понедельник, 30 июня 2014 г.


30.06.2014 - Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

Սուրբ Եպիփան Կիպրացի


              Ս. Եպիփան Կիպրացին (315-403 թ.) Ընդհանրական Եկեղեցու նշանավոր վարդապետներից է և տոնելի է Հայ Եկեղեցում որպես տասներկու վարդապետներից մեկը:
               Ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակված է եղել իր աղքատասիրությամբ, սրբակենցաղ կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Ողջ կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ. Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մեծագույն պաշտպանն է եղել ուղղափառ դավանության և նիկիական 318 հայրապետների հավատամքի: 367 թ. եպիսկոպոսաց ժողովի կողմից ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ:
              Նա հարուստ մատենագրական ժառանգություն է թողել: Հեղինակել է աստվածաշնչյան մեկնություններ, դավանաբանական երկեր, ճառեր, աղանդների հերքումներ, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է նաև հայերեն:
               Հայ եկեղեցում Եպիփան Կիպրացու հիշատակն երկու անգամ է տոնվում` Հոգեգալստյան 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ Եկեղեցու 12 ս. վարդապետների հիշատակության օրը:

Սուրբ Բաբելաս հայրապետ


                 Ըստ Հայսմավուրքի Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (240-252 թ.): Նումերիանոս կայսրը Անտիոք այցի ժամանակ կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին, արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին և չարչարանքների ենթարկելով՝ ցանկանում պարտադրել նրան զոհ մատուցել կոռքերին: Այս ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը ևս բանտարկում է և չարչարանքների ենթարկում։ Ի վերջո կայսեր ջանքերն ապարդյուն են անցնում, քանզի չորսն էլ անդադար խոստովանում էին միակ և ճշմարիտ Աստծուն, և հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է:

Комментариев нет:

Отправить комментарий