вторник, 15 апреля 2014 г.

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ

           Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա և երրորդ դարի: «Աստված ասաց. «Թող երկիրն իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող դալար բույս և իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող, իր տեսակի միրգ տվող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրա»: Եվ եղավ այդպես» (Ծննդ. Ա 11):
Ավագ երեքշաբթին նաև երրորդ դարի խորհրդանիշն է: Երրորդ դարը սկսվում է Նոյի երեք հարյուր հիսունհինգերորդ տարում, երբ կառուցվեց տապանը, և ջրհեղեղի ջրերը ջնջեցին բոլոր երկրածիններին:
           Ջրհեղեղի պատմության մեջ ծովը խորհրդանշում է աշխարհը, Նոյի ութհոգանոց ընտանիքի փրկվելը տապանով խորհրդանշում է նրանց, ովքեր այժմ Եկեղեցու միջոցով փրկվում են մեղքերի ծփուն ծովը ընկղմվելուց, իսկ ութերորդ օրը պիտի փրկվեն գեհենի կրակներից: 
         Այսօր, Երեկոյան ժամերգությանը, երբ կարդացվում է տասը կույսերի առակը, տասը մանուկներ՝ խորհրդանշելով տասը կույսերին, վառվող մոմերով կանգնում են Ավետարանի առջև: Ապա նրանց թերթիկներ է տրվում: Այդ թերթիկներից հինգում խաչի նշան կա, իսկ հինգում՝ ոչինչ: Նրանք, ովքեր վերցրել են դատարկ թերթիկները, մարում են իրենց ձեռքերի մոմերը՝ ի նշան հիմար կույսերի հանգած լապտերների: Ավագ երեքշաբթին հայտնապես խորհրդանշում է Քրիստոս Դատավորի Երկրորդ գալուստը և Վերջին դատաստանը: 

Տասը կույսերի առակը


           Տասը կույսեր ասելով նկատի ունի բոլոր հավատացյալներին, նաև՝ ամբողջ մարդկային ցեղը, ինչպես նաև՝ չարն ու բարին:  Քանի որ տասը կատարյալ թիվ է և ցույց է տալիս, որ նրանք, ովքեր Աստծուն են նվիրում իրենց անձերը, կատարելապես ունենալով բոլոր առաքինությունները, արժանի են Երկնքի արքայությանը: մարդը ունի տասը զգայարան, որից հինգը հոգունն են, հինգը՝ մարմնինը, դրանով են մեր մեջ գործում բարին ու չարը: Եվ ովքեր կույս են և սուրբ տասը զգայարաններով, այսինքն՝ մտքով, հոգով ու մարմնով, նրանք արժանանալու են վերին առագաստին: Այդ պատճառով է հինգին հիմար և հինգին իմաստուն անվանում: Իմաստունները հոգու զգայարաններն են, իսկ հիմարները՝ մարմնինը: Տաս կույսերը նաև խորհրդանշում են արդարներին ու անիրավներին: 
         Վարդապետներն ասում են, որ լապտերը կուսության շնորհն է: Նախ՝ լապտերը (լույսը) սուրբ է և հստակ, իսկ կուսությունը սրբում է և հստակեցնում մարդու հոգին ու մարմինը: Երկրորդ՝ լապտերը պայծառ է և լուսատու, նաև կուսությունն է պայծառ և լուսավոր դարձնում մարդու միտքը: Երրորդ՝ լապտերը փարատում է խավարը, նաև կուսությունն է փարատում մեղքերի ու անգիտության խավարը: Չորրորդ՝ լապտերը ճանապարհն է ցույց տալիս, իսկ կուսության սրբությունը ցույց է տալիս Երկնքի արքայության ճանապարհը, այդ պատճառով էլ կուսության շնորհը լապտեր է կոչվում: 
          Յուղը խորհրդանշում է ողորմությունն ու մարդասիրությունը: Նախ՝ յուղը լույսի նյութ է, իսկ ողորմությունը նյութ է մշտնջենավոր կյանքի լույսի: Երկրորդ՝ յուղը բոլոր իրերից վեր է բարձրանում, իսկ «Ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. Բ 13): Երրորդ՝ յուղը պարարտ է ու զվարթուն, նաև ողորմությունը պարարտացնում է և զվարթացնում հոգին: Չորրորդ՝ յուղն ամենուր անարգել մտնում է, իսկ իր մեջ ոչինչ չի մտնում, այսպես էլ՝ ողորմությունն առանց արգելքների մտնում է Աստծու, սրբերի ու հրեշտակների մոտ և ծածկում ու քավում է բոլոր մեղքերը, իսկ ինքը մեղքերից չի ծածկվում ու պարտվում, ինչպես ասում է Դանիելը. «Քո մեղքերը քավի՜ր ողորմությամբ, և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով, թերևս Աստված համբերատար լինի քո հանցանքների նկատմամբ» (Դան. Դ 24): 

2014թ.

Комментариев нет:

Отправить комментарий