понедельник, 2 декабря 2013 г.

ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 (02.12. 1868, Նոր Նախիջևան – 09.05.1954, Էջմիածին)

      Ամենայն հայոց կաթողիկոսն է եղել 1945թ-ից: Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1879–89թթ), Լայպցիգի համալսարանում (աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններում) և կոնսերվատորիայում (1889–94թթ): 
      1889թ-ին ձեռնադրվել է սարկավագ, 1913թ-ին` վարդապետ. նշանակվել է Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ: 1915թ-ի հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, իսկ 1916թ-ից` նախագահ:
       1916թ-ի մայիսի 17թ-ից` Մայր աթոռ Ս. Էջմիածնի Սինոդի անդամ: 1917թ-ին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1922–27թթ-ին` Վրաստանի թեմի առաջնորդ, 1927թ-ից` Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 1938թ-ին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո մինչև 1941թ-ը ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1941թ-ի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ, 1945թ-ի հունիսին` Ամենայն հայոց կաթողիկոս:
      Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար: 
      
      Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև` Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը: 

     Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը: Մեծ ավանդ է ունեցել 1946–48թթ-ի հայրենադարձության կազմակերպման գործում: 
     1945թ-ի ապրիլին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945թ-ի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին` հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով: 1947թ-ի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ` «Հայկական հարցի լուծման մասին»: Ողջունել է 1947թ-ի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը: Կաթողիկոս. գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը:

Գևորգ Զ Չորեքչյանի աճյունն ամփոփվել է Մայր տաճարի բակում 1954թ-ին:


Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան


Комментариев нет:

Отправить комментарий