воскресенье, 30 марта 2014 г.

Աղոթքի մասին



            Աղոթքը երկրից երկինք սանդուղքն է, կյանքի ալեկոծված նավը խաղաղության նավահանգստին կապող պարանը «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան»: Ղուկ. ԺԸ(18) 1

           Ավետարանում զորավոր շեշտ է դրված աղոթքի վրա: Մեր Տերը թե' Իր խոսքով և թե' կյանքով է հաստատել դրա կարևորությունը: Երբ ցերեկները հատկացնում էր քարոզություններին ու գյուղեգյուղ ճամփորդություններին, հաճախ «ամբողջ գիշերը աղոթքով էր անցկացնում, երբեմն էլ «խույս էր տալիս դեպի ամայի տեղեր և աղոթքի էր կանգնում» (Ղուկ. Ե(5) 16): 
              Ավետարաններում շատ են հիշատակությունները, ուր Հիսուսն աղոթում է` Մկրտությունից մինչև Գեթսեմանի, Պայծառակերպության լեռից մինչև Գողգոթայի բարձունքը:


Ինչպես պետք չէ աղոթել

            Ավետարանն այս մասին բացահայտ թելադրանքներ ունի: Նախ ասում է, որ ցուցադրելու, երևալու համար չպետք է աղոթել: Հիսուսը սովորեցնում է. «Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնելորպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա'յդ իսկ է նրանց վարձը», այսինքն` ցուցադրելու համար աղոթողների վարձը մարդկանցից գնահատվելն է, թե աղոթասեր են: Իսկ Աստծուց ոչ վարձ և ոչ էլ պատասխան են ստանում, քանի որ նրանց նպատակն Աստծուն աղոթելը չէր, այլ մարդկանց աղոթող երևալը:

           Հիսուսն Իր հետևորդներին զգուշացնում է նաև աղոթքի մեկ ուրիշ սխալ ձևից: «Աղոթք անելիս, - ասում է Նա,- շատախոս մի' լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանվե'ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզեք»:
Սա Հիսուսի նկատողությունն առանձնական աղոթքի մասին է ընդդեմ փարիսեցիական այն սովորության, որով նրանք «պատրվակներով երկարում են աղոթքը»: Հիսուսի դատապարտածը այս դատարկ, եսասեր ու տգետ շատախոսությունն է, որն անպատճառ նույնը չէ ժամերով վերացած ու տարված աղոթելու հետ, ինչը կարող է «հոգով և ճշմարտությամբ» լինել:

Ինչպես պետք է աղոթել

              Նախ` աղոթքը պետք է մարդկանց հետ հաշտված հոգեվիճակով լինի: «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես,-ասում է Հիսուսը, -և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո'ղ սեղանի առաջ և գնա' նախ հաշտվր քո եղբոր հետ և ապա ե'կ քո ընծան մատուցի'ր»:
          «Ընծա մատուցելը» հին հրեաների համար այն էր, ինչ այսօր մեզ համար «ս. Պատարագ մատուցելը» կամ որևէ պաշտամունքի մասնակցելը:
            Աղոթքը պետք է նաև «հոգով և ճշմարտությամբ կատարել»: Մի անգամ Հիսուսն ասաց. «Աստված Հոգի է և, հետևաբար, Նրան պետք է հոգով ու ճշմարտությամբ պաշտել»: Սա Հիսուսի անմատչելի և անմրցելի խոսքերից մեկն է, որը մի նոր դարաշրջան է բացում կրոնի և պաշտամունքի հասկացության մեջ:


      «Հոգով պաշտել», նշանակում է պաշտամունքի ընթացքում մարդու բարձրագույն էության, այսինքն` անձի ներկայությունը: Մարդն անձնապես, այսինքն` իր խորագույն գիտակցությամբ, ներկա պետք է լինի պաշտամունքին և, թափանցելով ծեսերի ու արարողությունների իմաստի, բառերի և եղանակների միջով, Աստծո ներկայությանը բարձրանա, Ով հատկապես այդ պահին ներկա է աղոթավայրում:

Комментариев нет:

Отправить комментарий