ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՏԱՆԱՅԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԿԱՆՈՒՄ ԵՆՔ
Երկու կուսակրոն քահանաներ, ինչ-որ լեռներում մոլորվելով, փորձում էի ճանապարհը գտնել: Եվ ահա կարճահասակ մի մարդ տեսան, ում երբ կանչում էին, նրանցից փախչում էր և ոչ մի պատասխան չէր տալիս նրանց:
Բայց երբ ստիպեցին և հարցրին, թե` ինչպիսի՛ մեկն է, ասաց.
– Երեսուն տարի է` ծառայում եմ դևերին: Ինձ նրանց մատնեցի և նրանց դրոշմն եմ կրում ձեռքերիս: Զանազան կերպարանքներով ինձ երևում են և ինչ հրամայում են, անմիջապես կատարում եմ:
Նրանցից մեկն սկսեց մատնանշել նրան դժոխքի տանջանքների ահագնությունը, մեղքերի ունայնությունն ու Աստծո անսպառ ողորմությունը, որից հետո նա զղջալով խրատ էր խնդրում, որով իր անձի փրկությունը գտնել կարողանա:
Այդ ժամանակ քահանան ասաց.
– Խոստովանի՛ր քո բոլոր մեղքերը, քանզի այնքան է խոստովանության զորությունը, որ սատանայի ամբողջ զորությունը բեկանում է, Աստծո ողջ բարկությունը հանգցնում և քեզ ամեն տեսակ հոգևոր զարդով զարդարում:
Արդ, այնժամ, երբ այդ մարդը կատարյալ զղջմամբ խոստովանեց, սատանայի դրոշմն իսկույն ընկավ նրա ձեռքերից:
Այդ ժամանակ քահանաները նրան ասացին.
– Որպեսզի սուրբ խոստովանության զորությունն է՛լ ավելի ստույգ ճանաչես, համարձակ մնա՛ այստեղ, և երբ դևը, որին քեզ մատնել էիր, գա և քեզ չճանաչի, իմացած եղիր, որ Տեր Աստված թողություն է տվել հանցանքներիդ:
Իսկ նա, Աստծո ողորմությանը հուսալով, աներկյուղ սպասում էր դևին:
Երբ քահանաները գնացին, սատանան հեծյալների մեծ բազմությամբ եկավ և նրան հարցրեց, թե արդյո՞ք տեսել է իր ծառային: Մարդը նրան պատասխանեց.
– Ես եմ, որ քեզ երեսուն տարի ծառայեցի:
Դևն էլ ասաց.
– Սուտ ես խոսում, խաբեբա՛, ես քեզ չեմ տեսել: Ես նրան եմ փնտրում, ով իմ կնիքն ունի իր ձեռքերին:
Եվ նա, այս լսելով, քահանաների հետևից գնաց և մինչև ի մահ Աստծուն ծառայեց:
Комментариев нет:
Отправить комментарий