четверг, 10 июля 2014 г.

Հուլիսի 10 - Տոն Սբ. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

          Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ` երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:


          Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն «Առակներ» գրքի առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստությիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: 
             Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:  Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:
          
        Թարգմանչաց տոնը տարվա ընթացքում առաջին անգամ նշվում է Հոգեգալստյան տոնից հետո չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական եկեղեցին Ս.Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Ս. Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

աղբյուր՝ qahana.am

Комментариев нет:

Отправить комментарий