Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618 թ-ին, Վաղարշապատում: Իր ճարտարապետական կատարելությամբ այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է, որի հորինվածքը լայնորեն տարածվել է Հայաստանում:
Սբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի՝ 301 թ-ին այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ ամպհովանի: 395 թ-ին Սահակ Ա Պարթև կաթողիկոսը վերակառուցել է Սբ Հռիփսիմեի վկայարանը, որն ավերել էր Պարսից Շապուհ արքան: 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը (նաև ճարտարապետն էր) վկայարանի տեղում կառուցել է Սբ Հռիփսիմե եկեղեցին՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին կենտրոնագմբեթ է, քառախորան, 4 անկյուններում՝ 3/4 խորշերով, որոնցից մուտքեր են բացվում դեպի ավանդատները: Ավագ խորանի տակ սբ Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է:
XVII դարի սկզբին Սբ Հռիփսիմե եկեղեցին կիսավեր էր և լքված: XVII դարի վերջին տասնամյակում Եղիազար Ա Այնթապցի կաթողիկոսը նորոգել է եկեղեցին, հաստատել վանքի միաբանությունը: 1776 թ-ին Սիմեոն Ա Երևանցին կառուցել է վանքի աղյուսաշեն պարիսպները, հյուսիսային դարպասը և 2 շրջանաձև բուրգերը, 1790 թ-ին Ղուկաս Ա Կարնեցին` սրահի վրայի զանգակատունը, իսկ 1898 թ-ին Մկրտիչ Ա Վանեցին՝ միաբանության երկհարկանի շենքը: Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին (1955–94 թթ.) բարեկարգվել է վանքի տարածքը, կառուցվել աղբյուր, տեղադրվել է նոր սեղան Ավագ խորանում, պատրաստվել կոփածո երկաթից ջահ, հիմնովին վերակառուցվել է վթարված զանգակատունը (1987 թ.):
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Հին Գորիս)
Մեր թվագրության 4-րդ դարում կառուցված Սբ Հռիփսիմե եկեղեցին երկու անգամ վերանորոգվել է, մեկ 16-րդ դարում, մեկ էլ 2010 թվականին` ֆրանսիական Վիեն եւ Գորիս քաղաքների բարեկամության շնորհիվ: Եկեղեցին այսօր իր նորոգ ու փառահեղ տեսքով բազմել է գյուղի քարաշատ լանջերից մեկի վրա` իբրեւ Գորիս-Զանգեզուրի 1600 տարվա պատմության վկա:
Комментариев нет:
Отправить комментарий