воскресенье, 5 января 2014 г.

05.01.2014թ - Ս. Ծննդյան պահքի վեցերորդ օր: Ս. Բարսեղ հայրապետի և նրա եղբայր` Գրիգոր Նյուսացու, Հռոմի Սեղբեստրոս հայրապետի և աբբա Եփրեմ Խուրի Ասորու հիշատակի օր

    Ս.Բարսեղ Մեծ արքեպիսկոպոս Կեսարացին ծնվել է 330 թվականին Կեսարիայում, հայտնի քրիստոնյա հարուստ ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է հորից, այնուհետև ուսանել է Կեսարիայի լավագույն ուսուցիչների մոտ, հետո՝ Անտիոքում:  301-ին Կոստանդնուպոլսում ուսումը շարունակել է նշանավոր հռետոր Լիբիանոսի դպրոցում, այնուհետև՝ Աթենքի համալսարանում ուսումնասիրել է քրիստոնեական վարդապետություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, աստղագիտություն, երկրաչափություն, բժշկություն: Վերադառնալով Կեսարիա Գրիգոր Աստվածաբանի հետ ուսումնասիրել է Աստվածաշունչը, հաղորդակցվել եկեղեցու հայրերի և ուսուցիչների ժառանգության հետ: Գրիգոր Աստվածաբանի հետ կազմել է «Սուրբ Գիրքը և նրա մեկնաբանը՝ Որոգինեսը» աշխատությունը: Կեսարիայում կառուցել է 2 մենաստան: Մահացել է երիտասարդ, 49 տարեկանում, 379 թվականի հունվարի 1-ին:


    Գրիգոր Նյուսացին Ս.Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն էր: 372 թվականին Կապադովկիայի Նյուսա քաղաքի եպիսպոկոսն էր: Նա իր եղբոր հետ անդուլ պայքարել է արիոսականության դեմ, ինչի համար հալածվել է և արիոսամետ Վաղես կայսրը նրան աթոռազրկել է ու աքսորել: 379 թվականին նա մասնակցել է Անտիոքում գումարված ուղղափառ եպիսկոպոսների ժողովին: Որպես թեմական քննիչ և տեսուչ ուղարկվել է Պոնտոսի, Պաղեստինի և Արաբիայի թեմերը՝ ամրապնդելու ողղափառության դիրքերը՝ զսպելու արիոսականների և մյուս հերձվածողների անկարգությունները: Գրիգոր Նյուսացին 381 թվականին մասնակցել է Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովին և Գրիգոր Նազիանզացու հետ վճռական դեր խաղացել Նիկիական հանգանակը պաշտպանելու և Մակեդոնի հերձվածը դատապարտելու գործում: Ապրել է խոր ծերություն: Խաղաղ մահացել է Կոստանդնուպոլսի տաճարում: Սուրբը Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից է, Հայ Առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով: 
      Սեղբեստրոսը (314-335) ծնվել է Հռոմում: Հոր մահից հետո, ուսուցիչը նրան կրթության է տվել և դաստիարակել որպես ճշմարիտ քրիստոնյա: Չափահաս դառնալով նա կատարել է Աստծո պատվիրանները՝ ծառայել մերձավորներին, հատուկ օգնել թափառականներին: Քրիստոնյաներին հալածելիս, նա չի վախեցել ընդունել սուրբ եպիսկոպոս Տիմոթեոսին, որի մոտ բնակվել է մոտ մեկ տարի: Քսան տարուց ավելի նա ղեկավարել է Հռոմի եկեղեցին, վայելելով քրիստոնյաների հարգանքը: Նա խաղաղ մահացել է 335 թվականին, խոր ծերության հասակում:


     Սուրբ Եփրեմ ասորի Խուրին  ապաշխարության ուսուցիչն է: Ծնվել է 306 թվականին Եդեսիայում, քրիստոնյա աղքատ հողագործի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է Մծբինում: Ծնողները նրան բարեպաշտ էին դաստիարակել, սակայն մանկուց առանձնահատուկ բնավորություն ուներ և հաճախ կատարում էր չմտածված արարքներ: Մի անգամ նրան մեղադրել են ոչխարի գողության համար և բանտ նստեցրել: Երազում նա լսել է ձայն, որ կանչում էր ապաշխարության, կյանքն ուղղելու համար: Պատանուն արդարացրել են և ազատ արձակել: Նա ցանկացել է ապաշխարել և առանձնացել մերձական լեռներում, դարձել ճգնավոր: 363 թվականին, երբ պարսիկները գրավել են Մծբինը, նա ստիպված վերադարձել է Եդեսիայի մոտ գտնվող մենաստան, որտեղ հանդիպել է շատ ճգնավորների, որոնք իրենց կյանքը շարունակել են աղոթելով: Սուրբ Եփրեմ Խուրին ճգնավորական աշխատանքով համարվել է անդուլ Աստծո Խոսքն ուսուցանող: Աստված նրան ուսուցչի շնորհ է տվել, նրան մոտ են եկել մարդիկ, լսելու նրա խրատները: Սուրբն ուսուցանել է բոլոր մեղքերի խոստովանությունները, հավատքը և բարեպաշտությունը: Կռապաշտները, լսելով սրբի քարոզները, քրիստոնյա են դարձել: Սուրբ Գրությունների մեկնությունների համար նա բավականին աշխատել է: Նա գրել է շատ աղոթքներ և կրոնական երգեր: Եկեղեցին դարեր շարունակ բարձր է գնահատել Սրբի ավանդը: Նա գրել է ասորերեն, բայց նրա մեկնությունները շատ վաղ թարգմանվել են հունարեն, հայերեն, լատիներեն, նաև սլավոնական լեզուներով: Սուրբ Եփրեմ Խուրին կյանքի վերջում մեկնել է Եգիպտոս և 8 տարի ճգնել Թերոդիտի նշանավոր մենաստաններում:

araratian-tem.am

Комментариев нет:

Отправить комментарий