Ամեն
«Վասն այդորիկ մարգարէաց եւ ասասցես
ցդոսա, այսպէս ասէ Տէր Աստուած.
Ահաւասիկ ես բացից զգերեզմանս ձեր,
եւ հանից զձեզ ի գերեզմանաց ձերոց՝
ժողովուրդ իմ. եւ տարայց զձեզ յերկիրն Իսրայելի»:
«Դրա համար մարգարեացիր և ասա
նրանց. Այսպես է ասում Տեր Աստված.
Ահա ես պիտի բացեմ ձեր գերեզմանները,
և Ձեզ՝ իմ ժողովուրդ, դուրս պիտի
հանեմ ձեր գերեզմաններից, և ձեզ պետք է
տանեմ Իսրայելի երկիրը»:
(Եզեկիէլ ԼԷ-12)
Աստված Իսրայելին համարելով որպես ընտրյալ մի ժողովուրդ և վերցնելով իր նախախնամության ներքո, ընտրեց այդ ազգից մարդկանց, որպես միջնորդ Իր և հրեա ազգի միջև:
Մարդիկ, որոնք համարվում էին Ածյ. բերան, այսինքն Աստվածային խոսքի կամ պատվիրանի մեկնիչներ հասարակ ժողովրդի մոտ:
Ահա այդպիսին էր Եզեկիել մարգարեն, ով ապրել է Քրիստոսից մի քանի հարյուր տարիներ առաջ:
Եզեկիելը քահանա էր Քաղդեացիների երկրում: Մի օր, երբ նա գտնվում էր գերիների մեջ Քոբար գետի մոտ, այնտեղ նրան երևում է Տերը և կարգում մարգարե Իսրայելի ժողովրդի վրա:
Իսրայելի այս ժամանակվա պատմությունը հարուստ է զանազան պատմվածքներով, որոնց մեջ խոսվում է բազմաթիվ եղբայրասպանությունների, խռովությունների և ժողովրդի առաջնորդների դեմ եղած դավադրությունների մասին: Հավատքի և բարոյականության վերաբերյալ մշակված սկզբունքները հետզհետե մոռացվում և խորտակվում էին: Կրոնը դարձել էր ատելի: Ուրանալով իրենց հայրերի, Աբրահամի, Իսահակի և Կակոբի Ածյն., պաշտում էին կուռքերին: Օրենքներն այլևս չէին գործադրվում: Եվ այս բոլորը սովորեցնում էին թափառաշրջիկների և մուրացկանների խմբերը, որոնք ոչ Աստված էին ճանաչում, ոչ՝ օրենք:
Ահա այսպիսի քաոսային վիճակում էր գտնվում Իսրայելը, երբ Եզեկիելը մարգարեացավ:
Աստված Եզեկիելին հոգով տեղափոխելով չորացած ոսկորներով մի դաշտ, ասում է. «որ սա Իսրայելի տան ոսկորներն են»:
Տուն կամ ազգ, որը մինչև այսօր համարվել է Ածյ. ընտրյալը: Բայց ահա իրենց ձեռքով կորցրեցին այն, ինչ Աստվածային էր և այժմ թափված են այս դաշտում, որպես չորացած ոսկորներ:
Տերը խոստանում է մարգարեին, որ կբացի իսրայելացիների բոլոր գերեզմանները, դուրս կհանի նրանց ոսկորները խավարից և կմարմնավորի ու նոր հոգի կփչի այդ անոթների մեջ, նրանց քարացած սրտերը կփոխի՝ նոր և ազնիվ սրտերով: Հավաքելով Իսրայելի որդիներին օտար ազգերի միջից, կբերի իրենց երկիրը և կդարձնի մեկ հոտ և մեկ հովիվ:
Սիրելի հավատացյալներ, Եզեկիելի այս տեսիլքը՝ հայտնված Ածյ. կողմից այլաբանական մեծ նշանակություն ունի: Վերը հիշված այդ ոսկորներով լեցուն դաշտը և Ածյ. ակնարկած գերեզմանները, ոչ այլ ինչ են, եթե ոչ ֆիզիկական գոյությունները պահպանած, բայց հավատքով և բարոյապես մերկ մի ժողովուրդ՝ կորցրած նաև իրենց քաղաքական անկախությունը:
Չդիմանալով Ածյ. փորձություններին՝ այս ժողովուրդը բազում անգամ ըմբոստացավ նրա դեմ, կուռքեր շինեց, երկրպագեց օտարների չԱստվածներին:
Իհարկե այս բոլորը տեսնում էր Աստված և համբերում: Աստված կարող էր պատժել այս ժողովրդին, բայց չէ որ «Աստված Սէր է» և նա սիրում է մարդուն, չէ որ նա այնքան սիրեց մարդուն, որ ստեղծեց իր պատկերով և իր նմանությամբ: Եվ ահա մարդը, չհասկանալով այս բոլորի արժեքը, ցանկանում էր եղծել Աստվածային պատկերը իր մարդկային տկարությամբ:
Բայց մարդը չի կարող այնքան մեծ մեղք գործել, որ սպառի Ածյ. անհուն սերը:
Իսրայելացիների այդ արարքների դիմաց անհիշաչար Աստված հարություն տվեց նրանց և վերադարձրեց Ավետյաց երկիր:
Նրանք ճիշտ ժամանակին գիտակցեցին իրենց ամբարտավանությունը և խոնարհաբար ընդունեցին Աստվածային շնորհները:
«Տէրն ամբարտաւաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Յակոբոս Դ-6):
Սիրելի հավատացյալներ, Աստվածաշնչի այս պատմությունը միայն իսրայելացիներին չի վերաբերում, այլ բոլոր ժողովրդներին, որոնք չեն կատարել Աստծո պատգամը և շեղվել են երջանկության ճանապարհից:
Աստված համայն մարդկությանը ստեղծեց երջանիկ: Եվ այն ազգը կամ ժողովուրդը, որ կատարելապես երջանիկ է, ուղղակի արժանի է ասելու ինքնիրեն. «Ես կատարեցի Ածյ. պատգամը երկրի վրա»: «Ցոյց մեզ, Տէր, զողորմութիւնս քո եւ զփրկութիւնս քո տուր մեզ» (Սաղմ. ԻԷ-8):
Այժմ և միշտ և հավիտյանս յավիտենից: Ամեն
Տեր Պետրոս ավգ. քհն. Մալյանի քարոզը
«Հսկման» ժամերգությունից հետո
21.01.2014թ.
21.01.2014թ.
Комментариев нет:
Отправить комментарий