Սուրբ Աստուածածնի հղացման տոն
Դեկտեմբերի 9-ին սուրբ Կույսի հղացման տոնն է:
Քրիստոսի մայրը՝ ամենագովելի սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ծնվել է ամուլ ծնողներից: Նա աստվածատուր է, որովայնից ընտրյալ զավակ, և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Մարիամը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, քանզի Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր:
Մարիամի հայրը՝ Հովակիմը, Հուդայի թագավորական ցեղից էր, իսկ մայրը՝ Աննան՝ Ղևիի քահանայական ցեղից: Այդպիսով՝ Մարիամից Ծնվածը՝ Քրիստոս, և՜ Թագավոր է, և՜ Քահանա՝ համաձայն այս խոսքերի. «Դու հավիտյան Քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Եբր. Ե 6), և «Տեր Աստված Նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան պիտի թագավորի Հակոբի տան վրա» (Ղուկ. Ա 32):
Մատթեոս ավետարանիչը գրում է.
«Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Հակոբին. Հակոբը ծնեց Հուդային և նրա եղբայրներին» (Մատթ. Ա 2):
Հակոբի անդրանիկը Ռուբենն էր, ում պատկանում էր թագավորությունը և քահանայությունը, սակայն երբ նա պղծեց իր հոր անկողինը՝ գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ (տե՜ս Ծննդ. ԼԵ 21), զրկվեց այս ամենից, որը և բաշխվեց նրա երեք եղբայրների միջև. Հուդային տրվեց թագավորությունը, Ղևիին՝ քահանայությունը, իսկ Հովսեփին՝ անդրանիկությունը:
«Հուդան ծնեց Փարեսին և Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին» (Մատթ. Ա 2-4):
Ամինադաբը զորավար էր, Հուդայի ցեղից: Նա ծնեց Նաասոնին, ով իշխան կարգվեց բյուրավորների վրա: Երբ Հուդայի ցեղն անապատում էր, Ամինադաբի դուստրը՝ Նաասոնի քույրը, դարձավ Տիրոջ քահանա Ահարոնի որդի Եղիազարի կինը: Նրանից ծնվեց Փենեհեզը, ով նախանձախնդիր լինելով՝ մեղմեց Աստծու բարկությունը: Ամինադաբի դստեր միջոցով բխեց քահանայության օրհնությունը, իսկ թագավորությունը՝ Հուդայի ցեղից՝ Ամինադաբի որդի Նաասոնի:
Հուդայի ցեղից Ամինադաբի որդի Նաասոնը ծնեց Սաղմոնին: Երբ Հեսուն Իսրայելի տասներկու ցեղերի բանակներն անցկացրեց Հորդանանով և կործանեց Երիքովը, փրկվեց միայն Ռահաբը, ում և կնության առավ Սաղմոնը: Նա Հուդայի սահմաններում Բեթղեհեմ քաղաքը կառուցեց և Ռահաբից ծնեց Բոոսին: Բոոսը կին առավ մովաբացի Հռութին, որպեսզի նրանով հաղորդ լինի արդարների օրհնությանը և ծնեց Օբեդին՝ Հռութից. Օբեդը ծնեց Հեսսեին. Հեսսեն ծնեց Դավիթ արքային:
Թեպետև՝ ըստ Օրենքի՝ երկու ցեղերը չէին խառնվում միմյանց, բայց քանի որ ղևտացիները չունեին ժառանգություն ու բաժին, այդ պատճառով էլ երբեմն խառնվում էին Հուդայի թագավորական ազգի հետ:
Որպեսզի ոչ միայն հրեաների ցեղը մասնակից լինի Քրիստոսի մարդեղությանը, հեթանոսների անմաքուր կանայք՝ Թամարը (տե՜ս Ծննդ. ԼԸ 3), Ռահաբը (տե՜ս Հեսու Բ 1), Հռութը (տե՜ս Հռութ Ա 4), և Բերսաբեն (տե՜ս Բ Թագ. ԺԱ 3), Իսրայելի դուստրերից մաքրություն ընդունեցին, որպեսզի հեթանոսները ևս կարողանան պարծենալ՝ սրբուհի Կույսին նախամայր դառնալով: Ինչպես հրեաներն էին թագավորներով ու նահապետներով պարծենում, ովքեր սուրբ կույսի նախահայրերն էին, այդպես էլ ուրախանում է սուրբ Եկեղեցին Թամարով, Հռութով, Ռահաբով և Բերսաբեով: Այսպես հեթանոս առաքինի կանանցից և Իսրայելի թագավորների ու նահապետների ցեղից ծնված Սուրբ Կույսից, ծագեց Անմուտ Արեգակն ու լուսավորեց ողջ տիեզերքը:
Սուրբ Կույսի մայրը՝ սրբուհի Աննան, Ղևիի ցեղից էր, Ահարոնի զարմերից՝ Մաթան քահանայի դուստրը: Մաթան քահանան երեք դուստր ուներ: Առաջինի անունը Մարիամ էր, Հովսեփ աստվածահոր որդիների մայրը, ով ծնեց Սաղոմեին, սուրբ Կույսի մանկաբարձուհուն, երկրորդը՝ Սովյուեն էր, նա ծնեց Եղիսաբեթին՝ Հովհաննես Մկրտչի մորը, իսկ երրորդը՝ կրտսերը՝ Աննան էր, ով Գալիլիայում ամուսնացավ Հովակիմի հետ և ծնեց հրաշագեղ Մարիամին: Այս երեքը՝ Մարիամը, Եղիսաբեթը և Սաղոմեն երեք քույրերի դուստրեր էին:
Հովակիմն Իսրայելի որդիների տոհմից էր, Հուդայի ցեղից, Դավթի թագավորական տնից: Նա բարեպաշտ, բոլորի կողմից սիրված, Աստծու երկյուղն ունեցող անձնավորություն էր, և սուրբ սրտով, անկեղծ մտքով ու հոժար կամքով ծառայում էր Աստծուն: Աննան ու Հովակիմը, լինելով պարկեշտ ամուսնության մեջ, երկար տարիներ զավակ չէին ունենում, քանզի Աննան ամուլ էր:
Սուրբ Աննան տրտմում էր, քանի որ զավակ չունենալը ամոթ էր Իսրայելում: Հովակիմն ու Աննան արտասուքով և աղաղակներով անընդհատ Տիրոջից զավակ էին խնդրում:
Հովակիմը հույժ հարուստ էր և Աստծուն կրկնակի ընծաներ էր մատուցում: Մի օր էլ, երբ Իսրայելի որդիներն ընծաներ էին մատուցում Տիրոջը, և Հովակիմն էլ նրանց հետ էր, Ռուփիմ քահանան նրան ասաց. «Դու իրավունք չունես առաջինը ընծաներ մատուցել Աստծուն, որովհետև չունես զավակ Իսրայելի մեջ»: Հովակիմը տխրեց և դուրս գալով Տիրոջ տաճարից՝ գնաց լեռները՝ հովիվների մոտ, որոշելով այլևս տուն չվերադառնալ, չուտել ու չխմել, մինչև որ Աստված չողորմի իրեն: Նա աղոթքն իր համար կերակուր դարձրեց և իր արտասուքը խմեց: Այդ իմանալով նրա կինը՝ Աննան, սգի հագուստներ հագավ և օր ու գիշեր արտասվում էր:
Մի օր, իններորդ ժամին, Աննան աղոթքի է կանգնում Տիրոջ առջև ու ասում. «Հիշի՜ր, Տեր, Քո աղախնու տառապանքները և օրհնիր ինձ, ինչպես օրհնեցիր Սառայի արգանդը, տալով նրա Իսահակ որդուն»: Այդպես աղոթում էր և երկինք նայելով լալիս: Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակը երևաց նրան ու ասաց. «Աննա՜, Աննա՜, Աստված լսեց քո աղոթքը, և ահա դու պիտի հղանաս և մի դուստր պիտի ծնես, ում անունը տարածվելու է ամբողջ երկրում, և նրան պիտի նվիրես Տիրոջը՝ Աստծու տաճարին: Եվ ահա քո Հովակիմ ամուսինը գալիս է խոյերով, նոխազներով ու զվարակներով, քանզի Տերը լսել է նրա աղոթքները»:
Հովակիմը նույնպես Տիրոջ հրեշտակից ավետիս էր ընդունել, և վերցնելով ընտիր ու անարատ տասը ոչխար՝ Տիրոջն ընծայելու համար, տասներկու զվարակներ՝ քահանաների ու ծերերի համար, և հարյուր այծեր էլ՝ ժողովրդի համար, իջնում է սարից և ընծաները մատուցելուց հետո գնում իր տունը, և նրա կինը՝ Աննան, հղիանում է:
Հետագայում Աննան արժանանում է նաև իր Թոռան՝ Հիսուսի տեսությանը, սակայն այդ ժամանակ Հովակիմն արդեն մահացել էր:
Комментариев нет:
Отправить комментарий