четверг, 28 ноября 2013 г.

ԱՌԱԿ ԾԻԾԱՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


       Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում: Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուրտրտում է օրն անցկացնում: 
      Եղբոր հարցին թագավորը պատասխանում է.
– Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ:
      Այնժամ թագավորը հրամայեց խորունկ փոս փորել և այն մինչև կեսը կայծկլտացող կրակով լցնել: Հետո պատվիրեց փոսի վրա հին ու փտած աթոռ դնել և աթոռի վերևում բարակ թելից երկսայրի սուր կախել, իսկ նրա մոտ հրամայեց սեղան դնել` պատրաստված ամեն տեսակ կերակուրներով ու խորտիկներով և անուշահամ գինիով: Իր եղբորը նստեցրեց այդ աթոռի վրա և սուսերամերկ չորս մարդիկ էլ նրա շուրջը կանգնեցրեց, մեկին` թիկունքից, երկրորդին` առջևից, երրորդին` աջից, չորրորդին էլ` ձախից, ովքեր իրենց սուսերները նրան մոտեցրին:
      Եվ հրամայեց նրա առջև նվագել բոլոր քնարներն ու նվագարանները: Եվ այդ ամենից հետո թագավորը եղբորն ասաց.
– Ուրա՛խ լեր և զվարճացի՛ր, կե՛ր, խմի՛ր, և թող քո սիրտն ուրախանա:
– Ինչպե՞ս կարող եմ ուրախանալ կամ ծիծաղել, – պատասխանեց եղμայրը, – երբ ամեն կողմից մեծ անձկության մեջ եմ: Թե վար նայեմ, կրակ կտեսնեմ, թե կամենամ սեղանին մոտենալ, փտած աթոռս կջարդվի, և կրակի մեջ կընկնեմ, թե վեր նայեմ, մերկ սուր կտեսնեմ` բարակ թելից կախված, թե նայեմ առաջ կամ ետ, աջ կամ ձախ, ամեն կողմից պաշարված եմ մերկ սուսերներով:
      Եվ այսպես, որովհետև այսպիսի նեղությունների մեջ եմ ընկել, չեմ կարող ո՛չ ուտել, ո՛չ խմել, ո՛չ էլ ուրախանալ:
      Այնժամ թագավորն իր եղբորն ասաց.
– Ինչպիսի վիճակում որ դու ես այժմ, նույնպիսին էլ ես եմ ամեն ժամ, քանզի երբ վեր եմ նայում, այնտեղ իմ դատավորին եմ տեսնում, որ ինձ դատելու է, և նրան հաշիվ եմ տալու իմ μոլոր մտքերի, խոսքերի ու գործերի համար: Եթե վար եմ նայում, մտածում եմ դժոխքի կրակի և դատապարտյալների տանջանքների մասին, որոնց հետ և դատապարտվելու եմ հավիտյան, եթե մի մահացու մեղքով իսկ այս աշխարհից ելնեմ: Երբ ետ եմ նայում, տեսնում եմ մեղքերս, որ ընդդեմ Աստծո գործեցի և ժամանակն իզուր անցկացրի: Երբ առաջ եմ նայում, մտածում եմ մահվանս մասին, որին ամեն օր մոտենում եմ և չգիտեմ իմ մահվան ժամն ու տեղը: Երբ ձախ եմ նայում, դևերին եմ տեսնում, որոնք գիշեր–ցերեկ իմ անձն են փնտրում և իմ փրկությանը հակառակ են:
Երբ աջ եմ նայում, տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որոնք միշտ բարի խորհուրդներ էին տալիս և ինձ չար ճանապարհից դարձնում էին, որոնք, ավաղ, բավականաչափ չկատարեցի և նրանց բարի խրատներին չհետևեցի: Եվ երբ խորհում եմ, որ այս ամենն ինձ վրա և իմ շուրջն է, ինչպե՞ս կարող եմ ուրախանալ այս աշխարհում, կամ սիրտս ինչո՞վ կարող է զվարճանալ:

Սուրբ Կղեմես հայրապետի և Տոռոմենայի Բագարատ եպիսկոպոսի հիշատակի օր

Հռոմի սուրբ Կղեմես Հայրապետը


       Սուրբ Կղեմես Հայրապետը հայտնի է իբրև առաջինը «Առաքելական հայրերի» շարքի մեջ, որոնց գրվածքներն ընդհանրապես լույս են սփռում մ. թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորությունների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության վրա:
      Կղեմեսը Հռոմում հանդիպում է ս. Պետրոս առաքյալին, նրա քարոզչության շնորհիվ մկրտվում է, ձեռնադրություն ստանում և 92 թ. դառնում է Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները՝ հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանումով:
       Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին. տարվել է հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ՝ քաջաբար խոստովանելով Քրիստոսի աստվածությունը: Ս. Կղեմեսը նահատակության պսակն ընդունել է 98 թ., երբ նրա վզից քարեր են կախում և ծովը նետում:

Սուրբ Բագարատ եպիսկոպոսը


            Սուրբ Բագարատ եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտելով ս. Պետրոս առաքյալին և նրանից ձեռնադրություն ստանալով՝ ուղևորվում է Սիլիկիա, դառնում Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ կարողանում է վերացնել այնտեղի կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, ս. Բագրատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է անում նրան: Քաղաքապետը պատժում է չարագործին, իսկ սուրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփում է տապանի մեջ՝ «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:

        Հայ Առաքելական Եկեղեցին ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Տոռոմենայի Բագարատ եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց Ա. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

вторник, 26 ноября 2013 г.

26.11.13թ. - Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր


      Ս. Ղուկիանոս Անտիոքի քահանան ապրել և գործել է երրորդ դարի վերջերին և Դ դարի սկզբներին: 
    Ծնողների մահից հետո իր հայրական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Սբ. Գրքի ուսումնասիրությանը: Կարծիք կա, որ Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում է Նիկոմիդիա, ուր ինը տարի բանտարկված մնալուց հետո, 312 թվականին գլխատվում է:

Տարագրոսը, Պրոբոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Նրանք ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նրանք նահատակվում են գլխատվելով Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թվականին:

Ս. Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որին Հռոմում բռնում և բանտ են նետվում: Այնտեղ ծանոթանում է Ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում:

ՍԻՐՈ ՊԱՏՎԻՐԱՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ


                                                                                                                 Այս է պատուէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս, որպէս եւ ես սիրեցի զձեզ (Հովհ. ԺԵ 12)


         Քիրստոնեական պատվիրանի առաջին և մեծագույն պատվիրանը սերն է: Սեր առ ընկերը, սեր առ մարդը, և սեր առ Աստված: Քրիստոնեական հավատքի ողջ բարոյականը հիմնվել է այդ սիրո վրա և հենց դրա համար էլ մեր Փրկիչն իր նոր կյանքի և նոր աշխարհի օրենք հռչակեց ու ավանդ թողեց իր աշակերտներին սիրո մեծ կտակը՝ «Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ»:
      Սիրո այս կտակը կամ քարոզը ցույց է տալիս քրիստոնեական հավատքի գերազանցությունը այլ կրոնների նկատմամբ:
      Քրիստոսը ապրեց այդ սիրո կյանքը և այն ավանդ թողեց իր եկեղեցուն: Հիսուսի պատվիրած սերը քրիստոնեա հավատացյալի համար դրոշ է ծառայում: Մարդկության Փրկիչն իր պայքարի և սիրո դրոշը բարձրացրեց աշխարհի անիրավության, չարիքի, տգիտության, մեղքի և մահվան դեմ: Եվ քրիստոնեությունը հաղթանակեց ու հաղթանակում է սիրո այդ մեծ ու հավիտենական քարոզով: Որովհետև Հիսուսի ավանդած սերը՝ դրոշը, մարդկային ձեռագործ չէր, այլ աստվածատուր պարգև էր երկնքից առաքված և այդ մարմնացած սիրո դրոշն ինքը Փրկիչն էր՝ կատարյալ Մարդը, կատարյալ Աստվածը, համակ սերը, մարդկության մարմնացած ու խտացած խիղճը, անարդարության դեմ պայքարի, արդարության ու ճշմարտության հաղթանակի դրոշը:
    Աստված այնքան սիրեց աշխարհն ու մարդկությունը, որ նրանց փրկության համար զոհաբերեց իր Միածնին:
    Փրկության այս աստվածառաք սերն ազատության կոչ էր բերում ժամանակակից աշխարհին ու մարդկությանը, դա ազատության կոչ էր բերում ճնշվածների, հալածվածների համար. «Եկայք առ իս ամենայն վաստակեալք եւ  բեռնաւորք եւ ես հանգուցից զձեզ»:
      Քրիստոսի պարգևած սերը, նրա թողած սիրո մեծ պատգամը կերպարանափոխեց աշխարհն ու մարդկային բոլոր հարաբերությունները: Մարդասիրության ու հայրենասիրության ծով սերն ալեկոծում էր Հիսուսի սիրտը, նա իր աստվածային շրթների վրա սիրո, քաջալերության, մխիթարության խոսք ուներ բոլորի համար: Նա սիրում ու տառապում էր մարդկանց հոգու համար, սիրում էր մարդկանց և այդ սիրով ցանկանում էր նրանց բարձրացնել դեպի ճշմարտության, արդարության, առաքինության բարձունքը, դեպի կատարելություն, դեպի Աստված: Եվ հենց դրա համար էլ նոր պատգամ էր տալիս իր աշակերտներին, որոնք իր Ավետարանի լույսն ու ճշմարտությունը պիտի հասցնեին աշխարհի բոլոր կողմերը:
     Եվ արդարև, մեր սիրո Փրկիչը, ինչպես նրան կոչում էր Շնորհալին (սեր անուն Հիսուս), զոհեց իր անձը, թափեց իր արյունը հավատացյալների փրկության համար և նույնը պահանջեց իր աշակերտներից ու հետևորդներից. «Սիրեցեք զմիմեանս»:
     Սիրել՝ նշանակում է անձը սիրահոժար զոհոթյան ենթարկել, տալ անձը՝  ուրիշներին ապրեցնելու համար:
    Ուր սեր կա, այնտեղ կտիրի խաղաղություն, արդարություն, ճշմարտություն: Սերը մարդկանց կպահի խաղաղության և անդորրության մեջ, սիրով լցված հոգին անպարտելի կլինի մարտերում և չի նահանջի դժվարությունների առաջ: Սերը մարդկանց կբարձրացնի, կաստվածացնի, որովհետև «Սերը համբերող է, քաղցրաբարո, սերը չի նախանձում, իրենը չի փնտրում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա», ասում է Պողոս առաքյալն իր Ա Կորնթ. 13-6 համարում:
     Իր սրտի մեծ սիրով Քրիստոս սիրում էր մարդկանց և իր աշակերտներին, բայց և սրտի խորունկ ցավով, ալեկոծ հոգու վշտով՝ ցավում էր մարդկային անարդարության, կեղծիքի վրա: Նրա սիրո քարոզին պատասխանում էին ատելության խոսքերով: Եվ ահա դարերի խորքից հնչում է Քրիստոսի քաջալերական խոսքերը բոլոր նրանց համար, ովքեր սեր քարոզեցին, բայց ատելություն գտան. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ» Մատթ. ԺԱ 28:
     «Սիրեցեք զմիմեանս»: - Այսօր էլ մեր իրականությունը կարիք ունի սիրո այդ քարոզին՝ խաղաղության ու անդորրության մեջ ապրելու համար: Մարդկությունը հացի, ջրի, օդի պես կարիք ունի Քրիստոսի աստվածային սիրո խոսքերին: Ամեն գործ, լինի այն պայքար, թե խաղաղ աշխատանք, եթե սերը բացակայում է, ապա պայքարը պարտություն կկրի, աշխատանքն անավարտ կմնա:
     Եթե աշխարհը Հիսուսի սերն իրեն ուղեցույց դարձնի, այլևս չեն լինի մարդաջինջ ու աշխարհավեր պատերազմներ, և խաղաղությունը կտիրի ամենուր:
     Այդ սիրով առաջնորդվենք, որովհետև այդ սիրով ապրել է անցյալից մինչև այսօր մեր ժողովուրդը: Հիսուս Քրիստոսի աստվածավանդ սերը թող լինի մեր կյանքի առաջնորդը և «Սէր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ»: 
ԱՄԵՆ


Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան


понедельник, 25 ноября 2013 г.

Մանուկ Կակոսյան Կյուրինցի

ԵՐԿՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ 

 

Հարց. Ապա ի՞նչ արեց Հերովդեսը:
Պատասխան. Մոգերին Բեթղեհեմ ուղարկեց ու պատվիրեց, որ երբ Հիսուսին գտնեն, իրեն հայտնեն, որպեսզի ինքն էլ գնա երկրպագի Նրան:

Հարց. Դրա վրա կասկածում եմ. չլինի՞ թե Հերովդեսի նպատակը Հիսուսին սպանելն է:
Պատասխան. Այո՛, ինչպես որ հետո նշանը ցույց տվեց:

Հարց. Ի՞նչ նշան ցույց տվեց:
Պատասխան. Երբ մոգերը Բեթղեհեմ գնացին, նորածին Հիսուսին տեսան մսուրի մեջ դրված, երկրպագեցին ու իրենց ընծաները տվեցին, բայց Հրեշտակը չթողեց, որ նորից Երուսաղեմ վերադառնան ու Հերովդեսին իմաց տան Հիսուսի տեղը. ապա մի ուրիշ ճանապարհ ցույց տվեց, որով գնացին իրենց երկիրը, իսկ երբ Հերովդեսը իմացավ, որ մոգերն իրեն խաբել  են, սաստիկ բարկանալով մարդ ուղարկեց, Բեթղեհեմի և նրա սահմանների մեջ եղած բոլոր երկու տարեկանից փոքր տղա երեխաներին կոտորել տվեց, որպեսզի Հիսուսն էլ նրանց մեջ մեռնի (տե՛ս Մատթեոս Բ 16):

Հարց. Մատթեոս Ավետարանչի խոսքին նայելով՝ Հիսուս այն ժամանակ հինգ, վեց օրական պետք է լիներ, ապա ինչո՞ւ է Հերովդեսը երկու տարեկան երեխաներին սպանել տալիս:
Պատասխան. Թեպետ Մատթեոսի խոսքից թվում է, թե մանուկների կոտորածը շատ մոտ է Հիսուսի ծնունդին, բայց երկու տարեկանից փոքրերին կոտորելուց իմացվում է, որ բավական ժամանակ անցած պիտի լիներ Հիսուսի ծնունդից մինչև մանուկների կոտորածը, ինչպես որ Մատթեոսի մեկնությունն է ասում:

Հարց. Ո՛հ, ինչ քարսիրտ, վատ մարդ է եղել Հերովդեսը: Արդարև, այդ անմեղ տղաների սպանդը իմ սիրտը շատ ցավեցրեց: Բայց նախապես գրված կա՞ր այս մասին:
Պատասխան. Երեմիա մարգարեն գրում է.«Մի ձայն է լսվում Ռամայում, ողբ, լաց ու գույժ. Ռաքելը ողբում է իր որդիներին, որդիների պատճառով չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք չկային» (Երեմիա ԼԱ 15):

Հարց. Ռամա ասվածը որտե՞ղ է, և կամ Ռաքելը ո՞վ է:
Պատասխան. Ռամա ասվածը մի գյուղ է Բեթղեհեմի ճանապարհի վրա՝ սուրբ Եղիայի վանքի մոտ, որ նաև Արեմաթեա են ասում: Ռաքելն էլ Հակոբ նահապետի կինն է, որ Խառանից գալու ժամանակ այնտեղ մեռավ, և նրա գերեզմանը Ռամայի ներքևում է:

Հարց. Արդյոք ինչո՞ւ էր լալիս:

Պատասխան. Ռաքելը՝ որպես Բենիամինի մայր, Հիսուսի պատճառով սպանվող մանուկներին իր զավակներն էր համարում:

շարունակելի

воскресенье, 24 ноября 2013 г.

ՍՈՒՏ ԱՍԵԼՆ ՈՒ ՍՈՒՏ ԵՐԴՎԵԼԸ

     Երկու քաղաքացիներ իրենց մեղքերը քահանային խոստովանելիս, մեղքերի ևս երկու կերպ խոստովանեցին, որոնք թեպետև ըստինքյան շատ ծանր մեղքեր են, սակայն սովորության համաձայն վաճառականների մեջ թեթև են համարվում կամ թե ոչինչ, այն է` սուտ ասելն ու սուտ երդվելը:
    
       Եվ ասացին. 

– Հա՛յր, ոչ մի բան չենք կարող գնել կամ վաճառել, եթե սուտ չասենք կամ սուտ չերդվենք:

      Խոստովանահայրը նրանց ասաց.

– Այդպիսի մեղքերը ծանրագույն են և Փրկչի կողմից արգելված. այնտեղ, որտեղ ասում է. «Ձեր խոսքը լինի` այոն` այո, և ոչը՝  ոչ» (Մատթ., 5, 37):

          Եվ նրանք պատասխանեցին.

– Այդ պատվիրանն առևտրի մեջ չենք կարող պահել:

      Քահանան նրանց ասաց.

– Անսացե'ք իմ խրատին և լավ հաջողություն կունենաք: Սուտ մի' ասեք և սուտ մի' երդվեք, այլ որպես իրն եք կամենում վաճառել, այնպե'ս գովեք:

        Եվ նրանք խոստացան մեկ տարի այդպես փորձել, ինչպես որ քահանան էր նրանցից պահանջում:
     Այդ տարի, սատանայի հնարքով, որ միշտ բարուն հակառակ է, ոչինչ վաճառել չկարողացան: Ապա մի տարի հետո խոստովանահոր մոտ դարձան` ասելով.

– Մեր հնազանդությունն այս տարի մեզ մեծ վնաս հասցրեց, քանի որ մարդիկ մեզնից երես դարձրին, և առանց երդման ոչինչ չենք կարող վաճառել:

     Այդժամ քահանան ասաց.

– Մի՛ երկնչեք, քանզի դա փորձություն է, հաստատո՛ւն եղեք ձեր սրտերում, որ ոչ մի ներհակություն, ոչ էլ աղքատություն ձեզ այդ ուխտադրությունից ետ չդարձնի, և Տեր Աստված էլ ձեր ունեցվածքը կօրհնի:

      Նրանք էլ խոստացան, թե`

– Աստծո կարողությամբ խրատդ ու Աստծո պատվիրանը մեր կյանքի բոլոր օրերում կպահենք, եթե անգամ մուրալու հարկ լինի: 

        Զարմանք. Աստված անմիջապես վերացրեց այդ փորձությունը, և մարդիկ սկսեցին նրանց դիմել առավել, քան մյուս վաճառականներին: Եվ ոչ շատ օրեր հետո այն աստիճան հարստացան, որ մինչև իսկ իրենք էին զարմանում:
        Եվ դառնալով իրենց խոստովանահոր մոտ` նրան գոհություն հայտնեցին, որ իր փրկող խրատով այդպիսի մեծամեծ հանցանքներից ազատվեցին և երկրային ունեցվածքով բարգավաճեցին:

суббота, 23 ноября 2013 г.

Մանուկ Կակոսյան Կյուրինցի

ԵՐԿՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ 

 


Հարց. Որտե՞ղ ծնվեց:
Պատասխան. Բեթղեհեմի քարանձավում՝ մսուրի մեջ:

Հարց. Այդտեղ ծնվելը նախապես գրված էր:
Պատասխան. Այո՛, Միքիա մարգարեն գրում է. «Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակավամարդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզանից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և Նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա Ե 2):

Հարց. Անունն ի՞նչ դրեցին:
Պատասխան. Անունը Հիսուս դրեցին:

Հարց. Քանի որ քարանձավի մեջ ծնվեց, այդ մասին մարդ իմացա՞վ:
Պատասխան. Տիրոջ հրեշտակը երևաց հովիվներին և ավետեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում...: Որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալ Տերն է» (Ղուկաս Բ 10-11), այսինքն՝ Քրիստոս:

Հարց. Արդյոք ուրիշ մարդ ևս իմացա՞վ:
Պատասխան. Արևելքից մոգեր եկան, Հիսուսին ընծա բերին ու երկրպագեցին:

Հարց. Որտեղի՞ց իմացան մոգերը:
Պատասխան. Երկնքում մեծ աստղ տեսան, որը նրանց առաջնորդելով մինչև Երուսաղեմ բերեց:

Հարց. Մոգերի գալու մասին նախապես գրված կա՞ր:
Պատասխան. Դավիթ մարգարեն գրում է. «Թարսիսի և կղզիների թագավորները նվերներ թող մատուցեն նրան: Արաբիայի և Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան» (Սաղմոս Հ10):

Հարց. Մոգերը կարողացա՞ն անմիջապես գտնել Հիսուսին:
Պատասխան. Ո՛չ, որովհետև երբ եկան Երուսաղեմ, աստղը ծածկվեց, ուստի Հերովդես թագավորին հարցրին. «Հրեից թագավորը որտե՞ղ ծընվեց. մենք նրա աստղը տեսանք արևելքում ու նրան երկրպագելու եկանք»: Եվ երբ Հերովդեսն այդ մասին լսեց, զայրացավ, տակնուվրա եղավ ու քահանայապետներին կանչելով հարցրեց. «Քրիստոսը որտե՞ղ պետք է ծնվի», նրանք էլ պատասխանեցին. «Բեթղեհեմում պետք է ծնվի» (Մատթեոս Բ 2):

շարունակելի...

пятница, 22 ноября 2013 г.

ԻՐԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԸ


       Մի հերետիկոս իր աղանդին էր կամենում դարձնել ուղղափառ մի քահանայի, և երբ տեսավ, թե իրենից խորշում է և իր խոսքերը չի ընդունում, նրան ասաց.

– Հավատքիդ մեջ ինքնահավան ու անխոնարհելի ես: Եթե կամենայիր հավատալ
իմ խոսքերին, ես քեզ ցույց կտայի Քրիստոսին, Նրա մորը և Աստծո սրբերին:
Եվ քահանան, հասկանալով, որ այդ ցնորքն ու պատրանքը սատանայինն են, կամենալով փորձել, թե ի՛նչ է այն, նրան ասաց.

– Հիրավի քեզ կհավատամ, եթե կատարես խոստացածդ:

      Այս լսելով` հերետիկոսը հույժ ուրախացավ և նրա համար օր սահմանեց:
Իսկ քահանան, առնելով մասնատուփը տերունական մարմնով, դրեց ծածուկ մի
տեղ` վեղարի տակ: 
      Հերետիկոսը, քահանային առնելով, տարավ մի մեծ լեռան մեջ  գտնվող այր և նրան մեծ ապարանք մտցրեց, որը զարմանալի բոցաճաճանչ լույսով փայլում էր: Եվ երբ ներս մտան, կարգով շարված բազում ոսկեփայլ աթոռներ տեսան: Մի աթոռի վրա թագավորն էր բազմել` մեծ լույսով շրջապատված, նրա աջում` թագուհին` վայելչագեղ ու շատ գեղեցկատես, այս ու այն կողմերում ծերերն էին բազմել` իբրև նահապետներ ու առաքյալներ, իսկ շուրջը հրեշտակների մեծ բազմությունն էր կանգնած, որոնք ամենքն էլ աստղերի պես փայլում էին` կասկածի տեղ չթողնելով, թե դևեր են:

      Այս ամենը երբ հերետիկոսը տեսավ, ընկավ գետին և երկրպագեց` իբրև Աստված:

      Իսկ քահանան անշարժ կանգնած էր, բայց տեսիլքի վրա զարմանում էր: Եվ հերետիկոսը դարձավ քահանային ու ասաց.

– Ինչո՞ւ Աստծո Որդուն փառք չես մատուցում, երկրպագի՛ր նրան, որ բազմած ես
տեսնում և նրա բերանից մեր հավատքի խորհուրդը կուսանես:

      Այնժամ քահանան, մոտենալով, հանեց մասնատուփը և աթոռի վրա բազմած թագուհուն տվեց` ասելով.

– Թե դո՞ւ ես թագուհին` Քրիստոսի մայրը, ահա քո Որդին, ում եթե ընդունես, քեզ
Աստծո մայր կխոստովանեմ:

        Եվ երբ այս ասաց, անմիջապես առ աչոք եղած այդ բովանդակ բազմությունը ոչնչացավ, իսկ նրանք այնքան թանձրամիտ խավարի մեջ մնացին, մինչև որ հազիվ կարողացան այրից դուրս գալ: 

      Ապա հերետիկոսը ուղղափառության դարձավ և սարսափեց` զարմանալով սատանայի հնարագետ խորամանկության վրա:

среда, 20 ноября 2013 г.

ԱՉՔԻ ՆԱՅՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ


      Կուսակրոն մի քահանա մեծ զգուշությամբ իր աչքերը հեռու էր պահում կանանց հայացքներից, մինչև իսկ չէր կամենում նայել իր ազգակիցներին, որոնց հետ հարկ եղած դեպքում խոսում էր, ինչի համար էլ խոստովանահայրը, որ գիտեր նրա մտքի բոլոր գաղտնիքները, նրան հարցնում է.

– Ինչի՞ համար ես դու, որ սրբության ու կուսության այսպիսի շնորհ ունես, երեսդ
դարձնում պատվավոր ու համեստ կանանց տեսքից:

      Աստծո մարդը պատասխանում է.

– Աստվածային լույսով լուսավորվելով, հա՛յր, եթե մարդն անում է այն, ինչ իրենից
հարկն է պահանջում և իր կարողությունը զորացնում ու խորշում է մեղանչելու պատճառից, այնժամ և Աստված փոխարենն անում է այն, ինչ իր կողմից է, և մարդուն օգնում ու անվնաս է պահում: 
     Իսկ երբ մարդն իր անձը լրբաբար վտանգի է մատնում, այնժամ էլ Աստված իրավացիորեն անտեսում է նրան և ձեռքից բաց թողնում, և այնպես է լինում, որ մեր ապականացու բնության պատճառով դյուրությամբ մեծամեծ մեղքերի մեջ է ընկնում:

понедельник, 18 ноября 2013 г.

ԱՆՀԻՇԱՉԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


       Մի մարդ սպանել էր ազատատոհմիկի եղբորը և քանի որ չկարողացավ փախչել նրանց ձեռքից, ովքեր կամենում էին արյան վրեժխնդիր լինել, մեծ զղջմամբ խոստովանեց իր մեղքը և իրեն հանձնեց Աստծուն:
       Խելամտորեն վարվելով` Ավագ Ուրբաթ օրը հոժար կամքով ընդառաջ ելավ
սպանվածի եղբորը: Եվ ընկնելով նրա ոտքերը, իր պարանոցից չվան ու գոտի կախած` եղբորն սպանելու համար թողություն էր խնդրում և աղաչում, որ իրեն կյանք շնորհի Աստծո և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի սիրո համար, Ով այդ օրը մեզ համար չարչարանք էր կրել: Իսկ նա, այսպիսի խոնարհություն տեսնելով, որ նրա մարդասիրությունն էր վեր հանում, գթաց, ինչպես վայել է ազնվական մարդուն, թողություն շնորհեց նրան, Քրիստոսի սիրո համար մահապատժից
ազատեց և գրկելով համբուրեց նրան ու ասաց.
– Եղբա՛յր, գնա՛ խաղաղությամբ. Աստված քեզ թողություն է տվել երկնքում, ես
էլ քեզ թողություն եմ տալիս երկրի վրա: 

      Արդ, լսի՛ր, թե հանուն Քրիստոսի սիրո արված այսպիսի վարմունքի համար Աստծուց ինչքան մեծ վարձք ընդունեց: Նույն գիշեր մեր Տեր Հիսուս Քրիստոս երազի մեջ երևաց նրան և ասաց.
– Որովհետև երեկ քո թշնամուն հանուն Իմ սիրո ներեցիր, իմացի՛ր, որ սպանված եղբորդ հոգին նույն ժամին երկնքի արքայությանն արժանացրի, նաև նրա հետ քո
հորն էլ տարա լուսեղեն հարկերը, քեզ էլ ևս հրավիրում եմ, որ ութերորդ օրը թողնելով այս աշխարհի անձկությունը` վայելես հավիտենական փառքը:

       Այդպես էլ եղավ, քանզի ութերորդ օրն իսպառ պատրաստված՝ խաղաղությամբ ի Քրիստոս հանգչեց: 

       Ահավասիկ, տե՛ս, թե ինչքա՛ն լավ է թշնամիներին ներելը. այստեղից հայտնի է, որ չներելու պարագային Աստծուց հեռանում ենք: