ԶՂՋՄԱՄԲ ԵՎ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱԶԱՏՎԵՆՔ ԴԺՈԽՔԻ ԿՐԱԿՆԵՐԻՑ
Զղջումն առանց խոստովանության մեղքերի թողության չի հասցնում: Եվ դա այս օրինակով է ցույց տրվում:
Մի կին, բոլոր իր մեղքերը խոստովանելով, մեկը թաքցրեց, քանի որ չար ամոթի պատճառով հայտնել չէր համարձակվում: Դրա պատճառով խղճմտանքից հույժ չարչարվելով` եկեղեցի գնաց, և Սուրբ Սեղանի առաջ ընկնելով, ողջ մարմինն արտասուքներով ու մեծ պաղատանքներով ողողելով` Աստծուն աղաչում էր, որպեսզի այն մեղքը, որ ոչ մեկի հայտնել չէր համարձակվում, առանց խոստովանության թողնվի իրեն:
Երբ երկար ժամանակ այսպես աղոթում էր, այն քահանան, որ այդ ժամանակ եկեղեցում էր, տեսում է սատանային, որ այս կնոջ վրայով այս ու այն կողմ էր թռչում և հրճվանքից ծիծաղում էր, ծափահարում և վա՜շ, վա՜շ կանչում:
Քահանան դրա համար սատանային մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երդվեցնում է՝ ասելով.
– Ո՜վ պիղծ, ինչի՞ց է, որ այդպես ուրախանում ես: Ասա՛ ինձ պատճառը, քեզ ի՞նչ է պատահել:
Սատանան պատասխան է տալիս.
– Ինչպե՞ս չծիծաղեմ` տեսնելով այս կնոջը, որ կոծելով ու ողբալով` դեպի դժոխք է սլանում: Անմիտը կարծում է, թե լալով ու արտասվելով` իր մեղքը, որ չի խոստովանել, կկարողանա ջնջել, անկարելիին է ձգտում: Ծաղրի և ոչ թե թողության է արժանի:
Այս լսելով` քահանան կնոջ մոտ գնաց և, ինչ որ տեսել ու լսել էր, նրան պատմեց և երկչոտին, ինչպես որ կարող էր, խոստովանության հորդորեց: Իսկ կինը, մի կողմ թողնելով իր ամոթը, այն մեղքը, որ այդքան ժամանակ թաքցրել էր, մեծ խոնարհությամբ ու արտասուքներով խոստովանեց:
Այս տեսնելով` սատանան մեծ աղաղակով ու եկեղեցին գարշահոտությամբ լցնելով, անհայտացավ և այլևս չերևաց:
Комментариев нет:
Отправить комментарий