четверг, 20 марта 2014 г.

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


            Մի անապատական բնակվում էր միաբանների վանքի մերձակայքում, որ հիվանդանալով, [մեկին] ուղարկեց վանահոր մոտ` աղաչելով, որ գա և իրեն աստվածային խորհուրդներին հաղորդ դարձնի:
                    Իսկ հայրը, իր հետ լռակյաց մի եղբոր վերցնելով, գնաց, որպեսզի նրան հաղորդություն տա: Եվ մինչ գնում էին, մի ավազակ, զանգակի ձայն լսելով, նրանց ետևից մինչև անապատականի սենյակը գնաց և դռան առաջ կանգնեց, իրեն անարժան համարելով այդպիսի սուրբ մարդու խուցը մտնելու: Եվ երբ անապատականը խոստով անեց ու հաղորդվեց, ավազակը` դռնից ոչ հեռու կանգնած, իր սրտի խոնարհությամբ, ասաց.

                                 – Երանի՜ թե ես էլ քեզ պես լինեի:

            Իսկ անապատականը սրտի հպարտությամբ ու ինքնահավանությամբ ասաց.

                                – Իրո՞ք խնդրում էիր, որ ինձ պես լինեիր:

                           Այնժամ լռակյաց ու հոգեզարդ այն եղբայրը, որ նաև ծածուկ սրտերի գաղտնիքները Աստծուց ծածուկ իմանում էր, սկսեց դառնապես լալ: Եվ երբ հայրը, եղբոր հետ ելնելով, գնաց, ավազակը հեռվից նրանց հետևից գնում էր` Աստծուն դիմելով, որ իրեն ճշմարիտ զղջում ու ուղիղ վարք տա, քանի որ մտքում հաստատապես վճռել էր հոր առաջ խոստովանել և այլևս մեղքեր չավելացնել, այլ մեղքերի համար ապաշխարել:

                     Եվ մինչ վազում էր, ընկավ և իսկույն մեռավ: Այս տեսնելով` այն եղբայրը սաստիկ ուրախացավ:

                           Երբ վանք եկան, հայրը եղբորը հարցրեց.

                            – Ինչո՞ւ ես այդպես լուռ մնում:

                            Եվ նա պատասխան տվեց.

                            – Հա՛յր, մի օր հրամայեցիր ինձ լռել, ես էլ այն օրից սկսած լուռ եմ մնացել, միայն այն դեպքում, երբ մեկն ինձ որևէ բան էր հարցնում, ապա խոսում էի:

                              Հայրը նրան ասաց.

                              – Հապա ինչո՞ւ էիր լացում, երբ այն սուրբ անապատականին հաղորդություն էի տալիս և ինչո՞ւ էիր ծիծաղում, երբ այն չարագործ ավազակը մեր ետևից վազում էր` մեզ կողոպտել կամ սպանել կամենալով, և այդպիսի մեղքի համար էլ մեռավ:
                                   Եղբայրը պատասխան տվեց.

                    – Հա՛յր, լացելուս պատճառն այս էր, որ երբ ճգնավորին հաղորդություն էիր տալիս, այդ ժամանակ ավազակը դռան ետևում կանգնած, խոնարհ սրտով ասաց. «Երանի՜ թե ես էլ քեզ պես լինեի»: Իսկ ճգնավորը, որ սրտի հպարտությամԲ պատասխանեց, թե` «Դա հոժարությամԲ կարող ես խնդրել», մեռավ և դատապարտվեց, որի համար էլ լաց էի լինում: Բայց ավազակը, որ մեր ետևից էր գալիս, հաստատուն միտք ուներ՝ խոստովանել և ոչ թե մեզ կողոպտել կամ սպանել:

                                      Եվ երբ վազում էր, ընկավ և մեռավ: Հրեշտակները, նրա հոգին առնելով, ուրախությամբ երկինք տարան, քանզի նրա զղջումն այնպիսին էր, որ ժամանակավոր և հավիտենական պատիժը ջնջեց:

Комментариев нет:

Отправить комментарий