ՄԵԾ ՈՒԽՏԱՎՈՐԸ
Օգոստոսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի (ԱՀԹ) Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ցանկությամբ և օրհնությամբ, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու <Արարատ> երիտասարդաց միության անդամները, ժամանակավոր պատասխանատու արժանապատիվ տեր Պետրոս ավգ. քհն. Մալյանի գլխավորությամբ, կազմակերպեցին ուխտագնացություն դեպի Խոր Վիրապ և Նորավանք վանական համալիրները: Իսկ վերջում նաև Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի:
Առավոտյան Սրբազան հոր ժամանումից անմիջապես հետո, ուխտավորների խումբը Ս. Սարգիս եկեղեցում հավաքական աղոթք կարդաց, և Սրբազան հոր օրհնությամբ սկսեց իր ուխտավորի ճանապարհը:
Ուխտագնացության առաջին հանգրվանը Տ. Նավասարդ Սրբազանի առաջարկով եղավ Խոր Վիրապ վանքը` կարևորելով այն հանգամանքը, որ այնտեղից է սկիզբ առել Քրիստոնեությունը Հայոց աշխարհում: Ներկա գտնվելով այդ խորհրդավոր վիրապներում` երիտասարդների հոգիներում տիրում էր հոգևոր ու ջերմ զգացողություն: Նրանք աղոթք հղեցին` խնդրելով Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը:
Ուխտագնացությունը շարունակվեց դեպի Նորավանքի վանական համալիր:
Ճանապարհին ուխտավորներն այցելեցին հայ մեծն բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարան: Այնտեղ ներկաները տեղեկացան բանաստեղծի կյանքի մանրամասներին, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել իր իսկ այգու պուղներից: Թանգարանի տնօրինությունը որպես պատվավոր հյուրի Սրբազան հորը հրավիրեց տունը` որտեղ ապրել էր մեծ բանաստեղծը:
Վերջում Պ. Սևակի և իր կնոջ շիրմաքարի շուրջ հավաքվելով` երիտասարդներից մի քանիսը կարդացին Պ. Սևակի բանաստեղծություններից` արտահայտելով իրենց հարգանքն ու պատկառանքը մեծանուն բանաստեղծին: Կատարվեց նաև հոգեհանգստի արարողություն գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ: Հատկանշական էր տապանաքարի (հեղինակ`Ջիմ Թորոսյան` 1972թ.) յուրօրինակությունը, որը, լինելով արցախյան ժայռաբեկորներից մեկը , իր խորդուբորդություններով կարծես նման էր բանաստեղցի կյանքին: Այն արտահայտում էր նրա վեհությունն ու, անկոտրուն ուժը, խորհրդավորությունն ու պարզությունը:
Այցելությունից հետո ուխտագնացությունը շարունակվեց դեպի Նորավանք վանական համալիր: Ուխտավորներին նաև ողջունելու եկավ Վայոց Ձորի թեմի ժամանակավոր փոխառաջնորդ` հայր Զարեհը: Այնտեղ Ս. Աստվածին եկեղեցում, Սրբազան հայրը և երիտասարդները կարդացին աղոթքներ և երգեցին հոգևոր շարականներ: Որից հետո երիտասարդաց միությունը կազմակերպել էր հյուրասիրություն: Ներկա միջավայրը շատ ջերմ էր ու անմիջական: <Արարատ> երիտասարդաց միության անդամները ստացան իրենց շատ հարցերի պատասխաններ և ունեցան մտերմիկ զրույց Սրբազան հոր հետ: Նրանց այն հարցին, թե ինչ կարծիք ունի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանը այսօրվա երիտասարդության մասին, նա պատասխանեց.
-Երիտասարդությունն ինձ համար խավ չէ, դասակարգ չէ: Երիտասարդությունն անհատների հավաքականությունն է, իսկ մարդիկ տարբեր են,- ասաց Գերաշնորհ սրբազանը: Իսկ այն հարցին, թե ինչ արժեքներով նա կհորդորեր այսօրվա երիտասարդներին առաջնորդվել, նա պատասխանեց.
-Ես կուզենայի, որ երիտասարդությունը ներգրավված լինի այն առաքելության մեջ, որն ունի ազգային պատկանելիություն, իսկ եթե այդ պատկանելիությունը չկա, մոլորությունն անխուսափելի է ու կարելի է հեշտությամբ շեղվել: Պետք է ընդգծել մեր ազգայինի կարևորությունը, բայց նաև պետք չէ այն չափազանցնել` ինքներս մեզ կուռքի վերածելով: Իմ հորդորը ձեզ. Անմնացորդ սիրով սիրե՛ք հայրենիքը, Հայ Առաքելական եկեղեցին` իր Մայր Աթոռ Ս. Էջմիածնով:
Ուխտագնացության վերջին հանգրվանը հանդիսացավ Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին:
Վերադառնալով առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի` ևս մեկ անգամ ստանալով Սրբազան հոր օրհնությունը, երիասարդները հրաժեշտ տվեցին միմյանց:
Комментариев нет:
Отправить комментарий