Մարտի 16 - Մեծ Պահք, ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ
Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է «Անառակի կիրակի»: Այս օրը եկեղեցում ընթերցվում է «Անառակ որդու առակը» (Ղուկաս 15.11-32), որի համաձայն էլ կիրակին ստացել է այդ անվանումը: Առակում պատմվում է մի մեծահարուստի մասին, ով ուներ երկու զավակ: Նրանցից կրտսերը, հորից իրեն հասանելիք ժառանգությունը պահանջելով, հեռանում է հայրական տնից: Օտարության մեջ ապրում է զվարճությունների մեջ, վատնում հոր հարստությունը և մատնվում չքավորության: Ստիպված ծառայության է մտնում գյուղատնտես մի մարդու մոտ, որը խոզ արածացնելուց ավելի կարող գործի ընդունակություն չի գտնում տղայի մեջ, վարձատրության էլ արժանի չի համարում: Խեղճը քաղցած էր մնում և իրավունք չուներ սնվելու նույնիսկ եղջերենու պտղով, որով խոզերին էին կերակրում: Որոշ ժամանակ անց, անդրադառնալով իր կյանքի ընթացքին, հիշում է. «Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ կորչում եմ» (Ղուկաս 15.17):
Այս վիճակի մեջ ընկած մեծահարուստի տղան սկսում է մտածել, թե ինչ էր և ինչ եղավ: Երկար խորհելուց հետո զղջում է իր արածի համար, վերջապես քաջություն է առնում, հորը դիմելուց բացի ուրիշ հնարավորություն չի գտնում և խոզերն ու եղջյուրները թողած, իրենց տան ճանապարհն է բռնում: Վերադառնալով տուն` հորից ներողություն է խնդրում իր ցոփ ու շվայտ կյանքի ու հոր հարստությունը վատնելու համար և ասում. «Հա՛յր, մեղանչեցի Աստծու և քո դեմ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկաս 15.21): Իսկ հայրը, որ գթալով ընդառաջ էր վազել որդուն, իր անչափ սիրուց մղված` ներում է նրան և կրկին ընդունում իր հայրական հարկից ներս, քանի որ նրա այդ «որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»:
Ապաշխարանքը կորած դրախտը վերագտնելու նախապայման է «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես կկորչեք»:
Ղուկ. ԺԳ(13) 3
ՎԱՏՆՈՒՄ
Ո՞րն էր անառակ որդու հիմնական մեղքը: Ավետարանում դա հիշված է
բացորոշ: Մեղքերի այդ ցուցակում են, օրինակ, անզգամությունը, հանդգնությունը, շռայլությունը, զեխությունը և նմաններ, որոնք ուրիշ մեղքերի կարգում գործել էր Անառակը, և որոնք, սակայն, Ավետարանում իրենց անուններով չեն հիշվում: Իր անունով հիշվում է լոկ ՎԱՏՆՈՒՄԸ. «Եվ վատնեց իր ունեցվածքը »:
ԱՎԱԳ ԱՆԱՌԱԿԸ
Չկամությունը և նախանձը մարդուն զրկում են կյանքի կոչումից «Բարկացավ և չէր կամենում մտնել» Ղուկաս ԺԵ(15) 28
Անառակի առակը զույգ անառակների մասին է: Այն երկու անառակ եղբայրների պատմությունն է: Կրտսերի ելևէջող կյանքի դրվագի գրավչությունը, սակայն, ստվերի տակ է թողել ավագի վարքը, որը կրտսերի վարքի չափ եղերական, սակայն առանց նրա երջանիկ վախճանի է:
Ավագ եղբայրը կրտսերի հակապատկերն է: Նա լուրջ մարդ է` հորը
հլուհնազանդ և աշխատանքին կապված: Նրա կյանքը մշտական մաքոք է
տան և ագարակի միջև:
ԱՎԱԳ ՈՐԴՈՒ ԱՆԿՈՒՄԸ
Եղբոր վերադարձի լուրը սահմռկեցրեց նրան, խանգարեց նրա եսասեր հանգիստը, որ գտել էր եղբոր հեռացումով, իրեն բոլորովին ազատված էր կարծում նրա ներկայության տաղտուկից, նա իր համար անդարձ կորած ու մեռած էր... Մի անդիմադրելի խռովք պատեց նրա էությունը:
Նույն պահին ավագն իր հորից այնքան էր հեռացել, որչափ կրտսերը չէր հեռացել իր «հեռու աշխարհ» գնացած ժամանակ: Հոր երեսին խփեց իր հավատարիմ ծառայությունը,«քո այդ որդին» կոչեց վերադարձողին` ասելու համար, որ ինքը նրան իբրև եղբայր չի ընդունում:
Նախանձը հազվադեպորեն այնքան տեսանելիորեն էր մարմնավորված, որքան այդ պահին ավագ որդու մեջ էր, ու չկամությունը քիչ անգամներ է այնքան բիրտ կերպով հեռու մղել սրբությունները, ինչպիսիք հոր սերը և եղբորը ներելու մարդկայնությունն են:
Հայրը, սակայն, ինչպես ներել էր կրտսերի անառակությունը, ներեց նաև ավագի անպատկառությունը. «Որդյակ, դու շարունակ ինձ հետ էիր», ամենօրյա հացի նման վայելում էիր իմ սերը, բացի այդ, «ինչ, որ ունեմ, քոնն է», ո՛վ քեզ կարգելեր մորթել քո ուզած ոչխարը, «բայց ուրախ լինել և հրճվել պետք էր, որովհետև քո այս եղբայրը մեռած էր, վերստին կյանք վերադարձավ, կորած էր և գտնվեց»:
Комментариев нет:
Отправить комментарий