Աբգար հայոց թագավորի վարքը (ըստ Հայսմավուրքի)
Աբգար հայոց արքան աստվածասեր և մեծահավատ էր` ըստ մարմնի թագավորակից Քրիստոսի` մեր Աստծո, որովհետև Քրիստոս ծնվեց Սբ. կույս Մարիամից Աբգարի թագավորության առաջին տարում և 30 տարի հետո մկրտվեց Հորդանան գետում Հովհաննեսից, ապա նշաններ և սքանչելի գործեր սկսեց անել: Աբգարը, լսելով նրա մասին, անմիջապես հավատաց Նրան` թողնելով կռապաշտությունը: Եվ քանզի թագավորը հիվանդ էր բորոտությամբ, և չկար բժշկության հնար, Աբգարը ուղարկեց Անանեին` իր փառավոր նախարարին` ապահունիների իշխանին, նրա հետ 10 պատվավոր մարդկանց` մեծագին ընծաներով և նվերներով: Նաև գրեց Հիսուսին իր հավատի խոստովանության նամակը և աղաչեց գալ` բժշկել նրան չարաչար ցավից և լինել իր հետ: Անանեի հետ ուղարկեց Հովհաննես անունով մի նկարչի, որ եթե չկամենա Հիսուսը գալ արքայի մոտ, նկարեն Նրա պատկերը և բերեն իրեն:
Անանեն եկավ հասավ Երուսաղեմ Ծաղկազարդի օրը, երբ Հիսուս իջավ Ձիթենյաց լեռի զառիվայրերով Գեթսեմանի, այնտեղից ելավ ավանակով Երուսաղեմ քաղաքը և գնաց մտավ Սողոմոնի տաճարը: Ելնելով տաճարից` Հիսուս գնաց Գամաղիէլ օրենուսույց վարդապետի տունը, ով Նիկոդեմոսի` Հիսուսի գաղտնի աշակերտի, եղբայրն էր, որովհետև Գամաղիէլը մեծարեց Հիսուսին և տարավ Նրան տաճարից իր տունը: Անանեն ուղարկեց պատվավոր յուրայիններից Հիսուսի աշակերտների մոտ` հարցնել նրանցից, թե «ինչպե՞ս տեսնենք Քրիստոսին»: Ըստ Հովհաննես (Ավետարանչի), որ ասում է. «Կային այնտեղ ոմանք հեթանոսներից, որ եկան Երուսաղեմ, որ մոտեցան Փիլիպոսին և ասացին. «Տե´ր, կամենում ենք Հիսուսին տեսնել»: Փիլիպոսը ասաց Անդրեասին: Անդրեասն ու Փիլիպոսը ասացին Հիսուսին և մտցրեցին նրանց Հիսուսի մոտ: Անանեն և յուրայինները տեսան Հիսուսին առաքյալների հետ Գամաղիէլի տանը: Հիսուս ընդունեց նրանց ուրախությամբ և ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին»: Անանեն, բարձրանալով, ոտքի կանգնեց, տվեց նամակը, երկրպագեց և ասաց Հիսուսի առջև արքայի ողջույնի խոսքը: Հիսուս օրհնեց Աբգարին և նրա թագավորությունը, հրամայեց Թովմային գրել նրան պատասխան, երանի տվեց Աբգարին նրա հավատի համար և ասաց. «Փոքր-ինչ ժամանակ եմ աշխարհում, ապա կվերանամ երկինք Իմ Հոր մոտ: Այնժամ կուղարկեմ քեզ մոտ Իմ աշակերտներից մեկին` կյանք տալու համար քեզ և ովքեր քեզ մոտ են»: Հիսուս ուղարկեց նամակի հետ նաև Իր անձեռագործ պատկերը` նկարված սուրբ դաստառակին (ձեռքի սրբիչ), որը մեր Տեր Հիսուս Քրիստոս անցկացրեց Իր աստվածային երեսով Գամաղիէլի տանը: Այն բերեցին և տվեցին Աբգարին` փոխանակ Տիրոջ: Տեսնելով այն` բարեպաշտ արքան ուժգին բերկրեց և, գցելով երեսին, համբուրում էր ջերմեռանդ սիրով և հաստատուն հավատով, որով այնժամ առողջացավ կես մարմնով: Եվ այնպես համարեց Աբգարը, թե տեսավ Քրիստոսին մարմնով:
Քրիստոսի համբարձումից և Սբ. Հոգու առաքյալների դասի վրա էջքից հետո, զինված գեղարդով և Սբ. Հոգով` Թադեոս առաքյալը եկավ Տուբա հրեայի տունը և բժշկեց նրան (որովհետև մահճին գամված էր իր հիվանդությամբ): Աբգարը, լսելով դրա մասին, ասաց, թե. «Սա` նա է, որին խոստացավ ուղարկել ինձ Քրիստոս» և ուղարկելով նրա ետևից, կանչեց իր մոտ Սբ. առաքյալին: Երբ Թադեոսը մտավ Աբգարի մոտ, արքան, վեր կենալով իր գահից, երկրպագեց Թադեոսին և օրհնություն խնդրեց առաքյալից, քանզի սքանչելի նշան տեսավ նրա երեսին և ոսկե թագ Թադեոսի գլխին, ինչպես թագավորի մոտ: Թադեոսը, ձեռքը դնելով թագավորի գլխին, Քրիստոսի անվամբ փարատեց նրանից բորոտության ցավը: Ապա մկրտելով թագավորին` բոլորովին բժշկեց նրան չար հիվանդությունից: Նույնպես և բոլոր քաղաքացիները հավատացին ի Քրիստոս և մկրտվեցին:
Առաքյալը շինեց եկեղեցիներ, ձեռնադրեց քահանաներ և պաշտոնյաներ: Ձեռնադրեց եպիսկոպոս Ադդե կերպասագործին` Քրիստոսի 70 աշակերտներից, և թողեց նրան իր փոխարեն քաղաքի առաջնորդ: Իսկ ինքը, առաքյալը, վերցնելով Աբգար արքայից հրովարտակներ, որպեսզի ամեն ոք հնազանդվի Քրիստոսի ավետարանին Թադեոսի քարոզությամբ, ելավ դիմեց Վերին Հայք, Սանատրուկ արքայի մոտ, ով Աբգարի քրոջ որդին էր:
Աստվածասեր Աբգար թագավորը եղավ առաքելաբար Ավետարանի պատմողը, նշաններ և բժշկության հրաշքներ էր գործում: Գրեց նամակ Հռոմի կայսեր Տիբերիոսին, որպեսզի նա հրաման տա իր տերության բոլոր գավառներում պաշտել Աստծուն` Հիսուս Քրիստոսին` ծնված Բեթղեհեմում Սբ. կույս Մարիամից, ով անարգվեց Պիղատոսից և խաչվեց հրեաների կողմից: Նույն նամակը Աբգար թագավորը գրեց պարսից Արշավիր արքային` իր ազգականին և հանձնարարեց նրան ընդունել Սիմոն Կանանացուն, նույն ինքը Շմավոն նախանձահույզին` Հովսեփի որդուն և Հակոբոս Տեառնեղբոր եղբորը: Թագավորը նրան հանձնեց Արշավիր արքային, որպեսզի լսեն առաքյալի քարոզը: Նույնպես բաբելացիների Ներսեհ մանուկ արքային գրեց Աբգարը` հնազանդ լինել Ավետարանի քարոզին և պաշտել Քրիստոս Աստծուն: Եվ այնպես հոժարությամբ հոգ էր տանում բարեպաշտ Աբգարը` ամենուր Քրիստոսի արքայությունը քարոզելու համար, որպեսզի Քրիստոսի Ավետարանի քարոզը ընդդիմության չհանդիպի: Այդ պատճառով, նաև, Քրիստոսի Ավետարանը շուտով թռավ աշխարհի բոլոր ծագերը, և բոլոր ազգերը և ժողովուրդները ընկալեցին և սովորեցին աստվածգիտության օրենքները:
Քրիստոսին հավատացող հեթանոս թագավորներից առաջինը և բոլոր քրիստոնյա թագավորների անդրանիկը` հրեշտակներին և մարդկանց ցանկալին՝ բարեպաշտ Աբգար թագավորը, իր կյանքը և թագավորությունը այսպես կարգավորելուց հետո, առաքինի կյանքով ապրած և ալևորության հասած, հանգեց ի Քրիստոս և փոխադրվեց անանց թագավորություն քաղոցի 23-ին (դեկտեմբերի 31): Նրա հիշատակը օրհնությամբ թող լինի:
Աբգար թագավորի աղոթքներով ողորմի´ր, Քրիստոս Աստված, Ապուչեխցի մահտեսի Հարությունին և նրա ծնողներին` մահտեսի Մարտիրոսին և մահտեսի Մարգարտին, և նրանց բոլոր զարմերի համար Աստծուց ողորմություն խնդրեցեք, որ եղավ պատճառ և հոգաբարձու այս սուրբ մատյանի տպագրության համար: Եվս առավել ողորմի´ր, Քրիստոս Աստված, այս գիրը կարդացողներին:
holitrinity.am