четверг, 6 марта 2014 г.

ԼԻՆԵՆՔ ԱՆՀԻՇԱՉԱՐ


           Սրբասեր ու աստվածահաճո մի քարոզիչ էշով այս ու այն կողմ էր գնում` կենաց խոսքը սերմանելու: Արդ, մի օր աղոթելու համար եկեղեցի մտնելով` էշը թողեց դռանը և մինչև «Հայր մեր»-ն ասաց, քանիցս տարվեց մտքերով` խորհելով էշի մասին, թե միգուցե մեկն այն գողանա, և այսպիսի այլ մտքեր էլ խափանում էին նրա աղոթքը: Այս տեսնելով` անմիջապես ելավ եկեղեցուց և էժան գնով վաճառեց էշը` չկամենալով, որ այսուհետ աղոթքի ժամանակ միտքը զբաղվի և հեռանա Աստծուց:

         Սուրբ Հովհան Ողորմածը եղբորորդի ուներ, որ կռվելով մի պանդոկապետի հետ՝ նրա կողմից մեծագույն անարգանքի ենթարկվեց: Եվ քանզի այս μանը հայտնապես կատարվեց, այն էլ անարգ մարդու կողմից, ինքն էլ մանավանդ պատրիարքի եղբորորդին էր, այս պատճառով, խոցոտված սրտով, կարեվեր, սաստիկ լացով եկավ նրա սենյակը: Հեզահոգի պատրիարքը, նրան այսպիսի զայրույթի մեջ տեսնելով, կանչեց և հարցրեց նրա տրտմության պատճառը: Իսկ նա սաստիկ տրտմության պատճառով չէր կարողանում հայտնել, և մերձավոր մարդիկ ամեն ինչ հայտնի դարձրին պատրիարքին: Իսկ վերջինս, որպես ճշմարիտ բժիշկ, իր եղբորորդու բարկությունն սկսեց մեղմորեն հանգցնել` ասելով.

– Արդարև դա այդպես է. արդյոք հնարավո՞ր է, որ որևէ մեկը համարձակվի քո
դեմ իր բերանը բացել: Հավատա՛, որդյա՛կ, այնպիսի գործ կանեմ այսօր, որ բովանդակ Ալեքսանդրիան զարմանա:

         Եվ նրան փոքր–ինչ հանդարտված տեսնելով և կարծելով, թե պանդոկապետը հայտնապես կպատժվի` գրկեց նրան և ասաց.

– Որդյա՛կ, եթե իսկապես իմ եղբորորդին ես, պատրաստի՛ր քեզ գանակոծության ու ամեն մարդու անարգանքին, քանզի ճշմարիտ ազգակցությունը ոչ թե արյունից ու մարմնից, այլ հարազատ առաքինությունից է ճանաչվում:

       Ապա ուղարկեց ու պանդոկապանին կանչեց և նրան ազատեց բոլոր հարկերից, այնինչ ովքեր այս մասին լսեցին, զարմացան և հասկացան նրա ասածը, թե` «Այնպիսի գործ կանեմ, որ բովանդակ Ալեքսանդրիան զարմանա», քանզի ոչ միայն վրեժխնդիր չեղավ, այլև պատժի փոխարեն նրան շնորհներ արեց:


Комментариев нет:

Отправить комментарий