Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր, պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել է 5-րդ դարում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների 7-րդ դարում, 12-րդ դարում, հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում։
Ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ՝ միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, քաղաքի քրիստոնեական կերպարի համար։
1933-36 թթ.-ին, հակառակ հայ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհբեկ Քալանթարի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է Մոսկվա կինոթատրոնի շենքը։
Զովունու Պողոս-Պետրոս եկեղեցի
Զովունու Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին` բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից` պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու` երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։
Եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի` գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։
1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել։
Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թթ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։
Комментариев нет:
Отправить комментарий