը։ Չկա մարդ գլուխ. Քրիստոսի՝ Եկեղեցու գլուխ լինելը չի թույլատրում մարդկային քահանայապետության գոյություն։ Ուստի բողոքականները չեն ընդունում որևէ եկեղեցական իշխանություն։ Սակայն կան բացառություններ, ինչպես, օրինակ, անգլիկանները, ովքեր ունեն եկեղեցական նվիրապետություն՝ եպիսկոպոսներ, քահանաներ և սարկավագներ։ Ունեն նաև արքեպիսկոպոսներ, ինչպես՝ Քենտրբերիի արքեպիսկոպոսը, Յորքի արքեպիսկոպոսը և այլք։ Սակայն նրանք թույլ են տալիս, որ եպիսկոպոսներն ամուսնանան, և նույնիսկ ունեն կին քահանաներ ու
եպիսկոպոսներ։

զ) Փրկությանը վերաբերող բազմաթիվ տարբերություններ
Սրանցից ամենակարևորը բողոքականների կողմից միայն հավատի վրա շեշտը դնելն է՝ անտեսելով մնացած ամեն ինչ՝ հիմնվելով հետևյալ խոսքի վրա. «Հավատա՛ Տեր Հիսուսին, և կփրկվեք դու և քո ընտանիքը» (Գործք ԺԶ 31)։ Նրանք հավատում են, թե միայն հավատը հենց հավատալու պահին փրկում է։ Ուստի նրանք չեն ընդունում փրկության համար անհրաժեշտ եկեղեցական խորհուրդները, ինչպես Մկրտությունն ու ապաշխարությունը, և Եկեղեցու դերը փրկության հարցում, որն, ըստ նրանց, ձեռք է բերվում պարզապես Աստծո հետ ուղղակի հարաբերության արդյունքում։
Մի ուրիշ տարբերություն է հավատացյալի կործանման հարցը ուրացման պարագայում։ Ըստ նրանց՝ հավատացյալը կորստյան երբեք չի մատնվելու, նույնիսկ եթե ուրացման մեղքը գործի։ Փրկությանը վերաբերող մի կարևոր տարբերություն է հավատի և գործերի առնչության հարցը։ Հավատի վրա կենտրոնանալով՝ նրանք անտեսում են գործերը, և շնորհի գործունեությանը մեծ կարևորություն տալով՝ նրանք ուրանում են պայքարի անհրաժեշտությունը։ Սակայն բողոքական խմբավորումներից որոշներ պակաս շեղված են այս հարցում, քանի որ ասում են, որ հավատը պիտի գործի սիրո միջոցով (Գաղ. Ե 6)։

է) Բողոքականները մերժում են Պատարագը։
Նրանք մերժում են Պատարագը և որևէ ծիսական աղոթք։ Նրանք չեն գործածում մեր կողմից գործածվող այնպիսի ծիսական գրքեր, ինչպիսին են Ճաշոցը, Շարակնոցը, Մաշտոցը և այլն։

ը) Մկրտությանը վերաբերող տարբերություններ
Սրանցից ամենակարևորը փրկության, ինչպես նաև մանուկների համար մկրտության անհրաժեշտությունն է։ Նրանք նաև չեն հավատում մկրտության զորությանը, ոչ էլ նրա առնչությանը վերստին ծննդյանը, արդարացմանը և մեղքերի թողությանը, ինչպես պիտի նշվի հետո։ Այսպիսով, մկրտությունը բողոքականության մեջ վերածվում է պարզապես մի անունի, առանց որևէ ներգործության, որովհետև բոլոր այն ներգործությունները, որոնք ըստ մեզ ձեռք են բերվում մկրտությամբ, ըստ նրանց ձեռք են բերվում միայն հավատով։ Ուստի մկրտությունը դառնում է պարզապես մի նշան կամ ծես, թեև նրանք ծեսերին նույնպես չեն հավատում։
Սակայն ոչ բոլոր բողոքականներն ունեն նույն տեսակետը մկրտության վերաբերյալ։ Նրանցից որոշներ ընդունում են մանկամկրտությունը (մանուկների մկրտություն), ուրիշներ՝ ընկղմամբ մկրտությունը։

թ) Բողոքականները չեն ընդունում մեղքերի խոստովանությունը։
Նկատի ունենք քահանայի առաջ կատարվող մեղքերի խոստովանությունը։ Նախ՝ որովհետև նրանք չեն ընդունում մարդկանց քահանայությունը, և երկրորդ՝ որովհետև նրանք հավատում են, որ խոստովանությունը պետք է կատարվի անմիջապես Աստծո առաջ։ Հետևաբար, նրանք չեն ընդունում քահանայի կողմից խոստովանողի գլխին կարդացվող արձակման աղոթքը, ոչ էլ ընդհանրապես արձակելու և կապելու իշխանությունը։

ժ) Բողոքականները չեն հավատում Հաղորդության խորհրդին։
Նրանք չունեն ս. Պատարագ՝ աստվածային զոհագործություն, հացի և գինու՝ սուրբ Մարմնի և Արյան փոխարկում։ Ուստի նրանք չունեն հաղորդություն ս. Խորհրդին, այլ որոշ առիթներով կատարում են արարողություն, որում, ըստ Տիրոջ հրամանի (Ղուկ. ԻԲ 19), հաց են բեկանում՝ Տիրոջ հիշատակի համար, և ասում, որ դա պարզապես արարողություն է և ոչ թե Եկեղեցու խորհուրդ։ Եվ քանի որ նրանք չեն կատարում զոհաբերություն (պատարագ), նրանց եկեղեցիները չունեն ս. Սեղան։ Սակայն կան բացառություններ, ինչպես Անգլիկան Եկեղեցին, որն ունի ս. Սեղան և Պատարագ, և նրանք հավատում են հացի և գինու՝ Մարմնի և Արյան փոխարկմանը։

ժա) Սուրբ Գրքին վերաբերող տարբերություններ
Չնայած այն մեծ հետաքրքրությանը, որ բողոքականները ցուցաբերում են Սուրբ Գրքի հանդեպ, և չնայած «աստվածաշնչյան ճշմարտության» մասին հաճախ խոսելուն՝ մենք նրանց հետ այս
հարցում երկու անհամաձայնություն ունենք.

1) Նրանք չեն ընդունում Սուրբ Գրքի որոշ գրքեր, ինչպիսին են Տոբիթի, Հուդիթի, Սիրաքի, Բարուքի, Սողոմոնի Իմաստության, Մակաբեացիների գրքերը և մի քանի այլ գիրք ևս։ Նրանք այս գրքերը պարականոն են համարում և Սուրբ Գրքից դուրս են թողնում (կաթոլիկներն այս գրքերն ընդունում են Սուրբ Գրքի իրենց տարբերակում)։

2) Նրանք պատշաճ կարևորություն չեն տալիս Հին Կտակարանի ուսմունքին, կարծես Տեր Քրիստոսը վերացրել է Օրենքը կամ Մարգարեներին։ Հինկտակարանյան մի շարք կարևոր վկայություններ նրանք համարում են միայն խորհրդանիշներ, որոնք Նոր Կտակարանում այլևս չեն գործում։ Ուստի երբ մենք որևէ վարդապետություն ապացուցում ենք հինկտակարանյան խոսքերով, նրանք չեն ընդունում դրանք իբրև վկայություն՝ հայտարարելով, թե դրանք վերաբերում են միայն հին ժամանակներին։ Նրանք չեն կարողանում զանազանել խորհրդանիշը հինկտակարանյան հաստատված իրողություններից. համենայն դեպս, մենք այս հարցում չենք համաձայնում նրանց։

ժբ) Բողոքականները չեն ընդունում Եկեղեցու պահքերը։
Նրանք կարող են պահեցողությունն ընդունել իբրև ցանկացած ժամանակ կիրառվող անձնական գործառույթ, սակայն համաձայն չեն ամբողջ ժողովրդի համար որոշակի ժամանակներում պահվող հաստատուն պահքերին։ Նրանք պահք չունեն չորեքշաբթի և ուրբաթ օրերին, չունեն Ավագ շաբաթվա, Մեծ, Ծննդյան, Աստվածածնի, Առաքյալների կամ որևէ այլ պահք։ Նրանք չեն ընդունում նաև բուսական սննդով պահեցողությունը։ Նրանք չեն ընդունում ուտելիքի կամ ըմպելիքի հարցում որևէ սահմանափակում։

ժգ) Բողոքականները չունեն կուսակրոնության կարգը։
Կուսակրոնությունը գոյություն ունի միայն Ուղղափառ (Հինարևելյան ու Բյուզանդական օրթոդոքս ) և Կաթոլիկ Եկեղեցիներում, իսկ բողոքականները նման կարգ չունեն, նրանց բոլոր ծառայողներն ամուսնացած են։ Նույնիսկ Անգլիկան Եկեղեցին, որ գտնվում է Կաթոլիկ և Բողոքական Եկեղեցիների միջև և ունի որոշ խորհուրդներ, ինչպես հոգևորականների ձեռնադրությունն ու Հաղորդությունը, չունի կուսակրոնություն։ Նրանց եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն ամուսնացած են։

ժդ) Բողոքականները չեն ընդունում ն նջեցյալների համար կատարվող աղոթքները։
Նրանք չեն աղոթում ննջեցյալի հոգու համար, որ ընդունի ողորմություն ու հանգիստ։ Նրանք միայն դիակը բերում են եկեղեցի, ուր կարդում են Սուրբ Գրքից հատվածներ և քարոզ ասում՝ միայն ննջեցյալի ընտանիքին մխիթարելու կամ մահվան իրողությունից ինչ¬որ բան սովորեցնելու համար։ Նրանք երբեք չեն աղոթում ննջեցյալի համար և թողություն կամ հավիտենական կյանք չեն հայցում նրա համար։

ժե) Բողոքականները չեն ընդունում բարեխոսությունը։
Նրանք չեն ընդունում հրեշտակների, ս. Կույսի, սրբերի բարեխոսությունը, ոչ էլ ննջեցյալների բարեխոսությունը ողջերի համար կամ ողջերինը՝ ննջեցյալների։ Նրանք համարում են, որ ընդհանրապես չկա բարեխոսություն Աստծո և մարդկանց միջև։ Սրանից բխում է հաջորդ տարբերությունը։

ժզ) Բողոքականները չեն պատվում սրբերին։
Նրանք չեն պատվում հրեշտակներին, ս. Կույսին կամ սրբերին։ Նրանք չեն նշում սրբերի տոներն, ինչպես մենք, կամ եկեղեցում չեն կարդում «Հայսմավուրք», ուր ամփոփված են սրբերի վարքերը։ Նրանք սրբերին փառաբանող երգեր չեն երգում, սրբերի հիշատակը չեն նշում կամ չեն պատվում նրանց նշխարները։ Սրանից բխում է հաջորդ տարբերությունը։

ժէ) Բողոքականները չունեն սրբապատկերներ։
Սրբապատկերների դեմ պայքարը պատմության ընթացքում կարևոր դեր է խաղացել բողոքականների և կաթոլիկների միջև յարաբերութիւններում։ Նրանք չեն ընդունում եկեղեցում սրբապատկեր դնելը կամ դրա առաջ մոմ վառելը, կամ էլ սրբի անվանը դիմելը։ Նրանք համարում են սա բարեխոսության մի տեսակ, որը նրանք մերժում են։ Սրանից էլ բխում է հաջորդ տարբերությունը։

ժը) Բողոքականները սրբի անունով եկեղեցի չեն կառուցում։

Նրանք չեն կառուցում հրեշտակի, մարտիրոսի կամ որևէ այլ սրբի անունով եկեղեցի։ Նրանք եկեղեցիները կոչում են քաղաքի, շրջանի կամ թերևս մի ինչ¬որ առաքինության անունով, ինչպես օրինակ՝ Հույսի եկեղեցի։ Սակայն անգլիկաններն ունեն սրբերի անուններով եկեղեցիներ, ինչպես Ամենայն սրբոց տաճարը Կահիրեում կամ Ս. Պողոսի տաճարը Լոնդոնում։

ժթ) Եկեղեցին՝ իբրև շինություն
Որոշ մարդիկ մերժում են եկեղեցին ընդունել իբրև շինություն՝ այն պատճառաբանությամբ, թե Աստված լցնում է երկինքն ու երկիրը և չի բնակվում մի վայրում։ Սակայն բողոքականներն ունեն եկեղեցիներ, պարզապես առանց ս. Սեղանի, իկոնոստասի, աշտարակի, գմբեթի կամ սրբապատկերների։ Նրանք համարում են, որ եկեղեցին պիտի ունենա միայն քարոզելու համար նախատեսված ամբիոն և նստարաններ, ինչպես այն քրիստոնեական համայնքներում, որոնց գործը միայն քարոզությունն է։

ի) Չկա դեպի արևելք ուղղվածություն։
Բողոքական եկեղեցիները չեն նայում դեպի արևելք, ինչպես մեր եկեղեցիները։ Նաև բողոքականներն աղոթելիս չեն նայում դեպի արևելք, այլ ցանկացած ուղղությամբ։

իա) Բողոքականները խունկ կամ մոմ չեն գործածում։
Բողոքական եկեղեցիներում խունկ չի գործածվում։ Նրանք չեն խնկարկում, նրանց աղոթքներին խնկարկությունը չի ուղեկցում, և նրանց եկեղեցիներում բուրվառ չկա։ Նրանք չեն գործածում նաև մոմեր և Ավետարանի ընթերցանության ժամանակ մոմ չեն վառում։

իբ) Բողոքականները հիվանդների օծում չեն կատարում։
Անկախ նրանից՝ սա եկեղեցական խորհուրդ է, թե ոչ, նրանք այն չունեն։ Նրանք չեն ընդունում եկեղեցական խորհուրդները, ոչ էլ ծիսական աղոթքը, նույնիսկ հիվանդների համար կատարված աղոթքը՝ իբրև Եկեղեցու խորհուրդ, որի ժամանակ օրհնված սուրբ ձեթ է գործածվում՝ հիվանդներին օծելու համար։

իգ) Բողոքականները չունեն ժամերգություններ։
Բողոքականները չեն ընդունում ժամերգությունները, դրանց ժամերն ու բովանդակությունը։ Նրանք նաև չեն համարում, թե անհրաժեշտ է որոշ աղոթքներ անգիր իմանալ։ Նրանք համարում են, որ մարդ կարող է աղոթել երբ կամենում է և ինչ ձևով որ կամենում է։ Սրանից բխում է մեկ այլ տարբերություն, որ վերաբերում է Տերունական աղոթքին։ Նրանք չեն ասում այն որևէ աղոթքի ո՛չ սկզբում, ո՛չ վերջում։ Նրանք այն կարող են նաև բոլորովին չասել, ինչպես նաև սաղմոսները։ Սակայն որոշ հավաքների ժամանակ նրանք կարող են Տերունական աղոթքն ասել՝ սրանում սխալ ոչինչ չտեսնելով, բայց սա նույնպես նրանց համար պարտադիր չէ։

իդ) Հազարամյա թագավորություն
Բողոքականները հավատում են, թե Տեր Քրիստոսը ժամանակների վախճանին դարձյալ գալով՝ հազար տարի պիտի թագավորի երկրի վրա՝ կապելով սատանային։ Այդ շրջանում խաղաղություն պիտի լինի, և գառն ու գայլը միասին պիտի բնակվեն։ Սակայն նույնիսկ բողոքականների միջև կան տարաձայնություններ՝ կապված հազարամյա թագավորության վարդապետության մանրամասների հետ։

իե) Բողոքականները չեն հավատում Տիրամոր մշտակուսությանը։
Նրանք հավատում են, որ նա ամուսնացել է հյուսն Հովսեփի հետ և ծնել նրանից երեխաներ, որոնց Ավետարանը «Հիսուսի եղբայրներ» է կոչում (Մատթ. ԺԲ 47)։ Նրանք նույնիսկ չեն պատվում
նրան և հաճախ կոչում են «Հիսուսի մայր» և մերժում կոչել «շնորհընկալ» (Ղուկ. Ա 28 )։ Նրանք չեն ընդունում, որ նրա մարմինը երկինք է վերափոխվել, ինչպես հավատում են բոլոր ուղղափառներն ու
կաթոլիկները։ Նրանք չեն նշում նրան նվիրված որևէ տոն։ Նրանցից ոմանք նույնիսկ կոչում են նրան «մեր քույրը»։

իզ) Բողոքականներն ընդունում են քրիստոնեության մեջ կրոնական ուսմունքների հարցում ազատությունն ու նրանց բազմազանությունը։
Նրանք ասում են, որ ամեն ոք իրավունք ունի ընդունելու ցանկացած ուսմունք և սովորեցնելու ինչ ցանկանում է, առանց որևէ եկեղեցական իշխանության կողմից արգելքի, քանի որ նրանք չեն ընդունում եկեղեցական որևէ իշխանություն։ Սա է պատճառը, որ գոյություն ունեն տարբեր ուսմունքների տեր, սակայն միևնույն կաղապարն ունեցող բազմաթիվ բողոքական խմբավորումներ։ Նրանք մտածում են, որ սա հոգնակիության մի տեսակ է, որը մտավոր առումով հարստացնում է Եկեղեցին։ Նրանք մոռանում են, որ ամենքը պետք է ունենան մե՛կ հավատ՝ ըստ Եփես. Դ 5-ի։

իէ) Սուրբ Հոգու շնորհներ
Որոշ բողոքական խմբավորումներ համարում են, թե լեզուներով խոսելու շնորհը դեռ գոյություն ունի։ Նրանք սա համարում են Սուրբ Հոգով լցված լինելու կամ Նրանով լցվելու նշան։ Սակայն միայն որոշ խմբավորումներ ունեն այս համոզումը՝ համարելով, թե այն անհրաժեշտություն է և պետք է տարածվի։ Սա հատկապես բնորոշ է խարիզմատների հարանվանությանը։

իը) Բողոքականները չեն ընդունում հոգևոր հայրությունը։
Նրանք ոչ ոքի չեն կոչում ոչ հայր, ոչ քահանա, ոչ եպիսկոպոս, որովհետև սխալ են հասկանում Տեր Քրիստոսի՝ առաքյալներին ուղղած հետևյալ խոսքը. «Ոչ ոքի ձեր հայրը մի՛ կոչեք երկրի վրա» (Մատթ. ԻԳ 9)։

իթ) Բողոքականները չեն խաչակնքվում։
Թեև բողոքականները խաչին մեծ կարևորություն են տալիս իբրև միջոցի, որը Տերը գործածեց մարդկության փրկության համար, սակայն նրանք չեն պատվում այն, ինչպես ուղղափառներս։ Նրանք չեն նշում խաչի հիշատակը որոշակի օրերի, ինչպես մենք։ Նրանք չեն սկսում կամ ավարտում աղոթքները խաչակնքմամբ կամ «Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո» ասելով, ինչպես մենք։ Նրանց հոգևոր հովիվները իրենց ձեռքը խաչ չեն բռնում՝ դրանով խաչակնքելու կամ օրհնելու համար, որովհետև չեն ընդունում խաչն իբրև օրհնություն բաշխելու միջոց, կամ որ օրհնությունը կարող է տրվել քահանաների կամ խաչակնքման միջոցով։ Փառք Աստծո, որ այժմ շատ բողոքականներ խաչ են դնում իրենց եկեղեցիների վրա, մի բան, որն առաջ երբեք չէին անում։

լ) Ընտրյալներ
Բողոքականները հավատում են, թե փրկության համար Աստված ի սկզբանե արդեն ընտրել է ոմանց՝ իբրև աստվածային բարձրագույն իշխանության նվեր։ Նրանք ասում են, որ Աստված ի սկզբանե որոշ մարդկանց ընտրել է հավիտենական կյանքի համար այնպես, ինչպես հաճել է։

среда, 6 августа 2014 г.


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ

ԳԱՐԵԳԻՆ Ա ՍԱՐԳԻՍՅԱՆ (1995–1999)


Ամենայն Հայոց կաթողիկոս 1995–ից: Հաջորդել է Վազգեն Ա Պալճյանին:
Ծնվել է 1932–ի օգոստոսի 27–ին Սիրիայի Քեսաբ ավանում: Մահացել է 1999–ի հունիսի 29–ին Էջմիածնում, աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի բակում: Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, որից հետո ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում (1946–1952): 1949–ի մայիսի 29–ին ձեռնադրվել է սարկավագ, 1952–ի սեպտեUբերի 28–ին` կուսակրոն քահանա: Ի հիշատակ Գարեգին Ա Հովսեփյանց կաթողիկոսի ընդունելով Գարեգին անունը`դարձել է Կիլիկիո միաբանության ուխտի անդամ: Պաշտպանելով «Հայաստանյայց եկեղեցվո աստվածաբանությունը ըստ հայ շարականներուն» թեմայով վարդապետական ավարտաճառը` 1955–ին ստացել է վարդապետական աստիճան: Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում` որպես ուսուցիչ և վերակացու, 1956–ին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը: 1957–1959-ին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում (Անգլիա), որտեղ հետևել է աստվածաբանական բարձրագույն ուսման` ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և հայ եկեղեցին» (հրատ., Լոնդոն, 1965, անգլ.) խորագրով աշխատությունը, ստացել աստվածաբանության բակալավրի աստիճան:
1960–ին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը: Նույն շրջանում Գարեգին վարդապետը, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ, գործուն մասնակցություն է ունեցել միջեկեղեցական մի շարք համագումարների ու ժողովների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջեկեղեցական Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովների: Մեծ է նրա ավանդը 1965–ին Ադիս Աբեբայում (Եթովպիա) Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովի կազմակերպման գործում: Դիտորդի կարգավիճակով մասնակցել է Վատիկանի երկրորդ ժողովի երեք հաջորդական նիստերին (1963–1965) և Անգլիկան եկեղեցու Լամբեթի համաժողովին (1968): ԵՀԽ–ում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ, 1968–ին ընտրվել է ԵՀԽ կենտրոնական և գործադիր հանձնախմբերի անդամ, իսկ 1979–ի Նայրոբիի (Քենիա) համաժողովում` խորհրդի փոխատենապետ (1975–1983):
Այդ ժամանակաշրջանում աստվածաբանության, գրականության, պատմության և մշակույթի թեմաներով դասախոսել է ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանում, Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանում և Ամերիկյան համալսարանում, դասախոսություններով հանդես եկել մի շարք եկեղեցիներում: 1963–ի հունիսի 16–ին ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան, 1964–ի հունվարի 19–ին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1971–1973–ներին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի և Հարավային Իրանի, իսկ 1973–1977–ներին` Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնները:
1976–1977–ներին Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին մեծ դեր է խաղացել լիբանանահայությանը համախմբելու գործում: 1977–ի մայիսի 2–ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983–ին` Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս: Գահակալության տարիներին Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսը զարկ է տվել ազգային–կրոնական, մշակութային և շինարարական աշխատանքներին: Հիմնադրել է Քրիստոնեական դաստիարակության բաժինը: Նրա հատուկ ուշադրության առարկան է եղել Դպրեվանքը (1977–ին Անթիլիասից փոխադրվել է Բիկֆայա), առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հրատարակչական գործին, վերականգնել «Հասկ» հայագիտական տարեգրքի հրատարակությունը:
Բազմիցս այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին: 1988–ի դեկտեմբերի 7–ի երկրաշարժից հետո կանգնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա–ի կողքին` բերելով իր եղբայրական սերն ու զորակցությունը, կազմակերպել Սփյուռքից օգնությունը:
1992–ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
1995–ի ապրիլի 4–ին Ազգային–եկեղեցական ժողովը նրան ընտրել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Գարեգին Ա Սարգիսյանն իր ջանքերն ուղղել է եկեղեցական կյանքի ներքին կարգավորմանն ու կազմակերպմանը, մասնավորապես Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանի գործունեության վերաշխուժացմանը, Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի ստեղծմանը, քրիստոնեական քարոզչության հանրամատչելի ծրագրերի մշակմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, աստվածաբանական, հոգևոր և հայագիտական հրատարակությունների ավելացմանը: Հայ եկեղեցու աշխատանքն առավել նպատակաուղղված դարձնելու նախանձախնդրությամբ վերափոխել է Հայաստանի եկեղեցական թեմական կառուցվածքը: 1996–ին հայաստանյան նախկին 4 թեմերի փոխարեն ստեղծվել են 8 թեմեր, հիմնվել են նաև Ուկրաինայի և Հարավային Ռուսաստանի թեմերը: 1997–ի սեպտեմբերին վերաբացվել է Գևորգյան հո- գևոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքը, բազմապատկել է սաների թիվը (120 հոգի): Նրա ջանքերի շնորհիվ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից բացվել է Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատունը, որը շուտով դարձել է գիտական և մշակութային կարևոր կենտրոն:
1997–ի ապրիլի 7–ին կատարել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը: 
Գահակալության կարճ ժամանակահատվածում Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսը հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, նոր թափ է հաղորդել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի էկումենիկ գործունեությանը:
Գարեգին Ա Սարգիսյանը հեղինակ է աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում երկասիրությունների: Նրա որոշ աշխատություններ միջազգային լայն ճանաչում ունեն և կարևոր ներդրումներ են ընդհանուր եկեղեցական պատմության մեջ [«The concil of Chalcedon and the Armenian Church», London, 1965 (ունեցել է չորս վերահրատարակություններ): «The Armenian Church in Contemporary Times», New York, 1970 և այլն]:
Գարեգին Ա Սարգիսյանը եղել է ՀՀ ԳԱ ակադեմիայի պատվավոր անդամ, բազմաթիվ երկրների համալսարանների ու գիտական ընկերությունների անդամ:
Կաթողիկոսական գահին Գարեգին Ա Սարգիսյանին հաջորդել Գարեգին Բ Ներսիսյանը:

четверг, 31 июля 2014 г.

Եսայի մարգարեի հիշատակության օր


                 Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել եւ գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Եսայի մարգարեն վեհությամբ եւ հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի եւ զանազան հարցերի մասին:
       Ճկուն միտք ունենալու շնորհիվ, նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել, Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է: 
             Սուրբ Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրեւ Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա. «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): 
                Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:


աղբյուր՝ araratian-tem.am

четверг, 24 июля 2014 г.

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԽԱԼՆԵՐ


          Մի անգամ Դալայ Լամային հարցրեցին, թե ինչն է նրան ամենից շատ զարմացնում:

          - Մարդը, - պատասխանեց նա:

           - Սկզբում նա զոհաբերում է իր առողջությունը, որպեսզի փող աշխատի: Հետո փող է ծախսում, որպեսզի վերականգնի իր առողջությունը: Այդ ընթացքում նա այնքան է անհանգստացած լինում իր ապագայով, որ երբեք չի վայելում ներկան: 
           Արդյունքում նա ապրում է ո՛չ ներկայով, ո՛չ ապագայով: Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանա, իսկ մահանալուց ափսոսում է, որ չապրեց: 

среда, 23 июля 2014 г.

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՐԳԵՎ
(բարոյախրատական պատում)

             Իմաստուն ծերունին գնում էր ձյունածածկ դաշտով, երբ լաց լինող մի տարեց կնոջ տեսավ:
            -Ինչու՞ եք դուք լաց լինում, - հարցրեց նա:
           -Որովհետև ես մտածում եմ իմ կյանքի մասին, իմ երիտասարդության, գեղեցկության, որը ես տեսնում էի հայելու մեջ, և այն տղամարդու մասին, որին ես սիրում էի: Աստված դաժան է, որ մեզ հիշելու ունակություն է տվել: Նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունն ու լաց կլինեմ:
                Իմաստունը կանգնել էր ձյունոտ դաշտում, սևեռուն նայում էր մի կետի և մտածում էր:
              Կինն անսպասելիորեն դադարեց լաց լինել.
              -Դուք ի՞նչ եք տեսնում այնտեղ, - հարցրեց նա:
       -Վարդերի դաշտ, - պատասխանեց իմաստունը: - Աստված մեծահոգի էր իմ հանդեպ, երբ հիշելու ունակություն տվեց ինձ: Նա գիտեր, որ ես ձմռանը միշտ կկարողանամ հիշել գարունը և ժպտալ:

вторник, 22 июля 2014 г.

ՄԻՇՏ ՁԳՏԵՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ


(առակ)


            Մի օր Միքելանջելոյի աշակերտները նրան տեսնում են իր վերջին աշխատանքի կողքին` արտասվելիս: 

            -Ուսուցիչ, ինչու՞ եք լացում,- հարցնում են նրանք: 

            -Ես չեմ կարողանում գտնել որևէ թերություն իմ աշխատանքում, – պատասխանում է նա: 
            -Բայց չէ՞ որ դա շատ լավ է, – զարմանում են աշակերտները:

            -Դուք ոչինչ չեք հասկանում: Եթե ես աշխատանքումս թերություն չեմ գտնում, դա նշանակում է, որ իմ տաղանդն անկում է ապրում, – ասում է Միքելանջելոն:

            Կարճ ժամանակ անց նա թողնում է քանդակագործությունը և սկսում երգիծական երգեր գրել:

воскресенье, 20 июля 2014 г.


Հուլիսի 20 - Բարեկենդան Վարդավառի պահոց


          Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել:
         Հուլիսի 20-ի երեկոյից սկսվում է Վարդավառի պահքը: Այն ավարտվում է հուլիսի 25-ի երեկոյան ժամերգությունից հետո:

пятница, 18 июля 2014 г.

Խորհուրդ երիտասարդ աղջկան

(առակ)
          

                Երիտասարդ աղջիկը եկավ իմաստունի մոտ խորհրդի:

                - Երկու հոգի իմ ձեռքն են խնդրում: Բայց ես չգիտեմ` ինչ անեմ, ախր սիրտս մի բան է հուշում, իսկ միտքս` լրիվ այլ բան:

       - Սրտիդ ձայնո՛վ առաջնորդվիր: Այդժամ նույնիսկ նրանից բաժանվելու դեպքում դու կարող ես ասել «Ես նրան սիրում էի» վսեմ խոսքերը, այլ ոչ թե հիասթափությամբ լի. «Ես հիմար էի...»: