понедельник, 4 ноября 2013 г.

04.11.13թ. - Ս.Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր



     Ս. Ստեփանոս Հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականին: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ  սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք»-ի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր Հայրապետ է եղել` քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որպեսզի վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատի մեջ: 
        Հեթանոսներից շատերին դարձի է բերել, որոնցից էր նաև Նեմեսիոս իշխանն իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, Հայրապետին խնդրում է, որպեսզի իրեն սարկավագ ձեռնադրի: Կայսրը, լսելով այս մասին, իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով, որ նա կուռքերին զոհ մատուցի: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակվում է մեկ այլ իշխան ևս իր մատակարարներով, որոնք նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: 
       Ըստ «Հայսմավուրք»-ի բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց: Եվ այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս Հայրապետի տոնին:
       Օրերից մեկ օր, երբ ս. Ստեփանոս Հայրապետը Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ Հայրապետը Ս. Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Հաղորդությունից հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում Հայրապետին 257 թվականին:

araratian-tem.am

Комментариев нет:

Отправить комментарий