воскресенье, 8 июня 2014 г.

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ


         Որոշ աղանավորներ պնդում են, որ Սուրբ Հոգին պարզապես աստվածային ուժն է կամ էներգիան: Սակայն Սուրբ Հոգու աստվածությունը և աստվածային անձ լինելը հաստատվում է հետևյալով: Նախ Ծննդոց գրքում նշվող շրջելը ջրերի վրա (Ծննդ. 1.2), հինկտակարանյան մեծ մարդկանց հետ Սուրբ Հոգու լինելը (Դատ. 3.10, 6.34, 11.29, 13.25, 14.6, 19, 15.14, Ա Թագ. 10.6, 10, 11.6, 16.13, 19.20, 23, Բ Թագ. 23.2, Գ Թագ. 18.12, Դ Թագ. 2.16, Բ Մնաց« 15.1, 20.14, 24.20 և այլն): Փորձության ժամանակ Քրիստոս Ինքը չգնաց անապատ, այլ Սուրբ Հոգին Նրան տարավ (Մատթ. 4.1, Մարկ. 1.12, Ղուկ. 4.1), և երբ Անանիան ստեց, Պետրոս առաքյալը, բացահայտորեն Սուրբ Հոգուն Աստված անվանելով, Անանիային ասաց, թե` «Ինչո՞ւ Սուրբ Հոգուն ստեցիր, մարդկանց չստեցիր, այլ` Աստծուն» (Գործ. 5.4): Սուրբ Հոգին Ինքն է անձամբ խոսում առաքյալների հետ (Գործք 8.29, 10.19, 11.12, 21.11, 28.25, Ա Տիմ. 4.4, Եբր. 3.7, Հայտնութ. 2.7 և այլն) և ասում, թե ում որտեղ պետք է ուղարկեն քարոզչության (Գործք 13.2):

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԷՋՔԸ

           Մկրտության ժամանակ Սուրբ Հոգին իջավ աղավնու կերպարանքով (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22)` իբրև խաղաղություն և հաշտություն բերող, որովհետև այդ ժամանակ մարդկությունը երես էր թեքել Աստծուց: Իսկ Քրիստոսի առաքելությամբ խաղաղություն հաստատվեց մարդկանց և Աստծո միջև (Եփ. 2.15, Կող. 1.20): Սակայն շատ ուսուցանող է հատկապես Սուրբ Հոգու երևումը հրի ձևով: Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա կրակե լեզուների տեսքով (Գործք 2.3): Այսօր շատ մարդկանց սրտերը կարծես սառել և կարծրացել են ոչ միայն Աստծո և երկնայինի հանդեպ, այլև այդպիսի սառնություն է զգացվում հաճախ միջանձնական հարաբերություններում: Հուրը հալեցնում է պինդ իրերը, ինչպես օրինակ` երկաթը, և թրծում ու ամրացնում է թույլ իրերը, ինչպես օրինակ` կավից պատրաստված որևէ իր: Նույն կերպ Սուրբ Հոգին հալեցրեց սատանայի զորությունը և թրծեց առաքյալներին, ովքեր հաստատվեցին հավատքի մեջ: Սուրբ Հոգին կարող է մարդկանց սառած սրտերը ջերմացնել: Դրա համար պետք է, որ Սուրբ Հոգին մեզ վրա ևս իջնի, ինչպես որ նստեց առաքյալների վրա: Որևէ մեկը ցանկանում է նստել հանգիստ և խաղաղ մի տեղ: Եվ այն, որ Սուրբ Հոգին նստեց, հանգչեց առաքյալների վրա, ցույց է տալիս, որ նրանք բոլոր մեղքերից թափուր էին և իրենց պատրաստել էին Աստծո համար:
         Առաքյալները Սուրբ Հոգին ընդունեցին երեք անգամ:
Առաջին անգամ այն ժամանակ, երբ Քրիստոս նրանց ուղարկեց քարոզելու և իշխանություն տվեց բուժելու բոլոր հիվանդությունները:
Երկրորդ անգամ` Հարությունից հետո մեղքերի թողության համար, երբ Քրիստոս նրանց վրա փչեց և ասաց. «Առեք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20.22-23):
Երրորդ անգամ առաքյալները Սուրբ Հոգին ընդունեցին վերնատանը և այդ զորությամբ գրեթե ողջ աշխարհը քրիստոնյա դարձավ, ինչը և որոշեց մարդկության պատմության, մշակույթի, մտածելակերպի հետագա ընթացքը:
ԿՐԿԻՆ ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՍԻՆ

         Մարդկության պատմության մեջ ամենահրաշալի և հիանալի իրադարձություններից մեկը Հոգեգալուստն է, երբ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա Երուսաղեմում` որպես կրակե լեզուներ: Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգու շնորհներով և սկսեցին խոսել օտար լեզուներով: Երուսաղեմում այդ ժամանակ բավականին ժողովուրդ կար, որ եկել էր սուրբ քաղաք հրեական տոնի համար: Հոգեգալստյան այդ նույն օրը հրեաները տոնում էին հիշատակը Սինա լեռան վրա Մովսեսի կողմից աստվածային տասը պատվիրանների ստացման: Երուսաղեմ էին եկել նաև տարբեր երկրներում ապրող հրեաներ և լսում էին, որ առաքյալները խոսում են այդ երկրների լեզուներով: Գործք Առաքելոցում գրված է, որ այդ մարդիկ եկել էին Պարսկաստանից, Միջագետքից, Հրեաստանից և այլն (Գործք 2.7-11): Եկեղեցական հեղինակներ Տերտուղիանոսը և Օգոստինոսն ասում են, որ Նոր Կտակարանի այդ հատվածում պետք է ընթերցել Հայաստան Հրեաստանի փոխարեն, որովհետև այդ դրվագում խոսվում է այլ երկրներից Հրեաստան եկած մարդկանց մասին, և Հայաստան ընթերցելը ճիշտ է նաև աշխարհագրականորեն, քանզի Միջագետքի կողքին գտնվում է Հայաստանը և ոչ թե Հրեաստանը:
         Սուրբ Հոգու գալուստն իրական է ամեն օր մկրտության արարողությամբ, որի ընթացքում Սուրբ Հոգին Աստված իջնում է մկրտվող մարդու վրա և նրան տալիս Իր աստվածային շնորհները: Մկրտության արարողության ընթացքում արարողությունը կատարող հոգևորականները երգում են «Առաքելոյ աղաւնոյ» շարականը, որ գրաբարից թարգմանաբար նշանակում է «ուղարկված աղավնին»: Չնայած Սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով հայտնվեց առաքյալներին այս շարականի մեջ պատմվում է Սուրբ Հոգու աղավնակերպ գալստյան մասին` շեշտելով Սուրբ Հոգու խաղաղարար հատկությունը, որով զորացյալ առաքյալները երկրին երկինք հրավիրեցին: Այսինքն` առաքյալները մարդկանց սրտերում հաստատեցին ճշմարիտ հավատքը` ցույց տալով ճանապարհը, որ առաջնորդում է հավատացյալների դեպի երկինք հավիտենական կյանքի համար: Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ Աստված զայրացավ և մարդկությունը բաժանեց յոթանասուներկու լեզուների: Իսկ Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ և զորացրեց առաքյալներին, ովքեր միավորեցին մարդկությունը քրիստոնեական  հավատքի մեկ լեզվի ներքո:

Սուրբ Հոգին Եկեղեցու կարգերի Վերակացուն է ու Հրահանգողը և
Ինքն է որոշում յուրաքանչյուրի աստիճանն ու պատիվը: Նա շնորհ տվեց
ոմանց լինելու առաքյալներ, ոմանց` մարգարեներ, ոմանց` ավետարանիչ-
ներ, ոմանց` հովիվներ և ուսուցիչներ` հաստատելու համար սրբերին
իրենց պաշտոնի կատարման մեջ` ի շինություն Քրիստոսի Մարմնի (Ա
Կորնթ. Դ 11-12):
Հոգին հորինեց տաճարի աստիճանների դասակարգությունը` երկնա-
յին դասերի նմանությանը բերելով, հոգևոր երգերով միշտ Աստծու հետ
խոսելու համար: Հոգին է սուրբ Ավազանի արգանդից ծնում Քրիստոսի
Եկեղեցու մանուկներին` Հորը որդեգրելով:
Հոգին զորացնում է քահանայապետի ձեռքը շնորհաբաշխության
համար, քահանաներին` նվիրագործության, և սարկավագներին` սուրբ
Եկեղեցու սպասավորության համար: Նրանով են զորանում վկաները,
զինվում` նահատակները, քաջանում` այրերը, արիանում` կանայք: Նրա
զորությամբ են խաչաձև փայտից սքանչելիքներ և սրբերի մասունքներից
բժշկություն բխում բոլոր ախտերի դեմ: Ամբողջ երկիրը լի է Նրա
ողորմությամբ, և օդը մաքրվեց Նրա իջնելով: Նա մեզ հետ է ամեն օր, և

մեր ունեցած ամեն ինչը Նրա պարգևն է:

Комментариев нет:

Отправить комментарий