ՄՇՈ ՍԲ. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ
Հայոց ամենանշանավոր վանքերից է Մշո Սբ. Կարապետ (Գլակա) վանքը, որի հիմնադիրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն էր, և որը գործել է ընդհուպ 1915 թվականը: Դեռևս նախորդ դարի սկզբին Սբ. Կարապետի միաբան Կարապետ վարդապետ Լուսարարյանը հրատարակել է վանքի պատմությունն ու առաջնորդների գավազանագիրքը: Հռչակավոր վանքին տարբեր առիթներով անդրադարձել են նաև այլ հետազոտողներ:
Վանքի տեսքը հարավ-արեւմուտքից 1900-ական թթ. մինչեւ 1950-ական թթ.:
Այժմ վանքի տեղում գտնվում է Շանգլի քրդաբնակ գյուղը:
Ս. Կարապետի վանքը գտնվում է Մուշ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք` Քարքե կոչվող լեռան լանջին։ Նա ամենագեղեցիկն ու ամենաընդարձակն է եղել գավառական վանքերից։ Ս. Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։ Վանքը կառուցվել է 4-րդ դարում։ Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, և նրա մահից հետո նրա մարմինը ամվափվել է ս. Կարապետ կոչված մատուռի տակ: Ս. Կարապետի վանքից դեպի Մուշի դաշտը բացվում է մի գեղեցիկ տեսարան, հեռվում երևում են դաշտի եզրում ընկած լեռները և Տավրոսի շղթան։ «Բնության ամենից զմայլելի, ամենից սիրուն մի կետն է ս.Կարապետ վանքը, կարծես հակինթ լինի վայելչանիստ տափու վրա բնական ակնակապիճի մեջ»։
Ս. Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։ Նա ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն էր, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանը ս. Էջմիածնից հետո։ Նրա համբավն ու հռչակը դուրս էր եկել ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար: Բացի այդ` մեր մատենագիրների մոտ կան հիշատակություններ, որ օտարազգի քրիստոնյաներ շատ հաճախ են ուխտի եկել ս. Կարապետի վանքը։
Ինչպես Մուշի մյուս վանքերը, նույնպես և ս. Կարապետի վանքը հայտնի է եղել մի քանի անուններով։ Համանուն շատ եկեղեցիներից տարբերելու համար նրան անվանել են Մշո կամ Մուշի ս. Կարապետ, նաև Մուրատտու կամ Մուրատատուր ս. Կարապետ, ինչպես նաև Մշո Սուլթան ս. Կարապետ։ Նա կոչվել է նաև Իննակնյա վանք` վանքի մոտակայքում իրար մոտ բխող ինը սառնորակ, աղբյուրների պատճառով։ Կոչվել է նաև Գլակա վանք՝ իր առաջին վանահոր` Զենոբ Գլակի անանով, որը ասորի եպիսկոպոս էր և տեղի վանահայրը։ Նա է մեզ հասցրել տեղեկություններ վանքի հիմնադրման և սկզբնական շրջանի պատմության մասին։
Մի այլ ստուգաբանություն ասում է նաև, որ Գլակա է կոչվել, ոչ թե Զենոբ Գլակի անունից, այլ վանքի մոտ գտնվող միաձայն գլգլան ջրվեժների պատճառով։
Ս. Կարապետի ավագ տաճարը կառուցվել է սրբատաշ քարերից, մեծ մասամբ գորշ գույնի։ Առաստաղը հյուսված է մանր ու բազմաթիվ կամարներից, իսկ ներքևից տասնվեց մեծ և կլոր սյուներ՝ միակտոր ու միջակ մեծությամբ, պահում են առաստաղը։ Ունեցել է հինգ մատուռներ և տասը խորաններ։ Զանգակատունը եղել է շատ շքեղ և մեծ, կախված են եղել չորս մեծ զանգակներ, որոնց ղողանջները լսվում էին Մուշի դաշտի հեռավոր վայրերում։
Արտաքին դռնից մտնում ենք գավիթ, որը ներսից և դրսից նույնպես պատած է սրբատաշ քարերով։ Այն, համեմատած եկեղեցու ընդարձակության հետ, շատ փոքր է, որովհետև գավիթը նախատեսված է որպես պատվանդան հոյակապ զանգակատան համար։ Գավթի պատերը և ներսից, և դրսից ծածկված են հին ժամանակների գրություններով ու արձանագրություններով։
Վանքի վիճակը 20-դ. վերջերին:Այս լուսանկարն արվել է 1970 թ.Ա. Հախնազարյանի կողմից
Երկրորդ դռնով, մի աստիճան ցած իջնելով, մտնում ենք տաճար, ուր տպավորությունը շատ ազդեցիկ է։ Տաճարը կամ ժամատունը բարձրանում է հին վկայարանի վրա, որտեղ, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը ամփոփել է ս. Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները։ Ավագ խորանը ս. Խաչի անունով է։ Դեպի աջ բացվում է ս.Ստեփաննոսի մատուռի դուռը, որի երկու կողմերին փոքրիկ խորաններ կան, գեղեցիկ կամարներով՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին։ Իսկ Պետրոս Առաքյալին նվիրված խորանի մոտ` Ստեփաննոսի մատուռին կից, մի ուրիշ խորան էլ կա` նվիրված Հակոբոս Տեառնեղբորը։
Ավագ խորանի ձախ կողմում ս. Կարապետի մատուռն է, որի դռան մոտ` մատուռի պատին կից, մի ուրիշ խորան կա` նվիրված Լուսավորչին։ Այսպիսի հինգ խորաններ էլ կան ժամատան մեջ` չհաշված մատուռների խորանները։
Տաճարի լայնության կենտրոնում գտնվում է Ավագ սեղանը՝ քառակուսի և վայելուչ բեմով, որը տաճարը բաժանում է երկու մասի։ Մի կողմում` ս. Կարապետի, իսկ մյուս կողմում` ս. Գևորգի խորաններն են։ Ավագ սեղանի աջակողմյան մասը զարդարված է մարմարյա խաչքարերով, որոնց վրա արձանագրություններ կան։ Ավագ սեղանի վրա բարձրանում է նաև մի ոսկեզօծ գեղաքանդակ խաչկալ, որի վրա դրված է ս. Աստվածածնի պատկերը՝ շրջապատված հրեշտակներով։
Գեղեցիկ է ս. Կարապետի զանգակատունը։ Նա գմբեթավոր է, և հենված է ութ սյուների վրա։ Զանգակատունը մի սեղան ունի ս. Հոգու անունով։ Ս. Կարապետի ժամատան սալահատակում զետեղված են վեմեր, որոնք ծածկում են հայ պատմագիրների հիշատակած իշխանների և ռազմիկների գերեզմանները։ Սասանյանների դեմ մղված արյունահեղ պատերազմներն ենք ակամայից հիշում, գրում է Լինչը, տեսնելով Մուշեղի, Գայլ Վահանի և Սմբատի գերեզմանները։
Ս. Կարապետի վկայարանը բոլորից հին շենքն է համարվում։ Նրա երկարությունը տասը մետր է, լայնությունը` վեց մետր, բարձրությունը` տասնհինգ մետր։ Ս. Կարապետի վկայարանը կառուցված է առանց սյուների։ Չորս կողմը ձգված են կամարներ։ Խորանի աջ կողմում գտնվում է վեցից-յոթ մետր բարձրությամբ խաչքար, որը պատկերների, դրվագների, քանդակների նրբությամբ իր տեսակի մեջ սքանչելի է։ Բեմի ներքևը զարդարված է մարմարյա խաչքարերով, թվով հինգ հատ, որոնց վրա կան արձանագրություններ:
Այն, ինչ մնացել է վանքից` ըստ 2000 թ. արված լուսանկարների:
Լուսանկարները` Ս. Կարապետյանի, 2000 թ.:
Ս. Կարապետի շուրջը կան նաև այլ սրբավայրեր։ Գերեզմանատան հարավային մասում է գտնվում ս. Գևորգ տաճարը, որը նույնպես առանց սյուների է կառուցված։ 1866 թվականի երկրաշարժի ժամանակ ճեղքվել էին նրա կամարները։ Այս տաճարը օգտագործվել է որպես մատենադարան և մատյանների պահեստ։ Միևնույն ժամանակ այստեղ պահվել են եկեղեցական մյուս կարևոր իրերը, սպասքներն ու անոթները, որոնցով հարուստ է եղել ս. Կարապետի վանքը։
Գերեզմանատան աջակողմում է գտնվում ս. Ստեփանոսի տաճարը, որը նման է ս. Կարապետի վկայարանին, սակայն ավելի ընդարձակ է, լուսավոր և գեղեցիկ։
Ս. Աստվածածնա վկայարանը նույնպես կառուցված է առանց սյուների, հատակը չի սալարկված։ Ունի երկու խաչկալներ։ Ս. Աստվածածնա վկայարանը Հովհաննու Կարապետի տոնին տրամադրվում էր ասորի հոգևորականներին, որոնք գալիս մասնակցում էին տոնակատարությանը։
Տաճարի ետևում Խաչբակն է, որտեղ թաղված են վանահայրեր, վարդապետներ։ Իսկ հյուսիսային և արևմտյան կողմերում երկհարկանի խուցեր են, որոնք ուխտավորների և վանքի պաշտպանության համար են եղել։ Սրանց միջև կառուցվել է վարժարանը և աշակերտների ննջասենյակները։ Հարավարևմտյան բակում գտնվում է ս. Հարություն մատուռը, որը շրջապատված է քարե պարսպով։ Ըստ ավանդության այստեղ է եղել «դևերի կայանը», որը կործանել է Լուսավորիչը։ Ժողովուրդը այն անվանել է «Դժոխքի դուռ»։ Եվ երբ Լուսավորիչը կործանել է նրանց մեհյանը, ապա դևերին շղթայակապ իջեցրել է անդունդի մեջ։ Տարոնի աշուղները երգում են.
«Լուսավորիչը ժողվեց դիվան՝ լցեց զնդան.
Կաղ դեն եկավ ասաց.
«Յաման, Զիս մի դներ զնդան։
Ես կեղիմ սուրբ Կարապետու փոշեհան…»։
1883 թվականին ս. Կարապետի վանքում լույս է տեսնում «Արծիվ Տարոնո» հանդեսը, որի անվանաթերթի վրա գրված էր.
Թռացեալ թևոք Վասպուրական Արծվույն ի Մամիկոնյան աշխարհեն Յիննակնեան լերանց ի Մշո ս. Կարապետի հրաշալի ուխտեն։
Մուշ (Տարոն) 1863– 1865
Խմբագիր՝ ԳԱՐեԳԻՆ ՍՐՎԱՆՁՏ3ԱՆ
Տպարան «Վասպ. Արծվույն»
«Արծիվ Տարոնո» հանդեսը լույս է տեսնում երեք տարի՝ 1863 թվականի ապրիլի 1–ից մինչև 1865 թվականի հունիսի 1-ը, ընդամենը 43 համար։
աղբյուրը՝ akunq.net
Комментариев нет:
Отправить комментарий