Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր
Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Ս. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծն անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռևս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն և արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի հարկադիր գահակալը դառնում է Հայ Առաքելական եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաև Ս. Ներսես Հայրապետի շնորհիվ, ով ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Ս. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Ս. Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից:
Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին, նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:
աղբյուր՝ www.qahana.am
Комментариев нет:
Отправить комментарий