17.08.13 - Տօն Շողակաթին Սրբոյ Էջմիածնի
«Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։ Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման։ Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես»։
«Նկարազարդուած ըստ ներքին սրահի դռան օրինակի։ Դրանք չորս կողմը սիւներ ունեցող արտաքին բակի նման էին՝ երեք յարկերը դէմ առ դէմ դասաւորուած։ Պատշգամբների դէմ-յանդիման տասը կանգուն լայնութեամբ ու հարիւր կանգուն երկարութեամբ մի անցուղի կար, ճանապարհից մէկ կանգուն աւելի ներս. դրանց դռները դէպի հիւսիս էին նայում։ Անցուղիներ կային նաեւ վերնատներում, որովհետեւ սիւները չորս կողմում, ներքեւից վերեւ, խառն էին։ Խառն էին նաեւ անջրպետները եւ շրջանաձեւ սիւները, անջրպետներն ու յենափայտերը, որովհետեւ եռայարկ էին։ Եւ պատշգամբների սիւների պէս սիւներ չկային. դրա համար ներքեւի կողմից միջանցքներ կային։ Միջնայարկերն էլ գետնից յիսուն կանգուն բարձր էին։ Դրսից լոյս ունէին, ինչպէս որ արտաքին բակի պատշգամբները, որոնք նայում էին հիւսիսային պատշգամբների ճիշտ դիմացը, յիսուն կանգուն երկարութեամբ։ Արտաքին բակին նայող պատշգամբների երկարութիւնը յիսուն կանգուն էր, եւ դրանք իրար դիմաց էին, բոլորը միասին հարիւր կանգուն։ Արեւելեան մուտքի պատշգամբների դռները, որոնք արտաքին բակից մտնելու համար էին, շինուած էին հարաւային կողմում առաջին անցուղու լուսամուտի համեմատ, հարաւին դէմ-յանդիման, միջանցքների ու հատուածների դիմաց»։
«Ուրեմն, դէ՛ն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը։ Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծու առաջ ընտրեալ եւ թանկագին է։ Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. քանզի Գրքում էլ կայ, թէ՝ «Ահա՛ւասիկ ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ, թանկագին անկիւնաքար. եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»։ Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ «Այն վէմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղաւ անկիւնաքար»։ Ինչպէս նաեւ՝ «Վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան», որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին։ Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին։ Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք»։
ՃՇՄԱՐԻՏ ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆԸ
«Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»։ Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։ Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն»։
/Մատթ. 16:13-19/
Комментариев нет:
Отправить комментарий