пятница, 28 марта 2014 г.

Նշում ենք Միջինք 


        «Այսօր Միջինք է և այս առիթով Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունները փորձել են ևս մեկ ազգային, գրեթե մոռացված,ընտանեկան ծես վերարթնացնել , որպեսզի այսուհետ այն նույնպես նշվի հավուր պատշաճի…» իր ելույթի խոսքում ասաց ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող՝ արժանապատիվ տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:

     Առաջնորդարանի դահլիճում մարտի 26-ին համախմբվել էին ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամները, միությունների հոգևոր պատասխանատուները, և պարզապես հավատացյալներ ՝ միասին նշելու Միջինքը:
             ԱՀԹ առաջնորդական փոխանորդ տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը ներկաներին փոխանցելուց հետո Տ.Պետրոսն իր հայրական օրհնությունն ու գոհունակությունը հայտնեց երիտասարդներին՝ համախմբվածության, ազգային ու հոգևոր տոներին մեծ ուշադրություն դարձնելու համար: 
          Թեմի յուրաքանչյուր երիտասարդաց միություն մեկական պահքային ուտեստ էր պատրաստել, ինչպես նաև թխել էին Միջինքի զարդ համարվող Բաղարջ հացեր ՝մետաղադրամի փոխարեն մեջը խաչեր դնելով: Պահքային բոլոր ուտեստները նորություն էին երիտասարդների համար ՝ Կուտապ,Բոստանիա,Մախոխապուր,Օձի թթու և այլն ավելի քան 14 կերակրատեսակ:
          Ազգագրական պարերով, երգերով և խաղերով անցավ Միջինքի երեկոն թեմական   մեծ ընտանիքում:

          Հիշեցնենք, որ Միջինքը նշվում է Մեծ պահքի չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը և խորհրդանշում է պասի կիսվելը: Այն կրոնական տոն չէ, սակայն եղել է ժողովրդական ավանդույթ և նշվել է հայկական ավանդական ընտանիքներում:                     Ծիսական բաղարջը` Միջինքը, կլոր կամ ուռուցիկ ձև ունի, պատրաստում են ձեթով, մեղրաջրով, ընկույզով ու քիշմիրով: Բաղարջի մեջ հուլունք կամ դրամ էին դնում, իսկ կտրելիս հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին: Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ մետաղադրամը կպչի դանակին, ընտանիքի ապրուստի միջոցը հողն էր լինելու: Դանակը նույնացնում էին գութանի խոփի հետ:
Հին երևանցիները Միջինքին սովորաբար կուտապ էին թխում: Այն լոբով և սիսեռով պատրաստված կարկանդակ էր, որի մեջ դնում էին արծաթե փող և ում բաժին էր ընկնում, նրան էլ վերագրում էին այդ տարվա հաջողությունը: 
            Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, որտեղ նոր մահացած բարեկամ կար: Իսկ Մուշում և Տարոնում բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում և Միջինքի երեկոյան մատուցում էին սգավոր ազգականներին:
              Միջինքի չորեքշաբթի երեկոյան եկեղեցիներում ջրով և ձեթով լի կոնք էր պատրաստվում, որին ժողովուրդը «լիճք» էր ասում: Այն իրենից ներկայացնում էր եղեգնյա խաչի մեջ դրված պատրույգ, որը ողջ գիշեր այրվում էր: Առավոտյան այն հավասարաչափ բաժանում էին ներկա հավատացյալներին, որոնք էլ այդ ջուրը խմորի հետ խառնելով` պատրաստում էին տվյալ օրվա ծիսական բաղարջը: «Լիճքը» նվիրված էր հավատքի համար նահատակված կույսերին:


(26.03.2014թ.)































Комментариев нет:

Отправить комментарий