вторник, 10 декабря 2013 г.

       Ս. ՇՄԱՎՈՆ եկեղեցի


      Փառակա գյուղը Բեստաձորում կամ Գիլան ձորում հնագույններից է Գողթան գավառում` շատ հարուստ նյութական մշակույթի հուշարձաններով, այդ թվում ճարտարապետական (հնձաններ, ջրաղացներ, կամուրջներ, վանքեր, եկեղեցիներ և այլն ):

    Դրանցից հայտնի են Ս. Գևորգ անապատը, Ս. Նշան և Ս. Եղիա Մարգարեի վանքերը, Ս. Շմավոն և Ս. Հակոբ Հայրապետ եկեղեցիները:

   Մեծամասամբ ավերակ վիճակում գտնվող այդ հուշարձաններից համեմատաբար պահպանված են Ս. Շմավոն և Ս. Հակոբ Հայրապետ եկեղեցիները:

      Ս. ՇՄԱՎՈՆԸ XII-XIII դդ եկեղեցի է,  գտնվում է գյուղի արևմտյան մասում: Վերակառուցման է ենթարկվել 1680 թ., ինչի մասին վկայվել է հարավային մուտքի բարավորի վրայի արձանագրությամբ: Եկեղեցու ճարտարապետն անհայտ է: 

     Եռանավ այդ բազիլիկին` 19.5 X 27,0 մ արտաքին չափերով, արևմտյան կողմից կցված էր գավիթ-նախասրահ` կամարակապ մուտքերով հարավային և հյուսիսային կողմերից:

    Ընդարձակ` 16.4 X 21.0 մ աղոթասրահը մուտքեր ուներ հարավային ճակատից և արևմտյան կողմից` գավիթ նախասրահից: Հարավային մուտքի մոտ կան XVI-XVII դդ մի քանի քայքայված արձանագրություններով տապանաքարեր։

       Խաչաձև չորս մույթերով աղոթասրահը բաժանված է եղել միջին` 7.0 մ և կողքի 3.7 մ նավերի ու հենարան է ծառայել երկլանջ կտուրի տակ առնված թաղածածկի համակարգի համար:
         Ավագ խորանը հնգանիստ էր, պատրհանախորշերով յուրաքանչյուր նիստին:
Կողքի քառակուսի ավանդատները կրկնահարկ էին, դեպի ուր տանող աստիճանները տեղավորված էին ավանդատների և ավագ խորանի միջև գտնվող պատերում:
  Նշված հատկանիշներով Ս. Շմավոն եկեղեցին նման է Բիստի Ս. Աստվածածին եկեղեցուն, չափերով փոքր ինչ զիջելով նրան:
   Ս. Շմավոն եկեղեցին ամբողջապես կառուցված էր տեղական մուգ կապույտ սրրատաշ բազալտով: Բաց և մոխրագույն քարերից հաջորդաբար շարված պատերին տարագույն մշակում է տրված:
      Եկեղեցին կանգուն է։



                                                                   աղբյուր՝ Վարազդատ Հարությունյանի «Հայկական ճարտարապետության պատմություն» 

Комментариев нет:

Отправить комментарий