Նա խորը քնած էր
Նա խորը քնած էր, երբ հրեշտակը շշնջաց ականջին.
- Մինչև երբ պիտի ապրես այսպես՝ ուրիշի ստվերի պես:
Ձայնն այնքան մեղմ էր, որ քնած մարդուն չխանգարեց, և նա հանդարտորեն պատասխանեց.
- Ինչ նկատի ունես, տեր իմ հրեշտակ:
Հրեշտակը պատասխանեց.
- Նկատի ունեմ այն, որ կորցրել ես ինքնությունդ և այժմ լիովին ուրիշի իշխանության տակ ես, ով քո աչքին այնքան է բարձրացել, որ նրան ես որպես օրինակ ընդունում: Սկսել ես ամեն ինչում հետևել նրան. եթե բարձրանում է, դու էլ ես բարձրանում, և եթե ընկնում է՝ դու էլ իր հետ: Ընդունում ես նրա գաղափարները և իր հետ էլ խոտորվում: Ավելին, նրա գաղափարները դու առավել եռանդով ես պաշտպանում, քան ինքը: Նրա սկզբունքներն անառարկելի ես համարում, նրա ասածը քեզ համար օրենք:
Քնած մարդն զգաց, որ հրեշտակի խոսքերը ճշմարիտ են, սակայն փորձեց արդարանալ.
- Վնաս կա՞ այն բանից, տեր իմ հրեշտակ, որ ես հետևեմ նրան, քանի դեռ իր գաղափարները վստահելի են ու անպարսավելի:
Հրեշտակը պատասխանեց.
- Ինչ գիտես, որ նրա բոլոր տեսակետները վստահելի են: Արդյոք կարծում ես, թե Նա՝ մարդ արարած լինելով, անսխալական է, ինչպես կարող ես համոզված լինել, եր միայն իր կարծիքն ես լսում և ուրիշ ոչինչ չես ընդունում: Դու նույնիսկ չես ուզում լսել որևէ մեկին, ով կարող է հակառակվել տիրոջդ, իսկ եթե անգամ լսում ես՝ սոսկ վիճաբանելու համար: Փորձում ես առանց հասկանալու քննադատել կամ մերժել ցանկացած գաղափար, եթե այն պարզապես հակասում է տիրոջդ տեսակետներին:
Քնած մարդը տրորեց աչքերը՝ հասկանալու համար՝ քնած է, թե արթուն, իսկ հրեշտակը շարունակեց.
- Հոգիդ բանտարկված է, ուզում է ազատ արձակվել, բայց չի կարողանում, որովհետև շղթայված է այդ մարդու կապանքներով: Նա քեզ միայն այն գիտելիքն է տալիս, որն ուզում է, որ իմանաս, և այն փաստերն է հայտնում, որոնք ցանկանում է:
Նույնիսկ սեփական գիտելիքներդ, որ ինքդ ես ձեռք բերել, ինքը պետք է վերանայի: Դու լիովին կորցրել ես քո անհատականությունը և այլևս դու չես քո տերը: Երբ դժվարության ես հանդիպում, իր օգնությանն ես դիմում, և երբ մի բան է պատահում, չես փորձում ինքդ դրա լուծումը գտնել, այլ սպասում ես մինչև գա քո տերը և կարգավորի: Նույնիսկ, երբ ինչ-որ հարցի վերաբերյալ որոշում ես կայացնում, նա կարող է, ուզածին պես և երբ կամենա, չեղյալ համարել որոշումդ` առանց քո կողմից որևէ առարկության: Առավելագույնը, ինչին կհասնես կյանքում, դա այդ մարդու աղոտ պատկերը լինելն է: Դու կորցրել ես այն անհատականությունը, որն Աստված տվել է քեզ արարելիս:
Քնած մարդն զգաց, որ հրեշտակի խոսքերը դիպել են իր սրտին: Նա ասաց.
- Տեր իմ հրեշտակ, ինչպես կարող եմ համարձակվել վիճել տիրոջս հետ:
Հրեշտակը պատասխանեց.
-Թեև այս դեպքն ուրիշ է, սակայն քեզ պիտի ասեմ, որ Աստված սիրում է, երբ Իր որդիներն ուժեղ անհատականություն ունեն, և նույնիսկ թույլ է տալիս, որ Իր հետ վիճեն: Հիշիր, ինչպես Երեմիան դիմեց Աստծուն՝ ասելով. «ՙԱրդար ես Դու, Տեր, բայց ես իմ դատը պետք է պաշտպանեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպես է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան»(Եր. 12.1):
Լսիր նաև Աբրահամին, որ Աստծու հետ, փառք Իրեն, վիճում է՝ ասելով. «Քավ լիցի, չանես այդ բանը... Դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի» (Ծնն. 18.25): Մովսեսը ևս նույն կերպ խոսեց իր Արարչի հետ, նա ասաց. «Մեղմացրու Քո զայրույթը, հրաժարվիր Քո ժողովրդին չարիք պատճառելուց» (Ելք 32.12):
Այստեղ քնած մարդը հարցրեց հրեշտակին.
-Այժմ, տեր իմ հրեշտակ, ի՞նչ պետք է անեմ:
Հրեշտակը պատասխանեց.
- Մի ընկիր որևէ մեկի ազդեցության տակ: Շատերին լսիր, շատերի գրվածքները կարդա, բոլոր կարծիքները հաշվի առ, բայց խորաթափանց հոգի ունեցիր, որը կտարբերի առողջ կարծիքը՝ սխալից: Ընդունիր միայն այն, ինչը համապատասխանում է քո հոգևոր և մտավոր զարգացման աստիճանին ու բնույթին, և ինչը որ համապատասխան է քո հասարակական վիճակին, ինչպես նաև տարիքիդ: Իմացիր, որ դեպի Աստված տանող շատ ճանապարհներ կան, բայց գուցե ուրիշներին հարմար ճամփան քեզ հարմար չէ: Քոնն այն ճանապարհն է, որն Աստված ընտրել է հատուկ քեզ համար, և ոչ թե մեկ ուրիշը:
Այստեղ քնած մարդն արթնացավ քնից որպես նոր մարդ` ազատագրված հոգով, որն ամենուր ճշմարտությունն է փնտրում և մարդ արարածին պաշտամունք չի մատուցում:
Շենուդա Գ Հայրապետ - «Հոգու ազատագրումը»
Комментариев нет:
Отправить комментарий