вторник, 8 июля 2014 г.

Հուլիսի 8 - Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օր

              Ս. Դանիել մարգարեն Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից է: Նրա 14 գլուխներից բաղկացած գիրքը վերագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 7-6-րդ դարերին: Ս. Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, ով դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուքոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում շնորհիվ իր խելքի ու օժտվածության կարևոր պաշտոն ստացել: 
      Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն  ամբաստանությունից փրկելու և հետո էլ Նաբուքոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար՝ Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ 10): 
         Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածներ պաշտելու մեջ և պահանջում  թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ՝ սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի կատարել արքայի դեմ: 
           Նաբուքոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ: 



              Անանիա, Ազարիա և Միսայել (Բաբելոնում նրանք վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում և Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուքոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցի մեջ: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուքոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց,  օրհնում և երկրպագում Աստծուն: 

        Դանիել մարգարեի և իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստյան տոնից հետո չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: 
           Դանիել մարգարեի և երեք մանկանց հույսի և հավատի դրսևորումն ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որով Տերը երբեք չի լքում իր հոտին և մշտապես ունկնդիր է մեր հայցվածներին` իր զորավոր Աջով օգնական և պահապան լինելու ամենքին, «որ ի Տէր յուսացան»:

աղբյուր՝ qahana.am

Комментариев нет:

Отправить комментарий