Հուլիսի 13 -Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոն
Տիրամոր հիշատակության տոների շարքում ուշ շրջանում ավելացել են նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներ: Դրանցից մեկն է ս. Կույսի տուփի գյուտի տոնը:
Ըստ ավանդության, երկու հույն իշխանազուն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ Գալիլիա անունով գյուղում մի հրեա կնոջ տանը հրաշքներ են կատարվում: Հետաքրքրվելով, մտնում են տուն և տեսնում մի տուփ, որը պատկանել է Աստվածամորը: Հասնելով Երուսաղեմ՝ պատրաստել են տալիս ճիշտ նույն տուփի մի ուրիշ օրինակ և վերադարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, աննկատ փոխում են տուփերը և իսկականը տանում Կ. Պոլիս:
Բյուզանդական Լևոն կայսրի օրոք (457–474) մեծ թափորով ու պատվով այն զետեղում են Կ. Պոլսի Ս. Աստվածածին եկեղեցում: Հույները հուլիսի 2-ին հատուկ տոն են հաստատում ի հիշատակ տուփի գյուտի: Հայ եկեղեցին այս տոնը նշում է XVIII դարից, երբ այն ընդգրկվել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի 1774-ինհրատարակած և բարեփոխած Տոնացույցի մեջ: Տոնակատարվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 12-ից հուլիսի 18-ը:
աղբյուր´ ter-hambardzum.net
Комментариев нет:
Отправить комментарий