Մեծ պահքի Ի. օր։ Երուսաղեմի սուրբ Հովհան հայրապետի, հայոց հայրապետ սուրբ Հովհան Օձնեցու, հայոց վարդապետներ Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու հիշատակի տոն։
Սուրբ Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու մեծագույն հայրապետներից է։ Ըստ վարքագիրների, հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ։ Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ։
Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն։ Նրա «Կանոնագիրք հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները։ Հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր։ Ամենահայտնի գործերն են «Ատենաբանութիւն»-ը, «Ճառ ընդդէմ պաւղիկեանց»-ը և «Ճառ ընդ-դէմ երեւութականաց»-ը։ «Ատենաբանության» նպատակը մինչ այդ Հայ եկեղեցու ժամերգության մեջ առկա խառնաշփոթը վերացնելն ու այն միօրինակության բերելն էր։
«Ընդդէմ պաւղիկեանց» ճառը գրվել է Հայաստանում այդ շրջանում տարածում ստացած պավլիկյան աղանդի դեմ, իսկ «Ճառ ընդդէմ երեւութականաց»-ը (1807, լատ. 1816)՝ երևութականների աղանդի դեմ։
Հովհաննես Գ Օձնեցին հեղինակել է «Յաղագս կարգաց եկեղեցւոյ», «Հատուածք բանից ի Հաւաքմանց յաղագսկարգաց եկեղեցւոյ», «Վասն մեծի աւուր միաշաբթին», «Սակս գիշերային ժամու» և այլ երկեր, ճառեր, թղթեր («Հիմնարկեք եկեղեցւոյ», «Օրհնութիւն նորաշեն եկեղեցւոյ», «Սակս ժողովոցն որ եղևն ի Հայս», «Խոստովանութիւն անշարժ յուսոյ...» և այլն)։
Սուրբ Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726թ. Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը՝ կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով։
Կյանքի վերջին տարիներին որպես նստավայր է ընտրել իր հայրենի Օձուն գյուղը, զբաղվել ուսուցչական գործունեությամբ, աղոթել, վարել ճգնակյացի կյանք, ինչի մասին հյուսվել են բազմաթիվ ավանդազրույցներ։ Պատմվում է անգամ նրա հրաշագործությունների մասին։
Սուրբ Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ Արդվի գյուղի Սրբանես (Սբ. Հովհաննես) եկեղեցում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար։
Հովհաննես Որոտնեցին ծնվել է 1315թ-ին, Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի (Վաղատին) գյուղում, եղել է աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ:
Սովորել է Գլաձորի համալսարանում՝ Եսայի Նչեցու և Տիրատուր Կիլիկեցու մոտ։ Նչեցու մահից հետո (1338) տեղափոխվել է Հերմոնի, ապա՝ Որոտանի վանք։ 1373-ին հիմնադրել է Տաթևի համալսարանը։
Հայ միարարների քաղաքական գաղափարախոսությունների ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով 1379-ին համալսարանի հետ տեղափոխվել է Ապրակունիս։ Հետագայում, Ապրակունիսի դպրոցի ղեկավարությունը հանձնելով Գրիգոր Տաթևացուն, վերադարձել է Տաթև։
Միմյանց փոխշաղկապված են Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները։
Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346 թվականին Սյունիք աշխարհի Վայոց ձորում։ 7 տարեկանում ծնողները Գրիգորին ուսման են տալիս։ Հետագայում կրթությունը շարունակում է Տաթևի համալսարանում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն։
1371 թվականին Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն է կատարում Երուսաղեմ և այնտեղ ստանում է կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին Որոտնեցին նրան հանձնոմ է վարդապետական գավազան։
1380 թվականին նրանք տեղափոխվեցին Ապրակունյաց վանք։ Իսկ 1388-ին, իր ուսուցչի մահից հետո Գրիգորը դառնում է այդ վանքի առաջնորդը։
Երկու տարի անց իր մեծաթիվ աշակերտների հետ նա վերադառնում է Տաթևի համալսարան՝ ստանձնելով ուսուցչապետի պաշտոնը։
Գրիգոր Տաթևացին՝ Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանն է, հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը։ Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը։
Գրիգոր Տաթևացին ապրել է խիստ պահեցող կյանքով, շարունակ կրել է մազեղեն հագուստ և պարեգոտի։
Մահացել է 1409թ-ին:
Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի սուրբ Հովհան Հայրապետի հիշատակության օրը։ Երուսաղեմի հայրապետը հայտնի է իբրև մեծ քարոզիչ։
Комментариев нет:
Отправить комментарий