18.01.2014թ. - Սուրբ Անտոն Ճգնավորի, Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր
Սուրբ Անտոն Ճգնավոր
Սուրբ Անտոն Ճգնավորը կամ ս. Անտոն Անապատականը հայրն ու հիմնդիրն է ճգնավորության և վանական կյանքի։
Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251թ. ազնվական ծնողների ընտանիքում։ Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը։ Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական «եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ինչ-որ ունես ու աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենաս» հատվածն ու, առաջնորդվելով այս պատվիրանով, վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ իր վարքագիրների, հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին՝ սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարիներ շարունակ ապրում մենության մեջ: Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց:
Սբ. Անտոն Ճգնավորը վախճանվում է 105 տարեկան հասակում՝ արժանանալով երկնային անթառամ պսակին՝ իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ օրինակ դառնալով բոլոր ժամանակների քրիստոնյաների համար:
Սբ. ճգնավորներ Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս
Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր եւ աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում:
Այդպիսի ճգնավորներից են եղել Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս`որոշ ժամանակ վանքում մնալուց հետո, հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որեւէ մեկին հանդիպելու: Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին եւ փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ:
qahana.am
Комментариев нет:
Отправить комментарий