понедельник, 16 декабря 2013 г.

16.12.2013թ. - Ս. Հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

     Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի ըստ ավանդության՝ նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3): 
    Նա եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: 
  Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր նահատակվել է մոտ 113-117 թվականներին, ինքնակամ նետվելով առյուծների առաջ: 
      Գրել է բազմաթիվ նամակներ` ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը:

  Ս. Ադդե հայրապետը (Ա դ.) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը՝ իր ձեռնադրությունն ստանալով Թադեոս առաքյալից: Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով Ա դարի երկրորդ քառորդում: 

    Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, մայրը` հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թվականի Կ. Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին: Իբրև Թեոդոս կայսեր բանագնաց, երկու անգամ գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ` քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար:    
    Վախճանվել է 422 թվականին: 


Հայ Առաքելական Եկեղեցին ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:



Комментариев нет:

Отправить комментарий