13.08.13 - Ս. Աստվածածնի պահոց օր
«Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէ՛ք երեխայ չարութեան մէջ, բայց մտքով եղէ՛ք կատարեալ. քանզի օրէնքի մէջ էլ գրուած է. «Օտար լեզուներով եւ օտարոտի շրթունքներով պիտի խօսեմ այդ ժողովրդի հետ, սակայն այնպէս էլ չպիտի լսեն ինձ»:Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ հաւատացեալների, այլ` անհաւատների համար. իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ` հաւատացեալների: Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, եւ բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չե՞ն ասի, թէ` դուք յիմարացել էք: Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կը յանդիմանուի բոլորից եւ բոլորից կը դատապարտուի, ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կը լինեն. եւ ապա երեսի վրայ ընկած` կերկրպագի Աստծուն ու կը խոստովանի, թէ` արդարեւ ձեր մէջ է Աստուած:
ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԵՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԷՋ
Եւ արդ` ի՞նչ, եղբայրնե՛ր: Երբ ի մի հաւաքուէք, ձեզնից իւրաքանչիւրը` թէ սաղմոս ունենայ, թէ վարդապետութիւն ունենայ, թէ հայտնութիւն ունենայ, թէ լեզուներ ունենայ խօսելու, թէ թարգմանութիւն ունենայ, - թող բոլորը լինի ի շինութիւն: Եթէ մէկը լեզուներ խօսի, երկու կամ ամենաշատը` երեք, մէկ-մէկ թող խօսի, թող մէկն էլ բացատրի: Իսկ եթէ չլինի մէկը, որ բացատրի, թող լուռ մնայ եկեղեցում. իր մտքում եւ Աստուծոյ հետ թող խօսի: Բայց թող խօսեն երկու կամ երեք մարգարէներ, իսկ միւսները թող քննեն: Իսկ եթէ նստածներից մէկը մի յայտնութիւն ունի անելու, առաջինը թող լռի. քանզի կարող էք բոլորդ էլ մեկ առ մեկ մարգարէանալ, որպէսզի բոլորը սովորեն եւ բոլորը մխիթարուեն. քանի որ մարգարէների ոգիներն իսկ հնազանդւում են մարգարէներին. որովհետեւ Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ` խաղաղութեան, ինչպէս որ է սրբերի բոլոր եկեղեցիներում:
Բոլոր եկեղեցիներում կանայք թող լուռ լինեն, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ` հնազանդ լինել, ինչպէս որ օրենքն իսկ ասում է: Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածին անպատեհ է խօսել եկեղեցում: Միթէ ձեզնի՞ց ելաւ Աստուծոյ խօսքը եւ կամ թէ միայն ձե՞զ հասաւ: Իսկ եթէ մէկը ինքն իրեն կարծում է մարգարէ կամ տէր` հոգեւոր շնորհի, թող իմանայ, թէ, ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատուիրաններն են: Իսկ եթէ մէկն անգիտանայ դրանք, նա կանգիտացուի:
Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղէք մարգարէանալու, եւ լեզուներ խօսելը մի արգելեք. եւ ձեր ամեն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի»:
/ Ա. Կորն. 14. 20-40 /
Комментариев нет:
Отправить комментарий