четверг, 30 января 2014 г.

Մարտիրոսներ


         Երբ աստվածգիտության լույսը ծագեց հավատացյալ մարդկանց սրտում, նրանք լսեցին Տիրոջ ձայնը, որ ասաց. ՙԵրանի՛ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՜ք և ուրախացե՜ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել՚ (Մատթ. Ե 11-12): Եվ Սիոնի նորածին որդիները խորհելով, որ իրենք բացի իրենց անձերից ուրիշ ոչինչ չունեն Աստծուն տալու՝ Նրա մեծ սիրո և շնորհած բարիքների դիմաց, Տիրոջ անվան համար կյանքից առավել նախընտրեցին մահը և արհամարհեցին աշխարհիկ կյանքը: Նրանք արհամարհեցին երկրային փառքը, անտեսեցին անցավոր հաճույքները և տուն ու բնակության վայր դարձան Սուրբ Երրորդության համար:

          Մարտիրոսները փոքրաթիվ չեն, ինչպես առաքյալները, այլ ինչպես գարնանը զգալի արեգակի ջերմությունից ամենուրեք բազում վայելուչ ու գեղեցիկ ծաղիկներ են բուսնում, այդպես էլ մարտիրոսների դասերը, Իմանալի Արեգակից հավատի ջերմություն ստանալով, նույն երկրից բուսնելով և ընդունելով պես-պես չարչարանքներ, տարբեր ժամանակներում տարբեր ձևերով նահատակվեցին: Նրանցից ոմանք քարկոծվեցին, ինչպես Ստեփաննոսը, ոմանք սղոցվեցին, ինչպես Եսայի մարգարեն, ոմանք գլխատվեցին, ինչպես Հովհաննես Մկրտիչն ու Պողոսը, ոմանք խաչվեցին, ինչպես Պետրոսն ու Անդրեասը, ոմանք հոշոտման մատնվեցին գազանների ճիրաններում, ինչպես Իգնատիոս Աստվածազգյաց հայրապետը, ոմանք էլ հրով այրվեցին, ինչպես Մատթեոսը: Նրանք, Քրիստոսի համար ծով տանջանքներ կրելով, ելան այս աշխարհից, և նրանցից շատերն էլ մարդկանց անհայտ մնացին, և միայն Աստված գիտի նրանց մասին: Նրանց մասին է ասում Սողոմոնը. ՙՈ՞վ է սա, որ ելել գալիս է անապատից՝ բարձրանալով, ինչպես ծառացած ծուխ, ինչպես զմուռսի և կնդրուկի և ամեն տեսակ յուղերի փոշու սյուն՚ (Երգ Գ 6), քանզի սուրբ մարտիրոսները նահատակությամբ իրենց անուշահոտ բույրը երկինք բարձրացրին: Մարտիրոսների մասին նաև Եսային է ասում. ՙՈվքե՞ր են սրանք, որ թռել են ինչպես ամպ և ինչպես ձագերի հետ խառնված աղավնիներ՝ երամով գալիս են ինձ մոտ՚ (Եսայի Կ 8), քանզի մարտիրոսները երկրից երկինք չվեցին:

          Մարտիրոսը քաջ պատերազմողն է, քանզի մարտնչում է երևելի և աներևույթ թշնամիների դեմ: Երևելի թշնամիները մարդիկ են, ովքեր կարող են չարչարել ու սպանել մարմինը, իսկ աներևույթ թշնամին սատանան է, ով կորստյան է մատնում հոգին ու մարմինը: Մարտիրոսներն իրենց հեղած արյունը՝ որպես սուրբ պատարագ, մատուցեցին Տիրոջը: Նրանք սուրբ կրոնի համար նահատակվեցին և իրենց աղոթասեր հայցմամբ Աստծուց թողություն են խնդրում իրենց սպանողների համար:

     Մարտիրոսների հիշատակը տոնախմբելու համար նիկիական ժողովում առանձնացվեց շաբաթ օրը, և որոշվեց այդ օրը պատարագ մատուցել: Ինչպես շաբաթ օրն Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից, այդպես էլ այս օրը մարտիրոսներին հանգստացնում է իրենց բոլոր չարչարանքներից: Քանի որ ուրբաթ օրը նրանք չարչարանակից եղան Քրիստոսին, այդ պատճառով էլ շաբաթ օրը հանգստանում են Քրիստոսի հետ: Եվ ինչպես շաբաթը մոտ է կիրակիին, այդպես էլ մարտիրոսները մոտ են Քրիստոսին: Եվ ինչպես շաբաթը հավիտյանս անբաժանելի է կիրակիից, այդպես էլ մարտիրոսների դասերն անբաժանելի են անճառելի Աստվածությունից:
     Ինչպես թագավորի գալուստից առաջ նրա ծառաներն առջևից են գնում, այդպես էլ բոլոր սրբերի դասերը, ովքեր նահատակվեցին, հավաքվում են շաբաթ օրը և ընդառաջ ելնում երկնային Թագավորին, Ով գալու է կիրակի օրը: Ինչպես թագավորի առջևից գնացողները զարդարվում են զանազան հանդերձներով, այնպես էլ սրբերն են իրենց անձերը զարդարում զանազան զարդերով, որը մարտիրոսների չարչարանքներն են ու նահատակությունները, ինչպես նաև նրանց պահեցողությունները, աղոթքները, հեզությունը, խոնարհությունը, սերը և ողորմածությունը, քանզի յուրաքանչյուր առաքինություն իր ուրույն զարդն ունի, որը միայն Աստծու ամենատես աչքն է տեսնում:
        Սրբերի տոները սկսում ենք տոնել գիշերամիջին՝ Գիշերային ժամերգությանը, որովհետև նրանք խիստ կռապաշտության և անգիտության խավարում նահատակվեցին: Նրանց գովաբանում ենք, քանի որ թեպետև մեռան, սակայն նրանց հույսը լի է անմահությամբ:
աղբյուր՝ http://ter-hambardzum.net

30.01.2014թ. - Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր


Ադրիանոսը և իր կինը՝ Անատոլան

       Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը, իր կնոջ՝ Անատոլայի, աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում:              Նոր հավատքի համար նա բանտարկվում է և խստագույն չարչարանքների ենթարկվելով նահատակվում է 310 թ.: 
       Անատոլան, որ քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների ժամանակ գոտեպնդում էր բանտարկյալներին՝ չտկարանալու հավատի մեջ և արիաբար ընդունելու մարտիրոսական պսակը, տղամարդու հագուստներով ներկա էր իր ամուսնու նահատակությանը: Նա այնքան անձնվիրաբար էր ծառայում բանտարկյալ քրիստոնյաներին, որ ստանում է «քույր մարտիրոսաց» անունը: Ամուսնու մահից հետո քաշվում է Բյուզանդիոն, ապրում առաքինի վարքով և իր մահկանացուն կնքում խաղաղ մահով:

Սուրբ Թեոդորոս

            Թեոդորոսը զորավար էր հռոմեական բանակում Լիկիանոս կայսեր օրոք: Վերջինս թեև Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների ազատագրման հրովարտակը, բայց հետագայում մտափոխվում է եւ սկսում հալածել քրիստոնյաներին:    Իրազեկ դառնալով, որ Թեոդորոսը ոչ միայն քրիստոնյա է, այլև ուրիշներին է քրիստոնեացնում, Լիկիանոսը հրահանգում է նրան հրաժարվել նոր հավատից եւ դառնալ հին կրոնին: Սակայն Թեոդորոսը գերադասում է ենթարկվել չարչարանքների, քան ուրանալ Քրիստոսին: Կայսեր հրամանով նրան ձաղկում են, ապա գլխիվայր կապում խաչափայտին ու գլխատում 319 թվականին:

Սուրբ Ելևթյուրոս

        Ելևթյուրոսը ապրել և գործել է Դեկոս կայեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելևթյուրոսը դատարանին է դիմում առավել խիստ հանդիմանություններով, որի համար հալածվում է և հրաշքով փրկվում: Հրաշքին ականատես լինելով՝ բազում հեթանոսներ քրիստոնյա են դառնում, ի թիվս որոնց՝ Կալինիկոս քուրմը, որն իրեն բացահայտ քրիստոնյա է հռչակում և գլխատվում: 
        Ելևթյուրոսը, դիմագրավելով բազմաթիվ տանջանքների, վախճանվել է բնական մահով:

вторник, 28 января 2014 г.

28.01.2014թ. - Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր
      Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման եւ ծաղկման: Նա Կիլիկիայից էր եւ ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակին մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում եւ Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին: Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրեւ ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում եւ տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց եւ հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց: 

     Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ, նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա` դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի` նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին:

araratian-tem.am

«ԴՈՒՔ ՁԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵՑԻՔ ՈՐՊԵՍ ՓՐԿԱԳԻՆ ՁԵՐ ՀՈԳԻՆԵՐԻ» (Ժամամուտ)

      Սիրելի՛ք,
   
      Հայրենիքի անկախությունն ունենալն ամենքիս համար մեծագույն պարգև է և պատիվ, սակայն առավել քան պատվականագույն է անկախ Հայրենիքը պահպանելու, զգացնելու կամքը, նվիրումն ու զոհողությունը:
    
      Ավետարանական մի սքանչելի դրվագ կա, երբ Հիսուսի Երուսաղեմի տաճարի մոտ եղող գանձանակի մեջ իրենց ընծաները գցում: Նրանց շարքում մի այրի ու աղքատ կին կար, ով երկու լումա դրեց գանձանակի մեջ: Եվ Հիսուս, դիմելով Իր աշակերտներին, ասաց. «Այդ այրի կինը ավելի տվեց, քան բոլոր մյուսները, որովհետև նա տվեց ինչ որ ուներ ապրուստի համար»: Մյուսներն իրենց ավելորդից տվեցին, իսկ նա՝ ինչ որ ուներ...

     Դարեր շարունակ ողջ հայության առջև, որպես հավերժորեն բաց մի ընծայարան, դրված է եղել մեր Հայրենին, ուր ամեն ոք անցել է ընծայաբերման իր ճամփան և արժանացել Երկնային անդաստաններին:

      Հայոց ոստանի նվիրյա՛լ զինվոր, դու այն միակ ընծայաբերողն ես, ով հայրենիքի պահպանման վեհ գործին ինքն իրեն է զոհաբերում, ով հավատարիմ է իր տված երդմանը, կոչմանն ու առաքելությանը, քանզի՝ «Վարդանի հոգին հրագունդ, անշէջ կը մտնէ ամէն հայու հոգւոյն մէջ»:

      Մեր քաջ նահատակների ոգով ու արյան կանչով տոգորված՝ չես երկնչում անգամ մահվանից, քանզի գիտես, որ կարևորը հոգու անմահությունն է, որ մարմինդ զոհաբերելով՝ հար ու հավիտյան Աստծո ներկայությանն ես արժանանալու:

       Աստվածաշունչ Մատյանն ասում է. «Նեղությունները համբերություն են առաջ բերում և համբերությունը՝ տոկունություն, և տոկունությունը՝ հույս. և հույսը երբեք ամոթով չի թողնում» (Հռոմ. Ե 4-5):

      Անսալով երկնաքառ պատգամ-հորդորին, աղոթենք, որ ՀՈՒՅՍԸ, որպես անշեջ ճառագայթ, դառնա ձեր վեհ գործի ուղենիշը՝ տոգորված հավատքով, սիրով և ինքնաընծայաբերմամբ: Եվ թող Բարձրյալն Աստծո Սուրբ Աջը պահապան լինի ձեզ, նաև զորակից և մարտակից՝ ձեր սուրբ ու նվիրական առաքելության մեջ: Ամեն:

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

28 հունվարի 2014թ.

воскресенье, 26 января 2014 г.

   26.01.2014թ. - Ս. Ծննդյան Բ կիրակի  

       «Մարդկությունը 2000 տարի շարունակ զարմացել ու հիացել է Փրկչի Ծնունդով: Մտքին անհասանելի և միայն հավատով տեսանելի Սուրբ Ծննդյան խորհրդի աշխարհակեցույց ճշմարտությունը շատերը թերահավատորեն մերժել են, շատերը հավատքով ընդունել և վկայել են իրենց կյանքով:

Հավատի աչքերով այսօր տեսնում ենք Բեթղեհեմի այրի մեջ խանձարուրով փաթաթված մանուկ Հիսուսին, Ով աստվածաբար սուրբ ու մանկաբար մաքուր իր հայացքն է հառել աշխարհին և «Եկայք առ իս» հրավերն է կարդում մարդկությանը: Տեսնում ենք Աստվածային Փառքը Նորածին մանկան, երկքնից իջնող հրեշտակների օրհնաբանող զորքերը և մոգերի ու հովիվների հետ խոնարհյալ փառաբանում ենք՝ «Մեզ և ձեզ մեծ ավետիս. Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

Մսուրի խոնարհ հարկի տակ Աստված մարդացավ՝ ծնվեց Անբավելին երկնի և եկրի: Շարականագիրը «մեծ ու սքանչելի» է կոչում այս խորհուրդը, որի բովանդակությունը Աստծո Մարդասիրությունն է, Աստծո՝ առ ի արարածը ունեցած Սիրո Հայտնությունը: «Քանզի, - ինչպես առաքյալն է ասում, - ո՞վ կարող է պահել մեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել իր փառքի առաջ անխառն ցնծությամբ» ՚(Հուդա Ա 24): Ո՞վ կարող է մեղքի մահացու ոստայնից ազատել մադուն, նորոգել մեղավոր ու վիրավոր հոգին և բարձրացնել դեպի իր նախաստեղծ կատարելությունը, եթե ոչ Նա, Ով արարեց մեզ Իր պատկերով ու նմանությամբ: 

Եկավ Աստվածորդին, քայլեց մարդկանց մեջ, ուսուցանեց, ուրախացավ Կանայի հարսանիքում, արտասվեց Ղազարոսին սգացողների հետ, բժշկեց, մխիթարեց ու հարություն պարգևեց: Աստվածային զորությամբ ու մարդկային մեղքի դառնության բաժակը, հանձն առավ խաչելությունը, ու մենք «սերը նրանով ճանաչեցինք»:

Հատված Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ պատգամից, նվիրված ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
(Սուրբ Էջմիածին, 6 հունվարի 2002թ.)

ԱԳԱՀ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ


        Մի ծերունի քաղաք գնաց` իր ձեռագործ աշխատանքները վաճառելու: Պատահեց, որ մահամերձ վիճակում գտնվող մի մեծահարուստի դռան առջև նստեց: Եվ ահա տեսավ սևակերպ ձիեր և սևադեմ ու սարսափազդու հեծյալներ, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռքում հրեղեն գավազան ուներ: 

      Հասնելով մեծահարուստի դռանը, ձիերից իջնելով` բոլորն էլ արագորեն տուն մտան: 

       Հիվանդը, նրանց տեսնելով, սկսեց Աստծուն աղաղակել. 

       - Տե՛ր, օգնի՛ր ինձ:

       Իսկ նրանք ասացին.

     – Ա՞յժմ հիշեցիր Աստծուն, երբ արեգակը մայր մտավ: Ինչո՞ւ Նրան չէիր փնտրում կյանքիդ բոլոր օրերին, քանի դեռ արևը ծագում էր: Այլևս ո՛չ հույսի, ո՛չ էլ մխիթարության բաժին կա:

суббота, 25 января 2014 г.

25.01.2014թ - Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր



Սբ. Աթանաս և Սբ. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների եւ ուսմունքների:
Աթանասը (295-373թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման խնդրին: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: Սբ. Աթանասը, 328 թվականին բարձրանալով պատրիարքական աթոռ, հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ.Պոլսի 381 թվականի Տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը:
Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում: Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ Տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը  դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:

qahana.am

пятница, 24 января 2014 г.

ՀՈԳՈՒ ՄԱՍԻՆ


       Այնպես պատահեց, որ մի անգամ ոմանք պանդոկում գինի էին խմում և հարբած խոսում էին միմյանց հետ զանազան բաներից: Հետո զրույց բացվեց, թե այս աշխարհից հեռանալուց հետո ի՞նչ է լինելու: Այդ ժամանակ նրանցից մեկն ասաց.

Քահանաները սնոտի կերպով մեզ ծաղրում են, երբ ասում են, թե հոգիներն այս կյանքից հետո կենդանի են մնում:

       Այս լսելով` ամենքն էլ ծիծաղեցին: Եվ ահա ուժեղ ու մեծահասակ մի մարդգալովնրանց մոտ նստեց և, հրամայելով գինի բերել, սկսեց ըմպել և հարցրեց, թե միմյանց հետ ի՞նչ են խոսում: Առաջինը պատասխան տվեց.

Մարդկանց հոգիների մասին էինք զրուցում. եթե մեկը կամենար իմ հոգին գնելնրան էժան կվաճառեի և ինչ որ առնեի, հոժարությամբ ամենքի փոխարեն գինու գինը կվճարեի:

      Եվ երբ բոլորը նրա անմիտ խոսքի վրա ծաղրում էին, հյուրն ասաց.

Ես այդպիսի վաճառող եմ փնտրում և հոժարությամբ կգնեմ: Ասա՛, ի՞նչ գնով ես վաճառում այն:

       Իսկ նա, բերանը բացելով, պատասխանեց.

Այսքան:

      Եվ անմիջապես գինը որոշեցին, և հոգիների գնորդը գումարը տվեց: Եվ երբ ամենքն ուրախությամբ լի բաժակով [գինիէին խմում, նա, որ իր հոգին էր վաճառելհոգ չէր անում: Իսկ երբ երեկո եղավ, վաճառականն ասաց.

Ժամանակն է, որ յուրաքանչյուր ոք իր տունը գնա, բայց մինչև գնալը` նախ դատաստան արեք: Եթե մեկը ձի գնի, և այն բերանին սանձ ունենա, մի՞թե սանձը նրանը չի լինի, որ ձին գնել է:

      Ամենքն էլ միաբերան պատասխան տվեցին.

Այդպես է:

      Եվ ահա հոգեվաճառ թշվառականն ահից սկսեց դողալ: Իսկ վաճառականընրան առնելով, բոլորի աչքի առաջ վեր բարձրացրեց և հոգով ու մարմնով իր հետ դժոխք տարավ, քանզի մարդու կերպարանքով սատանան էրքանզի մարդու հոգին էլ ուրիշ ո՞վ կգնի, եթե ոչ նա, ով մշտապես փնտրում է որպեսզի մարդու հոգին կորստյան մատնի:

среда, 22 января 2014 г.


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ 
Ամեն

«Վասն այդորիկ մարգարէաց եւ ասասցես 
ցդոսա, այսպէս ասէ Տէր Աստուած.
Ահաւասիկ ես բացից զգերեզմանս ձեր, 
եւ հանից զձեզ ի գերեզմանաց ձերոց՝
ժողովուրդ իմ. եւ տարայց զձեզ յերկիրն Իսրայելի»:

«Դրա համար մարգարեացիր և ասա 
նրանց. Այսպես է ասում Տեր Աստված.
Ահա ես պիտի բացեմ ձեր գերեզմանները, 
և Ձեզ՝ իմ ժողովուրդ, դուրս պիտի 
հանեմ ձեր գերեզմաններից, և ձեզ պետք է
 տանեմ Իսրայելի երկիրը»:
(Եզեկիէլ ԼԷ-12)

       Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

       Աստված Իսրայելին համարելով որպես ընտրյալ մի ժողովուրդ և վերցնելով իր նախախնամության ներքո, ընտրեց այդ ազգից մարդկանց, որպես միջնորդ Իր և հրեա ազգի միջև:
       Մարդիկ, որոնք համարվում էին Ածյ. բերան, այսինքն Աստվածային խոսքի կամ պատվիրանի մեկնիչներ հասարակ ժողովրդի մոտ:
     Ահա այդպիսին էր Եզեկիել մարգարեն, ով ապրել է Քրիստոսից մի քանի հարյուր տարիներ առաջ:
      Եզեկիելը քահանա էր Քաղդեացիների երկրում: Մի օր, երբ նա գտնվում էր գերիների մեջ Քոբար գետի մոտ, այնտեղ նրան երևում է Տերը և կարգում մարգարե Իսրայելի ժողովրդի վրա:
  Իսրայելի այս ժամանակվա պատմությունը հարուստ է զանազան պատմվածքներով, որոնց մեջ խոսվում է բազմաթիվ եղբայրասպանությունների, խռովությունների և ժողովրդի առաջնորդների դեմ եղած դավադրությունների մասին: Հավատքի և բարոյականության վերաբերյալ մշակված սկզբունքները հետզհետե մոռացվում և խորտակվում էին: Կրոնը դարձել էր ատելի: Ուրանալով իրենց հայրերի, Աբրահամի, Իսահակի և Կակոբի Ածյն., պաշտում էին կուռքերին: Օրենքներն այլևս չէին գործադրվում: Եվ այս բոլորը սովորեցնում էին թափառաշրջիկների և մուրացկանների խմբերը, որոնք ոչ Աստված էին ճանաչում, ոչ՝ օրենք:
    Ահա այսպիսի քաոսային վիճակում էր գտնվում Իսրայելը, երբ Եզեկիելը մարգարեացավ:
     Աստված Եզեկիելին հոգով տեղափոխելով չորացած ոսկորներով մի դաշտ, ասում է. «որ սա Իսրայելի տան ոսկորներն են»:
      Տուն կամ ազգ, որը մինչև այսօր համարվել է Ածյ. ընտրյալը: Բայց ահա իրենց ձեռքով կորցրեցին այն, ինչ Աստվածային էր և այժմ թափված են այս դաշտում, որպես չորացած ոսկորներ:
   Տերը խոստանում է մարգարեին, որ կբացի իսրայելացիների բոլոր գերեզմանները, դուրս կհանի նրանց ոսկորները խավարից և կմարմնավորի ու նոր հոգի կփչի այդ անոթների մեջ, նրանց քարացած սրտերը կփոխի՝ նոր և ազնիվ սրտերով: Հավաքելով Իսրայելի որդիներին օտար ազգերի միջից, կբերի իրենց երկիրը և կդարձնի մեկ հոտ և մեկ հովիվ:

     Սիրելի հավատացյալներ, Եզեկիելի այս տեսիլքը՝ հայտնված Ածյ. կողմից այլաբանական մեծ նշանակություն ունի: Վերը հիշված այդ ոսկորներով լեցուն դաշտը և Ածյ. ակնարկած գերեզմանները, ոչ այլ ինչ են, եթե ոչ ֆիզիկական գոյությունները պահպանած, բայց հավատքով և բարոյապես մերկ մի ժողովուրդ՝ կորցրած նաև իրենց քաղաքական անկախությունը:
   Չդիմանալով Ածյ. փորձություններին՝ այս ժողովուրդը բազում անգամ ըմբոստացավ նրա դեմ, կուռքեր շինեց, երկրպագեց օտարների չԱստվածներին:
      Իհարկե այս բոլորը տեսնում էր Աստված և համբերում: Աստված կարող էր պատժել այս ժողովրդին, բայց չէ որ «Աստված Սէր է» և նա սիրում է մարդուն, չէ որ նա այնքան սիրեց մարդուն, որ ստեղծեց իր պատկերով և իր նմանությամբ: Եվ ահա մարդը, չհասկանալով այս բոլորի արժեքը, ցանկանում էր եղծել Աստվածային պատկերը իր մարդկային տկարությամբ:
      Բայց մարդը չի կարող այնքան մեծ մեղք գործել, որ սպառի Ածյ. անհուն սերը:
Իսրայելացիների այդ արարքների դիմաց անհիշաչար Աստված հարություն տվեց նրանց և վերադարձրեց Ավետյաց երկիր:
   Նրանք ճիշտ ժամանակին գիտակցեցին իրենց ամբարտավանությունը և խոնարհաբար ընդունեցին Աստվածային շնորհները:
      «Տէրն ամբարտաւաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Յակոբոս Դ-6):

    Սիրելի հավատացյալներ, Աստվածաշնչի այս պատմությունը միայն իսրայելացիներին չի վերաբերում, այլ բոլոր ժողովրդներին, որոնք չեն կատարել Աստծո պատգամը և շեղվել են երջանկության ճանապարհից:
     Աստված համայն մարդկությանը ստեղծեց երջանիկ: Եվ այն ազգը կամ ժողովուրդը, որ կատարելապես երջանիկ է, ուղղակի արժանի է ասելու ինքնիրեն. «Ես կատարեցի Ածյ. պատգամը երկրի վրա»: «Ցոյց մեզ, Տէր, զողորմութիւնս քո եւ զփրկութիւնս քո տուր մեզ» (Սաղմ. ԻԷ-8):

Այժմ և միշտ և հավիտյանս յավիտենից: Ամեն

Տեր Պետրոս ավգ. քհն. Մալյանի քարոզը 
«Հսկման» ժամերգությունից հետո
21.01.2014թ.
      Երեկ՝ հունվարի 21-ին՝ երեքշաբթի օրը, ինչպես Երևանի բոլոր եկեղեցիներում, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում էլ տեղի ունեցավ «Հսկման» ժամերգություն հանդիսապետությամբ՝ արժանապատիվ Տեր Պետրոս ավգ. քահանա Մալյանի: Ժամերգությանը մասնակցում էր նաև «Ծաղկազարդ» համախումբը (գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գրիգորյան):
    Քարոզից առաջ Տեր Հայրը հավատացյալներին ներկայացրեց հունվարի 19-ի, լույս 20-ի գիշերը մեր հայրենիքի սահմանների վրա ադրբեջանական դիվերսոն հարձակման մասին, որի ժամանակ հայկական ինը հոգանոց խումբը հերոսաբար դուրս էր եկել թշնամու երեսուն հոգանոց ոհմակի դեմ՝ պատճառելով հակառակորդին մեծ կորուստներ: Ինչի արդյունքում քաջաբար զոհվեց ժամկետային զինծառայող սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: «Հսկման» ժամերգության վերջում Տեր Հայրը մեր հերոս զինվորի հոգու համար կատարեց հոգեհանգստյան կարգ: 


    «Արարատ» երիտասարդաց միությունը կրկին անգամ ցավակցում է Հովհաննիսյանների ընտանիքին, մեր ժողովրդին, որ կորցրեցինք մեր օրերի հերոս զավակին: <<ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՈՒՆ Է>>:




вторник, 21 января 2014 г.

21.01.2014 - Սբ. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի և Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր





Գորդիոսը Կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների` նա գնում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, որ ինքը քրիստոնյա է ու սկսում քարոզել Ճշմարտությունը: Նրան ձերբակալում են և ստիպում, որ կուռքերին զոհեր մատուցի: Սակայն Սուրբն անդրդվելի էր: Բազում չարչարանքներից հետո նա 320 թվականին ավանդում է հոգին: Քրիստոնյաները հավաքում են նրա ոսկորներն ու պատվով հողին հանձնում:
Պողիկտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեություն: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև` պատռելով այն: Հաստատ մնալով իր հավատքին գլխատվում է` արժանանալով երկնային անթառամ պսակին: Նահատակվել է 259 թվականին:
Գրիգորիսը նահատակվել է 549 թվականին Դենշապուհի հալածանքների ժամանակ: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում` վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք` իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին: Բայց սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակվում:

Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, որի անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է ու հոգին ավանդում` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել  305 թվականին: Հայ Եկեղեցին Սբ. Կիրակոսին  պատվել է հատուկ շարականով:

qahana.am

понедельник, 20 января 2014 г.

20.01.2014թ. - Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր


       Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 
       379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես Հայրապետին: 
      Ուղղափառ հավատի զորացման համար կարևորվում է 381 թվականին նրա հրամանով գումարված Կ. Պոլսի Տիեզերական ժողովը: Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը: Երբ Միլանի եպիսկոպոսն ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի, կայսրին արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո ոտք դնում Աստծո տաճար: 


       Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը: Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են, ընդունելով քրիստոնեական հավատը: Վերջինիս համար հալածվում են Դեկոս կայսրի կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում: Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի եւ արթնանում միայն 389 թվականին: Թեոդոս բարեպաշտ կայսրի օրոք: Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիներն ամենամեծ պատիվներով դիմավորում են հալածված քրիստոնյաներին: Վերադառնալով իրենց քարայրը, 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ` հավերժական քնով: Նրանց թաղում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է փառահեղ մի եկեղեցի:

araratian-tem.am