Խոր վիրապի վանքը V դարի համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն, հայոց նվիրական սրբավայրերից, նշանավոր ուխտատեղի՝ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղի մոտ:
Սբ Վիրապը մոտ 4,5 մ տրամագծով և 6,5 մ խորությամբ գուբ է, որտեղ իջնում են Սբ Գրիգոր եկեղեցու Ավագ խորանի աջակողմյան բացվածքից:
Ըստ Ագաթանգեղոսի՝ Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծը Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Այնտեղ Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի:
V դարում վիրապի վրա հիմնադրվել է վանք և հաստատվել միաբանություն:
Մոտ 642 թ-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Սբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվածքային հորինվածքով նման է Զվարթնոցին:
Մոտ 642 թ-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Սբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվածքային հորինվածքով նման է Զվարթնոցին:
XII–XVIII դարերում վանքը, համազգային սրբավայր լինելուց բացի, եղել է նաև կրթամշակութային և գրչության կենտրոն: Պահպանվել են այնտեղ գրված 10-ից ավելի ձեռագրեր:
1255 թ-ին Վարդան Արևելցին վանքում հիմնադրել է բարձր կարգի դպրոց՝ վարդապետարան, որտեղ, բացի աստվածաբանությունից, ուսուցանել են անտիկ փիլիսոփաների, տրամաբանների, ճարտասանների, քերականների աշխատություններն ու մեկնողական երկերը:
1271 թ-ին վախճանված Վարդան Արևելցուն փոխարինած Ներսես Մշեցին անվտանգության նպատակով վարդապետարանը տեղափոխել է Մշո Սբ Առաքելոց վանք:
XVII դարում Դավիթ վարդապետ Վիրապեցին վերակառուցել է վանքի շինությունները, աշխուժացրել վանական կյանքը: 1669 թ-ին օծվել է նորակառույց Սբ Գրիգոր եկեղեցին:
1679 թ-ի երկրաշարժից ավերվել են Խոր վիրապի Սբ Աստվածածին գլխավոր եկեղեցին, վանական շինությունները, որոնք վերակառուցվել են 1680–95 թթ-ին (եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1703 թ-ին):
1765 թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը նորոգել է Խոր վիրապի վանքը և միաբանությանը տվել 11 գյուղ:
XIX դարի վերջին քանդել են Սբ Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար սրահը և կառուցել սյունազարդ զանգակատուն:
Վանքից արևմուտք «Օթեաց խաչ» սրբավայրն է, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները:
1970– 1980-ական թվականներին Վազգեն Ա կաթողիկոսի հոգածությամբ նորոգվել են վանքի կիսավեր շինությունները, կառուցվել է մատաղատուն:
1989–94 թթ-ին վանքում հրատարակվել է «Գավիթ» կրոնամշակութային թերթը:
Комментариев нет:
Отправить комментарий