воскресенье, 26 января 2014 г.

   26.01.2014թ. - Ս. Ծննդյան Բ կիրակի  

       «Մարդկությունը 2000 տարի շարունակ զարմացել ու հիացել է Փրկչի Ծնունդով: Մտքին անհասանելի և միայն հավատով տեսանելի Սուրբ Ծննդյան խորհրդի աշխարհակեցույց ճշմարտությունը շատերը թերահավատորեն մերժել են, շատերը հավատքով ընդունել և վկայել են իրենց կյանքով:

Հավատի աչքերով այսօր տեսնում ենք Բեթղեհեմի այրի մեջ խանձարուրով փաթաթված մանուկ Հիսուսին, Ով աստվածաբար սուրբ ու մանկաբար մաքուր իր հայացքն է հառել աշխարհին և «Եկայք առ իս» հրավերն է կարդում մարդկությանը: Տեսնում ենք Աստվածային Փառքը Նորածին մանկան, երկքնից իջնող հրեշտակների օրհնաբանող զորքերը և մոգերի ու հովիվների հետ խոնարհյալ փառաբանում ենք՝ «Մեզ և ձեզ մեծ ավետիս. Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

Մսուրի խոնարհ հարկի տակ Աստված մարդացավ՝ ծնվեց Անբավելին երկնի և եկրի: Շարականագիրը «մեծ ու սքանչելի» է կոչում այս խորհուրդը, որի բովանդակությունը Աստծո Մարդասիրությունն է, Աստծո՝ առ ի արարածը ունեցած Սիրո Հայտնությունը: «Քանզի, - ինչպես առաքյալն է ասում, - ո՞վ կարող է պահել մեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել իր փառքի առաջ անխառն ցնծությամբ» ՚(Հուդա Ա 24): Ո՞վ կարող է մեղքի մահացու ոստայնից ազատել մադուն, նորոգել մեղավոր ու վիրավոր հոգին և բարձրացնել դեպի իր նախաստեղծ կատարելությունը, եթե ոչ Նա, Ով արարեց մեզ Իր պատկերով ու նմանությամբ: 

Եկավ Աստվածորդին, քայլեց մարդկանց մեջ, ուսուցանեց, ուրախացավ Կանայի հարսանիքում, արտասվեց Ղազարոսին սգացողների հետ, բժշկեց, մխիթարեց ու հարություն պարգևեց: Աստվածային զորությամբ ու մարդկային մեղքի դառնության բաժակը, հանձն առավ խաչելությունը, ու մենք «սերը նրանով ճանաչեցինք»:

Հատված Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ պատգամից, նվիրված ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
(Սուրբ Էջմիածին, 6 հունվարի 2002թ.)

Комментариев нет:

Отправить комментарий