«ԴՈՒՔ ՁԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵՑԻՔ ՈՐՊԵՍ ՓՐԿԱԳԻՆ ՁԵՐ ՀՈԳԻՆԵՐԻ» (Ժամամուտ)
Սիրելի՛ք,
Հայրենիքի անկախությունն ունենալն ամենքիս համար մեծագույն պարգև է և պատիվ, սակայն առավել քան պատվականագույն է անկախ Հայրենիքը պահպանելու, զգացնելու կամքը, նվիրումն ու զոհողությունը:
Ավետարանական մի սքանչելի դրվագ կա, երբ Հիսուսի Երուսաղեմի տաճարի մոտ եղող գանձանակի մեջ իրենց ընծաները գցում: Նրանց շարքում մի այրի ու աղքատ կին կար, ով երկու լումա դրեց գանձանակի մեջ: Եվ Հիսուս, դիմելով Իր աշակերտներին, ասաց. «Այդ այրի կինը ավելի տվեց, քան բոլոր մյուսները, որովհետև նա տվեց ինչ որ ուներ ապրուստի համար»: Մյուսներն իրենց ավելորդից տվեցին, իսկ նա՝ ինչ որ ուներ...
Դարեր շարունակ ողջ հայության առջև, որպես հավերժորեն բաց մի ընծայարան, դրված է եղել մեր Հայրենին, ուր ամեն ոք անցել է ընծայաբերման իր ճամփան և արժանացել Երկնային անդաստաններին:
Հայոց ոստանի նվիրյա՛լ զինվոր, դու այն միակ ընծայաբերողն ես, ով հայրենիքի պահպանման վեհ գործին ինքն իրեն է զոհաբերում, ով հավատարիմ է իր տված երդմանը, կոչմանն ու առաքելությանը, քանզի՝ «Վարդանի հոգին հրագունդ, անշէջ կը մտնէ ամէն հայու հոգւոյն մէջ»:
Մեր քաջ նահատակների ոգով ու արյան կանչով տոգորված՝ չես երկնչում անգամ մահվանից, քանզի գիտես, որ կարևորը հոգու անմահությունն է, որ մարմինդ զոհաբերելով՝ հար ու հավիտյան Աստծո ներկայությանն ես արժանանալու:
Աստվածաշունչ Մատյանն ասում է. «Նեղությունները համբերություն են առաջ բերում և համբերությունը՝ տոկունություն, և տոկունությունը՝ հույս. և հույսը երբեք ամոթով չի թողնում» (Հռոմ. Ե 4-5):
Անսալով երկնաքառ պատգամ-հորդորին, աղոթենք, որ ՀՈՒՅՍԸ, որպես անշեջ ճառագայթ, դառնա ձեր վեհ գործի ուղենիշը՝ տոգորված հավատքով, սիրով և ինքնաընծայաբերմամբ: Եվ թող Բարձրյալն Աստծո Սուրբ Աջը պահապան լինի ձեզ, նաև զորակից և մարտակից՝ ձեր սուրբ ու նվիրական առաքելության մեջ: Ամեն:
Ջերմագին սիրով և օրհնությամբ՝
Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ
28 հունվարի 2014թ.
Комментариев нет:
Отправить комментарий