10.12.2013թ. - Սրբոցն Կուռնէլիոսի հարիւրապետին, Շմաւօնի՝ ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պօղիկարպոսի՝ հայրապետին Զմիւռնիոյ եւ վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան
Ս. Կոռնելիոսը ծնվել էր Կեսարիայում: Նա իտալական գնդում հարյուրապետ էր, որ հավատացել էր Քրիստոսին և դարձել ճշմարիտ քրիստոնյա: Նրան և նրա ընտանիքի անդամներին մկրտել էր Պետրոս Առաքյալը: Արդար լինելու համար նրան անվանել են «Երկրորդ Աբրահամ»: Երուսաղեմում շատ է քարոզել, հրաշքներ գործել: Զառամյալ տարիքում ենթարկվել է հալածանքների և նահատակվել:
Սրբի գերեզմանին հիվանդներ են այցելում և բժշկվում:
Ս. Շմավոնը հայր Հովսեփի եղբոր որդին էր: Հակոբոսի մահից հետո 65 թվականին դարձել է Երուսաղեմի պատրիարք: Տրայանոսի կողմից հալածանքների է ենթարկվել և 120 տարեկանում խաչվել Երուսաղեմում:
Պողիկարպոս հունարեն նշանակում է բազմապտուղ: Նա ծնվել էր 70 թվականին և Հովհաննես Ավետարանչի աշակերտն էր: Հովհաննես Ավետարանիչը Պողիկարպոսին 96 թվականի ձեռնադրել է Զմյուռնիայի եպիսկոպոս: Անզիջում պայքարել է հերետիկոսների դեմ: Բյուզանդիայի կայսրը նրան ձերբակալել է և ստիպել ուրանալ Քրիստոսին: Նա պատասխանել է. «80 տարի ծառայել եմ Քրիստոսին և շատ բարիքների արժանացել և չեմ կարող ուրանալ իր Փրկչին»: 166 թվականին նրա ձեռքերն ու ոտքերը կապել ու այրել են:
Պողիկարպոսից մեզ է հասել փռյուգացիներին գրված մի թուղթ, որը նահատակված քրիստոնյաների առաջին վավերագիրն է:
Ս.Պողիկարպոսի կենդանության ժամանակ Զմյուռնիա էին եկել 12 փիրատելփացիներ, որոնք կոչվել են Արևելյան վկաներ : Նրանք նույն ժամանակահատվածում նահատակվել են: Կայսրը վկաներին գազանների առջև է նետել:
Комментариев нет:
Отправить комментарий