среда, 16 июля 2014 г.


Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ 
(1153-1198)

            Ս. Ներսես Լամբրոնացին (աշխարհիկ անունը՝ Սմբատ), որին կոչել են երկրորդ Պողոս Տարսոնացի առաքյալ, ծնվել է Կիլիկիայի Լամբրոն դղյակում: Նրա ծնողները, որոնք անվանի ազնվականներ էին, ուխտելէին իրենց զավակին նվիրել Աստծուն:
            Սմբատն իր սկզբնական հոգևոր կրթությունը ստացավ ծննդավայրից ոչ հեռու գտնվող Սկևռայի վանքում՝ աչքի ընկնելով սուրբ վարքով և ուշիմությամբ: Նա 16 տարեկան էր, երբ ս. Ներսես Շնորհալին, տեսնելով երիտասարդի ընդունակություններն ու շնորհները, նրան քահանա ձեռնադրեց՝ իր անունով կոչելով Ներսես: Կարճ ժամանակում Ներսեսն այնքան հռչակվեց, որ համաքաղաքացիները թախանձեցին նրան դառնալ իրենց եպիսկոպոսը և Սկևռայի վանքի առաջնորդը: Բայց նա հեռանալով՝ հաստատվեց Տարսոնի լեռներում գտնվող միանձանց վանքում:
              1175 թ. Լամբրոնացին ձեռնադրվեց Տարսոնի արքեպիսկոպոս: Որպես հոգևոր հովիվ՝ նա խիստ ողորմած ու հոգատար էր իր հոտի հանդեպ. իրեն տրված հրաշագործության շնորհով շատերին փրկեց ախտերից և ազատեց դևերից՝ մշտապես քարոզելով Քրիստոսի ճշմարիտ հավատը, ինչպես նաև հորից ժառանգած նյութական միջոցներով օժանդակեց դպրոցներին ու գրչատներին, գնեց նոր ձեռագրեր, կառուցեց նորեկեղեցիներ:
            Նրա սրբության և իմաստության համբավը տարածված էր ոչ միայն Հայաստանում, այլև հույների, լատինների և ասորիների մեջ:
    Իր ոչ երկարատև կյանքի ընթացքում ս. Ներսեսը գրել է պատարագի, սաղմոսների, Սողոմոնի Առակների, Ժողովողի, 12 մարգարեների և ս. Հովհաննես ավետարանչի «Ննջման պատմության» մեկնությունները, բազմաթիվ ճառեր Տերունական տոների մասին, ս. Ներսես Շնորհալու չափածո վարքը, նամակներ և խրատներ, ինչպես նաև հեղինակել է ավելի քան երկու տասնյակ շարականներ:
           Կյանքի վերջին շրջանում նա Լևոն II թագավորի արքունական ատենադպիրն էր, խորհրդատուն և թարգմանիչը:
     Լամբրոնացին վախճանվեց տարաժամ և անսպասելի՝ պատարագ մատուցելուց հետո, 45 տարեկանում: Նրա աճյունը փառքով ամփոփեցին Սկևռայի վանքում:

Комментариев нет:

Отправить комментарий